HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Հայ-թուրքական փակուղի. կօգնի՞, արդյոք, Շվեյցարիայի միջնորդությունը

Ներքին եւ արտաքին ճնշումների տակ Թուրքիան ստիպված եղավ վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր սկզբնական նախապայմաններին: Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախորդ շաբաթ երկու անգամ հայտարարեց, որ առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում լինել չի կարող, քանի դեռ չլուծված է մնում Ղարաբաղյան հակամարտությունը:

Անկարայի դիրքորոշման վրա որոշակի ազդեցություն ունեցավ այն բուռն ներքին արձագանքը, որ կառավարող կուսակցությունը ստացավ թուրքական ընդդիմությունից իր վարած արտաքին քաղաքականության համար:

Ընդդիմադիր  Հանրապետական ժողովրդական կուսակցության եւ Ազգայնական գործողություն կուսակցության ղեկավարները խիստ քննադատության ենթարկեցին կառավարության` հայ-թուրքական հաշտության քաղաքականությունը: Հանրային բողոքի ցույցեր տեղի ունեցան Կարսում, Գազիանեթում, Իգդիրում եւ Ամասիայում:

Ընդդիմության քննադատությունը, թերեւս, այնքան կարեւոր նշանակություն չունենար, եթե չլինեին Թուրքիայում մարտի 29-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները. առաջին անգամ 2002 թ.-ից հետո, երբ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը եկավ իշխանության, այս ընտրություններում ստացավ ավելի քիչ ձայն` իր արտաքին եւ ներքին քաղաքականությունները վերանայելու անհրաժեշտության լուրջ մտահոգություններ թողնելով:

Սակայն ամենամեծ դերն այս հարցում խաղաց Բաքվի դիրքորոշումը: Նախագահ Իլհամ Ալիեւը չցանկացավ մասնակցել Ստամբուլում կայացած Քաղաքակրթությունների դաշինք ֆորումին` ի նշան հայ-թուրքական հաշտեցման դեմ բողոքի, նույնիսկ այն բանից հետո, երբ նրան զանգահարեցին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Իսկ Բաքվի դիրքորոշումն այս հարցում խիստ կարեւոր է ինչպես Անկարայի, այնպես էլ Վաշինգտոնի համար:

Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդում ապրիլի 6-ին Ի. Ալիեւը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ստիպել Ադրբեջանին փոխել իր «տարածաշրջանային քաղաքականությունը»: Ալիեւի խոսքերով` Բաքուն «նշմարում է պոտենցիալ աշխարհաքաղաքական փոփոխություններ տարածաշրջանում» եւ «ձեռնարկում համապատասխան միջոցառումներ»:

Բաքվի ուղարկած մեսիջն ավելի քան հասկանալի է Անկարայի եւ մյուսների համար. «տարածաշրջանային քաղաքականության» փոփոխությունը նշանակում է առաջնայնությունների փոփոխություն արեւմտյան ուղղության էներգետիկ ծրագրերից դեպի ռուսական ուղղության ծրագրեր: Ինչպես նշեց Ի. Ալիեւն իր ելույթում` Ադրբեջանի նավթի եւ գազի արտահանման քաղաքականությունը «ճկուն» կմնա: Ի տարբերություն Էրդողանի` նախագահ Գյուլն ավելի մեղմ ներկայացրեց Անկարայի վերադարձը հին նախապայմաններին` կարեւորելով Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման դերը տարածաշրջանային գործընթացներում:

The Financial Times-ին տված հարցազրույցում Գյուլը հույս հայտնեց, որ Ղարաբաղյան խնդիրը կլուծվի` նոր կլիմա ստեղծելով Կովկասում, «որովհետեւ, փաստորեն, թեեւ սա համեմատաբար փոքր տարածք է, այն կարող է պատ դառնալ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, կամ կարող է դառնալ դարպաս»:

Թուրքիայի նախագահը, այնուամենայնիվ, խուսափեց որեւէ կոնկրետ հայտարարություններ անել նախապայմանների վերաբերյալ: Լրագրողի հարցին` «Արդյոք դուք ասու՞մ եք, որ չպետք է ակնկալենք որեւէ հանրային քայլ առաջ, քանի դեռ առաջընթաց չի եղել Մինսկի խմբում», Գյուլը պարզապես դիվանագիտորեն շրջանցեց. «Ես կարող եմ ասել, որ երկու կողմերում էլ առկա է լավ փոխըմբռնում եւ բարի կամք»: Այնուամենայնիվ, հայ-թուրքական սահմանի բացումը կարծես թե հետաձգվում է:

Համենայնդեպս, Անկարային որոշ ժամանակ կպահանջվի Բաքվի հետ խորհրդակցելու եւ պայմանավորվածությունների գալու համար: Արդեն հայտնի է, որ առաջիկա շաբաթներին Բաքու կայցելի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը:

Այժմ արդեն նշվում են սահմանի բացման նոր ժամեկտներ. անանուն թուրք դիվանագետը Today’s Zaman-ին հայտնել է, որ սահմանը կբացվի մինչեւ հոկտեմբեր, երբ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Թուրքիա` Հայաստան-Թուրքիա պատասխան ֆուտբոլային խաղը դիտելու: Ընդ որում, որոշ աղբյուրների համաձայն` սահմանը կբացվի աստիճանաբար. այս պլանի համաձայն` սկզբնական շրջանում այն բաց կլինի շաբաթական մեկ օր միայն, այնուհետեւ կսկսվեն դիվանագիտական շփումները եւ երկու կողմերը կհայտարարեն Անկարայում եւ Երեւանում դեսպանություններ բացելու իրենց մտադրության մասին:

Այնուհետեւ, ծրագրի համաձայն, Հայաստանը պետք է դուրս հանի զորքերը հինգ շրջաններից: Միաժամանակ թուրքական Hurriyet-ի հաղորդմամբ` Ադրբեջանը նախորդ շաբաթ պատվիրակ է ուղարկել Անկարա` ներկայացնելու Բաքվի նախապայմանները հայ-թուրքական սահմանի բացման համար: Ըստ այդմ` նախապայմանները պահանջում են, որ Հայաստանն ազատի Ղարաբաղի շուրջ գտնվող հինգ շրջանները (Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան եւ Ղուբաթլի) եւ թույլ տա թուրք-ադրբեջանական ցամաքային միջանցքի ստեղծումը Լաչինի հարավային հատվածով:

Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջացած փակուղին հաղթահարելու համար միջնորդության փորձ է արվում Շվեյցարիայի կողմից` հավանաբար Վաշինգտոնի նախաձեռնությամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես հայտնի է, Ստամբուլում հանդիպել է Հայաստանի, Թուրքայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների, ինչպես նաեւ Թուրքիայի ԱՆ փոխքարտուղար Էրթուղրուլ Ապականի հետ եւ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հայտնված հայտնի լուսանկարում երեւում են վերոնշյալ գործիչները, իսկ լուսանկարի մակագրության տակ Շվեյցարիայի արտգործնախարարը ներկայացված է նաեւ որպես միջնորդ:

Ավելի ուշ, Swissinfo գործակալության հաղորդմամբ, Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը հաստատել է իր միջնորդության փաստը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում: Շվեյցարիայի ընտրությունը, թերեւս, պատահական չէ: Շվեյցարիան չեզոք երկիր է, հետեւաբար նրա միջնորդությունն ընդունելի է բոլորի համար: Իր չեզոքության շնորհիվ Շվեյցարիան կարողացել է ստանձնել բազմաթիվ միջնորդություններ հակամարտող երկրների միջեւ:

Բացի այդ, Շվեյցարիայում են տեղի ունենում հանդիպումներ եւ բանակցություններ հակամարտող կողմերի միջեւ: Հայ-թուրքական գաղտնի բանակցությունները, ինչպես հայտնի է, տեղի են ունեցել հենց Շվեյցարիայում:

Մյուս կողմից, սակայն, նոր միջնորդների ներգրավումը հայ-թուրքական հարաբերություններում նվազեցնում է Անկարայի նախաձեռնող առավելությունը Երեւանի հանդեպ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Թուրքիան ինքն է հավակնում միջնորդի դեր խաղալ տարածաշրջանային խնդիրների` այդ թվում նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Չի բացառվում նաեւ, որ Թուրքիան ժամանակ շահելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները հստակեցնելու նպատակով մի որոշ ժամանակ կրկին շեշտը դնի Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի վրա:

Դա մի կողմից հնարավորություն կտա ժամանակավորապես հեռացնել բոլորի ուշադրությունը հայ-թուրքական սահմանի բացման գործընթացից, մյուս կողմից պահպանել շփումները հայկական կողմի հետ, ինչպես նաեւ այդ շփումներում ընդգրկել Ադրբեջանին` վերջինիս ցուցադրելով իր ավելի թափանցիկ քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter