HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Նոր ուրվագծեր տարածաշրջանում. հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետեւանքները

Տարածաշրջանային եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նախորդ շաբաթ հայ-թուրքական հարաբերություններում ակնկալվող հնարավոր զարգացումներն էին: Միջազգային հանրության հետաքրքրությունը հարցի շուրջ պայմանավորված է ոչ միայն նրանով, որ շուրջ տասհինգ տարի փակ լինելուց հետո կարող է բացվել հայ-թուրքական սահմանը`

նոր էջ ազդարարելով հայ-թուրքական հարաբերություններում, այլեւ նրանով, որ այդ իրադարձությունը լուրջ քաղաքական փոփոխությունների կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանում: Այդ փոփոխությունները կարող են ուժերի հարաբերակցության խիստ տեղաշարժեր առաջ բերել տարածաշրջանում:

Ընդ որում` դրանք խիստ հակասական են, արդեն իսկ նշմարելի են եւ զարգանում են մեծ արագությամբ, հետեւաբար կարող են հանգեցնել անկանխատեսելի արդյունքների: Անկախ նրանից` կիրականան սահմանի բացման ժամկետային կանխատեսումները (ապրիլ ամսին), թե ոչ, սահմանի բացումն այլեւս օրակարգում է եւ ժամանակի հարց է միայն: Հետեւաբար, փորձենք որոշ կանխատեսումներ անել դրա շուրջ:

1. Հայ-թուրքական սահմանի բացումը կմեծացնի Հայաստանի քաղաքական դերակատարումը տարածաշրջանում:

Տնտեսական օգուտներ բերելով Հայատանին` այն մանեւրելու ավելի մեծ հնարավորություններ կտա նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Սահմանի բացումը կհարվածի Ղարաբաղյան հիմնախնդրում Ադրբեջանի թիվ մեկ խաղաքարտին` այն է` շրջափակման մեջ պահել Հայաստանը, քանի դեռ վերջինս չի համաձայնել գնալ զիջումների ԼՂ կարգավորման հարցում:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Անկարան ծրագրված հայ-թուրքական համաձայնագրի մեջ փորձում է ներառել նաեւ մի կետ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եւ այս հարցում հանդիպում պաշտոնական Երեւանի դիմադրությանը: Ճիշտ դիվանագիտության շնորհիվ Երեւանն, իրոք, հնարավորություն ունի չեզոքացնել Բաքվի հիմնական եւ ռեալ գործող խաղաքարտը Ղարաբաղյան հիմնախնդրում:

2. Սահմանի բացումը կխթանի Թբիլիսի-Բաքու ռազմավարական գործընկերության է'լ ավելի խորացումը:

Բաքուն չի թաքցնում հայ-թուրքական մերձեցման հանդեպ իր բացասական վերաբերմունքը եւ նույնիսկ բացահայտ սպառնալիքներ է ուղղում Անկարայի հասցեին: Նախորդ շաբաթ, օրինակ, երրորդ կողմի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնացել է դադարեցնել բնական գազի մատակարարումները Թուրքիա, եթե Անկարան առանձին համաձայնագիր կնքի Երեւանի հետ եւ բացի սահմանները` առանց ԼՂ հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու:

Արդեն հայտնի է, որ Ի. Ալիեւը չի մասնակցի նաեւ ապրիլի 6-7-ը Թուրքիայում կայանալիք Քաղաքակրթությունների դաշինքի հանդիպմանը` կրկին ի նշան վերջին զարագացումների հանդեպ Բաքվի անհամաձայնության:

«Եթե սահմանը բացվի նախքան Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերումը, դա կհակասի Ադրբեջանի ազգային շահերին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Երկրորդ երկիրը, որի շահերին հակասում է հայ-թուրքական սահմանի բացումը, Վրաստանն է:

Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո վերլուծաբանները բացահայտ սկսեցին խոսել Վրաստանի` որպես դեպի Արեւմուտք ռազմավարական նշանակության ծրագրերի տարանցիկ երկրի այլեւս անվստահելիության մասին: Այժմ էլ արեւմտյան վերլուծաբանները չեն թաքցնում, որ հայ-թուրքական սահմանի բացումը նոր հնարավորություններ կարող է տալ արեւմտյան ուղղությամբ էներգետիկ ծրագրերի իրագործման համար:

Բացի նրանից, որ հսկայական տնտեսական եւ քաղաքական դիվիդենտներ բերող էներգետիկ ծրագրերն անցնում են Վրաստանի տարածքով, Վրաստանի տարածքով է տեղի ունենում նաեւ Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառության առյուծի բաժինը, այդ թվում` նաեւ Թուրքիայի հետ: Ուստի, ինչպես հայտարարել է Վրաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջեմալ Ինաիշվիլին. «Առեւտրային ուղիղ կապի վերականգնումն անպայմանորեն կանդրադառնա Վրաստանի տնտեսության վրա»:

Չնայած Ինաիշվիլին դրական է գնահատում այն, որ երկու երկրները ցանկանում են նորմալ հարաբերություններ հաստատել միմյանց հետ, այնուամենայնիվ, ըստ նրա՝ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ կապի վերականգնումը տնտեսական հստակ կորուստների պատճառ կհանդիսանա Վրաստանի համար». տեղի կունենա բեռների հոսքի տեսանելի կրճատում, որը կանդրադառնա նաեւ Փոթի եւ Բաթումի նավահանգիստների վրա: Այս ամենը, բնականաբար, կհանգեցնի նրան, որ Բաքուն եւ Թբիլիսին այլընտրանքային համագործակցության նոր ուղիներ փնտրեն:

Նախորդ շաբաթ Թբիլիսիում երկու երկրների արտգործնախարարներն արդեն իսկ ստորագրել են 2009 թ. համատեղ քաղաքական ծրագրերի մասին փաստաթուղթ: Պատահական չէ, որ այս օրերին ադրբեջանական մամուլում հայտնվում են հրապարակումներ վրաց-ադրբեջանական համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Ինչպես Day.Az-ի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Ադրբեջան-Վրաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Ֆրիդոն Թոդուան, «չնայած Հայաստանի դիմադրությանը` անհնար է դադարեցնել ծրագրի (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու- հեղ.) իրականացումը, քանի որ այն արդեն իսկ սկսվել է»:

3. Սահմանի բացումը կխթանի համագործակցության խորացումը Բաքվի եւ Մոսկվայի միջեւ:

Բաքուն իր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում  «ճգնաժամը» կփորձի փոխհատուցել Մոսկվայի հետ նոր համաձայնություններով: Ռուսաստանը վաղուց է փորձում Բաքվին սիրաշահել` ստիպելով վերջինիս հրաժարվել Արեւմուտքի էնեգետիկ անկախությանն ուղղված նոր ծրագրերում ներգրավվելուց: Եվ ահա, մարտի 27-ին Գազպրոմի եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը ենթադրում է գազի երկարաժամկետ մատակարարում շուկայական գներով:

Միաժամանակ, ապրիլի 3-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` երկու ղեկավարները քննարկել են Մեծ 20-յակի գագաթնաժողովի, համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, նշում են հեռախոսազրույցի ընթացքում նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցերի քննարկման մասին:

4. Հայ-թուրքական սահմանի բացումը կուժեղացնի Վաշինգտոնի դիրքերը Հարավային Կովկասում:

Սրա համար հատկապես լավ հող է ստեղծել վերջին շրջանում Վաշինգտոնի ակտիվությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Միացյալ Նահանգները, ճիշտ է, վաղուց են դադարել հետխորհրդային տարածաշրջանում իրենց քաղաքականությունն իրականացնել Անկարայի միջոցով եւ նախընտրում են դա անել ուղղակիորեն, այնուամենայնիվ, նոր իրողությունները կարող են վերականգնել Թուրքիայի այդ երբեմնի նշանակությունը Վաշինգտոնի համար:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի խոսքերով` հարաբերությունների բարելավումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր եւ դրական դինամիկա կստեղծի ամբողջ տարածաշրջանի հարաբերություններում, «ինչպես նաեւ տնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացման գործում, որ մենք հետապնդում ենք նախկին Խորհրդային Միության փլուզումից սկսած»: ԱՄՆ-ն խիստ սահմանափակ հնարավորություններ ունի անմիջականորեն ազդելու Հայաստանի վրա (դրան խոչընդոտում է մասնավորապես ռուսական քաղաքական, ռազմական եւ տնտեսական ներկայությունը Հայաստանում): Սահմանի բացման դեպքում Վաշինգտոնը հնարավորություն կստանա Անկարայի միջոցով որոշակիորեն ընդլայնել իր ազդեցությունը Հայաստանում:

Ավելին, հանդես գալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական միջնորդի դերում` Միացյալ Նահանգները մեխանիկորեն ստանում են նաեւ այդ հարաբերությունների տրամաբանական հաջորդականությունը հանդիսացող` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում ավելի ակտիվ միջնորդության խաղաքարտը: Սրան գումարվում է նաեւ այն, որ թուրք-ամերիկյան համագործակցությունը Հարավային Կովկասում կնպաստի երկու երկրների միջեւ փոխվստահության վերականգնմանը` համագործակցության հնարավորություններ տալով նաեւ այլ հարցերում (Իրաք, Աֆղանստան):

5. Միաժամանակ սահմանի բացումը կնպաստի Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը:

Թուրքիան, որն ավանդաբար մրցակցում է Ռուսաստանի հետ տարածաշրջանում ազդեցության հաստատման համար, նույն ավանդույթի ուժով հակված է, այնուամենայնիվ, հաշվի առնել ռուսական գործոնը հետխորհրդային տարածաշրջանում: Ուստի Անկարա-Մոսկվա համագործակցությունն ապագայում անխուսափելի է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին: Իրականում ռուս-թուրքական համագործակցության հնարավորություններն է'լ ավելի են լայնանում, երբ մեջտեղում հայտնվում է «հայկական օղակը»: Սրա վառ վկայությունն է դեռ նախորդ տարի ձեռք բերված համաձայնությունը, որը ենթադրում է հայկական էլեկտրաէներգիայի վաճառք թուրքական կողմին: Այլ հարց է, թե որքանով հաշվի կառնվեն «օղակի» շահերը:

6. Սահմանի բացումը կառաջացնի հայ-իրանական գործընկերության հստակեցման եւ խորացման անհրաժեշտություն:

Պաշտոնական Թեհրանի կողմից որեւէ արձագանք հայ-թուրքական զարգացումների վերաբերյալ մինչ այժմ չի հնչել: Ակնհայտ է, սակայն, որ Իրանն ընդհանուր առմամբ դուրս է մնացել տարածաշրջանային գործընթացներից դեռ ռուս-վրացական պատերազմին հաջորդած իրադարձություններից հետո: Հայ-իրանական համագործակցությունը, սակայն, որքան էլ տարօրինակ լինի, ավելի մեծ կարեւորություն ձեռք կբերի հենց հայ-թուրքական սահմանի բացումից հետո: Իրանն ավանդաբար Հայաստանի կողմից դիտվել է որպես Թուրքիային հակակշիռ ուժ, եւ այս հարցում կարող է նույնիսկ ավելի արդյունավետ դեր խաղալ, քան Ռուսաստանը:

Ապրիլի 4-ին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը, ճիշտ է, չի կարելի ընկալել որպես այս համատեքստում արված հեռահար քայլ: Այնուամենայնիվ, անկախ երկաթգծի տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ կասկածներից, ծրագիրն, իրոք, կարեւոր քաղաքական նշանակություն կարող է ձեռք բերել մոտ ապագայում: Ուստի Իրանի հետ համագործակցության խորացումն ավելի շատ ճկունություն կհաղորդի Երեւանին արտաքին քաղաքականության մեջ: Մնում է միայն երաշխավորել հայ-իրանական համատեղ ծրագրերի ռեալ իրագործումը:

Հայ-թուրքական սահմանի բացումն, այսպիսով, էական փոփոխություններ կարող է առաջացնել ընդհանուր առմամբ ամբողջ տարածաշրջանում: Կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, երբ բոլորը համագործակցում են բոլորի հետ` յուրաքանչյուրն իր պետական շահերն ապահովելու նկատառումով:

Այս իրադարձությունների գլխավոր «հերոսի» դերում կարող է հայտնվել հենց Հայաստանը, որի համար կարող են բացվել ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր մարտահրավերներ:

Առավելագույն օգուտ ստեղծված իրավիճակից կարելի է քաղել միայն հստակ մշակված, միաժամանակ ճկուն դիվանագիտության շնորհիվ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter