HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կ. Կալեչյան. «Արևմուտքին և Ռուսաստանին պետք է մաքսիմալ խաղաղ Հարավային Կովկաս»

01-04_rahkk1«Օգոստոսյան պատերազմից հետո փոխվել է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում. պատերազմից աշխարհի համար առաջին դասը պետք է լինի այն, որ քաղաքական կոնֆլիկտները հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, և սառեցված կոնֆլիկտների համար ռազմական լուոծումն իրական չէ»,- ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Ռազմական ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում» զեկույց-քննարկման ժամանակ: Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սակայն, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, վրաստանյան պատերազմից Ադրբեջանը սխալ դաս է քաղել. «Ադրբեջանը համոզված է, որ Վրաստանի սխալը ոչ թե կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու փորձն էր, այլ այն, որ նրանք ռազմական ուժ գործադրեցին դեռ դրան պատրաստ չլինելով, դրա համար էլ Ադրբեջանում չեն բացառում ռազմական ուժի գործադրումն իրենց կողմից այն ժամանակ, երբ դրան պատրաստ կլինեն»: Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ այսօր ուժերի հավասարակշռությունը հօգուտ Հայաստանի է, քանի որ այժմ տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ունեն ամենալավ զինված ուժերը: Ռ. Կիրակոսյանի համոզմամբ` դա պայմանավորված է Հայաստանում ռազմական բարեփոխումներով և իր հարևան երկրների համեմատությամբ կոռուպցիայի ցածր մակարդակով: Սակայն հավելեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի վաղվա օրվան, քանի որ ուժերի հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Ադրբեջանի, եթե նրանք էլ սկսեն ռազմական բարեփոխումներ իրականացնել: ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալեչյանը համոզված է, որ տարածաշրջանային երկրների զինված ուժերը բավարար չեն երկրների անվտանգության ապահովման առումով, քանի որ դրանք կարող են դիմակայել միմյանց վրա հարձակումներին, բայց ոչ երբեք` հարևանների ռազմական պոտենցիալին: Ըստ նրա` Կոսովոյի անկախության հռչակումը և դրան հաջորդած օգոստոսյան պատերազմը Վրաստանում արմատապես փոխեցին գոյություն ունեցող աշխարհակարգը. «Եթե մինչև օգոստոսյան իրադարձությունները Ռուսաստանի և Արևմուտքի հիմնական հակամարտությունը նրանում էր, որ իրենց ազդեցության գոտի մտցնեն Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը` առանձին-առանձին, և ցանկացած երկրի հետ անհատական աշխատանք էր տարվում, ապա այժմ այս երեք երկրները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ճապոնիայի և Եվրոպայի կողմից դիտարկվում են որպես մեկ ամբողջություն` անկախ այն հարաբերություններից, որ այդ երկրներն ունեն»: Դրա հետ մեկտեղ, Կարապետ Կալեչյանը կարծում է, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը որոշակիորեն նվազել է բոլոր կենտրոնների համար, քանի որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան լուծելու շատ ավելի կարևոր հարցեր ունեն` Իրան, Աֆղանստան, ընդ որում` այդ հարցերը, ըստ Կալեչյանի, պետք է նրանք լուծեն համատեղ ուժերով: Կալեչյանը դրանով է պայմանավորում ԱՄՆ- Ռուսաստան հարաբերությունների բարելավումը: Հարավային Կովկասով անցնող հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիները ևս, Կալեչյանի մեկնաբանությամբ, հավասարապես կարևոր են թե' Ռուսաստանի, թե' Արևմուտքի համար, իսկ դրանց կարգավորումը հնարավոր է, եթե բարեկամական հարաբերություններ լինեն Հարավկովկասյան 3 երկրների միջև. «Հենց այդ ուղղությամբ հիմա աշխատում են ԵԱՀԿ միջնորդները, թե ինչպես կլուծվի Ղարաբաղյան կոնֆլիկտը` նրանցից որևէ մեկին չի հետաքրքում, նրանք ուզում են մաքսիմալ խաղաղ տարածաշրջան` առանց կոնֆլիկտների և պատերազմների»: ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանն էլ բոլոր ելույթներից եզրակացրեց, որ հիմնական հարցը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ կարող է արմատապես փոխվել բոլոր խաղացողների ռազմավարությունը, և նախկին թշնամին կարող է դառնալ գործընկեր, իսկ գործընկերները` թշնամի, որի արդյունքում մի շարք երկրներ պետք է փոխեն իրենց ազգային անվտանգության ապահովման ռազմավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter