HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Եվս մեկ օբյեկտ՝ եկեղեցու հողում (վիդեո եւ աուդիո)

Անի Հովհաննիսյան,
Լեւոն Հայրապետյան 

Այսուհետ հայ հավատացյալ ժողովուրդը պետք է իմանա, որ եկեղեցի այցելում են ոչ միայն աղոթելու եւ մոմ վառելու, այլեւ ուտել-խմելու համար: Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքից բառացիորեն ընդամենը 1-2 մետր հեռավորության վրա, ինչպես ծաղկաձորցիներն են ասում, «ուտուշ-խմուշնոց են սարքում»: Հացատուն-ռեստորանն այնպիսի շքեղությամբ է կառուցվում, որ այդ ֆոնին Սուրբ Հարություն եկեղեցին դարձել է հազիվ նկատելի:

Հայաստանցի մեծահարուստները, Ծաղկաձորն ու շրջակա անտառները կառուցապատելուց հետո, անցել են արդեն եկեղեցապատկան հողերին: Հետաքրքիրն այն է, որ եկեղեցին էլ դեմ չէ` իր տարածքում զվարճանքի օբյեկտ վեր խոյացնելուն:

Կեչառիսի տարածքը գրաված «օբյեկտի» կառուցապատողը Դավիթ Ղազինյանն է` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդին: Նա ընդամենը 1 օրում ստացել է ճարտարապետական նախագծի հաստատումը, բայց շինաշխաատանքները սկսել է առանց Ծաղկաձորի քաղաքապետարանի թույլտվության: Կառուցապատումն այնպիսի արագ տեմպերով է ընթացել, որ մոտ 15 օրում շինարարության 50 տոկոսն արվել է:

Քաղաքաշինության նախարարությունից վստահեցրին, որ Ծաղկաձոր քաղաքում շինթույլտվությունը պետք է տա քաղաքապետարանը:

Որ շինարարությունը կատարվել է առանց շինթույլտվության, վկայում է նաեւ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: «Հետքի» հետ զրույցում նա հավաստեց, որ Կեչառիս վանքի տարածքում կառուցվող ռեստորանը ապօրինի շինություն է, եւ հուլիսի 18-ին քաղաքապետարանը կառուցապատողին տուգանել է 400 հազար դրամով` պահանջելով տարածքը բերել նախկին տեսքին, ինչը մինչ օրս չի արվել:

«Ես տեղեկացված եմ, որ հողը կառուցապատողին տրվել է վարձակալությամբ, չնայած` մենք որեւէ փաստաթղթի չենք տիրապետում, այդ պատճառով էլ նրանց տուգանել ենք 400 հազար դրամի չափով: Որովհետեւ եթե հողի նկատմամբ փաստաթղթեր ցույց տային, 200 հազար տուգանք պետք է գրեինք»,- հայտնում է Ծաղկաձորի քաղաքապետը:

Մեր հարցին, թե ինչպես է, որ տուգանվելուց հետո կառուցապատողը շարունակում է լայն թափով ապօրինի շինարարություն իրականացնել, քաղաքապետ Գարուն Միրզոյանը պատասխանեց. «Հուլիսի 18-ի տվյալներով տուգանելուց հետո շինարարությունը դադարեցվել է, բանակցում ենք, որ քանդեն»:

Օգոստոսի 6-ին «Հետքն» այցելել է շինարարության վայր եւ նկարահանել, որ շինարարությունը ոչ միայն չի դադարեցվել, այլեւ քանդելու փոխարեն առավել արագ թափով են կառուցում: Ավելին՝ Ծաղկաձորի մեր աղբյուրները հայտնում են, որ հենց այս պահին շինարարությունը շարունակվում է:

Ներքեւում ներկայացնում ենք հեռախոսազրույցը՝ Ծաղկաձորի քաղաքապետի հետ, նաեւ մեր նկարահանումները` շինարարության վայրից:

Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Ծաղկաձորը փոքր քաղաք է եւ շինարարությունն ընթանում է քաղաքի սրտում` եկեղեցու մոտ, ապա քաղաքապետարանը պետք է որ շինաշախատանքների հենց առաջին իսկ օրվանից նկատած լիներ եւ կասեցներ կառուցապատումը: Կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանի տուգանքը «ձեւական» է. այսկերպ Ծաղկաձորի քաղաքապետը պատասխանատվությունը հմտորեն «ցրել» է իր վրայից եւ չի բացառվում, որ այս ամենն արվում է փոխհամաձայնությամբ, մինչեւ որ կառուցապատողը ձեռք բերի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները: Անգամ Կոտայքի մարզպետն է գրավոր նկատողություն տվել եւ հրահանգել դադարեցնել աշխատաքներն ու տարածքը բերել նախկին տեսքին, բայց մարզպետին կարճ ժամանակում «լռեցրել են» եւ նա այլեւս ոչինչ չի պահաջում:  

Ո՞վ ո՞ւմ է ստում

«Հետքը» եկեղեցապատկան տարածքի վարձակալության մասին հարցրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանին: Նա հավաստեց, թե «օրվա մեջ» կպատասխանի մեր հարցին, սակայն հաջորդ օրը պարզվեց արձակուրդում է եւ անհասանելի: Միայն օրեր անց կարաողացանք ինչ որ պատասխան ստանալ տեր Վահրամ Մելիքյանին փոխարինող տեր Շահեից: 

«Ես քիչ առաջ ճշտեցի. ուրեմն ինչ-որ ձեզ ասում են քաղաքապետարանից, ճիշտ չի ասվում: Տարածքը տրված է վարձակալության, թուղթն էլ կա: Այս պահի դրությամբ շինարարությունը կանգնեցված է, որովհետև սպասում են հուշարձանների կոմիտեի կողմից համապատասխան փաստաթղթի»,- տեր Շահեն:

Փաստորեն տեր Շահեի մեկնաբանությամբ՝ Ծաղկաձորի քաղաքապետը ստում է՝ նշելով, որ շինարարությունն ապօրինի է:

Երբ նշեցինք, որ «Հետքը» եղել է շինարարության վայրում և փաստեր էլ ունի, որ շինարարությունը դադարեցված չէ, տեր Շահեն պատասխանեց. «Ուրեմն չհասկացա, առաջնորդարանի քահանան, փոխանորդը ինձ ստո՞ւմ է»:

Տեր Շահեի հետ հեռախոսազրույցը՝ մանրամասներով:

Մեր հարցին, թե քանի տարով է վարձակալության պայմանագիրը եկեղեցու հետ, և որքան տարածք է վարձակալված, հոգեւորականը պատասխանեց. «Զանգեք Կոտայքի թեմի առաջնորդարան, տեր Հարություն քահանային, նա ձեր հարցերին կպատասխանի»: Հարություն քահանայի հետ հեռախոսազրույցի մասին «Հետքն» արդեն գրել է:

Փորձեցինք Կոտայքի թեմի առաջնորդարանից ճշտել` արդյո՞ք այդ տարածքը եկեղեցապատկան հող է, եւ առաջնորդարանը տվե՞լ է վարձակալությամբ` կառուցապատում իրականացնելու համար:

Թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը մեզ լսելուց հետո հորդորեց դիմել կառուցապատողին. «Ղազինյանից ճշտեք»: Երբ հիշեցրինք, որ այդ հողերը եկեղեցուն են պատկանում, ուստի առաջին հերթին եկեղեցու ներկայացուցիչը պետք է այդ հարցին պատասխանի, սրբազանն ասաց. «Եկեղեցու մոտ հին տնակներ-բան կար, հանեցին, հետո ուզեցին, որ վարձակալության տանք: Մենք բան չարեցինք, ասացինք` պետք է հուշարձանների պահպանության կոմիտեն ու քաղաքաշինության նախարարությունը թույլտվություն տան: Հիմա իրենք դիմել են, որ թույլտվություն ստանան»:

Մեր այն դիտարկմանը, որ այնտեղ արդեն հսկայական շինաշխատաքներ են կատարվել եւ, ըստ կարգի, կառուցապատողը պետք է նախ հողը վարձակալությամբ վերցներ, որից հետո անցներ շինթույլտվություն ստանալու գործընթացին, եւ, ի վերջո, հողը հանձնվե՞լ է վարձակալության, թե՞ ոչ, Առաքել սրբազանն այսպես պատասխանեց.

«Չենք տվել, ասել ենք` դիմեք համապատասխան մարմիններին, երբ հաստատեն, այն ժամանակ էլ կտանք»:

Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար Սերժիկ Առաքելյանից  փորձեցինք պարզել՝ կա՞ իրենց համաձայնությունը, հուշարձանի  տարածքում շինարարություն իրականացնելու համար եւ, բացի այդ, տեղյա՞կ են, որ եկեղեցու տարածքում բանվորները հնագույն իրեր են գտել: Մեր հարցին ի պատասխան՝ գործակալության ղեկավարն ասաց. «Ուսումնասիրություններ են ընթանում. երբ ավարտվի, այդ հարցին հստակ պատասխան կտանք»:

Ծաղկաձորցիներից մեկը պատմեց, որ տարածքում շինաշխատանքերի ընթացքում բանվորները հնաոճ կարաս եւ մարդու գանգեր են հայտնաբերել, բայց «շեֆերի» հրահանգով անմիջապես վերացրել են դրանց հետքերը, որպեսզի աղմուկ չբարձրանա եւ կառուցապատումը չխափանվի: Տարիներ առաջ այդ տարածքում նաեւ պեղումներ են իրականացվել, բայց հետագայում այդ աշխատանքները ինչ-ինչ պատճառներով դադարեցվել են:

Բացի փայտե տնակներից՝ կառուցվում է նաեւ մի քանի հարկանի քարե շինություն, որի բետոնե հիմքն արդեն պատրաստ է: Ավելին` այժմ արդեն եկեղեցու դիմաց շարքով կանգնում են երկտեղանի արագընթաց մեքենաներ, որպեսզի մարդն աղոթելուց, մի լավ հաց ուտելուց ու կենդանի երաժշտությունն ունկնդրելուց հետո մի անգամ էլ վայելի այդ մեքենաների արագությունն ու տպավորություններով լի վերադառնա տուն: Փաստորեն, Հայ Առաքելական եկեղեցին այնքան է մտածում իր հոտի մասին, որ բացի պատարագներն ու կնունքները՝ մատուցում է նաեւ զվարճանքի ծառայություններ:

Պարզ է, որ 2 ամիս շարունակ եկեղեցու տարածքում կատարվող ապօրինի շինարարության մասին Վեհափառը չէր կարող տեղյակ չլինել: Ուրեմն տրամաբանական է, որ ապօրինի օբյեկտաշինությունն իրականացվում է Գարեգին Բ-ի գիտությամբ, հովանավորությամբ և «ներքին» ընկերական  համաձայնությամբ: