HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ապրիլի 24-ին սպասելիս

Արդեն 25 տարի` սկսած 1984 թ.-ից, ԱՄՆ նախագահն ապրիլի 24-ին հանդես է գալիս Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող ամենամյա ավանդական ուղերձով: Արդեն 25-րդ տարին քննարկումները` կարտասանի՞, արդյոք, նախագահը «Ցեղասպանություն» բառը, չեն դադարում: Այս տարի, սակայն, համայն հայության հույսերն ավելին են, քան նախորդ տարիներին:

ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը մեծացել է մի շարք գործոնների պատճառով: Առաջինը, որ կարող է ստիպել Բարաք Օբամային արտասանել «Ցեղասպանություն» բառը, նախընտրական քարոզարշավի ընթացքում տված նրա խոստումն է: Բացի այդ, ճգնաժամը թուրք-իսրայելական հարաբերություններում կարող է ստիպել Ամերիկայի հրեական լոբբիին առնվազն չխանգարել Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին:

Մյուս կողմից` ի հայտ են եկել գործոններ, որ կարող են այս անգամ եւս խափանել իրադարձությունների նման զարգացումը: Ամենակարեւոր գործոնն, իհարկե, Անկարայի կողմից շրջանառության մեç դրված այն թեզն է, որ հայ-թուրքական հարաբերությունները հայտնվել են կարգավորման վճռական փուլում, եւ ցանկացած արտաքին «միջամտություն» կարող է հարված հասցնել այս գործընթացին:

«Մենք չենք օգտագործում սպառնալից հռետորությունը,- հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը,- Մենք չենք ասում` եթե դուք ընդունեք բանաձեւը, մենք այսպես կամ այնպես կվարվենք: Մենք անկեղծորեն պատմում ենք նրանց (ամերիկացիներին-հեղ.) հարավարեւելյան Կովկասի ներկա իրադրության մասին: Կարգավորումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դեռ երբեք այսքան մոտ չի եղել: Այնտեղ, ուր մենք կանգնած ենք հիմա, Հայաստանի հետ կարգավորման ամենամոտ կետն է 1915-ից ի վեր: Ես չեմ ասում, թե մենք հասել ենք կարգավորման, բայց մենք մոտենում ենք դրան»:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները եւս իրենց ամենալավ ժամանակները չեն ապրում, եւ մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնը կզգուշանա Անկարայի հետ հարաբերությունները սրելու ռիսկ պարունակող ցանկացած գործողությունից:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախորդ շաբաթվա վերջին Թուրքիա կատարած իր այցելության ընթացքում մասնակցեց NTV հեռուստաալիքի կանանց հեռուստաշոուին, որը կոչվում է «Եկ եւ միացիր մեզ»:

Այն ունի շատ անմիջական ձեւաչափ. հաղորդումը վարում են տարբեր մասնագիտությունների չորս կանայք, ովքեր իրենց հյուրի հետ զրուցում են ամենատարբեր թեմաներից: Որոշ տեղեկությունների համաձայն` Հ. Քլինթոնի մասնակցությունը այս հաղորդմանը տեղի է ունեցել Անկարայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ նպատակ ունի դրական մթնոլորտ ստեղծել եւ կոտրել վերջին շրջանում ձեւավորված հակաամերիկյան տրամադրությունները թուրք բնակչության շրջանում:

Ընդհանրապես, ԱՄՆ պետքարտուղարի այցը Անկարա առանցքային դեր կարող է խաղալ Թուրքիայի ջանքերում` թույլ չտալու Վաշինգտոնի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Վերլուծաբանների կարծիքով` այս հարցում Հ. Քլինթոնը կարող է դառնալ Անկարայի դիրքորոշման վստահելի պաշտպանը Միացյալ Նահանգներում` կանխելու ինչպես Բարաք Օբամայի կողմից Ցեղասպանություն բառի արտասանումը, այնպես էլ ԱՄՆ Կոնգրեսի կողմից համապատասխան բանաձեւի ընդունումը:

Կանխատեսումները, թե ինչպիսին կլինի ԱՄՆ նախագահի` ապրիլ 24-յան ուղերձն այս տարի, դեռ շարունակվում են: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչադ Կիրակոսյանի կարծիքով, օրինակ, Բարաք Օբաման չի օգտագործի «Ցեղասպանություն» բառը այս տարվա իր ուղերձում:

«Օբաման խելացի մարդ է եւ, որպեսզի իրեն չմեղադրեն ԱՄՆ հայկական համայնքին տված խոստումը դրժելու մեջ, կասի, որ սպասելու է ԱՄՆ Կոնգրեսի որոշմանը: Եթե Կոնգրեսն ընդունի Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, ապա Բարաք Օբաման կստորագրի այդ փաստաթուղթը եւ, այդպիսով, կկատարի իր խոստումը: Եթե ոչ` ուրեմն ոչ»,- գտնում է Ռ. Կիրակոսյանը:

Ստեղծված իրավիճակում քայլի նպատակահարմարության մասին մտորում են նաեւ ԱՄՆ-ում: «…լավ հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կընդլայնեին ԱՄՆ հնարավորությունները Կովկասում,- գրում է ամերիկյան Newsweek-ը,- ծրագրվող հիդրոկարբոնային միջանցքը Կենտրոնական Ասիայից Կովկասի միջով շատ ավելի անվտանգ է թվում թուրք-հայկական բարեկամության համատեքստում, եւ այն կարող է վստահություն տալ Հայաստանին` կոտրելու հարեւան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության մեջ առկա ստատուս քվոն: Կոնգրեսը եւ մյուսները պետք է գիտակցեն, որ այս տարին, իրոք, խոստումնալից է թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ հաշտեցման համար: Եթե դրանից ոչինչ դուրս չգա, Կոնգրեսը միշտ էլ կարող է վերադառնալ բանաձեւին»:

Մյուս կողմից` Անկարայի շարունակական եւ համառ պնդումները, թե հայ-թուրքական հարաբերությունները շատ մոտ են կարգավորմանը, եւ անթույլատրելի է երրորդ կողմի միջամտությունը այս գործընթացին, իրականում ավելի ու ավելի են սահմանափակում Անկարայի հնարավորությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել երրորդ պետության` այս դեպքում Ադրբեջանի հետ հարաբերություններով: Ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց նախկինում առաջ քաշված նախապայմանների առաջնահերթություններում

Թուրքիան ստիպված կլինի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նախապայման համարելու` իր որդեգրած քաղաքականությունից: Եթե ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է խանգարել սկիզբ առած «հաշտեցման գործընթացին», նույն կերպ վերջինիս կարող է խանգարել նաեւ Անկարայի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ պահանջների առաջ քաշումը:

Սա շատ լավ գիտակցում են Բաքվում, եւ հավանաբար հենց սրանով էլ պայմանավորված է Բաքվի կասկածամիտ վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններում ընթացող գործընթացներին:

«…Թուրքիան մտադիր է բարելավել իր հարաբերությունները Հայաստանի հետ մեր երկրի շահերի գնով…,- գրում է ադրբեջանական APA-ն,- …Թուրքիան հանեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկումներից` կանխելու համար «Հայոց Ցեղասպանության» ճանաչումն այս տարի: Ի՞նչ գին կվճարի նա հաջորդ տարÇներին»: Ստեղծված իրավիճակում Անկարան փորձում է «բարի կամքի դրսեւորման» օրինակներ կորզել նաեւ Երեւանից: Ցանկացած ընդառաջող քայլ, որ կանի Երեւանը այս ժամանակահատվածում, Անկարան կփորձի ներկայացնել որպես հայկական կողմի անուղղակի համաձայնություն, որ հայ-թուրքական հարաբերությունների այս փուլում չարժե գործընթացը վտանգել ավելորդ հայտարարություններով: Միայն այս դեպքում Անկարայի թեզը համոզիչ կլինի: Սրա մասին են մասնավորապես վկայում թուրքական մամուլում պարբերաբար հայտնվող տեղեկությունները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե Թուրքիան կարող է միանալ հայկական ատոմակայանի նոր ռեակտորի կառուցման աշխատանքներին, թուրքական մամուլում մեկնաբանվեց որպես «Անկարայի եւ Երեւանի միջեւ ջերմացող մթնոլորտի եւս մեկ նշան»:

Նախորդ շաբաթ թուրքական Today’s Zaman-ում հայտնվեց տեղեկատվություն, թե Հայաստանի իշխանությունները տեղափոխել են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության` Երեւանում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրը ապրիլի 29-ից ապրիլի 16-ը` «որպես բարի կամքի դրսեւորում»` ապահովելու համար Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի մասնակցությունը:

Թերթն ակնարկում էր նրան, որ ապրիլի 24-ից հետո Ալի Բաբաջանի այցելությունը Հայաստան ինչ-ինչ պատճառÝերով կարող է եւ հնարավոր չլիներ:

Այս լուրը հաղորդվեց` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: ՀՀ ԱԳՆ-ից, սակայն, ժխտեցին այն` հայտնելով, որ նիստն ի սկզբանե նշանակված էր ապրիլի 16-ին, եւ որ տեղեկատվությունը թուրքական թերթի կարծիքն է:

Հատկանշական է նաեւ նախորդ շաբաթ Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղիսի այն հայտարարությունը, որ Թուրքիան ամեն ինչ արեց Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, եւ այժմ հերթը Հայաստանինն է:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Անկարան ակնկալում է Երեւանի աջակցությունը Վաշինգտոնի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը հետաձգելու գործում: Ինչպես գրում է Today’s Zaman-ը` սրա համար լավ առիթ կարող է հանդիսանալ ապրիլի 6-7-ը Անկարայում կայանալիք Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը, երբ «Բաբաջանը եւ Նալբանդյանը համաձայնության կգան եւ կհայտարարեն, որ նոր սկիզբ կլինի երկու երկրների միջեւ` նոր մարտահրավերներով եւ հնարավորություններով: Դա լավ «մեսիջ» կլիներ ողջ աշխարհին, որ ռիսկերը հաղթահարվում են միայն խաղաղության եւ բանակցությունների միջոցով»:

Ստեղծված իրավիճակում Երեւանը կարող է կանգնել երկընտրանքի առջեւ` ընտրել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչու՞մը (եթե, իհարկե, Երեւանի դիրքորոշումը որեւէ դեր խաղալու հնարավորություն ունի), թե հայ-թուրքական հարաբերություններում վճռորոշ տեղաշարժերը (եթե, իհարկե, կողմերն իրենց ցանկություններում անկեղծ են եւ չեն վարում բլեֆի քաղաքականություն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter