HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ռուսաստան-Թուրքիա. նոր ռազմավարական գործընկերություն

Նախորդ շաբաթվա վերջին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պետական այցով եղավ Ռուսաստանում: Սա պատմության մեջ Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Ռուսաստան, եւ հաշվի առնելով դրա կարեւորությունը` վերլուծաբանները այն որակել են որպես պատմական:

Ռուս-թուրքական հարաբերությունները որակապես նոր մակարդակի անցան հատկապես նախորդ տարվա օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդես եկավ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ:

Դեռ այն ժամանակ վերլուծաբաններն այս քայլը գնահատեցին որպես Կովկասի «բաժանում» Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացման մյուս «խթանը» արդեն իսկ կարելի է համարել ճգնաժամը թուրք-իսրայելական հարաբերություններում, ինչպես նաեւ հնարավոր ճգնաժամը թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Ինչպես հայտարարվել էր այցելությունից առաջ, նախագահ Գլուլի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում գործընկերների հետ պետք է քննարկեր մի շարք խնդիրներ, այդ թվում` զարգացումները Կովկասում, երկկողմ հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, պատերազմը Գազայում, զարգացումները Մերձավոր Արեւելքում, ամերիկյան քաղաքականության վերջին փոփոխությունները Բարաք Օբամայի ընտրվելուց հետո:

Սակայն դատելով Գյուլի պատվիրակության կազմից (բացի ԱԳ նախարար Ալի Բաբաջանից, Գյուլին ուղեկցել են նաեւ Արտաքին առեւտրի պետնախարարը, Էներգետիկայի նախարարը եւ մի խումբ բիզնեսմեններ)` ամենակարեւոր խնդիրը եղել է տնտեսական համագործակցությունը:

Այսօր Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ առեւտրային գործընկերն է, իսկ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմում է ավելի քան 30 մլրդ դոլար՝ մոտ ապագայում մինչեւ 50 մլրդ-ի հասնելու ներուժով: Մոսկվան եւ Անկարան, սակայն, որոշել են ավելի սերտ համագործակցել ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում` էներգետիկայում:

Ինչպես նշված է երկու նախագահների կողմից ստորագրված հռչակագրում, «էներգետիկ ոլորտը թուրք-ռուսական հարաբերություններում ունի ռազմավարական նշանակություն եւ հետագա զարգացման ներուժ»: Մասնավորապես, Մոսկվան ծրագրում է Թուրքիայում կառուցել ատոմակայան:

Համաձայն տարբեր հաշվարկների` նման ծրագիրը կարժենա 18-20 մլրդ դոլար: Կողմերը քննարկում են նաեւ Թուրքիային ռուսական էլեկտրաէներգիա մատակարարելու երկարաժամկետ ծրագիրը: Ինչպես նշել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն, Ռուսաստանից Թուրքիա էլեկտրականության մատակարարումների ծավալը կարող է հասնել 60 մլրդ դոլարի 15 տարվա ընթացքում: Ամենակարեւոր հարցը, որ Մոսկվայում քննարկել են երկու նախագահները, Թուրքիայի տարածքով ռուսական գազը Եվրոպա հասցնելու ծրագիրն է:

Այս նախաձեռնությունն ավելի արդիական դարձավ տարեսկզբի ռուս-ուկրաինական գազային հերթական ճգնաժամից հետո: Մասնագետների գնահատմամբ` Թուրքիան մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից եւ ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաեւ բարձրացնել իր կարեւորությունը Եվրոպայի համար:

«Դաշինքի(Էներգետիկ- Ա. Շ.) ստեղծումը թույլ կտար երկու երկրներին վերահսկել ԵՄ երկրներ էներգետիկ տարանցման առյուծի բաժինը,- գրում է ռուսական КоммерсантЪ-ը,- սակայն փորձագետները հոռետեսորեն են գնահատում Եվրոպայի հետ էներգաերկխոսության մեջ միասնական ճակատով հանդես գալու` Մոսկվայի եւ Անկարայի հնարավորությունները»:

Թուրքիան արդեն իսկ Ռուսաստանից ստանում է իր գազի 63 եւ նավթի 29 %-ը: Ծրագրվող գազատարը պետք է անցնի գործող «Երկնագույն հոսանք» գազամուղին զուգահեռ` Սեւ ծովի հատակով:

«Երկնագույն հոսանք 2»-ը, սակայն, «Նաբուկո» ծրագրի «հակառակորդն» է: Վերջինը, ինչպես հայտնի է, կենտրոնասիական գազը Թուրքիայի տարածքով պիտի հասցնի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը:

Այս առումով Թուրքիան հայտնվել է երկընտրանքի առջեւ: IHS Global Insight վերլուծական կենտրոնի` էներգետիկայի գծով փորձագետ Էնդրյու Նեֆի կարծիքով` ռուս-ուկրաինական գազային ճգնաժամից հետո Թուրքիան ինքն էլ չի ցանկանում էներգետիկ անվտանգության բնագավառում չափազանց մեծ կախվածություն ունենալ Ռուսաստանից:

Բացի այդ, Եվրամիությունը եւս փնտրում է Ռուսաստանից իր կախվածությունը թուլացնելու նոր ուղիներ: Այդ իսկ պատճառով, ըստ վերլուծաբանի, Մոսկվային եւ Անկարային այդքան հեշտ համաձայնության գալ չի հաջողվի:

Անկախ ամեն ինչից` Թուրքիան լավ հնարավորություն ունի այս ծրագիրն օգտագործել Եվրամիությանն իր անդամակցության վերաբերյալ զիջումների գնալ պարտադրելու համար, հատկապես որ նման քայլերի Անկարան շատ է դիմել:

Ռուս-ուկրաինական վերջին ճգնաժամի ամենաթեժ պահին վարչապետ Էրդողանը մեկնեց Բրյուսել եւ սպառնաց խոչընդոտել «Նաբուկո» ծրագրի իրականացմանը, եթե Եվրոպայում շարունակեն խոչընդոտել Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Նախագահ Գյուլի այցելության ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ:

Ռուսաստանի նախագահն ընդգծեց, որ տարածաշրջանային շատ հարցերում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են:

«Մեր երկրները, բնականաբար, շահագրգռված են Կովկասյան տարածաշրջանի անվտանգությունն ամրապնդելու հարցում,- նշեց Դ. Մեդվեդեւը:- Մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնցով հանդես են եկել մեր թուրք գործընկերները. ես մասնավորապես նկատի ունեմ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմը»:

Սակայն Անկարան եւ Մոսկվան կարծես համերաշխ են մեկ այլ հարցում եւս. խոսքը երրորդ` ոչ տարածաշրջանային ուժերին տարածաշրջանային գործընթացներից հեռու պահելու մասին է: Մեդվեդեւի խոսքերով` «նախորդ տարվա օգոստոսյան ճգնաժամը ցույց տվեց, թե որքան կարեւոր է տարածաշրջանի բոլոր երկրների համակարգումը նման սպառնալիքների առաջացման դեպքում, եւ ցույց տվեց նաեւ այն, որ մենք ունակ ենք  գլուխ հանել նման տիպի խնդիրներից ինքնուրույն` առանց արտատարածաշրջանային կայսրությունների մասնակցության»:

Այս հարցում Անկարայի եւ Մոսկվայի համերաշխության մասին է վկայում նաեւ այն, որ մոսկովյան հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին միմյանց հետ առեւտուր իրականացնել երկու երկրների ազգային դրամներով` ռուբլիով եւ լիրայով` բացառելով դոլարի եւ եվրոյի կիրառումը:

«Եթե այսպես շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կդառնա ՀԱՊԿ անդամ»,- հեգնում է ադրբեջանական «Զերկալոն»:

Ընդհանրապես, ռուս-թուրքական հարաբերությունների սերտացման հարցում վերլուծաբանների դիրքորոշումները խիստ հակասական են: Որոշ կարծիքների համաձայն` դա վկայում է այն մասին, որ Անկարան կտրուկ շրջադարձ է կատարում իր արտաքին քաղաքականության մեջ` հեռանալով Եվրամիությունից եւ Միացյալ Նահանգներից եւ վերակողմնորոշվելով դեպի Ռուսաստան եւ Եվրասիա:

Կան նաեւ կարծիքներ, որ այս ամենն Անկարային անհրաժեշտ է իր դիրքերը տարածաշրջանում ավելի ամրապնդելու եւ Արեւմուտքի համար իր երբեմնի ռազմավարական դիրքը վերագտնելու համար:

Այս առումով Թուրքիային նույնիսկ ձեռնտու է հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը:

«Թուրքիան մեծ առավելություններ քաղեց երկբեւեռ աշխարհակարգից: Այն դարձավ ՆԱՏՕ-ի անդամ` չնայած չէր մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Այժմ նոր լարվածությունը (Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ-Ա. Շ.) դրականորեն կազդի Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: …Թուրքիայի կարեւորությունը կմեծանա Սեւ ծովից մինչեւ Կենտրոնական Ասիա, եւ Անկարան այս առավելությունն իր օգտին կծառայեցնի նոր դարաշրջանում»,- գտնում է Անկարայում գտնվող Միջազգային ռազմավարական  հետազոտության Կովկասի հարցերով փորձագետ Ասիմ Քամերը (USAK):

Թուրքիայի հետ համագործակցությունը Մոսկվայի համար ձեռնտու է նախեւառաջ այն պատճառով, որ Անկարան, ի տարբերություն արտատարածաշրջանային ուժերի, հակված է ճանաչել Ռուսաստանի բացառիկ շահերը հետխորհրդային տարածաշրջանում:

Այս համատեքստում լրիվ տրամաբանական է այն, որ Անկարան կփորձի լուծել տարածաշրջանային իր խնդիրները Մոսկվայի օգնությամբ:

Սա, մասնավորապես, վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հատկանշական է, որ այս մասին ակնարկել է Թուրքիայի նախագահը Մոսկվա  կատարած իր այցելությունից առաջ՝  ռուսական «Վեստի» հեռուստաալիքին տված իր հարցազրույցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում առանցքային դերը պատկանում է Ռուսաստանին: Այն, ամեն ինչից զատ, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- նշել է Գյուլը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Գյուլը համոզմունք է հայտնել, որ իր այցելությունը Երեւան ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման սկիզբն է դրել, այլեւ կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը:

«Ես կցանկանայի խորը երախտագիտություն արտահայտել Ռուսաստանին` այս բարդ հանգույցները քանդելու փնտրտուքներում աջակցելու իր անդուլ ջանքերի համար»,-ավելացրեց Գյուլը:

Այս ամենը ստիպում է վերլուծաբաններին գալ այն եզրահանգմանը, որ Թուրքիայի ջանքերը հայ-թուրքական հարաբերություններում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կախված են Ռուսաստանի դիրքորոշումից, որը պարզ կդառնա Գյուլի այցելությունից հետո միայն:

Սակայն ամերիկյան հայտնի «Ժառանգություն» հիմնադրամի (The Heritage Foundation) եվրասիական հարցերով փորձագետ Արիել Քոէնը լավատես չէ, որ Մոսկվան կցանկանա հասնել կարգավորման:

«Մոսկվային,- ըստ նրա,-… ինչպես եւ նախկինում, ձեռնտու է կողմերին պահել լարվածության մեջ, քանի որ կարգավորումը նա կցանկանար տեսնել միայն իր պայմաններով, այն է` խողովակաշարերի ռուսական վերահսկողության եւ Կովկասի բոլոր հակամարտություններում իր` միակ միջնորդը լինելու պայմաններում, այնպես, ինչպես դա պատմականորեն եղել է Ցարական կայսրության եւ Խորհրդային Միության ժամանակներում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter