HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու «մկնդեղի գերեզմանոցում» թաղվել են նաեւ քիմիական նյութեր

Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցը, կամ ինչպես ալավերդցիներն են ասում` «մագիլնիկը», տեղակայված է քաղաքի Լեն-Հանքեր (Մադան) թաղամաս գնացող ճամփեզրին, թաղամասից հազիվ 1 կմ հեռավորության վրա:

Իր գործարկման օրվանից մինչեւ վերջերս Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը չի օգտագործել գերեզմանոցը: Այն այսօր բացարձակ անուշադրության է մատված: Մինչդեռ, ինչպես տեղեկացրեցին գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող բնակիչները, մեկ ամիս առաջ 3 բեռնատար ավտոմեքենայով գերեզմանոց են բերվել կապրոնե եւ երկաթե զմռսված տակառներ: Բնակիչների վկայությամբ` դրանք թաղվել են գերեզմանոցում: Նրանք տեսել են, թե ինչպես են տրակտորով հող լցրել տակառների վրա: Զմռսված տակառների մեջ թունավոր նյութեր են եղել: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության արտադրության գծով տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովից տեղեկացանք, որ տակառների մեջ թաղվել են ընկերության պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի քիմիական այն նյութերը, որոնք գործածության համար այլեւս պիտանի չեն: Թե դրանք ի՞նչ նյութեր են, եւ արդյո՞ք «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունն իրավունք ուներ թաղել այդ գերեզմանուցում, կպարզենք առաջիկայում: Գերեզմանոցը ցանկապատված չէ: Ինչպես թաղամասի անասունները, այնպես էլ մարդիկ ազատ ելումուտ են անում այնտեղ: Տարածքի վտանգավորության մասին զգուշացնող որեւէ ցուցանակ չկա: Գերեզմանոցի որոշ հատվածներում պատռված պարկերով մկնդեղի թափոններ են թափված, իսկ տարածքի առանձին հատվածներում մեծ խոռոչներ են:

«Հնարավոր է` մարդիկ լինեն բացած, հնարավոր է կենդանիները փորած լինեն, մի քանի տարի առաջ գերեզմանոցի տարածքում շատ մարդկանց կարելի էր տեսնել: Հայաստանում ռայոն չկար, որտեղից մարդիկ մեքենաներով չգային էստեղից շլամ տանելու: Մարդկանց թվում էր, թե այնտեղ թաղված շլամի մեջ ոսկու պարունակություն կա, պարկերով տանում էին ոսկի ստանալու համար: Շրջափակող բետոնե պատերի արմատուրաներն էլ քանդեցին տարան»,- ասացին գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող Շուրիկ եւ Լաուրա Կիրակոսյանները: Վտանգավոր թափոնների գերեզմանոցի մասին Շուրիկ Կիրակոսյանը պատմեց նաեւ մի զավեշտական պատմություն. «Այտա մենակ էդ չի, սիրահար զույգեր են գալիս ավտոյով: Երեկ, ճաշին էր, ապրանքը հանեցի, մի ավտո ուզեր մտնի տարածքը, տեսավ ես եմ գնում, նորից կամաց ետ գնաց: Ասեցի` չերեւամ իրեն, կարող ա մոտիկ մարդ լինի, չուզենա, որ ես տեսնեմ, թողի ետ եկա: Որ լավ ման գաս, արաղի ու գինու շշեր էլ կգտնես էնտեղ: Կողքով անցնել չի լինում, միշիակի հոտը խեղդում է, ոնց էլ իրենց վատ չեն զգում»,- զարմանում է Շուրիկ Կիրակոսյանը: Գերեզմանոցի ցանկապատման եւ տարածքի վտանգավորության մասին բնակչությանը տեղեկացնող ցուցանակ տեղադրելու կապակցությամբ Նիկոլայ Ֆեոֆանովն ասաց, որ «տարածքը տարիներ առաջ ցանցապատված է եղել, բայց այն գողացել են»: Նա տեղեկացրեց նաեւ, որ գերեզմանոցը պատկանում է «Մանես» ՓԲԸ-ին եւ խոստացավ այն ցանկապատելու եւ ցուցանակ փակցնելու համար հանձնարարություն տալ վերջինիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter