HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Հետխորհրդային ՆԱՏՕ, կամ Վարշավյան պակտի վերածնունդ

Փետրվարի 4-ին Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) 7 անդամ-պետությունների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները Մոսկվայում Հավաքական Անվտանգության Խորհրդի նիստի ժամանակ ստորագրեցին համաձայնագիր ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի ստեղծման վերաբերյալ:

ՀԱՊԿ-ը նախկինում էլ ուներ արագ արձագանքման ուժեր (շուրջ 3.000), սակայն, ինչպես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասաց, դրանք գոյություն ունեին թղթի վրա միայն: Նոր համաձայնագրով նախատեսվում է դրանց թիվը հասցնել 10.000-ի: Անդամ-պետություններից յուրաքանչյուրը Արագ արձագանքման հավաքական ուժերին կհատկացնի մեկական գումարտակ: Նրանցից յուրաքանչյուրը կգտնվի իր ազգային տարածքում՝ ազգային հրամանատարության ներքո:

Հայկական զորքերը կպայքարեն թալիբների դե՞մ

Համաձայնագրի ստորագրումը հիմք տվեց վերլուծաբաններին եզրակացնելու, որ Մոսկվան ցանկանում է վերածնել Վարշավյան պակտը, եւ նոր համաձայնագիրը ոչ այլ ինչ է, քան նոր մարտահրավեր Վաշինգտոնին եւ նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցներին:

Նման եզրակացությունների առիթ տվեց մասնավորապես ՌԴ նախագահ Մեդվեդեւը, ով հայտարարեց, որ ստեղծվելիք ուժերը կլինեն մարտունակ, զինված վերջին ռազմական տեխնոլոգիաներով, իրենց ռազմական հնարավորություններով ՆԱՏՕ-ի նմանատիպ ուժերից ոչ պակաս:

Մեդվեդեւը նաեւ նշեց, որ ՀԱՊԿ-ը, ինչպես եւ ԵվրԱզԵՍ-ի գագաթնաժողովները, ազդարարում են Ռուսաստանի որակապես նոր հարաբերությունները այս կազմակերպությունների անդամ-պետությունների հետ` ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ մակարդակով:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Արագ արձագանքման հավաքական ուժերը «կհակադարձեն ռազմական ագրեսիային, հատուկ օպերացիաներ կիրականացնեն միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, վերազգային հանցավորության եւ թմրադեղերի վաճառքի դեմ»:

Այս «մարտահրավերները», ի դեպ, հիմնականում կախված են կենտրոնասիական հանրապետությունների գլխին, իսկ դրանց աղբյուրը գտնվում է տարածաշրջանին հարեւան Աֆղանստանում: Ինչպես նշել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Սերգեյ Պրիխոդկոն, Աֆղանստանն անվտանգության առումով հիմնական սպառնալիքն է կազմակերպությանը:

«ՀԱՊԿ գագաթնաժողովը եւ նրա որոշումները համատեղ արձագանքն են այն սպառնալիքներին, որոնք ներկայումս գալիս են ՀԱՊԿ հարավային սահմաններից. դա թալիբների գործունեությունն է, իրադրությունը Աֆղանստանում եւ հայտնի չափով նաեւ Պակիստանում»,- ասել է նա:

Հավաքական անհամաձայնություն

Համաձայնագրի ստորագրումը, սակայն, կազմակերպության անդամ-պետություններում ընդունվեց ոչ միանշանակ: Ուզբեկստանը պայմանագիրը ստորագրեց որոշ վերապահումներով` համաձայնելով ուզբեկական զինուժ տրամադրել ոչ թե մշտական հիմունքներով, այլ առանձին առաքելությունների համար:

Պայմանագիրը մեծ դժգոհություններ առաջացրեց Բելառուսում: Երկրի ընդդիմությունը նախագահ Լուկաշենկոյին մեղադրեց երկրի Սահմանադրությունը խախտելու մեջ, որն արգելում է ազգային զինված ուժերը պետության սահմաններից դուրս օգտագործել:

Բացի այդ, Սահմանադրությունը նշում է, որ Բելառուսը ձգտում է լինել չեզոք պետություն: Այնուամենայնիվ, երկրի ԱԳՆ խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որ բելառուսական զորքերը չեն կարող տեղակայվել հետխորհրդային թեժ կետերում` հակամարտությունների շրջաններում, քանի որ Բելառուսի Սահմանադրությունը դա թույլ չի տալիս:

Թերեւս հատկանշականն այն է, որ ՀԱՊԿ անդամ-պետությունները կամ ընդհանուր առմամբ ոգեւորված չեն հավաքական ուժերի կիրառման հեռանկարով, կամ նրանցից յուրաքանչյուրը նոր մեխանիզմն ավելի շահավետ է համարում իր համար: Բացի այդ, ՀԱՊԿ անդամ-պետություններից ոմանք եւս համերաշխ չեն միմյանց հետ: Վերլուծաբանների կարծիքով` նոր համաձայնագիրն ամենից շահավետ է Ռուսաստանի համար:

Ինչպես նշել է Կրեմլի խորհրդական Գլեբ Պավլովսկին, ՀԱՊԿ-ը խիստ շահավետ է Ռուսաստանի համար ընդդեմ «Վրաստանի` ագրեսիվ վրիժառու պետության, որը ձգտում է վերանայել սահմանները»: Փորձագետները գտնում են, որ ամենակարեւոր ծրագիրը, որ Մոսկվան պահում է մտքում, ՀԱՊԿ-ի ուժերը հետխորհրդային տարածքում որպես խաղաղապահ ուժեր օգտագործելն է:

Կարնեգիի մոսկովյան կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն նոր համաձայնագիրը համարում է Մոսկվայի հերթական քայլը` ուղղված նախկին խորհրդային երկրներում իր ազդեցության ուժեղացմանը: Փորձագետը, այնուամենայնիվ, չի կարծում, որ ՀԱՊԿ-ը կսկսի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային անվտանգության գործում:

«Ես չեմ կարող պատկերացնել, որ ՀԱՊԿ-ը որեւէ իրական գործողություն կիրականացնի: Օրինակ` այն չի պայքարի ՆԱՏՕ-ի դեմ Աբխազիայում կամ Վրաստանի սահմաններից ներս: Նույն կերպ այն չի փրկի նախագահներից որեւէ մեկին` ասենք իսլամիստների կողմից իրականացվող հեղաշրջման դեպքում»,- գտնում է Մալաշենկոն:

«Ավելի շոշափելիորեն, քան ՀԱՊԿ մյուս անդամները, Հայաստանը այս համաձայնագիրն ընկալում է որպես իր համար շահավետ: Երեւանը ողջունում է փետրվարի 4-ի որոշումը` ստեղծել արագ արձագանքման ուժեր, քանի որ դրա համար ունի իր սեփական պատճառները»,- գրում է Eurasia Daily Monitor-ը` ակնարկելով Ղարաբաղյան հակամարտությանը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտում է գլխավորապես որպես պայմանագրային ռազմական գործոն, ինչպես նաեւ Ադրբեջանի հանդեպ հայկական տարածքային ձեռքբերումների ռուսական պաշտպանության հիմք: Այս ավանդական պատկերացումը հակասում է կենտրոնասիական կառավարությունների պատկերացումներին, որոնք ակնկալում են ՀԱՊԿ-ից հակազդել ասիմետրիկ սպառնալիքներին եւ մարտահրավերներին, ինչպիսին, օրինակ, ահաբեկչությունն է, որոնք գալիս են ոչ պետական աղբյուրներից»:

ՀԱՊԿ հիմնական թիրախը` ահաբեկչություն, իսլամիստական ծայրահեղականություն, նարկոթրաֆիքինգը եւ այլն, իրոք, Կենտրոնական Ասիային հուզող ամենալուրջ խնդիրներն են: Այս երկրները, սակայն, այնքան էլ հակված չեն իրենց ուժերն օգտագործել այլ կետերում:

Բացի այդ, հակասությունները տեղի պետությունների միջեւ շատ հարցերի շուրջ (ջրային ռեսուրսների բաշխում, էթնիկ խնդիրներ) դեռեւս շարունակվում են, եւ նրանց միջեւ համագործակցություն ապահովելը բավական բարդ խնդիր է: Ամենակարեւորը, սակայն, այն է, որ կենտրոնասիական երկրներն այնքան էլ հուսալի գործընկերներ չեն Ռուսաստանի համար:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ղրղզստանին համաձայնեց տրամադրել 2 մլրդ դոլարի արտոնյալ վարկ, 150 մլն դոլարի անվերադարձ օգնություն եւ ներեց շուրջ 173 մլն դոլարի պարտքը, Ղրղզստանը հայտարարեց, որ կփակի իր երկրի ամերիկյան ռազմակայանը: Երկրի նախագահ Կուրմանբեկ Բալիեւի խոսքերով` պատճառն այն է, որ կայանի օգտագործման համար ամերիկյան կողմից տրվող «փոխհատուցման ծավալը» բավարար չէ, ինչպես նաեւ այն, որ ղրղզ հասարակության մեջ ամերիկյան զինվորականների գործողությունների հանդեպ բացասական վերաբերմունք է ձեւավորվել:

Ստեղծվելով 2001-ին Մանասում` այս ռազմակայանը կարեւոր դեր է խաղում Աֆղանստանում հակաահաբեկչական օպերացիայի համար: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ Ղրղզստանի իշխանությունները հետ կանգնեն իրենց որոշումից այն բանից հետո, երբ Վաշինգտոնը համաձայնի ավելացնել ռազմակայանի վարձը:

Միաժամանակ, փետրվարի 6-ին Տաջիկստանը հայտարարեց, որ պատրաստ է իր օդային տարածքը տրամադրել ՆԱՏՕ-ի ոչ ռազմական բեռների` Աֆղանստան փոխադրման համար: Ուզբեկստանն էլ, շրջանառվող լուրերի համաձայն, չի կորցնում Արեւմուտքի` մասնավորապես Միացյալ Նահանգների հետ հաշտվելու հույսը:

Վարկած կա, որ մոտ ապագայում այն կարող է ընդհանրապես դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչպես մի անգամ արդեն արել է 1999-ին: Կենտրոնական Ասիայի պետություններն իրենց ռազմավարական դիրքի եւ բնական ռեսուրսների շնորհիվ հայտնվել են աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախման կենտրոնում:

Այդ իսկ պատճառով նրանք փորձում են օգուտ քաղել բոլոր կողմերի հետ համագործակցությունից: Հենց այս հանգամանքն է նրանց անհուսալի գործընկեր դարձնում Ռուսաստանի համար:

Խրտվիլակ` ՆԱՏՕ-ի համար

Քաղաքագետ Սերգեյ Կիսելյովի կործիքով` ռուսական իշխանությունների փորձը` ստեղծել «խրտվիլակ» ՆԱՏՕ-ի համար, հավանաբար անհաջողության է դատապարտված: Քաղաքագետի կարծիքով` նրան սպասում է այդպես էլ չստացված Ռուսաստան-Բելառուս միութենական պետության եւ անօգուտ ԱՊՀ-ի ճակատագիրը:

Նման պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը գրեթե հնարավորություն չունի դառնալու ՆԱՏՕ-ին հավասար ռազմաքաղաքական դաշինք` անդամ-պետությունների ընդհանուր շահերով, հարց է առաջանում, թե, այնուամենայնիվ, ինչի համար է պետք բարեփոխված «դաշինքը»: ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին մրցակից ռազմաքաղաքական դաշինքի վերածելու` Ռուսաստանի ծրագիրը, թերեւս, ավելի շուտ նպատակ ունի պատրանքներ ստեղծել, քան իրականություն դառնալ:

Ռուսաստանն այդպես էլ չի կարողանա ապահովել «դաշնակիցների» համագործակցությունն արտակարգ իրավիճակներում: Փոխարենը նա կկարողանա հասնել նրան, որ Արեւմուտքը ավելի մեծ նշանակություն կտա Ռուսաստանին եւ ավելի հաճախ կհամագործակցի վերջինիս հետ միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության խնդիրներում:

Ամենեւին պատահական չէ, որ ՀԱՊԿ-ը հաստատեց Աֆղանստանը որպես համատեղ գործողությունների հիմնական «թիրախ»: Մեդվեդեւը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ Կենտրոնական Ասիայում ահաբեկչության դեմ պայքարում: Եվ այս ամենը այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն մտադիր է ակտիվացնել իր գործողությունները Աֆղանստանում հակաահաբեկչական պայքարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter