HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ի՞նչ օրինակ կարող է դառնալ Ռուսաստանը Վրաստանում վրացու համար»

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի բացառիկ հարցազրույցը: Այն նվիրված էր 2008 թ. օգոստոսյան պատերազմի երրորդ տարեդարձին

Պ-րն դեսպան, ի՞նչ դասեր է քաղել Վրաստանն այսօր եռամյա վաղեմության իրադարձություններից, ո՞րն է Վրաստանի գլխավոր սխալը:

Դասը մեկն է, որը մենք գիտեինք դեռևս անցած դարի 90-ական թվականներից: Մենք գիտեինք, որ ընտրության ազատությունը այդպես հեշտորեն չի տրվում, երբ հարևանդ Ռուսաստանի նման կայսրությունն է: Եվ մենք էլ ավելի համոզվեցինք, որ պետք է առավել կոշտ գործել, ավելի համառ լինել:

Բոլոր իրադարձությունները տեղի ունեցան այն պատճառով, որ մեզ ուզում էին հրամայել, թե որ դաշինքներում պետք է լինենք, որ ուղղությամբ պետք է շարժվենք, իսկ որտեղ չի կարելի մտնել: Դա Վրաստանի սխալը չէր: Ցավոք, արևմտյան մեր գործընկերները լրջորեն չվերաբերվեցին նախագահ Մ.Սահակաշվիլու այն պնդումներին, որ Ռուսաստանը պատրաստվում է պատերազմել Վրաստանի դեմ:

Կարծում էին, թե հավանաբար դա պաշտոնական Թբիլիսիի կողմից արված քարոզչական մի քայլ է Արևմուտքում ավելի շատ գործընկերներ գտնելու նպատակով: Եթե սխալներ փնտրենք, ապա հավանաբար միայն այն առումով, որ չկարողացանք հավաստիացնել միջազգային գործընկերներին, որ մեր մտավախություններն իրական են: Բայց սա միայն Վրաստանի սխալը չէ: Այն ժամանակ շատ աղբյուրներ կային, որոնցից ցանկության դեպքում կարելի էր ճշտել մեր մտավախությունների իսկությունը:

Վրաստանի պաշտոնական դիրքորոոշման համաձայն՝ Վրաստանը հանդես է գալիս որպես 2008թ. օգոստոսյան իրադարձություններից տուժած կողմ: Մինչդեռ, կա բավական տարածված կարծիք, որ հենց Վրաստանն է հարձակվել Հարավային Օսիայի վրա, և որ հենց վրացական տանկերն են եղել Ցխինվալիի փողոցներում:

Դա ռուսաստանյան փորձագետների և Ռուսաստանի արբանյակները ներկայացնող մարդկանց կարծիքն է: ԱՄՆ Կոնգրեսի բանաձևը, որն ընդունվեց վերջերս, այս իրադարձություններն անվանում է Ռուսաստանի ներխուժում և Վրաստանի բռնազավթում: Նման գնահատական է տալիս նաև միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունը:

Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններն այն մասին, թե չի բացառվում, որ Աբխազիան ու Հարավային Օսիան կմտնեն Ռուսաստանի Դաշնության կազմ, նույնպես սնանկ են դարձնում այս կարգի կարծիքները: Ճիշտ է՝ Պուտինը հավելեց՝ եթե այդպես կուզեն բնակչությունները: Բայց չէ՞ որ մենք գիտենք, թե ինչպես են ձևակերպվում «բնակչության ցանկությունները»:

Բռնազավթված բոլոր տարածքները լցոնված են ռուսաստանյան տանկերով, դրանք լիովին ռուսաստանյան հատուկ ծառայությունների ազդեցության տակ են: Վրաստանի դեմ ուղղված բոլոր ահաբեկչական գործողությունները ծագել են հենց այդ տարածքներից: Աբխազիայից ու Հարավային Օսիայից դուրս են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները:

Ռուսաստանյան հատուկ ծառայությունների ինչի՞ն է պետք ամեն ինչ ֆիքսող և գրող աչքը, երբ կատարվում են էթնիկ զտումներ, երբ ճնշվում է վրացազգի բնակչությունը, արգելվում՝ խոսել և դպրոցներում սովորել վրացերենով: Այդ տարածքներում Ռուսաստանը անօրինական գործողություններ է կատարում է, ինչպես անօրինական էր դրանց ճանաչումը:

Եթե ծանոթանաք Հարավային Օսիայում և Աբխազիայում մարդու իրավունքների մասին միջազգային կազմակերպությունների հաշվետվություններին, ապա կհասկանաք, թե ինչ է կատարվում իրականում:

Ռուսաստանը նախօրոք է պատրաստել այդ ներխուժումը: Հո մեկ ժամվա ընթացքում տեղի չունեցա՞վ ամեն ինչ: Սկսեցին գնդակոծել մեր գյուղերը: Առաջին զոհերից հետո մեր կառավարությունը մի քանի հայտարարություն արեց, որ ագրեսիա է սկսվում: Կրկնում եմ, ցավոք, միջազգային հանրությունը ոչ այնքան լրջորեն վերաբերվեց մեր հայտարարություններին: Վրաստանի ղեկավարությունը, բնականաբար, պետք է արձագանքեր, և արեց դա:

Ռուսաստանը հայտարարում էր Հարավային Օսիայի ավելի քան 2000 խաղաղ բնակիչների զոհվելու մասին: Բայց հետո պարզվեց, որ նման բան չկա: Ամենաշատ զոհերը եղել են հարձակում գործող ռուսաստանյան զինվորականների շարքերում՝ մոտ 150 մարդ: Հետաքրքիր, է, թե ինչպես ստացվեց, որ 20 րոպեի ընթացքում ռուսաստանյան զորքերը ներխուժեցին Զուգդիդի (քաղաք արևմտյան Վրաստանում - Լ.Բ.), եթե վրացական զորքերն են անսպասելիորեն ներխուժել Հարավային Օսիա:

Եթե կա անսպասելի հարձակում մի վայրում, ուրեմն և առաջին պատասխանը պետք է տրվի հենց այդ տեղից: Եվ պարզվեց, որ Աբխազիայում կան ռուսաստանյան դիվիզիաներ, որոնք այնտեղ ընդհանրապես չպետք է լինեին: Բոլոր այս փաստերը հիմնովին ի չիք են դարձնում այն պնդումները, որոնք հիշատակում եք:

Կարող եք ինձ հարցնել՝ ինչո՞ւ ԱՄՆ Կոնգրեսի բանաձևն ընդունվեց երեք տարի հետո: Ոչ, նրանք լուրջ մարդիկ են, և քանի դեռ չուսումնասիրեցին 2008-ի օգոստոսի հետ կապված հարցերի ողջ սպեկտրը, չընդունեցին բանաձև այն մասին, որ դա նախօրոք պատրաստված ներխուժում էր, իսկ մեր կողմից՝ ինքնապաշտպանություն:

Վրաստանի պաշտոնական տեսանկյունից Ռուսաստանը համարվում է թշնամակա՞ն պետություն:

Վրացական պետությունը համարում է Ռուսաստանը մի պետություն, որը բռնազավթել է երկրի տարածքների մի մասը (20%) և այժմ Վրաստանի դեմ վարում է քայքայիչ գործունեություն, կազմակերպում ահաբեկչություններ: «Թշնամական պետությունը» գրական տերմին է:

Իսկ հասարակական դիսկուրսի մակարդակում որքա՞ն ուժեղ են հակառուսական տրամադրությունները:

Ռուսները ձգտում են ներկայացնել իբրև թե Վրաստանի բնակչությունն, ի տարբերություն իշխանությունների, ռուսամետ տրամադրվածություն ունի: Բայց դա այդպես չէ: Ոչ մի քաղաքական գործիչ, նույնիսկ նրանցից,  ովքեր Վրաստանից Ռուսաստան էին մեկնել ծնրադրության, այս առումով ոչնչի չհասավ:

Որ՞ն է Ռուսաստանի ամենալուրջ սխալը: Այն հատուկ ծառայությունները, որոնք հաշվետվություններ են ներկայացնում իրենց ղեկավարությանը Վրաստանում իրավիճակի մասին, ներկայացնում են, իբրև թե բնակչության մի հատվածը հիանում է Ռուսաստանի քաղաքականությամբ: Բայց ի՞նչ հիացմունք կարող է լինել, եթե Ռուսաստանն աշխարհի ամենակոռումպացված պետությունն է, և եթե  ժողովրդավարությունն այնտեղ զրոյական մակարդակում է: Ի՞նչ օրինակ կարող է դառնալ Ռուսաստանը վրացու համար Վրաստանում:

Բնակչության ճնշող մեծամասնությունը երբեք չի համաձայնվի վերադառնալ այն տարածությունը, որտեղ մեզ այսօր էլ են ձգում: Մեր զարգացման ուղղությունը եվրոպական տարածության հետ վերամիավորումն է, որտեղից մեզ դուրս են մղել տարբեր ժամանակներում տարբեր պետություններ:

Ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ նույն այդ եվրոպական հանրությունն այնքան էլ չի շտապում ընդունելու Վրաստանին: Համենայնդեպս, ՆԱՏՕ-ին անդամագրմանը դեռ երկար պետք է սպասել, գուցե՝ մեր տարածաշրջանի մյուս պետություններից ոչ ավելի շուտ դա լինի:

Նման պնդումը զուտ ռուսական քարոզչություն է: Եթե ավելի խորն ուսումնասիրեք հարցը, ապա կտեսնեք, որ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները հնարավոր չէ համեմատել տարածաշրջանի մյուս պետությունների հարաբերությունների հետ: Խնդիրն այն է, որ որ մենք ինքներս պետք է շատ բան անենք ՆԱՏՕ-ին մոտենալու համար: Կան ժողովրդավարության զարգացման, տնտեսության, այլ ուղղություններին առնչվող հանձնարարականներ:

Ռուսաստանը բոլորին պնդում է, թե ՆԱՏՕ-ն միայն ռազմական կազմակերպություն է, և Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ միայն մեկ նպատակով՝ պաշտպանվել Ռուսաստանից: Բայց ՆԱՏՕ-ն նախ և առաջ ժողովրդավարական պետությունների էլիտար ակումբ է, և անդամության համար պետք է հասնել որոշակի ստանդարտների: Դա դժվար ճանապարհ է, բայց եթե համեմատեք այլ պետությունների հետ, կտեսնեք, թե որքան արագ ենք առաջ շարժվում այդ ուղղությամբ:

Ինչո՞վ է Վրաստանը հետաքրքիր արևմտյան հանրությանը, նրա ինչի՞ն է պետք Վրաստանը:

Հիմա նոր մոտեցում են հնարել և ամեն ինչ հասցրել են պրագմատիզմի՝ մի կողմ դնելով բոլոր իդեալները: Բայց սա սխալմունք է: Եվրոպայի համար գլխավորը իր շուրջը ժողովրդավարական տարածությունների ընդլայնումն է՝ այն նպատակով, որ հարևան երկրները լինեն կանխատեսելի:

Մեր տարածաշրջանում չի ստացվում չեզոք պետություն լինելը, ինչպես, ասենք, Շվեյցարիան է: Չեզոքության համար մեր շրջապատն է անհամապատասխան: Վրաստանը զարգանում է ժողովրդավարության ուղղությամբ, և օրինակ է ոչ միայն տարածաշրջանում: Մենք վստահ ենք, որ այդ ուղին մեզ կհասցնի եվրոպական կառույցներին մեր ինտեգրմանը:

Ադրբեջանական «TheBusinessYear -Azerbaijan» ամսագրին Ադրբեջանի անկախության 20-ամյակի կապակցությամբ նախագահ Մ. Սահակաշվիլին հայտարարեց, որ Վրաստանն ու Ադրբեջանը չլուծված հակամարտությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, և Վրաստանի ու Ադրբեջանի ցանկացած ընդդիմախոս երկու պետությունների թշնամին է: Սա միանշանակ չընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում:

Եթե Հայաստանում որևէ մեկը կասկածում է Վրաստանի նախագահի ձեռքբերումներին այն բանում, որ այսօր հայ-վրացական հարաբերությունները շատ բարձր մակարդակում են, և այն բանում, որ մեր երկրում ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը շատ ավելի բարձր է, քան եղել է Վրաստանի նախորդ նախագահների օրոք, ապա նա խորապես սխալվում է: Մենք գերազանց հարաբերություններ ունենք և Հայաստանի, և Ադրբեջանի հետ:

Ինձ համար հասկանալի չէ, թե ինչո ւ են դրանից զարմանում որոշ փորձագետներ: Ձեր հազարավոր հայրենակիցներ մեկ ամսից էլ ավելի քիչ ժամանակ հետո կվերադառնան Վրաստանի ծովափից, որտեղ անց կացնում էին իրենց ամառային արձակուրդը: Եվ դուք հնարավորություն կունենաք նրանց հարցնելու` արդյո՞ք թշնամական պետությունում էին նրանք հանգստանում:

Միակ հանձնարարականը, որ ես` որպես դեսպան, ստանում եմ իմ ղեկավարությունից, այն է, որ լինենք ավելի ակտիվ և էլ ավելի ընդլայնենք հայ-վրացական հարաբերությունները:

Խանգարո՞ւմ են, արդյոք, հայ-ռուսական հարաբերությունները հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը:

Որպեսզի դա տեղի չունենա, շատ բան անում է ոչ միայն մեր նախագահը, այլև Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը: Ամենասկզբից նա հայտարարեց, որ մեր հարաբերությունները մեր հարաբերություններն են: Ես պատկերացնում եմ, թե ինչ ջանքեր է պահանջվում դրա համար հայկական ղեկավարությունից: Մենք դա հասկանում, տեսնում և գնահատում ենք:

Ի՞նչ պետք է արվի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար: Կարելի՞ է այսօր Ռուսաստանում բնակվող մեծաթիվ էթնիկ վրացիներին համարել մի ռեսուրս, կամուրջ այդ հարաբերությունների հարթեցման համար:

Եթե Ռուսաստանը շարունակի մնալ բռնապետական պետություն, ապա դատապարտված է և չի զարգանա: Բնության և տնտեսության օրենքները չեն փոխվում, և հիմա Ռուսաստանը այդ օրենքների դեմ է գնում: Աշխարհում ավելի ու ավելի շատ պետություններ գալիս են այն համոզմանը, որ Ռուսաստանում այսպես կոչված ժողովրդավարական գործընթացները ֆիկցիա են:

Մեր պատասխանը զարգացումն է: Որքան շատ մեզ վրա ճնշում գործադրեն, այնքան շատ ենք մենք զարգանալու: Մենք արմատախիլ ենք արել կոռուպցիան, Վրաստանում քրեական խմբավորումներ չկան: Մենք ունենք ազատ տնտեսություն: Մենք բաց ենք մեր տնտեսությունում կապիտալի ներդրումների համար:

Ի դեպ, նաև ձեր հայրենակիցներն են կապիտալ ներդնում վրացական տնտեսության մեջ, ինչի համար ես շատ ուրախ եմ: Մենք նույնիսկ վրացական շուկայից ռուսական կապիտալը դուրս չենք մղել: Ավելին, այսօր մենք չենք խոչընդոտում ռուսաստանյան ներդրումներին: Վրացական ԹէԼԱՍԻ էլեկտրացանցերի սեփականատերը ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությունն է, որն ունի Վրաստանում 2 ջերմաէլեկտրակայան և այժմ 2 հիդրոէլեկտրակայան է կառուցում: Վրաստանում աշխատում է բջջային կապի օպերատոր «Բիլայն» ընկերությունը և այլն:

Դուք ասում եք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Բայց եթե լիներ Ռուսաստանի քաղաքական կամքը, ապա էլ ի՞նչ կամուրջներ էին անհրաժեշտ լինելու դրա համար: Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե երկխոսություն կարող է լինել միայն Վրաստանի ներկայիս իշխանության փոփոխման դեպքում:

Բայց ո՞վ է իրավունք տվել միջամտելու մեր պետության ներքին գործերին: Կա ընտրված ղեկավարություն, և պետք է շփվել նրա հետ: Խնդիրն այն է, որ մեզ հետ համաձայնեցնելու որևէ բան չկա, քանի որ բացի հնարած փաստարկներից՝ Ռուսաստանը սեղանին բան չունի դնելու:

Ռուսաստանի սխալն այն է, որ դեռևս կարծում է, թե կարող է իշխանության բերել իր արբանյակներին և թելադրել իր պայմանները: Հիմա ռուսները մեզ առաջարկում են Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ պայմանագիր կնքել չհարձակվելու մասին: Շատ լավ հասկանալով, որ ոչ Աբխազիան, ոչ էլ Հարավային Օսիան միջազգային իրավունքի սուբյեկտ չեն, և նրանց հետ մենք՝ որպես պետություն, նման պայմանագիր չենք ստորագրի: Վրաստանը միակողմանի սկզբունքով պաշտոնապես ստանձնեց ապաբռնազավթման գործընթացում ուժի չկիրառման մասին պարտավորություն:

Այս մասին անցյալ տարի հայտարարեց նախագահ Մ. Սահակաշվիլին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ և այս տարի՝ ՄԱԿ-ի նստաշրջանում: Նա նաև ասաց, որ Վրաստանը պատրաստ է առանց նախապայմանների Ռուսաստանի հետ քննարկել ցանկացած հարց:

Վերջերս նման մի նոտա մենք ուղարկեցինք նաև Շվեյցարիայի դեսպանատան միջոցով: Այնպես որ, մենք ձեռնարկել ենք բոլոր հնարավոր քայլերը: Բայց ի պատասխան ստանում ենք ահաբեկչական գործողություններ, լրտեսական օջախների ահագնացում, որոշ քաղաքական խմբավորումներին ուղիղ ֆինանսավորելու միջոցով մեր ներքին գործերին միջամտություն:

Նկատի ունեք Վրաստանի ընդդիմադի՞ր ուժերին:

Նրանք ընդդիմություն չեն: Եթե քո երկրի տարածքների 20%-ը բռնազավթած մի պետությունից ստանում ես միջոցներ մեքենայությունների համար, ապա միջազգային պատմությունը նման ուժերին անվանում է կոլաբորացիոնիստներ, վիշիստներ և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter