HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի» գործի քննությունը օրենքի խախտումո՞վ է սկսվել

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել նույն բուհի հայոց լեզվի ամբիոնի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի դեմ՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:

Պատասխանող կողմում որպես երրորդ անձ են ներգրավված «Հետք» շաբաթաթերթը և ATV հեռուստաընկերությունը:

Ռեկտորի պահանջն է պարտավորեցնել Լուսինե Աշուղյանին հրապարակայնորեն հերքել նշված լրատվամիջոցներով հրապարակված «զրպարտություն համարվող փաստացի տվյալները» և նրանից հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն դրամ և դատական ծախսերը:

Լուսինե Աշուղյանը ռեկտորի հրամանով ազատվել է աշխատանքից՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով: Նույն օրը ռեկտորը աշխատանքից ազատված դասախոսի դեմ հայց է ներկայացրել դատարան:

Առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 23-ին Ալավերդի քաղաքում: Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի՝ հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարանում: Լուսինե Աշուղյանի փաստացի գրանցման և բնակության վայրը ոչ թե Ալավերդին է, այլ Վանաձորը:

Այդ մասին նշված է նաև հայցադիմումում, որն ընդունվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, ապա դատարանի նախագահի կողմից ուղարկվել է Ալավերդու դատարան: Ալավերդու դատավորը հայցադիմումն ընդունել է վարույթ՝ որոշման մեջ նշելով, որ հայցի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար Ժաննա Ալչանգյանը, պատճառաբանելով դատարանի նախագահի՝ հայցը ոչ ըստ պատասխանողի բնակության վայրի ուղարկելու որոշումը, նշեց, որ այն Ալավերդու դատարան է ուղարկվել Վանաձորի դատարանի դահլիճների ծանրաբեռնվածության պատճառով: Եվ ավելացրեց, որ այդ առումով օրենքի խախտում չկա, քանի որ Ալավերդու դատարանը Լոռու մարզի դատարանի նստավայր է:

Ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի՝ դատական հայցը դատարանի որևէ նստավայր ուղարկելու գործընթացը կարգավորվում է ներքին իրավական ակտերով: Սակայն, նրա ասելով, ինչ ակտերով էլ առաջնորդվի դատարանի նախագահը, նրա որոշումը պետք է համապատասխանի Քաղաքացիական դատավարության օրենսգրքին: «Դատարանի նախագահը պարտավոր է արդարադատություն իրականացնել ոչ թե իր հայեցողությամբ, այլ օրենքով սահմանված կարգով»,- ասում է փաստաբանը:

Արայիկ Պապիկյանի տեղեկացմամբ՝ բացառիկ դեպքերում, օրինակ՝ ալիմենտի բռնագանձման, հայրությունը որոշելու վերաբերյալ հայցերը կարող են ուղարկվել տվյալ դատարանի մեկ այլ նստավայր՝ առանց պատասխանողի բնակության վայրը հաշվի առնելու:

Օրենքը թույլատրում է դատարանի փոփոխություն նաև մի քանի այլ դեպքերում, երբ պատասախանողի գտնվելու վայրը անհայտ է, պատասխանողները մի քանիսն են և գտնվում են տարբեր մարզերում, երբ վերադաս ատյաններից գործը հետ է ուղարկվում առաջին ատյանի տվյալ նստավայրի դատարան, կամ դատարանի փոփոխության վերաբերյալ կողմերի միջև առկա է փոխադարձ համաձայնություն:

«Օրենքով նախատեսված նման բացառություններ այս գործում չկան,- նշում է փաստաբանը և ավելացնում,- օրենքով՝ Լուսինե Աշուղյանի դեմ հարուցված հայցը պետք է քննվի Վանաձորի նստավայրում»:

Օգտվելով իր դատավարական իրավունքից՝ Լուսինե Աշուղյանը բացարկ է հայտնել Ալավերդու դատավորին՝ խնդրելով չեղյալ հայտարարել «օրենքի խախտմամբ նշանակված դատաքննությունը» և գործը քննել Վանաձորի դատարանում:

Հայցադիմումում ռեկտոր Խաչատրյանը հիմք է ընդունել Լուսինե Աշուղյանի՝ «Հետքում» հրապարակված մի արտահայտությունը և ATV հեռուստաընկերության եթերով նրա արած մի շարք հայտարարություններ:

Մայիսի 13-ին «Հետքում» հրապարակվել էր «Հիվանդագին կրքեր Վանաձորի մանկավարժական ինստիտուտում» վերնագրով հոդված այն մասին, թե ինչպես հայոց լեզվի ամբիոնի 2 դասախոս՝ Լուսինե Աշուղյանն ու Լուսինե Սարգսյանը, հայտարարություն են տվել ոստիկանությունում՝ մեկը՝ սպանության սպառնալիքի, մյուսը՝ սուտ մատնության մասին: Երկու դեպքում էլ քրեական գործի հարուցումը մերժվել է:

«Սա կանխամտածված, միտումնավոր քայլ էր: Հետևում այն մարդն է կանգնած, որը խիստ շահագրգիռ է, որ Լուսինեն պաշտպանի (նկատի ունի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին, որը Լուսինե Սարգսյանի գիտական ղեկավարն է - «Հետք»): Ամեն ինչ վերևից է թելադրված՝ ղեկավարության կողմից: Պարզապես իրագործել են Լուսինե Սարգսյանն ու նրա մայրը»,- Լուսինե Աշուղյանի՝ ռեկտորի մասին ասած և «Հետքում» տպագրված այս արտահայտությունն է ռեկտոր Գ. Խաչատրյանը գնահատել որպես զրպարտություն:

«Ես կարծում էի, որ Խաչատրյանը շահագրգռված էր, որ Լուսինեն (խոսքը Լուսինե Սարգսյանի մասին է - հեղ.) պաշտպանի: Խաչատրյանը կանչեց իր աշխատասենյակ: Ասացի, որ ճանաչելով Լուսինեի մտավոր կարողությունները՝ կարծում եմ, որ ինքը չէ իր աշխատանքի հեղինակը: Ասացի, որ գնալու եմ և պաշտպանության ժամանակ հարց եմ ուղղելու նրան: Եվ Խաչատրյանն ինձ ասաց՝ դուրս արի այստեղից, ոչխարի մեկը ոչխար, անասունի մեկը անասուն: Եթե շահագրգռված չէր, ինչո՞ւ վիրավորեց ինձ»,- իր հրապարակված միտքն է մեկնաբանում Լուսինե Աշուղյանը:

Վերջինս փորձում է հիմնավորել նաև իր կասկածը՝ Լուսինե Սարգսյանի և նրա մոր՝ ոստիկանությունում իր դեմ տված հաղորդման հետ ռեկտոր Խաչատրյանի առնչության վերաբերյալ: Շեշտում է այն հանգամանքը, որ մոր և աղջկա հետ ոստիկանություն է ներկայացել նաև մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը:

«Թերեզա Շահվերդյանը 5 դեկաններից մեկն է,- նշում է Լուսինե Աշուղյանը:- Տիկին Շահվերդյանը ներկայացել է ոստիկանություն, Հարոյանն ու նրա դուստրը ներկայացել են ոստիկանություն՝ սուտ մատնություն կատարելու: Հետաքրքիր է՝ ով է կանգնած դրա ետևում: Մեր ռեկտորը տեղյակ չէ՞ր, թե իր բուհում ինչ է կատարվում: Նա չէր կարող տեղյակ չլինել: Եթե նույնիսկ չի հովանավորել, այնուամենայնիվ, նրանք իմացել են, որ ռեկտորը իրենց ոչինչ չի անի»:

Շարունակելով միտքը՝ ասում է, որ ռեկտորն այդպես էլ պատասխանատվության չենթարկեց Լուսինե Սարգսյանին սուտ մատնության համար: Լուսինե Աշուղյանի պատմելով՝ իր դեմ կատարված սուտ մատնությունից հետո ինքն այդ մասին դիմումով տեղեկացրել է բուհի ռեկտորին՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել իր դեմ կեղծ հաղորդում տված մորն ու աղջկան, որոնք նույն բուհի դասախոսներ են: Միևնույն ժամանակ դիմումի մեջ նշել է, որ մոր և աղջկա գործողությունների մասին հայտնելու է վերադաս ատյաններին, հանդես է գալու մամուլով և հեռուստատեսությամբ:

Ռեկտորն այդ դիմումը մակագրել է բուհի արհմիության նախագահին: Արհմիության նախագահն ու իրավաբանը Լուսինե Աշուղյանին կանչել են՝ իր դիմումի կապակցությամբ զրուցելու: Նրան ասել են, որ բուհի ղեկավարության գործառույթների մեջ չի մտնում անձանց պատասխանատվության ենթարկել ոստիկանությունում հաղորդում տալու համար: Ասել են, որ բուհից դուրս նրանք քաղաքացիներ են, և դա նրանց քաղաքացիական իրավունքն է:

«Բայց կես ժամից ավել խորհուրդ էին տալիս, որ ներողամտություն ցուցաբերեմ, որ ոչ մի քայլ չձեռնարկեմ: Եթե համարում էին, որ նրանք ուղղակի քաղաքացիներ են, որոնք դիմել են ոստիկանություն, այդ դեպքում ռեկտորը ինչու էր շահագրգռված, որ ոչ մի քայլ չձեռնարկեմ, չբողոքեմ, եթե որևէ առնչություն չունի իմ կասկածի հետ»,- ասում է Լ. Աշուղյանը:

Հայցադիմումի մեջ ռեկտոր Խաչատրյանը հիմք է ընդունել նաև հեռուստաեթերով Լուսինե Աշուղյանի արած մի շարք հայտարարություններ՝ դրանք նույնպես որակելով որպես իր հասցեին արված զրպարտություն: Այսպես, «Մեր ռեկտորը նոր օրինակարգ է ստեղծել և դասախոսների հետ մեկ տարով կամ տասը ամսով պայմանագիր է կնքում, և յուրաքնաչյուր դասախոս, անկախ իր գիտական ձեռբքերումներից, անկախ իր հմտություններից, կարողություններից, ցանկացած պահի կարող է մտածել, որ կարող է դուրս մնալ աշխատանքից: Դա փաստորեն դասախոսներին և ընդհանրապես աշխատողներին ստրկական կախման մեջ է գցում ռեկտորից, և բոլորը պարտավոր են կամ ստիպված են իրենց աշխատանքը չկորցնելու համար կամ քծնեն, կամ սիրաշահեն, և չգիտեմ այլ ուրիշ միջոցներ... Բոլորն էլ գիտեն, որ ինստիտուտում հայտարարություն է տրվում, ապա տրվում է՝ որոշակի մարդու նկատի ունենալով, իսկ եթե որևէ մեկը մրցույթին մասնակցի, բնականաբար, ոչ մի շանս չունի... Այնպիսի օրենքներ, այնպիսի դրվածք է, որ յուրաքանչյուր մարդ պարզապես սարսափում է, որ հաջորդ պահին կարող է դրսում հայտնվել»:

Այս արտահայտությունների վերաբերյալ նախկին դասախոսն ասում է. «Պայմանագրերը 1 տարով է կնքում՝ մարդկանց կախման մեջ գցելով իրենից. թող այս բառերի համար դատի տա: Որևէ մեկի հետ 1 տարով, նույնիսկ ամիսներով պայմանգիր կնքելու իրավունք չունի: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր մրցույթ պետք է հայտարարվի թափուր տեղի համար: Մրցույթով անցած մարդը կիմանա, որ 5 տարի աշխատանք ունի: Մինչդեռ 1 տարի պայմանագիր կնքելով՝ դառնում ես ժամանակավոր աշխատող և ամեն պահի վախենում ես, որ հաջորդ պահին գուցե աշխատանք չունենաս: Դրա վառ ապացույցը ես եմ»:

Մեկնաբանություններ (2)

G. Arutyunyan
Բոլոր մեղադրանքները բուհի ղեկավարության հասցեին ծայրից ծայր սուտ են, իսկ լուրջ և իրեն անաչառ համարող լրատվամիջոցը չպետք եիրեն թույլ տա առանց պաստերը ստուգելու նման հոդվածներ տպագրել: Տպավորություն է ստեղծվում, որ -ն էլ այս հոդվածներով բոլորովին այլ նպատակներ է հետապնդում արդարության քողի տակ:
Հ. Ղազարյան
Իսկապես հետաքրքիր զարգացումներ է ունենում այդ պատմությունը... դատարանի նմանօրինակ քայլը` գործը Ալավերդի ուղարկելու հետ կապված, կասկածներ է առաջանցում հետագայում գործի օբեկտիվ քննության վերաբերյալ... Ասենք նորություն չի, որ Հայաստանում անօրիականությունը օրինական երևույթ է, սա էլ հերթական հիմնավորումը.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter