HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջավախքցիների դեմ գործի է դրված պետական հսկա մեքենան, իսկ Հայաստանի ձայնը մինչ օրս չի լսվում»

Վերջին շրջանում Ջավախքի մասին սկսել են խոսել տարբեր շրջանակներում, Ջավախքի խնդրիները շահարկվում և քննարկվում են քաղաքական և հասարակական տարբեր մակարդակներում: Սակայն, այս շրջանակները, կարծես թե, բևեռացված են: Վրացական կողմը կարծիքին է, որ Ջավախքում միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ կան:

Թերևս, այս տեսակետին համակարծիք են նաև հայկական իշխանանությունները, որոնք լուռ համաձայնվում են և կրկնում, օրինակ, Վրաստանի արտգործնախարարի խոսքերը, կամ էլ հավելում ավանդական դարձած նախադասությունը` «բոլոր հարցերը կլուծվեն հայ-վրացական բարեկամության շրջանակներում»: Կողմեր և կարծիքներ 30_03-h_sanosyan«Ջավախքում կան զուտ սոցիալական հիմնահարցեր և այն ուժերը, կառույցները, որոնք արհեստականորեն ցանկանում են խտացնել գույները, լարվածություն առաջացնել, պարզապես կատարում եմ երրորդ կողմի պատվերը»,-մարտի 18-ին «Ազդակ» մամուլի ակումբում ասել է «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության նախագահության անդամ, Հայաստանի Ազգայի Ժողովի պատգամավոր Հայկ Սանոսյանը և հավելել, որ ջավախահայությունն այսօր ազգային ինքնության պահպանման խնդիրներ չունի և այս առնչությամբ մտահոգություններ ընդհանրապես չկան: Ծնունդով ջավախքցի պատգամավորի հայտարարությունը լուրջ մտահոգության տեղիք է տվել հենց ջավախցիների, ու հատկապես Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների շրջանում: Նույնիսկ արձագանքը եղավ համատեղ հայտարարության տեսքով: «Ակունք» միության նախագահ, նույնանուն թերթի խմբագիր Մելս Թորոսյանը, անդրադառնալով Հայկ Սանոսյանի ու Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հնչեցրած տեսակետին, նշեց, որ հայ մտավորականների և պետական-քաղաքական գործիչների շրջանում թյուր ըմբռնում կա այս հարցի շուրջ, քանի որ նրանք չեն ուսումնասիրել խնդրի արմատները, չեն պարզաբանել այդ հետևանքներն առաջացնող հիմքերը: «Մարդիկ, կախված այդ օրվա իրենց տրամադրությունից, իրենց բիզնեսից, իրենց պաշտոնական աթոռը պահպանելու պայմանից, հանդես են գալիս տարբեր հայտարարություններով` առանց մտածելու, որ դա կարող է բումերանգի նման հետազդեցություն ունենալ ջավախքցու և Ջավախքի խնդիրների տարրալուծման, անջատման, անտեսման վրա»,-ասաց Մելս Թորսյանը: «Ակունք» թերթի խմբագիրը հավելում է, որ ամբողջ աշխարհում իրենք տեղեկատվական պայքարի մեջ են և չեն կարողանում դիմակայել այն հարձակումներին, որն այսօր իրենց գլխին թափվում է: «Քանի որ պետականորեն մեխանիզմն աշխատում է մեր գլխին, կան ուժեր, որ մեզ նույնիսկ հանում են իրար դեմ: Օրինակ` այդպիսի ուժերից մեկն էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը: Ջավախքցիները թույլ չեն տվել, որպեսզի բանտի կառուցումն ավարտին հասցներ և բնության տված առողջարանային գեղատեսիլ տարածքը փչացներ, ինքը դրան հակառակ այսպիսի հայտարարություններ է անում, որ Ջավախքի հայությունը ազգային խնդիր չունի: Մեկը հարցներ, թե ինքն ինչպես է հասկանում ազգային խնդիր ասվածը»,-հարցնում է Մելս Թորոսյան: Վերջինիս խոսքերով, վրացական պետական համապատասխան օղակները Հայկ Սանոսյանին այնպիսի շրջանակների մեջ են գցել, որ նա այլևս իր մտածածը չի ասում, այլ կրկնում է այդ շրջանակների ասածը. «Պրն Սանոսյանը իր բիզնեսով խրված է վրացական իշխանությունների այնպիսի օղակների արանքում, որ ճնշումները նրա վրա են: Նրա եղբայրը այժմ ղեկավարում է գազաֆիկացման աշխատանքներ Ջավախքում, նրանց անունով Նինոծմինդա քաղաքի կենտրոնում աշխատում է կարի ֆաբրիկա»: «Ես այդ ասածներին հետևյալ կերպ կպատասխանեմ. երկու կին Ջավախքի մի գյուղում կռվում են` մեկը անբարոյական է, մյուսը` նորմալ: Անբարոյական կինը նախահարձակվում է և մյուս կնոջը անվանում  անբարոյական, իսկ գյուղացիները հավաքվում են և ասում, որ` մենք բոլորս գիտենք, որ դու ես անբարոյական, ինչու ես այս կնոջը անմեղ տեղը վարկաբեկում: Այս նույն սկզբունքն է: Այն մարդիկ, ովքեր իրոք կապեր ունեն այդպիսի կառույցների հետ, մեզ են մեղադրում: Մենք ոչ թե անձնական բիզնեսի շահեր ունենք Ջավախքում, այլ 5 տարի է`մեր անձնական գրպանից ներդրումներ ենք անում, բայց ոչ մի շահույթ մինչև հիմա  չենք ունեցել: Մեր շահույթն այն է, որ այսօր Ջավախքում մարդիկ աշխատանք ունեն: Մենք տարբեր բիզնեսներ ենք այնտեղ դրել այն նպատակով, որ ջավախքցուն կարողանանք հացով ու աշխատանքով ապահովել, որպեսզի ջավախքցին մնա, չլքի իր երկիրը»,-նրա հասցեին հնչեցրած մեղադրանքները այսպես մեկնաբանեց «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության նախագահության անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը: Թվարկելով Ջավախքում իրենց ընտանիքին պատկանող գործարանները` ալրաղացը, ֆաբրիկաները, Ախալքալաքի պանրի գործարանը և այլ «մանր-մունր» հիմնարկներ, Հայկ Սանոսյանը փաստեց, որ եթե Վրաստանի բոլոր ռեգիոններում գազաֆիկացումն իրականացվում է պետության հաշվին, ապա Ջավախքի գազաֆիկացումը իրականացվում է «իրենց անձնական փողերով»: «Մեր ծախսած գումարները հետ է գալու 15 տարի հետո: Մենք ուրիշ տեղ ունենք բիզնես` Ռուսաստանում, որտեղ շահույթ ունենք, որը բերում ներդնում ենք Ջավախքում, բայց թե քանի տարի հետո մենք այնտեղ շահույթ կստանանք, առայժմ պարզ չէ»,-նկատեց պատգամավորը: ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը Ջավախքում ազգային խնդիրներ չի տեսնում. «Միգուցե տրամադրված չեմ այդ խնդիրները տեսնելու, նման խնդիրներ կարող է և լինել, պարզապես ես միշտ ասում եմ, որ չպետք է լացկանի կեցվածք ընդունել, անընդհատ հնչեցնել այդ խնդիրները, այլ պետք է մեր քայլերով գործունեություն ծավալել Ջավախքում, այլ ոչ թե դժգոհել պետության վարած այս կամ այն քաղաքականությունից,-ասում է նա և հավելում,-Վրաստանը ինչ-որ չափով կախված է Թուրքիայից և Ադրբեջանից, որովհետև տնտեսական շահեր ունի, բնականաբար, վրացական իշխանությունների մոտ կարող է սիրաշահելու համար երևա հակահայկական որոշ քաղաքական երանգներ, բայց ես չեմ պնդում, որ դա զուտ հակահայկական միտված քաղաքականություն է»: Վերջինիս կարծիքով` պետք է մեր գործողությամբ նպաստել հայապահպանության խնդիրներին, «այլապես ոչ ոք մեզ, ոչ մի պետություն դրական բան չի անի, մենք մեր ձեռքով պետք է կառուցնեք մեր տունը: Շատ հեշտ է` ոչինչ չանել ու նստել սրան-նրան քննադատել»: Խ. Ստեփանյանը «300 հազար հայի մեջ մի՞ թե չկա մեկը, որ կարողանա ղեկավարել երկրամասը» Այդուհանդերձ, Մելս Թորոսյանը հաստատում է, որ Ջավախքի և ջավախքցու շուրջ ստեղծված իրավիճակն օրըստօրե  անտանելի է դառնում, որովհետև վրացական իշխանությունները ոչ թե պահի ազդեցությամբ են գործում, այլ անցած դարերից նախօրոք ծրագրված աշխատաոճով: «Նրանք խնդիր ունեն Վրաստանում համախումբ ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառել այնպիսի քաղաքականություն, որը ձեռնտու է կենտրոնական պետական իշխանություններին և իշխանություն ձևավորող ազգությանը` վրացիներին: Այդ ազգային փոքրամասնությանը կամ պետք է տարրալուծեն, իրենց ասելով` ինտեգրեն, բայց ինտեգրումն իրենց մտքում ընկալվում է որպես` ազգափոխում, ենթարկում` մոռանալով մեր ազգային շահերը, ազգային արժեքները և այլն, կամ ասում են` եթե չես ուզում, պետք է թողնես տարածքը, որովհետև այս տարածքում ես պետք է բնակեցնեմ այն ազգաբնակչությանը, ով իմ սահմաններն ավելի ամուր կարող է պահել այլ երկրների կողքին»,- ասում է Մելս Թորոսյանը: Պատմական գիտությունների թեկնածու Խաչատուր Ստեփանյանն էլ փաստում է, որ ընդհանրապես ողջ Վրաստանում հայության նկատմամբ գոյություն ունի քաղաքական խնդիր: «Հայերը բնակչության 10 տոկոսն են կազմում, լավ էլ մասնագետներ ունենք, բայց այսօր Թբիլիսիում չկա հայ, որ ասենք` քաղաքապետարանում աշխատի, նորմալ կառավարական պաշտոն ունենա: Մասնագետները շատ են, բայց չեն նշանակում: Այդ մարդիկ անտեսվում են հայ լինելու համար: Օսմանյան կայսրությունում հային հալածում, թալանում, սպանում էին հայ և քրիստոնյա լինելու համար, Վրաստանում էլ այժմ նույն վիճակն է, իրավիճակային տարբերություն միգուցե լինի, բայց խնդրի էության որևէ տարբերություն չկա»,-ասում է նա: «Սոցիալ-տնտեսական որևէ բացատրություն չունի այն, որ Ախալքալաքի շրջանում ընդամենը 5 % կազմող վրացիները շրջանային սակրեբուլոյում կարող են 30 % ներկայություն ունենալ», -ասում է Խաչատուր Ստեփանյանը և բացատրում, որ 200 ընտրող ունեցող վրացական գյուղը և 7000 ընտրող ունեցող հայաբնակ Ախալքալաք քաղաքը կամ 6000 ընտրող ունեցող և 6 հայկական գյուղերից կազմված Կարտիկամի գյուղական համայնքը ընտրում են սակրեբուլոյի հավասար թվով` 1-ական պատգամավոր: 30_03-d_rstakyan«Վիրք» կուսակցության համանախագահ, Ախալքալաքի շրջանային խորհրդի (սակրեբուլոյի) պատգամավոր Դավիթ Ռստակյանի հավաստմամբ, Վրաստանի իշխանությունը հայերի նկատմամբ ճնշումը շատ նրբորեն իրականացնում են նախ օրենսդրորեն: Վրաստանի խորհրդարանում ընդունվում են օրենքներ, որոնք ուղղակիորեն ոտնահարում են ազգային փոքրամասնությունների իրավունքները: Դավիթ Ռստակյանը մասնավորեցրեց «Կրթության և գիտության մասին» օրենքը, որն արդեն գործողության մեջ է և աստիճանաբար անցում է կատարվում այդ պրոցեսի լիարժեք իրականացմանը: Համաձայն վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի, Վրաստանի դպրոցներում դասավանդման լեզուն պետք է լինի վրացերենը: Ավելին, Վրաստանի կրթության նախարարությունը ստանձնել է Վրաստանի հայկական դպրոցներին հայերեն դասագրքերով ապահովելու «պարտավորությունը»: 30-ամյա աշխատանքային փորձ ունեցող և Ախալքալաքի Հովհ. Թումանյանի անվան դպրոցում հայոց պատմություն դասավանդող մանկավարժը` Վաչագան Ռստակյանը, կարծում է, որ Վրաստանի կրթության նախարարությունն առանց նախապես ակադեմիական և մեթոդական բազա ստեղծելու ուզում է գործող հայալեզու դպրոցներում այդ դասագրքերով «գործը յոլա տանել»: «Եվ եթե մի մասնագիտական հանձնաժողովի ներկայացնենք նրանց դասագրքերը, ապա կտեսնենք, որ ո’չ ակադեմիական, ո’չ էլ մեթոդական առումով ընդունված ստանդարտներին չեն համապատասխանում, որը խիստ հարվածում են ակադեմիական առաջադիմությանը»,-ասում է մանկավարժը: Օրենսդրական երկրորդ պարտադրանքը, ըստ Դավիթ Ռստակյանի, տեղական ինքնակառավարման մարմինների կանոնադրության 9-րդ հոդվածն է, որտեղ ասվում է, որ նիստերի վարման լեզուն վրացերենն է, չնայած` շրջանային ժողովի (սակրեբուլոյի) պատգամավորների 90 տոկոսը չեն տիրապետում վրացերենին: Ավելին, Վրաստանի «Հանրային ծառայողի մասին» օրենքում ասվում է, որ որպեսզի քաղաքացին աշխատի պետական կառույցներում, պարտադիր պետք է տիրապետի վրացերենին, իսկ ջավախքահայությունը չի տիրապետում վրացերենին: «Մեծ հաշվով այն հայերը, որոնք այսօր աշխատում են տարածաշրջանում, պետք է չաշխատեն, որովհետև իրենք վրացերենին չեն տիրապետում»,-փաստում է Դավիթ Ռստակյանը: 30_03-m_torosyanՄելս Թորոսյանի համոզմամբ, հայերին տարածաշրջանից դուրս մղել վրացական իշխանությունների ծրագրած մյուս քայլն էլ այն է, որ ուզում են «կտրել բնակչության գլուխը», այսինքն` չեզոքացնել մտավորականներին: Ջավախքում մտավորականը չի ապահովվում համապատասխան աշխատանքով, նա ստիպված է աշխատանք փնտրել այլ երկրներում, այդ թվում` Հայաստանում, Ռուսաստանում և այլուր: «Մեր եղբայր ժողովրդի ղեկավարությանը հարկավոր է բանող ձեռքեր, բանող ուժ, թող ների ինձ ժողովուրդը` նրանց եզներ են պետք: Իսկ դրանց ղեկավարելը շատ հեշտ է»,-ասում է Մելս Թորոսյանը: Ջավախքի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյանը 45-50 տարի աշխատել է վրացիների հետ, ինչպես ինքն է ասում` վերնախավում, և ասում է, որ միշտ լսել է նրանց մտքերը առ այն, որ Ջավախքում պետք է զարգանա միայն գյուղատնտեսությունը: «Գյուղացուն հեշտ է պահել ճիպոտի տակ, իսկ քաղաքացուն, ինտելեկտին անհնարին է: Դա հին վրացական շովինիստական ազգային քաղաքականություն է, մենք էլ մեր պաշտպանողական ազգայնականությունն ենք հրամցնում վրացիներին, որ մեզ պետք է և անկախություն, և քաղաքական բարձր կարգավիճակ, և տարածաշրջանային լեզու, և ազատ մշակույթ: Եվ այդ մեր աշխատանքի համար նրանք մեզ բնութագրում են որպես նացիոնալիստներ, սեպարատիստներ»,-ասում է Ազատ Շիպակցյանը: Ազատ Շիպակցյանը չի հիշում մի մտավորականի, որ ավարտած լինի վրացական բարձրագույն ուսումնական հաստատություն ու և վերապատրաստված` արտասահմանում. «Մենք բոլորս հարկատու ենք այդ պետությունը, բայց մեր ժողովրդի տված հարկերը չեն վերադառնում մեզ: Չեմ հիշում, որ մի հայ ուսանող  ավարտի վրացական համալսարան և գնա արտասահման վերապատրաստվելու: Իսկ վրացիները պետբյուջեի հաշվին շատ են գնում Եվրոպա սովորելու, այն հարկերի, այն մուծումների հաշվին, որ անում են Ջավախքի խեղճ ու մոլոր ժողովուրդը»: «Ինչպես կարող է մտավորականը կոչվել ազգային մտավորական, եթե նրան պարտադրում են վրացերեն դասախոսել` բացի հայագիտական առարկաներից: Երբ մենք հարց ենք դնում հայոց լեզուն տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու մասին, ասում են` «լեզու չունես, կտրել ենք քո լեզուն, վրացերեն սովորեք: Սա մտավորականի նկատմամբ անբարոյական վերաբերմունք է»,-կարծում է Ազատ Շիպակցյանը: Հասարակական-քաղաքական գործիչները հավելում են, որ վրացական իշխանավորները, պետական կառույցների նպատակն է Ջավախքը հնարավորինս հեռու պահել, որպեսզի Ջավախքում որքան հնարավոր է արդյունաբերությունը չզարգանա, տեխնիկան չզարգանա: Հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարները փաստեցին, որ իրենք այս բոլոր հարցերը ներկայացրել են տարբեր ատյաններին` եվրոպական կառույցներին, Վրաստանի նախագահին, Նինո Բուրջանաձեին, հանձնել են համապատասխան դիմում-նամակներ: Դավիթ Ռստակյանը, հայերենը որպես տարածաշրջանային լեզու ճանաչելու պահանջով հավաքել է Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորների ստորագրությունները, և դրանք հասցվել են իշխանության համապատասխան օրգանին: Մելս Թորոսյանը նաև ասաց, որ Վրացական իշխանությունները չեն թույլատրում Ջավախքում որևէ ոլորտում ներդրում կատարել: Նա ասում է, որ իրենց տարբեր մարդիկ են զանգում ու առաջարկում ստեղծել պայմաններ, որպեսզի գործարաններ հիմնադրեն, քարի հանքեր դնեն, շինանյութ արտադրեն, սակայն նրանց չեն թույլատրում: «Մեկը փորձի ներդրում անել, գլուխը կջարդեն, ով կթողնի, որ իրենց ծրագրին հակառակ գնալ: Ջավախքից դուրս եկած մեր հայրենակիցները շատ են փորձել ներդրումներ անել, բայց իշխանությունները թույլ չեն տալիս»,-նշում է Մելս Թորոսյանը: Ելքը, ըստ Ազատ Շիպակցյանի, այն է, որ պետք է բարձրացվի քաղաքական կարգավիճակի հարցը» «Մենք համաձայն ենք, որ Վրաստանը դառնա դաշնային պետություն, ունենանք ինքնավար մարզ: Առանց այդ կարգավիճակի, մեր տեղական իշխանության ներկայացուցիչները թելադրանք են կատարում, աշխատավարձ ստանում և կատարում կենտրոնի ու անվտանգության օրգանների թելադրանքը»: Շրջանային ժողովի պատգամավորը` Դավիթ Ռստակյանը համոզված է, որ Տեղական ինքնակառավարման մարմին ասվածը Ջավախքում գոյություն չունի: Դա ընդամենը պատգամավորներ կոչված մարդկանց խումբ է, որոնք ի սկզբանե չեն ընտրվել այն ժողովրդավարական սկզբունքով, ինչը պահանջում է ՏԻՄ-ը իրականում: «ՏԻՄ-ը գտնվում է Վրաստանի հատուկ ծառայության հսկողության տակ, դա ապացուցված փաստ է»,-հաստատում է Դավիթ Ռստակյանը և հավելում, որ Ջավախքում իրավիճակը միշտ լարված է. «Ես իմ օրինակով ասեմ, արդեն քսան տարի է նորմալ չեմ քնում»: «Ջավախքում  գործավարությունը պետք է իրականացվի հայերեն լեզվով: Սամցխե-Ջավախքի ղեկավարը պետք է լինի ազգությամբ հայ, որովհետև այդ երկրամասի բնակչության 50 տոկոսից ավելին հայեր են: Չնայած արհեստականորեն երկրամասին կցել են զուտ վրացաբնակ շրջաններ, մեծամասնությունը, միևնույն է, հայեր են: Ըստ վրացական պաշտոնական տվյալների` 300 հազար հայի մեջ մի՞ թե չկա մեկը, որ կարողանա ղեկավարել երկրամասը: Ունենք, բայց հայ են, ու Վրաստանի իշխանությունները դա չեն ուզում»,-եզրակացնում է Խաչատուր Ստեփանյանը: «Հետքի» հարցին, թե արդյոք համակարծիք են բոլոր ջավախքցիները իրենց հնչեցրած կարծիքների հետ, այդ թվում և պետական օղակներում աշխատող հայերը, Մելս Թորոսյանը պատասխանեց. «Մարդկանց այն շերտը, որոնք այս կամ այն ճանապարհով լեզու են գտել պետանվտագության և կենտրոնական իշխանությունների հետ, երդվել են, որ կծառայեն նրանց հավատարմորեն, նրանց կարգավիճակն ուրիշ է, նրանք ասում են` մի խանգարեք մեզ»: Ակնկալիքներ Հայաստանից Ջավախքցիների կապը մշտապես սերտ է եղել Հայաստանի հետ, հատկապես մայրաքաղաք Երևանի հետ, ինչը չի կարելի ասել Թբիլիսիի մասին: Ջավախքցիներին տարօրինակ է թվում հայկական կողմի պասիվ պահվածքն իրենց խնդիրների նկատմամբ: «Գործի է դրված պետական հսկա մեքենան ջավախքցիների դեմ, իսկ Հայաստանի ձայնը մինչ օրս չի լսվում: Ցավալի է` կարծես Հայաստանին էլ է ձեռնտու լռեցնել մարդկանց: Հայաստանը կարող է գործել Ջավախքում այնպես, ինչպես օրինակ Թուրքիան` Աջարիայում: Այսինքն` պաշտպանի իր ազգային շահերը` չխախտելով միջազգային նորմերը»,-կարծում է ախալցխացի 25-ամյա երիտասարդը, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Խաչատուր Ստեփանյանը կարծում է, որ Ջավախքում նախ` պետք է զարգացնել ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը: «Այսօր Ջավախքը հայ ժողովրդի համար գենոֆոնդ է ապահովում: Ջավախքցին «մարդ է արտադրում» Հայաստանի համար: Բացի գենոֆոնդից, Ջավախքը ստրատեգիական այլ նշանակություն ունի. Եթե նայենք քարտեզին, ապա Հայաստանի շուրջը թուրքաբնակ տարածքներ են, միակ թթվածին ապահովող խողովակը Ջավախքն է: Եթե Ջավախքը հայաթափվեց, այն կբնակեցվի մեսխեթցի թուրքերով, որով և Հայկական պետությունն ամբողջապես կհայտնվի թուրքական ցեղերի շրջապատման մեջ` իր ծանր հետևանքներով»,-ասում է պատմական գիտությունների թեկնածուն: «Ի վերջո, պետք է հասկանալ, որ Ջավախքը հայ ժողովրդի մի մասն է, ընդ որում այն մասն է, որը հայ ազգին տվել է Ջիվանի, Տերյան, Դեմիրճյան, հայ դասականներ, աշուղներ և փիլիսոփաներ: Այս հատվածը մեծ սեր ունի դեպի կրթությունը, մշակույթը, այստեղ հայ ազգի մտավորական ոսկե մասն է եղել, դրա համար ես կարծում եմ, որ  Հայաստանը պետք է մտահոգված լինի այդ տարածաշրջանի ճակատագրի հարցերով»,-հավելում է Դավիթ Ռստակյանը: Հասարակական կազմակերպությունների առաջնորդները կարծում են, որ համաձայն միջազգային նորմերի, հայկական և վրացական կողմերը պետք է ստորագրեն մի կարևոր պայմանագիր` այսպես կոչված «միջսահմանային պայմանագիր», որը թույլ կտար հայկական կողմին լինել հարևան երկրում ապրող իր ազգային փոքրամասնության իրավունքի երաշխավորը: «Երկու երկրները մեր նկատմամբ պայմանագիր ստորագրեն, որպեսզի մենք իմանանք մեր լիազորությունները, մեր իրավունքները որտեղից են սկսվում և որտեղ վերջանում: Հիմա մեր կարգավիճակը օրենսդրորեն չի սահմանված: Հայաստանին էլ ենք դիմել, նախագահին էլ ենք դիմել, բայց դեռևս տեղից չի շարժվում: Ավարտվում են միջկառավարական հանդիպումնեը սեղանի շուրջ և ասում են, որ լրատվամիջոցներին ասեք, որ Ջավախքի մասին էլ խոսեցինք, բայց թե ինչ են խոսել` աստված գիտե»,-ասում է Մելս Թորոսյանը և հավելում, որ իրենց մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ասյօրվա իշխանությունները ևս մատների արանքով են նայում Ջավախքի խնդրին` պատկերացնելով, որ Ջավախքը գոյություն կունենա, և քանի որ ղեկավար մասը` ազգային ժողովից սկսած մինչև իշխանություն մնացած օղակներն առաջնորդվում են իրենց բիզնեսով, իսկ բիզնեսը առանց Վրաստանի տարածքով անցնելու հաջողություններ քիչ կունենա, և հայկական ու վրացական կողմն այս առևտրի շրջանակներում մոռանում են Ջավախքի խնդիրը, դրա մասին  հիշում են միայն բաժակաճառերի ժամանակ: Ազատ Շիպակցյանը ևս հաստատում է, որ Ջավախքում Հայաստանի հանրապետության նկատմամբ դժգոհություն կա. «Մեր դժգոհությունը այն չէ, որ ՀՀ-ն իր պետական բյուջեից մեզ հատկացումներ չի անում: Մենք չենք ուզում ՀՀ-ի ժողովրդի հարկերից առաջացած գումարները: Մեր դժգոհությունն այն է, որ սփյուռքահայությունը եթե այսքան միջոցներ են ներդնում ՀՀ-ում, Ղարաբաղի հնարապետությունում, մենք չենք ասում առյուծի բաժինը մեզ տվեք, մենք ասում ենք, որ գոնե դրա մեկ տոկոսն էլ հատկացվի Ջավախքին»: «Մենք էլ հայ ժողովուրդ ենք, ուզում ենք հայ մնալ, չենք ուզում վրացի դառնալ ինչպես դարձան Վրաստանի այլ շրջաններում ապրող հայերը: Մնեք ուզում ենք հայոսին պաշտպանենք, կամուրջ լինենք: Մենք որ վրացիների առջև հարցեր ենք առաջադրում, մեզ ասում են` ձեր մեծ հայ սփյուռքը թող ձեզ օգնի»,-շարունակում է Ազատ Շիպակցյանը: Պատմական գիտությունների թեկնածուն գտնում է,ո ր Վրաստանի թե’ դիմադիր, թե’ ընդդիմադիր գործիչները, ինչպես նաև լրատվամիջոցները ահաբեկում են Հայաստանին: «Խելոք մնացեք, սսկեցրեք ջավախքցիներին, որովհետև դուք այլընտրանք չունեք, ձեր ճանապարհներն անցնում են Վրաստանով»,-ասում են նրանք: Գոյություն ունեն  դեպի ծով ելք չունեցող երկրներին ելք տրամադրելու միջազգային իրավական փաստաթղթերը, այդ այդ առումով Վրաստանն իրավունք չունի ամպագորգոռ հայտարարություններ անելու, որովհետև վաղ թե ուշ կպատժվի: Հայաստանն այդ օրենքենրից կառչելու, և Վրաստանին վախեցնելու փոխարեն, վախենում է նրանցից»,-նշում է Խաչատուր Ստեփանյանը: «Ես աստիճանաբար համոզվում եմ, որ Ջավախքը Վրաստանի որևէ վիճակից չպետք է կախված լինի: Պետք է ասվի, որ մեզ ինքավարություն տրվի, որպեսզի մենք ինքներս որոշենք մեր ճակատագիրը` Վրաստանի պետության սահմաններում, այդ պետության օրենքներով: Մենք գիտակցաբար մեղմ էինք մոտենում այս խնդրին` նկատի ունենալով Աբխազիայի և Օսեթիայի հետ եղած խնդիրները, բայց այժմ նրանք անկախացել են»,-ասում է սակրեբուլոյի պատգամավոր Դավիթ Ռստակյանը: Ինչ դասեր է քաղել Ջավախքը օգոստոսյան պատերազմից Ըստ Մելս Թորոսյանի, օգոստոսյան պատերազմից հետո Ջավախքի ժողովուրդը հասկացավ, որ ազգային փոքրամասնություն ասվածը իսկապես ճնշման տակ է գտնվել, որ մարդիկ նույնիսկ դիմեցին պատերազմական գործողությունների և մահվան ու կռվի միջոցով անկախության հասան: «Սա մեր ժողովրդի համար դաս է, բայց ոչ բոլորն են գիտակցել: Բայց քանի որ մեր կողմից և ներսում` հայ քաղաքական-հասարակական գործիչների կողմից և ՀՀ-ի ղեկավարության ու քաղաքական ուժերի ղեկավարության կողմից, միշտ քարոզվում է, որ մեր երկու ժողովուրդների միջև պատերազմով չէ, որ պետք է հարցերը լուծվեն, սա էլ ենք հասկանում, ժողովուրդն էլ է հասկանում սա, վրացիներն էլ են հասկանում, մենք խոսում ենք քաղաքական էլիտայի մասին, որը վարում է հայաթափման քաղաքականություն, և ոչ միայն հայերի, այլ նաև ադրբեջանցիների նկատմամբ»,-ասում է Մելս Թորոսյանը և հավելում, որ իրենց համար ցավալին մոռացված լինելն է: «Կորցվենք, ջարդվենք, հետո նստենք երգեր հորինենք ու լաց լինե՞նք. դա է մեր ազգային մենտալիտետը: Նախիջևանում մի հայ չենք թողել, բայց Նախիջևան ենք ուզում, եկեք  Ջավախքի հարցով մի քիչ զբաղվենք, պատկերացում կազմենք, թե որտեղ ի՞նչ է կատարվում, Ջավախքն ու Նախիջևանն իրար հետ համեմատելն ուղղակի անբարոյական է»,-ամփոփեց «Ակունք» միության նախագահը: «Համոզված ենք, որ առանց այս խնդիրների լուծման, Ջավախքում կպահպանվի մշտական լարվածություն, և այդ պատճառով էլ մենք պայքարում ենք դրանց լուծման համար: Խնդիրները վերանում են դրանք լուծելով, ոչ թե դրանց բարձրացնողներին լռեցնելով: … Իսկական հայ-վրացական բարեկամություն կհաստատվի միայն բարձրացրած խնդիրների լուծման արդյունքում»,-ասված է մարտի 3-ին Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter