HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ջավախքը պահել ուշադրության կենտրոնում

Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո հայ-վրացական բարձր մակարդակի պետական փոխայցելություններն ավելի հաճախակի դարձան: Նախորդ տարվա սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով Թբիլիսի մեկնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դեկտեմբերին` վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս տարվա փետրվարի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, իսկ մի քանի օր անց` փետրվարի 24-ին` Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` ՀՀ նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ Գրիգոլ Վաշաձեի հանդիպումներում քննարկվել են մասնավորապես էներգետիկայի, զբոսաշրջության, տրանսպորտի, գյուղատնտեսության, մաքսային և այլ ոլորտներում հաջողությամբ զարգացող փոխգործակցության ու նախատեսվող ծրագրերի, ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության և դրա շրջանակում հնարավոր համագործակցության ուղիների, տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Երևան-Գյումրի-Բավրա-Նինոծմինդա-Ախալցխա-Շուախեվի-Բաթումի ավտոճանապարհի կառուցման  հարցերը։ Երկկողմ հանդիպումներում անդրադարձ է եղել նաև ջավախահայ որոշ գործիչների ձերբակալության խնդրին:

Գրեթե նույն խնդիրներն են քննարկվել նաեւ Հայաստան Դավիթ Բաքրաձեի պաշտոնական այցելության ընթացքում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, այլ հարցերի թվում, քննարկվել է նաեւ Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու հետ կապված խնդիրը: Սակայն վրաց բարձրաստիճան պաշտոնյաների` իրար հաջորդած այցելությունները Հայաստան ոչ միայն չտվեցին կուտակված հարցերի պատասխանները, այլեւ նոր հարցեր առաջացրին:

Վերջին շրջանում հայ-վրացական հարաբերությունները «ցնցեցին» Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու հետ կապված տհաճ միջադեպերը, ինչպես նաեւ Ջավախքում մի քանի հայ ակտիվիստների ձերբակալությունները` օտար պետության օգտին լրտեսության մեղադրանքներով: Չնայած այս ամենին, հայ եւ վրացի պետական պաշտոնյաները շարունակում են պնդել, որ Ջավախքի խնդիրները ոչ թե քաղաքական են, այլ սոցիալ-տնտեսական:

«Գոյություն չունի այսպես կոչված Ջավախքի խնդիր: Գոյություն ունի Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիր, ինչպես և Վրաստանի այլ տարածաշրջաններում: Վրաստանը գտնվում է շատ ծանր իրավիճակում Ռուսաստանի հետ պատերազմից հետո: Եթե որևէ մեկը Հայաստանում կարծում է, որ Քութաիսում մարդիկ ավելի լավ են ապրում, քան Սամցխե-Ջավախքում, խորապես սխալվում է»,- հայտարարեց Վրաստանի ԱԳ Նախարար Գրիգոլ Վաշաձեն Հայաստան կատարած այցի ընթացքում:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները եւս մեկ անգամ ընդգծեցին բազմիցս հնչեցված այն թեզը, որ երկու երկրների միջեւ չկան խնդիրներ, որ հնարավոր չլինի լուծել երկխոսության ճանապարհով:

«Վիրահայությանը մտահոգող բոլոր հարցերը միշտ անկեղծ քննարկման առարկա են հայ-վրացական բոլոր հանդիպումներում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը` ընդգծելով, որ հայկական կողմը հետաքրքրվել է Ախալցխայի երիտասարդների ձերբակալություններով և ստացել համապատասխան բացատրություններ:

Սրանով, թերեւս, պաշտոնական Երեւանի «հետաքրքրությունը» ջավախյան վերջին իրադարձությունների հանդեպ, գոնե հրապարակային հայտարարությունների տեսքով, սահմանափակվեց:

Փոխարենը նույն իրադարձությունների վերաբերյալ ավելի կոշտ, սակայն ավելի հստակ դիրքորոշումներով հանդես եկան մի շարք հասարակական կազմակերպություններ եւ առանձին գործիչներ:

Մամուլի երեւանյան ակումբներում Ջավախքում առկա իրավիճակի եւ մասնավորապես Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունների վերաբերյալ իրենց արձագանքներով եւ մեկանաբանություններով հանդես եկան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ քաղաքագետներ:

«Ջավախք» հայրենակցական միությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը եւ «Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման միությունը փետրվարի 25-ին, այսինքն` այն ժամանակ, երբ Երեւանում էր գտնվում Վրաստանի խորհրդարանի խոսնակը, ցույց կազմակերպեցին Հայաստանում Վրաստանի դեսպանության մոտ` ի նշան ջավախահայ ակտիվիստների ձերբակալությունների, խախտումներով ուղեկցվող դատավարությունների եւ Վրաստանի հայ փոքրամասնության իրավունքների ոտնահարման դեմ բողոքի:

Սա, փաստորեն, հայ-վրացական հարաբերություններում առաջին դեպքն էր, երբ վրացական իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ցույց է տեղի ունենում Հայաստան վրաց պետական պաշտոնյայի այցելության ժամանակ:

«Վրացական իշխանությունների այս գործողությունների հիմնական նպատակն է` ջավախքահայության եւ վրացահայության հասարակական-քաղաքական կառույցների ոչնչացման եւ հասարակական-քաղաքական գործիչների չեզոքացման միջոցով հասնել ջավախքահայության եւ վրացահայության լռեցմանն ու «ինտեգրման» անվան տակ նրանց ձուլմանը կամ ժողովրդագրական կազմի փոփոխությանը»,- ասվեց վերոնշյալ հ/կ-ների կողմից փետրվարի 25-ին տարածված համատեղ հայտարարության մեջ:

Ըստ այդմ` նրանք պահանջում են վրացական իշխանություններից դադարեցնել հայ ակտիվիստների հանդեպ հալածանքները, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, օրենսդրորեն արտոնել հայերենի օգտագործումը Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում, դադարեցնել տարածաշրջանը այլազգիներով բնակեցնելու գործընթացը, Վրաստանում համապատասխան իրավական կարգավիճակ տալ Հայ Առաքելական Եկեղեցուն եւ վերադարձնել բռնագրավված հայկական տաճարները:

«Ջավախքում սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ առկա են ազգային, լեզվական, կրթամշակութային բնույթի և քաղաքական խնդիրներ: Սոցիալ-տնտեսական խնդիրը խնդիրների շարքում միայն մեկն է»,- հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը փետրվարի 23-ին` երեք հ/կ-ների ներկայացուցիչների համատեղ ասուլիսում` ավելացնելով, որ վրացական իշխանությունները ոչ թե լուծում են առկա խնդիրները, այլ թաքցնում եւ քողարկում են դրանք:

Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքերով` «…վերջին տասը տարվա ընթացքում և' Վրաստանի, և' Հայաստանի պաշտոնյաները մեծ մասամբ փորձել են շեշտել, որ Ջավախքում խնդիրները միայն տնտեսական մակարդակի են, բայց պարզ է, որ կան և' լեզվական, և' քաղաքական, և' այլ խնդիրներ: Բայց այդ խնդիրները լուծելու համար Վրաստանի իշխանությունները չունեն պատրաստակամություն` գնալու զիջումների» (23 փետրվարի, մամլո ասուլիս):

«Այն փաստը, որ Վրաստանի արտգործնախարարն ասում է` նույն սոցիալ-տնտեսական խնդիրները կան Քութաիսի շրջանում, դա նշանակում է, որ կամ չի հասկանում, կամ չի ուզում հասկանալ, որ նույն սոցիալ-տնտեսական խնդիրները Քութաիսի շրջանում կարող է և կան, բայց երբ դրանք Ջավախքում են, դա դառնում է ազգային խտրականություն»,- հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը փետրվարի 24-ին հրավիրած ասուլիսի ընթացքում:

«Ախալքալաքը, որի 94 տոկոսը հայեր են, հավասար չի ներկայացված կառավարման մարմիններում: Սա ո'չ սոցիալական է, ո'չ տնտեսական, սա քաղաքական խնդիր է»: «Միտք» վերլուծական կենտրոնի մեկնաբան Էդուարդ Աբրահամյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հասարակական կազմակերպությունների համատեղ ակցիաները ապագայում էլ կշարունակվեն, հանդիպումներ կլինեն միջազգային կազմակերպությունների  եւ դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ովքեր կտեղեկացվեն առկա խնդիրների մասին:

Ըստ նրա` Հայաստանի Հանրապետությունն այնքան էլ ակտիվ չէ Ջավախքի խնդիրների լուծման հարցում, քանի որ չկա դրա հասարակական պահանջը, ուստի հասարակական կազմակերպություններն իրենց ակցիաներով փորձում են ստեղծել այդ պահանջը:

«Հայաստանը մինչ հիմա պայմանավորվածություններ ուներ վրացական իշխանությունների հետ, սակայն Վրաստանն իր միակողմանի ագրեսիվ գործողություններով մարտահրավերներ է նետում հայ հասարակությանը, փաստորեն, խախտում է այդ պայմանավորվածությունները: Այժմ եկել է լուրջ գործելու ժամանակը, քանի որ նախկին պայմանավորվածությունները խախտվել են»,- գտնում է Է. Աբրահամյանը:

Մեկնաբանի գնահատմամբ` օգոստոսյան իրադարձություններից հետո վրաց իշխանությունների նման քայլերն ընդհանրապես տրամաբանական չեն. ակնհայտորեն փորձ է արվում ողջ բացասական տրամադրությունները թափել Ջավախքի հայ հասարակության վրա: Ըստ Աբրահամյանի` խիստ գնահատականները եւ բողոքի ակցիաները ոչ մի դեպքում չեն կարող վտանգավոր իրավիճակ ստեղծել Հայաստանի համար:

«Հայաստանում ստեղծվել է կաղապարված մի մոտեցում, որ քանի որ մենք ունենք Ղարաբաղի խնդիրը, ուրեմն պետք է խուսափենք այլ խնդիրներից: Վրաց իշխանությունները հասկացել են սա եւ ուժեղ ճնշումների են դիմում: Վրացական կողմը ցինիկ կերպով է մոտենում հարցին` վստահ լինելով, որ Հայաստանը պասիվ կլինի»: Աբրահամյանի փոխանցմամբ` սահմանի վրա ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ ջավախցքիները չցանկանան այլեւս Վրաստան մտնել: Նույն եկեղեցիների հարցում Վրաստանում լուրջ քարոզչություն եւ լուրջ քաղաքականություն  է տարվում: Որպես առկա խնդիրների լուծման այլընտրանքային ուղի Է. Աբրահամյանը մատնանշում է Ջավախքին ինքնավարության տրամադրումը, ընդ որում` ինքնավարություն պետք է տրամադրվի նաեւ Վրաստանի ադրբեջանցիներին, չեչեններին, մեգրելներին: «Վրաստանը պետք է փոխի իր կայսերական մտածելակերպը, պետք է հետեւություններ անի Աբխազիայի եւ Օսիայի կորստից: Եթե Վրաստանը խելամիտ լինի, կընտրի ֆեդերալիզացիայի ճանապարհը: Իշխանությունները պետք է հասկանան, որ Վրաստանը շարունակվող մասնատումից փրկելու միակ ելքը ֆեդերալիզացիան է»,- եզրափակեց Է. Աբրահամյանը:

«Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը մեզ հայտնեց, որ իրենց համատեղ ակցիաների արդյունքը կլինի այն, որ միջազգային եւ իրավապաշտպան կազմակերպությունները, հայ հասարակությունը եւ սփյուռքը ավելի ուշադիր կլինեն այն խայտառակությունների հանդեպ, որ այսօր տեղի են ունենում Ջավախքում:

«Իրականում այսօր Ջավախքում լուրջ ճգնաժամ կա: Այն, ինչ կատարվում է այնտեղ, ոչ այլ ինչ է, քան ոստիկանական եւ հատուկ ծառայությունների տեռոր: Իրենց գործողությունները վրաց իշխանություններն արդարացնում են նրանով, թե իբր հայերի հետեւում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները, եւ որ հայերը ինքնավարություն են ուզում: Դա ընդամենը քողարկող միջոց է: Եթե նույնիսկ հայերը ինքնավարություն են ուզում, դա չի կարող հիմք հանդիսանալ Ջավախքում ոստիկանական տեռոր իրականացնելու համար»,- գտնում է նա:

Միակ ելքը իրավիճակից, ինչպես եւ ջավախահայության անվտանգության եւ կայունության երաշխիք, ըստ Ռ. Թաթոյանի, կարող է լինել այն, որ դադարեցվեն հետապնդումները հայ ակտիվիստների հանդեպ, ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, եւ սկսվի երկխոսություն Ջավախքի հասարակական կազմակերպությունների եւ Թբիլիսիի կենտրոնական իշխանությունների միջեւ:

Հարկ է նշել, որ հասարակական կազմակերպությունները Ջավախքի խնդիրների վերհանման հարցում միշտ էլ ավելի ակտիվ են եղել, քան պաշտոնական Երեւանը: Սակայն Ջավախքում առկա իրավիճակի հանդեպ արձագանքները առաջին անգամ են նման լայն հասարակական երանգներ ստանում: Իսկ դրանք շարունակվելու դեպքում որպես հետեւանք անխուսափելիորեն կգրավեն ավելի մեծ պետական ուշադրություն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում:

Ծայր առած գործընթացները, այսպիսով, կարող են սկիզբ դնել Ջավախքում առկա խնդիրների աստիճանական լուծմանը` ստիպելով Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին խոսքերից անցնել գործողությունների` խուսափելու համար ավելորդ լարվածությունից: Ընդ որում` վերջինը պետք է մտահոգի երկու կողմերին հավասարապես. թերեւս այս հարցում Երեւանի եւ Թբիլիսիի շահերը պետք է համընկնեն:

Ակնհայտ է, որ ցանկացած լարվածություն հայ-վրացական հարաբերություններում ավելի խոցելի է դարձնում եւ' Հայաստանին, եւ' Վրաստանին երրորդ պետությունների հետ հարաբերություններում: Իսկ «երրորդ պետությունների» հետ հարաբերություններում ուժեղ լինելը Երեւանի եւ Թբիլիսիի համար, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կշարունակի մնալ օրակարգում:

Հոդվածը պատրաստվել է «Ռեգիոն» կենտրոնի ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter