HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Տնտեսական էքսպանսիա ճգնաժամի պահին

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը մեծ հարվածներ է հասցնում Ռուսաստանին: Նախորդ շաբաթ ռուսական ռուբլու արժեքը ռեկորդային անկում ապրեց` հասնելով 45-ի մեկ եվրոյի դիմաց եւ 33.80-ի` մեկ դոլարի դիմաց` արձանագրելով նվազագույն նիշը այն ժամանակվանից, երբ Ռուսաստանը սկսեց իր շուկաները բացել աշխարհի առջեւ 1990-ականներին: Ստեղծված իրավիճակը ստիպում է շատերին վերհիշել1998-ի ֆինանսական ճգնաժամը,

երբ մեկ տարվա ընթացքում ռուբլին կորցրեց իր արժեքի 2/3-ը: Չնայած այս ամենին` ռուսական իշխանությունները փորձում են օգտագործել համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նախկին խորհրդային հանրապետություններում մեծ կապիտալներ ձեռք բերելու եւ տարածաշրջանի տնտեսական ինտեգրումը կազմակերպելու համար:

Մասնավորապես, Ռուսաստանում մտորում են հետխորհրդային տարածաշրջանում ճգնաժամի հետեւանքով էժանացած ակտիվներ ձեռք բերելու շուրջ: Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլլինան նույնիսկ հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել հատուկ կառույց, որը կհամակարգի հարեւան հանրապետություններում էժանացած ակտիվները գնելու` բիզնեսի եւ կառավարության գործողությունները:

«Մենք պետք է որոշենք, թե ինչպես համադրել իշխանության եւ բիզնեսի շահերն ու հնարավորությունները, որպեսզի իրականացնենք համաձայնեցված գործողություններ»,- նշել է նա: Ըստ նախարարի` հետխորհրդային տարածքում արդեն ստեղծվում են պայմաններ ռուսական բիզնեսի դիրքերը ապրանքների եւ ծառայությունների շուկայում ընդլայնելու, էժանացող ակտիվներ ձեռք բերելու եւ ենթակառուցվածքային ծրագրերին մասնակցելու համար: Է.Նաբիուլլինայի խոսքերով` կառավարությունը հսկայածավալ տեղեկատվություն է ստանում արտերկրի տնտեսություններում տիրող իրավիճակի, վաճառքի հանվող ձեռնարկությունների մասին:

Ռուսաստանը նման «տնտեսական էքսպանսիա» է նախատեսում իրականացնել սկզբունքորեն բոլոր այն երկրներում, որտեղ կլինեն համապատասխան պայմաններ եւ շահեր: Սակայն ԱՊՀ տարածքn այս առումով առաջնահերթություն է հանդիսանում:

Նախ` որովհետեւ գրեթե բոլոր խոշոր եւ միջին ռուսական ընկերություններն արդեն իսկ ներգրավված են այստեղ տարբեր տրամաչափի գործարքներում, բացի այդ` այս ուղղությամբ խորացումը հնարավորություն է տալիս Ռուսաստանին ուժեղացնել նաեւ իր քաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանում:

«Ռուսների էքսպանսիան ԱՊՀ երկրներ պայմանավորված է մշակութային, լեզվական համակարգերի մոտիկությամբ: Այս երկրներում ավելի հեշտ է առաջ մղել ապրանքը, բացի այդ` մերձավոր արտերկրի շատ պետություններում աճում է ներքին պահանջարկը, եւ դա ռազմավարական ռեսուրս է ռուսական ընկերությունների համար»,- նշում է Ռուսաստանի քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի (ЦПКР) առաջատար մասնագետ Դմիտրի Աբզալովը:

Նախատեսվող «Էքսպանսիայի» համար առավել հարմար երկրների անունները` Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան, արդեն իսկ հայտնվում են ռուսական մամուլում:

Հայաստանի անունը այց ցուցակից բացակայում է թերեւս այն պատճառով, որ այստեղ ռուսական բիզնեսի համար անհասանելի հեռանկարային ոլորտ չի մնացել: Բացի ԱՊՀ երկրներից, Մոսկվայում հույս ունեն գնել նաեւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների էժանացած ակտիվներ:

Անկախ փորձագետները, սակայն, գտնում են, որ այս ամենի իրագործման համար Ռուսաստանը բավարար տնտեսական պոտենցիալ չունի: Բացի այդ` ճգնաժամի ժամանակ էժանացած ակտիվները, որպես կանոն, մեծ խնդիրներ են պարունակում, իսկ դրանց ձեռքբերումը կապված է ռիսկերի հետ:

Մյուս խնդիրն այն է, որ ռուսական «տնտեսական էքսպանսիան» մեծ դժգոհություններ կառաջացնի այս երկրներում` հատկապես որ «օպերացիան» ծրագրվում է եւ իրականացվելու է մեկ ընդհանուր կենտրոնից` ռուսական պետության կողմից:

Հետխորհրդային հանրապետություններում, ինչպես հայտնի է, ռուսական տնտեսական ներկայության պակաս չկա, իսկ դրա ավելացումը կդիտվի արդեն որպես ոտնձգություն պետական ինքնիշխանության հանդեպ: Հաջորդ ծրագիրը, որն ուղղված է ԱՊՀ երկրների հանդեպ իր ազդեցությունը խորացնելուն, այս երկրների տնտեսական ինտեգրումն է` վերջիվերջո նրանց ռուբլու գոտի ներքաշելու հեռանկարով:

Դեռ նախորդ տարվա աշնանը ԱՊՀ երկրներն ընդունեցին «Տնտեսական զարգացման ռազմավարությունը մինչ 2020թ».: Փաստաթուղթը, հավանաբար, հենց տարածաշրջանի տնտեսական ինտեգրումն է նախատեսում իրագործել եկող տասնամյակում:

«Համաշխարհային ճգնաժամից ԱՊՀ-ն դուրս կգա ուժեղ եւ միասնական»,- կարծիք է հայտնել ԱՊՀ տնտեսական զարգացման գործարարական կենտրոնի համակարգող խորհրդի նախագահ Անատոլի Կազակովը:

Ըստ նրա` ԱՊՀ երկրներն ունեն հսկայական ներքին ռեսուրսներ տնտեսական զարգացման համար: «Բոլոր պետությունները ճգնաժամի շրջանում ձգտում են վերակողմնորոշել արտաքին կապերը տարածաշրջանային մակարդակի ուղղությամբ: Այդ պատճառով համաշխարհային ճգնաժամը կստիպի ԱՊՀ երկրներին միավորվել ընդհանուր խնդիրների լուծման համար»,- նշել է նա:

ԱՊՀ գործարարական կենտրոնը մասնակցում է մոտ ապագայում ծրագրվող ԱՊՀ պետությունների բիզնես առաջնորդների ֆորումի կազմակերպմանը: Ֆորումը, որը կրում է «Միավորումը` զարգացման ռազմավարություն» խորհրդանշական անվանումը, հրապարակ կդառնա «Համագործակցության զարգացման ռազմավարություն մինչեւ 2020թ.» ծրագրի իրագործման խնդիրների եւ համաշխարհային ճգնաժամին դիմադրելու միջոցների քննարկման համար:

Ֆորումին բարձր մակարդակով ներկայացված կլինի ԱՊՀ երկրների ֆինանսական ոլորտը: Պաշտոնական պատվիրակությունների կազմում կլինեն նաեւ ԱՊՀ երկրների նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ֆորումի որոշումները, հավանաբար որպես խորհրդատվական տեղեկատվություն, կներկայացվեն ապրիլին Աստանայում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Մինչ այդ, սակայն, Ռուսաստանը փորձում է ԱՊՀ տարածքում ապահովել ռուբլու առեւտուրը առնվազն էներգետիկայի բնագավառում: Այդ մասին մասնավորապես հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դեռ նախորդ տարվա նոյեմբերին. «Անհրաժեշտ է արագորեն գործնական քայլեր ձեռնարկել` ամրապնդելու ռուբլու դերը որպես օգտագործվող արժույթներից մեկը միջազգային վճարումների իրագործման ժամանակ եւ վերջապես անցնել ռուբլով վճարումների նախեւառաջ գազի եւ նավթի դիմաց, ինչը մենք, ցավոք, ձգձգել ենք»:

Մոսկվան փորձեց այս մոդելը կիրառել Չինաստանի հետ հարաբերություններում` առաջարկելով վերջինիս էներգիայի դիմաց վճարումները կատարել երկու երկրների ազգային արժույթներով: Մինչ այժմ, սակայն, այս մոդելը հնարավոր է եղել կիրառել միայն Բելառուսի հետ, որը ստիպված եղավ համաձայնել Ռուսաստանից մատակարարվող նավթի եւ գազի դիմաց վճարել ռուսական ռուբլով 2 մլրդ դոլար կայունացման վարկի դիմաց, որն անհրաժեշտ էր Բելառուսին` ֆինանսական ճգնաժամին դիմակայելու համար:

Այժմ Բելառուսը ստիպված է ունենալ ռուբլու ռեզերվներ, եւ երկրի տնտեսության կայունությունը կախված կլինի ռուսական արժույթի կայունությունից: Այս օրինակի ֆոնին բավական հավաստի են թվում վերջերս հայկական մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար Հայաստանը դիմել է Ռուսաստանին` վարկ ստանալու ակնկալիքով եւ դրա դիմաց ստացել Ռուսաստանի առաջարկը` վարկի դիմաց համաձայնել մտնել ռուբլու գոտի:

ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Ստեֆըն Բլանքը Ռուսաստանի այս քաղաքականությունը համեմատում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի իր հարեւանների հանդեպ նացիստական Գերմանիայի 1933-39 թթ. քաղաքականության հետ:

Գերմանիան նմանատիպ ծրագիր կազմակերպեց` ստիպելով իր արեւելյան եւ հարավային հարեւաններին Գերմանիայից արտահանվող ապրանքների դիմաց վճարել գերմանական ռեյչմարկով:

Սա ստիպեց նրանց արտահանել հիմնականում Գերմանիա` ստանալու համար գերմանական արժույթը, քանի որ Գերմանիան էր նրանց հիմնական շուկան: Արդյունքում, մի քանի տարվա ընթացքում նրանք բոլորը դարձան Գերմանիայի ֆինանսական եւ տնտեսական արբանյակները:

«Այսպիսով,- նշում է Ս. Բլանքը,- Մոսկվան հստակորեն եւ լիարժեք կերպով նպատակ ունի օգտագործել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը ինտեգրացիայի անվան տակ իր հարեւանների հանդեպ ավելի մեծ ազդեցություն հաստատելու եւ հետագայում նրանց իրական տնտեսական անկախությունը եւ ինքնիշխանությունը նվազեցնելու համար»:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով` ապագայում կարելի է խոսել ընդհանուր արժույթի մասին այն դեպքում, եթե հարաբերությունները հաստատվեն հավասար հարթության վրա, հետապնդվեն ոչ միայն ռուբլու շահերը, այլ մասնակից բոլոր երկրների: Այդ դեպքում, ըստ նրա, գուցե ԱՊՀ որոշ երկրներ միանան ռուբլու գոտուն:

Թ. Մանասերյանը, սակայն, հիշեցնում է, որ Եվրամիությունը մինչեւ ընդհանուր արժույթ ունենալն անցել է տնտեսական ինտեգրման երկար ճանապարհ, իսկ ԱՊՀ ներկայիս պայմաններում նման բան հնարավոր չէ: Ղազախստանի զարգացման ինստիտուտի տնօրեն Մագբաթ Սփանովը գտնում է, որ ընդհանուր արժույթն ԱՊՀ-ում իրատեսական չէ, քանի որ պետություններն ունեն միմյանցից տարբեր շահեր: Նա բերում է Ուզբեկստանի օրինակը, որը վերջերս լքեց Եվրասիական տնտեսական համայնքը (ԵՎՐԱԶԵՍ):

«ԱՊՀ պետություններից ոչ մեկը չի փոխանակի իր անկախության կարգավիճակը որեւէ բանի դիմաց: Մեր ազգային էլիտաները նոր են եկել իշխանության եւ հասկանում են, որ ցանկացած վերազգային արժույթ կհանգեցնի պետությունների անկախության որոշակի կորստի: Նույնիսկ Ղրղզստանն ու Տաջիկստանը, որոնք համարվում են Կենտրոնական Ասիայի ամենաաղքատ պետությունները, երբեք չեն համաձայնի դրան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter