HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Եվրոպան շարժվում է Արեւելք

Մի քանի շաբաթների բուռն քննարկումներից հետո Եվրամիության անդամ երկրների ղեկավարները մարտի 19-20-ը կայացած ԵՄ Խորհրդի գագաթնաժողովում հավանություն տվեցին նոր` Արեւելյան գործընկերություն ծրագրին: Ծրագիրը, ինչպես հայտնի է, ընդգրկում է նախկին խորհրդային վեց պետություններ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա եւ Բելառուս, եւ նպատակ ունի ավելի սերտ համագործակցություն հաստատել Եվրամիության եւ այս երկրների միջեւ:

Ներկայումս Եվրամիությունում նախագահող երկրի` Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարլ Շվարցենբերգի կարծիքով` «… սա մեծ հաղթանակ է ոչ միայն շահագրգիռ պետությունների, այլեւ, ամենից զատ, Եվրամիության համար, քանի որ նա իր հարեւանությամբ կունենա լավ գործընկերներ»:

Ինչպես նշված է գագաթնաժողովի հայտարարության մեջ, ծրագրում ընդգրկված երկրները «ռազմավարական կարեւորություն» ունեն ԵՄ համար: Եվրամիությունը մտադիր է խթանել տարածաշրջանում կայունության եւ բարեկեցության հաստատումը եւ հեռանկարում ավելի սերտ քաղաքական եւ տնտեսական ինտեգրման հասնել:

Գագաթնաժողովին որոշում է կայացվել ԵՄ աջակցությունը վեց պետություններին հասցնել մինչեւ 600 մլն եվրոյի, որից 350 մլն-ը կհատկացվի պետական ինստիտուտների, սահմանային պաշտպանության ամրապնդմանը եւ փոքր ընկերությունների աջակցությանը: Ծրագրի առավել շոշափելի հեռանկարը ԵՄ հետ այս երկրների ազատ առեւտրի եւ առանց վիզային ռեժիմի հարաբերությունների հաստատումն է:

Մոտ ապագայում նախատեսվում է գործընկերության պետությունների հետ ստորագրել ասոցիացիոն պայմանագրեր, որոնք էլ կսահմանեն համագործակցության հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները: Այս ամենի դիմաց Եվրոպան ակնկալում է իր հարեւաններից բարեփոխումներ ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության բնագավառներում: Բնական է, որ Բրյուսելն այս հարցերում եւս կձգտի իր ներդրումն ունենալ:

Եվրոպայի սիրտը` երկու քարի արանքում

Հարկ է նշել, որ Արեւելյան գործընկերության ծրագրի շուրջ ի սկզբանե ծավալվեցին բուռն քննարկումներ: Այս հարցում որոշակի անհամաձայնություն կա բուն ԵՄ անդամ երկրների միջեւ: Ներկայումս Եվրամիության ներսում Միության հետագա ընդլայնման հարցում ձեւավորվել են երկու խմբեր: Մի խումբը դեմ է Միության հետագա ընդլայնմանը, մյուս խումբը, հակառակը, խրախուսում է Եվրամիության շարունակական ընդլայնումը:

Այսպես` մասնավորապես Գերմանիայի եւ Իսպանիայի համար ընդունելի չեն Միության խոստումները` հեռանկարում առանց վիզային ռեժիմ հաստատել գործընկերության երկրների քաղաքացիների համար: Եվրամիության հետագա ընդլայնմանը դեմ արտահայտվող պետությունները փորձում են զսպել նաեւ Եվրամիության շարունակական ընդլայնման կողմնակից երկրներին, ինչպես, օրինակ, Շվեդիան է, ովքեր հակված են գործընկերներին խոստանալ լիարժեք ինտեգրում Եվրոպային:

Հաջորդ «խնդիրը» Բելառուսի մասնակցությունն է ծրագրին: Բելառուսը, հայտնի պատճառներով, ի սկզբանե ծրագրում ընդգրկվեց որոշ վերապահումներով: ԵՄ Խորհրդի գագաթնաժողովում Բելառուսի մասնակցությունը ծրագրին, ճիշտ է, հաստատվեց, սակայն ընդգծվեց, որ ԵՄ հետ համագործակցությունը մեծապես կախված կլինի այն առաջընթացից, որ Բելառուսի իշխանությունները կարձանագրեն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորներում:

Խորհուրդը նաեւ երկարացրեց Բելառուսի պաշտոնյաներին վիզայի տրամադրումից զրկելու որոշման սառեցումը: Դեռ 2006 թ.-ին, որպես պատիժ ընտրակեղծիքների եւ մարդու իրավունքների խախտումների համար, ԵՄ-ն որոշում էր ընդունել 30 բարձրաստիճան բելառուս պաշտոնյաների, այդ թվում նաեւ` նախագահ Լուկաշենկոյին, զրկել վիզա ստանալու իրավունքից:

Հետագայում` 2008 թ. հոկտեմբերին, որոշումը ժամանակավորապես սառեցվեց, եւ հիմա արդեն որոշման սառեցման ժամկետը կրկին երկարացվում է: Բրյուսելն, այսպիսով, հնարավորություն է տալիս Արեւմուտքի կողմից մեկուսացված Բելառուսին դրական տեղաշարժեր կատարել երկրի ժողովրդավարության ուղղությամբ: Սակայն ամենակարեւոր հանգամանքը, որ պայմանավորում է Բրյուսելի այս հանդուրժողական վերաբերմունքը Մինսկի նկատմամբ, վերջինիս կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունները ճանաչելուց հետ պահելն է:

Բելառուսի խորհրդարանը նախատեսում է այս հարցը քննարկել ապրիլի 2-ին: Ինչպես նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները, Մինսկի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հնարավոր ճանաչումը կխանգարի ԵՄ հետ հարաբերություններին:

Թեեւ ԵՄ քայլերը դրական արձագանք են գտել Բելառուսում, երկկողմ հարաբերությունները, այնուամենայնիվ, շարունակում են լարված եւ անորոշ մնալ: Դրա մասին է վկայում վերջին դիվանագիտական սկանդալը:

Մարտի 12-13-ը ծրագրված էր տիկին Վալդների այցը Մինսկ, որի շրջանակներում նա պետք է հանդիպեր նախագահ Լուկաշենկոյի հետ եւ հանդես գար Բելառուսին վերաբերող զեկույցով: Այցը, սակայն, անսպասելիորոն հետաձգվեց:

Լուկաշենկոն խուսափեց ԵՄ հանձնակատարի հետ հանդիպումից` անսպասելիորոն «աշխատանքային այցով» ժամանելով Հայաստան: Ինչպես տեղեկանում ենք մամուլից, Հայաստան այցելելու պայմանավորվածությունը Լուկաշենկոն ձեռք էր բերել շատ հապճեպ` մարտի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում:

Այս ոչ այնքան բարեկամական քայլին, սակայն, Բրյուսելից որեւէ կերպ չարձագանքեցին, իսկ Վալդների այցելությունը հետաձգեցին մինչեւ ապրիլի կեսերը:

Սա վկայում է այն մասին, որ Բրյուսելում լրջորեն մտադիր են «հաշտեցման» ձեռք մեկնել Մինսկին: Իրականում Եվրամիության առաջարկները լավ հնարավորություն են տալիս Բելառուսին փոքր-ինչ կտրվել Ռուսաստանից` համագործակցելով նաեւ Բրյուսելի հետ, հաղթահարել Արեւմուտքի կողմից մեկուսացվածությունը եւ «Եվրոպայի վերջին բռնապետության» իմիջը: Սակայն տվյալ հարցում Բելառուսը հայտնվել է երկու քարի արանքում:

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունները չճանաչելը կարող է բացասաբար ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, որից Բելառուսը բոլորովին վերջերս նշանակալի ֆինանսական օգնություն ստացավ` ճգնաժամի հետեւանքով բարդ կացության մեջ հայտնված երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար: Մասնագետների կարծիքով` ԵՄ ֆինանսական աջակցությունը կարող է անբավարար լինել Մինսկի համար, եւ հավանաբար հենց այս նկատառումները կպայմանավորեն մոտ ապագայում Բելառուսի դիրքորոշման հստակեցումը:

Ազդեցության նոր ոլորտներ

Բելառուսի օրինակը առաջինն է Արեւելյան գործընկերության ծրագրում, երբ Բրյուսելի եւ Մոսկվայի շահերը կարող են բախվել: Նախորդ շաբաթ Մոսկվան առաջին անգամ հստակորեն արտահայտեց իր դիրքորոշումը ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ: Ամենամյա բրյուսելյան ֆորումի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Մեզ մեղադրում են ազդեցությունների ոլորտներ ունենալու ձգտման մեջ: Ի՞նչ է «Արեւելյան գործընկերությունը»: Արդյոք դա ազդեցության ոլորտ չէ՞ Բելառուսի ներգրավմամբ»:

«Երբ իմ լավ ընկեր Կարլ Շվարցենբերգը հրապարակավ ասում է, որ եթե Բելառուսը ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան, կարող է մոռանալ Արեւելյան գործընկերության մասին, արդյոք դա շանտա՞ժ է, թե ժողովրդավարություն գործողության մեջ: Նման հայտարարություններից հետո մենք հարցեր ունենք: Արդյոք դա չի՞ նշանակում պետություններին հետ պահել այն որոշումներից, որոնք նրանք պետք է ընդունեն ազատորեն»,- ավելացրեց Լավրովը:

Արեւելյան գործընկերության ծրագիրը խիստ քննադատության է ենթարկել նաեւ Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, ով այն անվանել է «Ռուսաստանը շրջապատելու» եւ «նոր Անկախ պետությունների համագործակցություն» ստեղծելու սցենար: Մոլդովայի նախագահը հրաժարվել է ծրագրին մասնակցելուց` հայտարարելով, որ Մոլդովան ավելի առաջ է եվրոպական ինտեգրման ճանապարհին, քան Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, եւ պահանջել է Մոլդովայի լիարժեք անդամակցությունը ԵՄ-ին:

Եվրոպայում, թերեւս, չեն էլ թաքցնում, որ նոր ծրագիրը հրատապ դարձավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո եւ նպատակ ունի սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Սակայն այս նախաձեռնությունը պետք է դիտարկել ընդհանուր առմամբ Եվրամիության արտաքին քաղաքականության միտումների համատեքստում:

ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականությունը համեմատաբար նոր եզրույթ է, եւ Միության ներսում հաճախ են անհամաձայնություններ լինում այս ոլորտում միասնական որոշումներ կայացնելու հարցում: Արեւելյան գործընկերության ծրագիրն իրականում օգտակար փորձ է արեւլյան հարեւանների հետ հարաբերություններում միասնական քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու ուղղությամբ:

Բացի այդ, Բրյուսելի այս ակտիվությունը պայմանավորված է այն փաստի գիտակցմամբ, որ վերջին ժամանակաշրջանում Եվրամիությունը դուրս է մնացել հետխորհրդային տարածաշրջանում ընթացող զարգացումներից, քանի որ այստեղ առավել սուր մրցակցություն էր գնում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ:

Նոր նախաձեռնությամբ միավորված Եվրոպան, այսպիսով, շարժվում է Արեւելք` որպես նոր աշխարհաքաղաքական ուժ հանդես գալով ազդեցությունների համար անվերջ պայքարում:

Հեռանկարում Բրյուսելը մտադիր է մեխանիզմներ մշակել նաեւ Կենտրոնասիական պետությունների հետ համագործակցելու ուղղությամբ` այսպիսով «չորրորդ անկյունը» դառնալով այստեղ ազդեցության համար պայքարող Մոսկվա-Վաշինգտոն-Պեկին եռանկյունիում:

Եվրամիության մուտքը Արեւելյան գործընկերության տարածաշրջան նոր հեռանկարներ է բացում նաեւ տեղի պետությունների համար, որոնք, Եվրոպայի հետ շահավետ համագործակցություն հաստատելով, հնարավորություն են ստանում դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքականությունը, դուրս գալ ավանդական ամերիկյան եւ ռուսական ազդեցության ոլորտներից, վերջապես միանալ եվրոպական քաղաքակրթությանը, որին եւ պատկանում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter