HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ո՞ւմ է ձեռնտու նոր պատերազմը Կովկասում

Այն, որ օգոստոսյան պատերազմից հետո Կովկասյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը շարունակում են վտանգված մնալ, գիտեն բոլորը: Սակայն նախորդ շաբաթ նոր պատերազմի վերսկսման հնարավորության մասին խոսեցին միանգամից մի քանիսը:

Ռուսական «Վեդոմոստի» թերթում հրապարակված հոդվածում հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կանխատեսեց Ռուսաստանի կողմից արտաքին ագրեսիայի իրականացման հնարավորությունը` պայմանավորելով դա միջազգային ֆինանսական ճգնաժամով:

Ըստ Սորոսի` նավթով հարուստ երկրները` հատկապես Իրանը, Վենեսուելան եւ Ռուսաստանը, վերջին տարիներին դեմ էին դուրս գալիս ստեղծված համաշխարհային կարգին:

Նավթի գների անկումից հետո նրանք ավելի քիչ հնարավորություններ ունեն դիվանագիտական ինտրիգներ կառուցելու համար եւ, հետեւաբար, ավելի զգույշ քաղաքականություն կվարեն: Սակայն Ռուսաստանի դեպքում, ըստ ֆինանսիստի, ամեն ինչ կարող է հակառակ լինել:

«Պետք է խոստովանել, որ Կրեմլում աշխատում են ոչ թե խորհրդային ժամանակների զգույշ բյուրոկրատներ, այլ ավանտյուրիստներ, ովքեր ժամանակին մեծ ռիսկերի են դիմել` հասնելու այն ամենին, ինչ ունեն այսօր: …Եթե էներգառեսուրսների գները չսկսեն աճել, իսկ ռուսական տնտեսությունը` վերականգնվել, դա կարող է հանգեցնել նոր ռազմական ավանտյուրաների երկրից դուրս եւ ճնշումների ուժեղացմանը երկրի ներսում»,- եզրափակում է հեղինակը:

Հեղինակավոր Eurasia Daily Monitor թերթը եւս կանխատեսումներ է անում ռուս-վրացական պատերազմի վերսկսման հնարավորության վերաբերյալ: Ընդ որում` նշվում է նման հնարավորության երկու հիմք:

Ըստ թերթի` օգոստոսյան պատերազմից առաջ Հարավային Օսիան, թեեւ փաստացի անկախ, շարունակում էր աշխարհագրական եւ տնտեսական տեսանկյունից մնալ Վրաստանի մի մասը, քանի որ սահմանները բաց էին, եւ Հարավային Օսիայի բնակիչները ապրուստ էին հայթայթում իրենց երկրի տարածքով դեպի Ռուսաստան տարանցիկ առեւտրի եւ մաքսանենգության եկամուտներից:

«Սակայն հիմա,- գրում է թերթը,- տարանցիկ առեւտուր այլեւս չկա, եւ Օսիայի բնակչությունը գոյատեւում է սահմանափակ օգնությունով: Հարավային Օսիան, մեկուսացած միջազգային հանրության կողմից չճանաչված իր «անկախությամբ», ճգնաժամի մեջ է: Սա կարող է բացատրել Ցխինվալիից պարբերաբար եկող ռազմատենչ հայտարարությունները. վերսկսված ռազմական բախումը կարող է միակ ելքը թվալ` վերջ տալու համար անընդունելի ստատուս քվոյին, որ հաստատվել է օգոստոսի 12-ի զինադադարով»:

Ռուս-վրացական պատերազմի վերսկսման մյուս հիմքը, ըստ թերթի, կարող է լինել Հայաստանում ռուսական ռազմակայանի ապագայի հարցը:

«Անցած օգոստոսի զինադադարը Հայաստանում ռազմավարական առումով կարեւոր ռուսական ռազմակայանը թողել է ցամաքային տարանցիկ կապերից կտրված: …  Ուժերը Հայաստանում կարող են արագորեն մեծացվել` Ռուսաստանից օդային տրանսպորտով մարդկային ուժեր բերելու միջոցով… Սակայն եթե 1-2 տարվա ընթացքում վստահելի ցամաքային տարանցիկ կապ չհաստատվի, ոչ մի հնարավորություն չի լինի փոխել կամ արդիականացնել սպառազինությունները: Արդյունքում այդ ուժերը կդեգրադացվեն` խաթարելով իր դաշնակից Հայաստանին պաշտպանելու Ռուսաստանի պարտավորությունները եւ Հարավային Կովկասում իր գերիշխանությունը վերահաստատելու Մոսկվայի հավակնությունները»,- գրում է թերթը:

Eurasia Daily Monitor-ի կանխատեսմամբ` հնարավոր պատերազմը կվերսկսվի մայիսին, երբ Կովկասյան լեռների ձյունն այլեւս չի խանգարի ռազմական գործողություններին: Եվ եթե մինչ այդ վրացական ընդդիմությանը կամ Օբամայի վարչակազմին չհաջողվի փոխարինել Սահակաշվիլիին, զինադադարի պարբերական խախտումները կարող են փաստացի պատերազմական իրավիճակ ստեղծել:

Մեկ այլ հեղինակավար հետազոտական կենտրոնի` Stratfor-ի կարծիքով` Ռուսաստանը նոր ագրեսիա է պլանավորում Ուկրաինայի դեմ: Ըստ կենտրոնի` 2009-ին Ռուսաստանը կօգտագործի իր ռազմական ուժն ու էներգետիկ հզորությունն իր ազդեցությունը նախկին խորհրդային երկրների հանդեպ տարածելու նպատակով:

Սակայն Ռուսաստանի հիմնական թիրախը 2009-ին կլինի Ուկրաինան, որը եզակի ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Հարկ է նշել, որ տեղեկություններ են հրապարակվում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Վրաստանի կողմից պատերազմի նախապատրաստության մասին:

Ուկրաինական www.ord-ua.com կայքէջը հրապարակել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության կողմից «Ուկրսպեցէքսպորտինե (ռազմական եւ հատուկ նշանակության արտադրանքի արտահանման եւ ներմուծման հարցերով Ուկրաինայի պետական ընկերություն) ուղղված նամակը, որտեղ առաջինը խնդրում է սեփական կարիքների համար մատակարարել մի շարք հատուկ սարքավորումներ` հակահետեւակային, հակատանկային ականներ, թակարդ-ականներ:

Նույն աղբյուրի մեկ այլ տեղեկությամբ` հունվարի 30-ին Կիեւ են ժամանել 3 բարձրաստիճան վրացի պաշտոնյաներ` քննարկելու ռազմական մատակարարման հարցեր: Նախորդ շաբաթ տեղեկատվություն հայտնվեց նաեւ այն մասին, որ Պենտագոնը մտադիր է մարզել վրացի զինվորներին:

Եվրոպայում Միացյալ Նահանգների բանակի ղեկավար գեներալ Քարթեր Համը հայտարարեց, որ նախկինում ամերիկյան մասնագետները վրացի զինվորներին մարզել են հիմնականում Իրաքում արշավային գործողություններ իրականացնելու համար եւ ոչ թե տարածքային պաշտպանության:

«... Այժմ մենք գնահատում ենք, թե ինչպես պիտի փոխենք մեր կառուցվածքը, մեր դոկտրինը, մեր մարտավարությունը` համապատասխանելու փոխված առաքելությանը` … տարածքային պաշտպանությանը»,- նշել է Ք. Համը: Ռուսական անհայտ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի (ՌՄՀ) էլեկտրոնային թերթը հրապարակել է մի հոդված «Ինչպես են նրանք «պատժելու» Ռուսաստանին» վերնագրով:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ վրացական բանակի արագ ընթացող վերազինումը եւ Վրաստանին ռեւանշի տրամադրումը վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգները չեն հրաժարվել Սեւծովյան-Կասպից տարածաշրջանի հանդեպ ռազմավարական վերահսկողություն ձեռք բերելու իրենց ծրագրերից` հետագայում Իրան եւ Պարսից ծոց անցնելու համար: Ըստ հոդվածի` այս ամենն իրականացնել հնարավոր է Ադրբեջանի տարածքում էթնիկ հակամարտություններից որեւէ մեկը սադրելու միջոցով, ինչն առիթ կհանդիսանա այս երկիր ՆԱՏՕ-ական (թուրքական- ընդգծվում է հոդվածում) զորք մտցնելու համար:

«Իրավիճակի միաժամանակյա սրումը Ադրբեջանում եւ Վրաստանում եւս կարող է հանգեցնել տարածաշրջան ՆԱՏՕ-ական զորքեր մտցնելուն: Այս դեպքում Կովկասում ՆԱՏՕ-ի կողմից ուղղակի ռազմական միջամտության որոշումը տեղի կունենա արագ` գերազանցելով Ռուսաստանի հնարավոր արձագանքը»:

Թերթի փոխանցմամբ` ծրագրի մեջ է մտնում նաեւ Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու մտահղացումը. «Հյուսիսային Կովկասի շատ շրջաններ արդեն վաղուց ապրում են աղքատության եւ սոցալական պայթյունի շեմին, եւ արդեն գարնանը Ռուսաստանի հարավում կարելի է կանխատեսել սոցիալ-տնտեսական իրավիճակի լուրջ բարդացում»:

Այսպիսով, Կովկասում նոր պատերազմի այս կանխատեսումները որքան քարոզչական կարող են թվալ, նույնքան իրական: Վրաց-օսական սահմանին զինադադարի խախտման դեպքերը կրում են պարբերական բնույթ:

Կողմերը միմյանց մեղադրում են սահմանի մոտ զինուժ կուտակելու մեջ, իսկ Ռուսաստանի կողմից Աբխազիայում եւ Օսիայում ռազմակայաններ տեղակայելու մտադրության մասին տեղեկություններն է'լ ավելի են սրում իրավիճակը: Ռուս-վրացական պատերազմից եւ դրան հաջորդած զարգացումներից հետո տարածաշրջանում ստեղծված ստատուս քվոն, ըստ էության, ձեռնտու չէ ոչ մեկին:

Վրաստանը եւ նրա դաշնակիցները չեն հաշտվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նման կորստի եւ Ռուսաստանի դիրքերի ամրապնդման հետ: Ռուսաստանն իր հերթին անբավարար է համարում ձեռք բերածը եւ մտադիր է ամբողջովին իր ձեռքում կենտրոնացնել Կովկասի հանդեպ վերահսկողությունը:

Բացի այդ, տնտեսական ճգնաժամի հետեւանքների ահագնացումը Ռուսաստանում եւ իրավիճակի սրումը Դաշնության հանրապետություններում կարող են ստիպել Մոսկվային փորձել իրավիճակը փրկել արտաքին ներգրավվածության հաշվին:

Նույն հաշվարկներով կարող է առաջնորդվել նաեւ Վրաստանը` հատկապես որ վրացական ընդդիմությունը մտադիր է մոտ ապագայում նոր գործողություններ ձեռնարկել` նախագահ Սահակաշվիլիին իշխանությունից հեռացնելու համար: Չպետք է  նաեւ մոռանալ, որ Սահակաշվիլիի համար անընդունելի կլինի հեռանալ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կորստի պատասխանատվության բեռն ուսերին: Նման պայմաններում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ նոր պատերազմը Կովկասում ձեռնտու կլինի բոլորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter