HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հյուրընկալ Ջերմուկի անհյուրընկալ մոծակները (վիդեո)

Ջերմուկում հանգստանալու առիթ ունեցել էի մեկ էլ մի 3 տարի առաջ՝ 2008թ. օգոստոսին: Այս անգամ էլ հենց խոսք բացվեց՝ ծանոթ-բարեկամի մոտ, թե Ջերմուկ եմ գնում, բազմանշանակ հայացքներից նեղվելով, շտապեցի տեղեկացնել. «Դե, մորս ընկերուհու տանն եմ մնալու, ոնց որ անցած անգամ, բա հո միլիոնատեր չե՞մ»:

Ասելիս ժպտում եմ, բայց մեկ է, մտքումս նեղվում եմ, «բա չլինեի~»: Հետո էլ մտածում եմ, թե ինչի եմ ամեն անգամ արդարանում, մենակ էն տարածված կարծիքի համար, որ Ջերմուկը հայաստանցի հարուստների համա՞ր է, որ պիտի ամենաքիչը 200 հազար ունենաս, որ գոնե 10 օր առողջարաններից որևէ մեկում հանգստանա՞ս, որ Ջերմուկը աշխատավարձով ապրող մարդու համար չէ՞:

200 հազարը չգիտեմ, բայց Նարինե մորաքրոջ (ում տանը որ հյուրընկալվել էի մի շաբաթով -հեղ.) հարևանուհի, բուժքույր Ս.-ի շատ բան տեսած աչքերը չռվել, բերանն էլ բաց էր մնացել «Օլիմպիա» առողջարանի «ապարտամենտ»-ում հանգրվանած «կլիենտների» ծախսած գումարներից, որ 4 x 90 հազար օրական փող են մուծել, իրեն էլ ընդամենը մի 1000 դրամ «չայեվոյ» տվել ու հետն էլ ինչ-որ «պրոցեդուրա» ավել ստանալու համար 5 օր երկարացրել հանգստանալու ժամկետը:

«Դե հիմի պատկերացրու՝ մարդիկ ինչ փողեր են ծախսում: 4 հոգով մարդա 90 հազար մուծել են, ու դա բազմապատկի 10-ով: Հետո էլ ասում են՝ հայերը փող չունեն,- Ս-ն աչքով է անում:- Բայց դրանք մեկա, քծիպ են, դրանց ծախսած փողին նայեմ, թե թողած «չայեվոյին»:

Ս.-ի ասածներից հետո արդեն հավատացի մեկ օր առաջ «Արմենիա» առողջարանում գործող գների մասին լսած լուրին: Այնտեղ նույն «ապարտամենտներն» արժեն օրեկան 100 հազար դրամ:

«Որ շուտ գայիր, էն «Կարգին սերիալի» Վարդանին կտեսնեիր. «Արմենիայում» էր հանգստանում»,- ափսոսանք է հայտնում Լիզա տատը: Ես տատին հանգստացնում եմ՝ ասելով, որ շատ բան չեմ կորցրել, լավ էր անում հանգստանում էր, հո իմ հաշվին չէ՞ր հանգստանում:

Երեք տարի առաջ էլ «Օլիմպիայում» երգիչ Արտաշ Ասատրյանն էր հանգստանում ընտանիքով: Վերջում էլ Ջերմուկում համերգ տվեց, ծախսած փողը հետ բերեց ու հանգիստ խղճով գնաց՝ Ս.-ի ասած «քծիպների» ցուցակը համալրելով:

«Բա, էդքան «պրոցեդուրան» մեր մոտ ստացավ, գոնե հրավիրատոմս չտվեց, որ գնանք համերգին. ստիպված 2 հատ տոմս առա»,- տարիների հեռվից հիշեցի Ս-ի կլորավուն աչքերը, որ վիրավորանքից այն ժամանակ ավելի էին կլորացել:

Բայց պարզվում է՝ Ջերմուկի առողջարանները հասարակ մահկանացուներին էլ են հասանելի: Օրինակ՝ «Ջերմուկ աշխարհում» օրը 15 հազար դրամ մուծում ես ու ստանում քեզ հասանելիք բուժումները: «Արարատ» առողջարանն ավելի ցածր գնային քաղաքականություն է վարում:

Մի խոսքով, Ջերմուկում հանգստանալ հնարավոր է, բայց... 18-օրյա բուժում ստանալու համար պիտի մի տարի գումար խնայես, եթե միջին աշխատավարձով ապրող, համեստ հնարավորությունների տեր մարդ ես:

Ամռանը շատերը նախընտրում են Ջերմուկում բնակարան վարձել օրը 7-ից 8 հազար դրամով: Մի մասի բախտն էլ բերում է բարեկամների հարցում, ինչպես իմը: Դե, սա էլ այլ տեսակի ծախսեր է ենթադրում, բայց ոչ աստղաբաշխական:

Անցած երեք տարում բավական փոփոխություններ էին կատարվել Ջերմուկի երկու ափում էլ: Ով չի եղել այդ քաղաքում, ասեմ, որ այն բաղկացած է երկու ափից՝ ձախափնյակ և աջափնյակ:

Ձախափում հիմնականում բնակելի շենքեր են: «Կուրորտ» ասվածը Աջափնյակում է: Երկու թաղամասի միջև սար ու ձորի տարբերություն կա, անգամ եղանակների առումով: Տեղադրության առումով 60 մետրի տարբերությունը ձախափցիներին մշտապես քամու բերան է պահում, իսկ Աջափնյակում նույն այդ ժամանակ խաղաղություն է:

Բոլորին հայտնի առողջարանները գտնվում են Աջափնյակում: Անցած 3 տարում այստեղ ավելացել են նաև մինի հյուրանոցները՝ հոթելները: Աջափնյակում անգամ 3 աստղանի հյուրանոց ընկավ աչքովս: Բավական փոքր տարածք զբաղեցնող, երկհարկանի հոթելում 7 սենյակ կար՝ երկու և չորս տեղանոց, համապատասխանաբար օրը 12 և 20 հազար դրամ արժեքով: Շենքի ճակատին փակցված անվան ներքևում փայլատակող 3 աստղն էլ հավանաբար հոթելի տերերն էին իրենք իրենց շնորհել:

«Արմենիա» առողջարանի դիմաց 2009թ. օգոստոսից սկսված նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինարարությունը դեռ ընթացքի մեջ էր: Մեկ այլ հանգստյան տան շինարարություն էլ նախկին «Թեյարանի» հարևանությամբ էր ընթանում:

Անձրևների պատճառով ջերմուկցիների համար սեզոնի բացում ասվածը, որ հանգստացողների հոսքով է պայմանավորվում, այս տարի 15 օրով ուշացել էր: Ադիբուդի վաճառող Կարենն ասում է. «Էս տարի գործ չկա, մարդ չի գալիս»: «Բա էսքան մարդն էստեղ ի՞նչ է անում»,- զարմացած հարցնում եմ՝ մատնացույց անելով զբոսնողների բավական ստվար զանգվածը:

«Դե հա, նոր են լցվել, թե չէ սեզոնի սկզբում մարդ չկար: Հենա, Վանիկն էս տարի վաբշե տակ տվեց, չի կարում գործ անի»,- պատասխանելուն զուգահեռ Կարենը 100 դրամի դիմաց ադիբուդու հերթական չափաբաժինն է լցնում:

Լսելով մեր խոսակցությունը՝ Վանիկը բարեսրտորեն ժպտում է ու ձեռքի հում միսը մեկնում փայտե հենարանին խելոք թառած բազեին: Երեք տարի առաջ իմ տեսած բազեն սատկել էր, հիմա նորն է հայտնվել: Սրան էլ նախկինի նման Վանիկը Գոշա է կոչել, բայց մեկ է, գործն առաջ չի գնում:

Երեք տարի առաջ բազեի հետ լուսանկարվելը 500 դրամ էր, նկարդ էլ տեղում ստանում էիր 5 րոպեում, իսկ անցած տարվանից Վանիկն իր ծառայությունների գինը կրկնապատկել է, և արդեն ամեն տեսակ ֆոտոխցիկներով, տեսախցիկներով, հեռախոսներով զինված հանգստացողները լուսանկարչի կարիքը չունեն:

Շատ-շատ բազեի հետ լուսանկարվելու թույլտվության համար վճարեն, էդ հավաքված գումարն էլ հիմնականում թռչնի կերի վրա է ծախսվում: Ասել կուզի Գոշան իրա գլուխը պահում է:

Ջերմուկցիներից շատերի համար սեզոնի բիզնեսը խոտաբույսերի վաճառքն է: Դեղաբույսերից գլուխ հանող, իրեն հարգող ամեն մի ջերմուկցի առավոտ ժամը 7-ից սար ու հանդերն է: Հավաքում են, չորացնում, փաթեթավորում, տպագրված մի կարճ տեղեկություն էլ, թե ինչ հիվանդությունների համար պիտի օգտագործել, տեղադրում բույսերով լցված պարկերում ու վաճառում՝ գին նշանակելով բույսը հավաքելու դժվարությանը համարժեք:

Ջերմուկ այցելողներին այլ զվարճություններ էլ են սպասում, որ նախորդ տարիներին չկային՝ լաստանավ-սրճարանով պտույտ լճի վրա՝ իհարկե համապատասխան վճարով, ինչպես նաև ջրահեծանիվների, մեկ տեղանոց նավակների վարձակալում:

Շատացել են տարբեր սրճարաններն ու խաղահրապարակները երեխաների համար: Միակ բանը, որի համար Ջերմուկ այցելողը տեղում գումար չի վճարում, տաք հանքային ջրերն են, մեկ էլ մոծակների պարսերը: Դրանց ագրեսիան սեփական մաշկիս վրա զգացի Ջերմուկում գտնվելուս հենց հաջորդ երեկոյան, երբ անզգույշ եղա և բացօթյա ճաշին մասնակցեցի:

Երբ Լիզա տատին բողոքեցի, զարմացավ: «Կնշանակի՝ դրանք էս տարի անտառները չեն սրսկել: Ամեն տարի՝ սեզոնի սկզբում, ինքնաթիռներով գալիս վերևից անտառները սրսկում են, որ մարդիկ նորմալ կարենան հանգստանալ»,- բացատրում է Լիզա տատը:

«Դե, էդ էլ իմ ու մյուս հանգստացողների «քոռ» բախտից»,- ծիծաղում եմ՝ հիշելով, թե մեծ ու փոքր ինչ ջանքեր էին գործադրում օդում սյունի նման բարձրացող մոծակների կուտակումները շրջանցելու համար՝ միմյանց զգուշացնելով բերանները փակ պահել, որ պատահաբար կուլ չտան աներես արարածներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter