HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Հայ-թուրքական սահմանի բացմանը սպասելիս

Հայ-թուրքական սահմանի բացման, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորության մասին սկսեցին խոսել դեռ անցյալ տարվա սեպտեմբերից, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը ժամանեց Երեւան` Սերժ Սարգսյանի հետ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու:

Սակայն հայ-թուրքական սահմանի բացումն ավելի ակտիվ սկսեց քննարկվել հիմա, երբ միաժամանակ «մեծ ռիսկեր» են առաջացել հայ-թուրքական հարաբերություններում. ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում դրված է Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւը, իսկ Օբաման դեռ կարող է կատարել նախընտարական շրջանում տված իր խոստումը: Թուրքիայի համար այս ռիսկային ժամանակաշրջանում Հայաստանի հետ սահմանի բացումը որքան անտրամաբանական է, նույնքան` տրամաբանական:

Մի կողմից Թուրքիային ձեռնտու չէ բացել Հայաստանի հետ սահմանը` հետ կանգնելով մինչ այժմ իր որդեգրած սկզբունքներից, հատկապես, որ Վաշինգտոնի կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավորությունը դեռ բացառված չէ, եւ Թուրքիան կարող է հայտնվել կրկնակի պարտվածի կարգավիճակում:

Մյուս կողմից` հենց սահմանը բացելով է, որ Թուրքիան հնարավորություն ունի կանխել ԱՄՆ «միջամտությունը» հայ-թուրքական հարաբերություններին: Որոշ տեղեկություններով, հենց այսպիսի պայման են դրել Վաշինգտոն լոբբինգի մեկնած թուրք դիվանագետների առջեւ. քանի դեռ Թուրքիան չի բացել իր սահմանը Հայաստանի հետ, մեծ է հավանականությունը, որ նախագահ Օբաման կօգտագործի «Ցեղասպանություն» բառն իր ապրիլքսանչորսյան ուղերձում:

Այս համատեքստում նույնիսկ քննարկվում են հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետներ: Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական Կուսակցության (CHP) խորհրդարանական անդամ Սյուքրու Էլեքթագի պնդմամբ` դեռեւս փետրվարին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Արդարություն եւ Զարգացում Կուսակցության (AKP) խորհրդարանականները հայտնել են, որ AKP-ն հայ-թուրքական սահմանը կբացի մարտի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:

Այս ծրագրով, փաստորեն, Թուրքիան մտադիր է սահմանը բացել նախքան նախագահ Օբամայի` Թուրքիա կատարելիք այցը, որը ծրագրված է ապրիլի 6-7-ը: Մեկ այլ տեղեկությամբ տեղաշարժ հայ-թուրքական հարաբերություններում կլինի ապրիլի 16-ին, երբ արտգործնախարար Ալի Բաբաջանը կայցելի Երեւան: Այս տեղեկատվությունը տեղ է գտել իռլանդական The Irish Times թերթի մարտի 27-ի համարում:

Ըստ այդմ` երկու տարվա գաղտնի բանակցություններից հետո երկու կողմերը համաձայնել են մի փաթեթի շուրջ, որն ընդգրկում է «1993 թ.-ից փակ ընդհանուր սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հիմնումը, որը կքննարկի մաքսային, հարկային եւ հանրային առողջության հարցերից մինչեւ պատմության հարցեր»:

Ըստ թերթի` հենց ապրիլի 16-ին էլ վերոնշյալ փաթեթը կներկայացվի հանրությանը: Հարկ է նշել, սակայն, որ Ալի Բաբաջանի` Երեւան հնարավոր այցելությունը դեռեւս հաստատված չէ, իսկ թուրքական Zaman թերթը վերջերս տեղեկացրել էր, որ Բաբաջանի այցը Հայաստան, այնուամենայնիվ, չի կայանա: Ինչպես

The Irish Times-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը. «Սրանք խիստ զգայուն բանակցութուններ են, եւ երկու կողմերը ամեն ինչ արել են դրանք գաղտնի պահելու համար»: Հատկանշական է այն հանգամանքը, որ թեեւ ի սկզբանե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կապվում էր Մոսկվայի եւ նրա համաձայնության հետ, այժմ ավելի ակտիվ «միջնորդի» դերն անցել է Վաշինգտոնին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Վաշինգտոնը վերջին շրջանում խիստ ակտիվ քաղաքականություն է վարում: Ինչպես հայտնի է, մարտի 17-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են վերջին զարգացումները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:

Դրանից հետո անսպասելիորեն Հայաստան այցելեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ով իր հետ բերել էր Հիլարի Քլինթոնի ուղերձը` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորութունների վերաբերյալ: Ընդ որում` Վաշինգտոնն աշխատում է հնարավորինս հավասարակշռել իր դերակատարումը հայ-թուրքական հարաբերություններում:

Այսպես` նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնականի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Գորդոնի թեկնածությունը, ով մինչ այդ ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով առաջատար մասնագետ էր Վաշինգտոնի Brookings Institution վերլուծական կենտրոնում: Գորդոնն իր ակադեմիական եւ հետազոտական կարիերայի ընթաքում աչքի է ընկել թուրքամետ դիրքորոշմամբ:

Մասնավորապես, նախկինում նա գրել է, որ Վաշինգտոնը «պետք է Թուրքիայի կողքին լինի հայերի դեմ օսմանյան «ցեղասպանության» համար Թուրքիային պատժելու ջանքերին դիմակայելու գործում», ինչպես նաեւ դիմադրել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ Կոնգրեսի` նախկինում արված փորձերին: Միաժամանակ, նա ձեռնպահ է մնացել Կիպրոսում թուրքական ներկայությունը «օկուպացիա» անվանելուց:

Հինգշաբթի օրը ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ Գորդոնը Հայոց Ցեղասպանության մասին խոսել է որպես «ահավոր ողբերգության», որը պետք է ճանաչվի` ավելացնելով, որ ավելի քան 1.5 միլիոն մարդիկ քշվել են իրենց տներից եւ կոտորվել:

Այսպիսով, Օբաման խիստ կարեւոր այս տարածաշրջանում ներկայացուցիչ է նշանակում մեկին, ում հայացքները լիովին հակասում են իր նախընտրական խոստումներում արված հայտարարություններին եւ Հայոց Ցեղասպանության, եւ Կիպրոսյան հակամարտության վերաբերյալ: Ֆիլիպ Գորդոնին Եվրոպայում եւ Եվրասիայում որպես իր ներկայացուցիչ նշանակելը, թերեւս, վերջին շրջանում ճգնաժամի մեջ հայտնված թուրք-ամերիկյան հարաբերությունները բարելավելու, եղած լարվածությունը թուլացնելու նպատակ է հետապնդում:

Հատկապես այս ժամանակաշրջանում, երբ Միացյալ Նահանգներն ակտիվորեն աջակցում են Թուրքիայի` Եվրամիության անդամակցությանը եւ ձգտում ստանալ նրա համագործակցությունը Իրաքի եւ Աֆղանստանի հարցերում: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ այս իրադարձությունների ֆոնին կրկին ակտիվացել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ նախաձեռնությունները:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքէջից, Մեթյու Բրայզայի միջոցով ուղարկված իր ուղերձում Հիլարի Քլինթոնը մասնավորապես «պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին»:

Միաժամանակ, մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը հանձնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշների ուղերձը, որում վերջինս հայտնում է «Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»: Իսկ վերոնշյալ The Irish Times թերթի փոխանցմամբ` Թուրքիան պատրաստվում է առաջ քաշել նաեւ այսպես կոչված «ճանապարհային քարտեզ»` գործողությունների ուղեցույց` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

«Գործարքի պարամետրերը խիստ հստակ են»,- հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի ծրագրի տնօրեն Հյուգ Փոփը (Hugh Pope)` չմանրամասնելով, սակայն, որեւէ բան: Հ. Փոփն, ի դեպ, ներկայումս աշխատում է հայ-թուրքական հարաբերությունների մասին զեկույցի վրա: Պետք է ենթադրել, որ այս ակտիվությունը մոտ ապագայում որոշակի զարգացումների կհանգեցնի նաեւ Ղարաբաղյան հակամարտության հարցում:

Հայկական կողմի համար ամենակարեւորը, թերեւս, մնում է այն, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ոչ մի դեպքում չկապվի Ղարաբաղյան հակամարտության հետ: Սակայն սրանից խուսափել, կարծես թե, այդպես էլ չի հաջողվում: Ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիան կփորձի ներկայացնել որպես իր կողմից արված մեծ զիջում` պատասխան քայլ ակնկալելով Երեւանից հատկապես Ղարաբաղի հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter