HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Անպատասխան հարցերի նախագահական մեկ տարին

2008 թ. ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանին բերեց լիակատար պատասխանատվության դաշտ։ Մինչ այդ նա գտնվում էր Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության ստվերում, եւ հենց այդ հանգամանքը դարձավ այն ջուրը, որի մեջ նախագահական ընտրությունների ֆոնին ձեռքերը լվաց ներկայիս նախագահը։ Եվ չնայած դրան՝ Սերժ Սարգսյանը ժառանգեց մարտիմեկյան «երկրաշարժի» արդյունքում ներհասարակական, բարոյահոգեբանական, քաղաքական փլուզված մի գորշ իրականություն։

Ենթադրելի էր, որ պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում նոր նախագահի առաջնահերթ խնդիրը լինելու է այդ ավերակները վերացնելը, վստահության ճգնաժամի հաղթահարումը, ինչպես նաեւ իշխանության լեգիտիմության արտաքին ու ներքին դեֆիցիտի չեզոքացումը։ Այսօր, սակայն, Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը դե յուրե ստանձնելուց ուղիղ մեկ տարի հետո, ոչ միայն առկա հարցերը պատասխաններ չեն ստացել, այլ նաեւ նոր հարցադրումներ են առաջացել։ Եվ այս փաստն առկա է բոլոր մակարդակներում։

Հասարակական կյանք

Ներքին բեւեռացվածության վերացումը, թերեւս, նախագահի ամենահրատապ հարցը պետք է լիներ։ Եվ Սերժ Սարգսյանը երկխոսության առաջարկ հնչեցրեց, որը, սակայն, համարժեք արձագանք չստացավ։ Խնդիրն այն է, որ մարտիմեկյան դեպքերի համար ընդդիմության ակտիվիստների շարունակվող քրեական ու քաղաքական հետապնդումները, զանգվածային ձերբակալությունները բացարձակապես նախագահի խոսքերին վստահություն չէին ներշնչում։ Առավելեւս, երբ դա ուղեկցվում էր ընդդիմադիր դաշտում, ի դեմս այսպես կոչված «հայրենասիրական ընդդիմության», նոր ականներ տեղադրելու ավանդական գործելակերպով։ Դա ցույց տվեց, որ իրականում խնդիր է դրվել միաբեւեռ ընդդիմադիր դաշտը բոլոր առումներով բլոկադայի ենթարկել եւ այդպիսով հասնել գլխավոր հակառակորդի քաղաքականապես ոչնչացմանը։ Այդ նպատակին էր ծառայեցվելու նաեւ «Հանրային խորհուրդ» կոչված՝ սահմանադրական որեւէ կարգավիճակ չունեցող կառույց ստեղծելու մասին մտադրության հայտնումը, որը երկարատեւ ձգձգումներից հետո, ի վերջո, մեկ տարի անց կյանքի կոչվեց։ Այս կառույցը ստեղծվում էր միայն քարոզչական խնդիրներ լուծելու համար, ընդ որում` արժեզրկելով պառլամենտարիզմի գաղափարն ընդհանրապես։ Դա ակնհայտ դարձավ հատկապես այն բանից հետո, երբ պարզվեց, որ Խորհրդի անդամներ են նշանակվել ոչ միայն պալատական մտավորաականների «սերուցքը», այլեւ հենց նույն տխրահռչակ «հայրենասիրական», պսեւդոընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։

Ներքաղաքական մոտիվացիա

Այս միջոցառումներն, իսկապես, չէին կարող բավարարել անգամ իշխանության պահանջները, որովհետեւ դրանց ետեւից անթաքույց երեւում էին պոպուլիզմի երկար ականջները։ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում երկու հրատապ խնդիր ուներ. թույլ չտալ գործող միասնական ընդդիմության նոր հզորացում, երկրորդ՝ չնայած իշխանական կոալիցիայի առկայությանը, պայմաններ ստեղծել անկախ խաղացողի կարգավիճակ ստանալու եւ գործընկեր ուժերից կախվածությունը թոթափելու համար։ Առաջին խնդիրը լուծելու համար օգտագործվեց «Յոթի գործը»։ Նախ` այս գործի նախաքննությունը չափազանց երկարաձգվեց, ապա դատական քննության ժամանակ, նաեւ ամբաստանյալների անմիջական մասնակցությամբ, այն վերածվեց իսկական խեղկատակության, ֆարսի։ Իսկ վերջում արդեն, երբ այլեւս արտաքին ճնշումների մասին մտածելու խնդիր չկար, այն մասնատվեց՝ գործի քաղաքական ենթատեքստը վերացնելու եւ քրեականի վերածելու համար։ Իհարկե, այս տեսակետից իշխանության բոլոր սպասելիքները չէ, որ արդարացան. Երեւանի ավագանու ընտրություններին Տեր-Պետրոսյանի մասնակցությունը անակնկալ կերպով խառնեց բոլոր խաղաքարտերը, եւ Սերժ Սարգսյանի համար կրկին հրամայական է դարձել դիմակայել միասնական ընդդիմության պայքարին։ Այսինքն՝ «Յոթի գործն» իր ֆունկցիան կատարեց ընդամենը ժամանակավորապես։ Ինչ վերաբերում է սեփական քաղաքական ազդեցությունը մեծացնելուն եւ կոալիցիոն ուժերի կախվածությունից դուրս գալուն, ապա այս առումով Սերժ Սարգսյանի ձեռքբերումներն ավելի ակնհայտ են։ Նախ՝ նա իր ղեկավարած Հանրապետական կուսակցությունը վերջնականապես եւ, թերեւս, անվերադարձ դրեց սեփական գրպանում՝ թույլ չտալով կուսակցության ներսում որեւէ այլընտրանքային բեւեռի, այլախոհության դրսեւորման հնարավորություն։

Տիգրան Թորոսյանին Աժ նախագահի պաշտոնից հեռացնելը եւ Հովիկ Աբրահամյանին նրա փոխարեն «նշանակելը» հենց այդ խնդիրն էր լուծում։ ՀՀԿ-ն վերցնելուց հետո նա ձեռնամուխ եղավ սեփական քաղաքական թիմի ձեւավորմանը եւ այս խնդիրը լուծելու համար հենվեց երիտասարդական ՄԻԱԿ կուսակցության վրա։ Այս կուսակցության երիտասարդ լիդերներին ներգրավելով իր աշխատակազմում, պետական կառավարման օղակներում` նա բարձրացրեց ՄԻԱԿ-ի հեղինակությունը, քաղաքական ազդեցությունը եւ ներկայումս ակնհայտորեն նախապատրաստում է 2011 թ. խորհրդարանական ընտրություններին։

Իսկ մինչ այդ նա նաեւ փորձեց հնարավորինս ազատվել նախորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի ստվերային ազդեցությունից։ ԲՀԿ-ի վերջին համագումարի ընթացքում նրա ելույթը, այդ կուսակցության որդեգրած դիրքորոշումը եւ Քոչարյանի արձագանքը իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, ցույց տվեցին, որ գործող նախագահը հիանալի կերպով, գոնե տեսանելի ապագայի կտրվածքով լուծել է այդ խնդիրը։ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրություններից ընդամենը երկուսուկես ամիս առաջ Գագիկ Բեգլարյանին նշանակելով՝ նա կոալիցիոն ուժերին ապացուցեց, որ ամբողջությամբ տիրապետում է իրադրությանը եւ կախված չէ նրանց տրամադրություններից։

Սոցիալ-տնտեսական ոլորտ

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո պարզ դարձավ, որ հասարակական պասիվացման գործընթացը քաղաքական անհանդուրժողականությունը փոխակերպելու է սոցիալական ակնկալիքների։ Եվ նախագահն անմիջապես ձեռնամուխ եղավ այդ կարիքների գոնե արտաքուստ ճանաչմանը եւ բավարարմանը։ Կաշառակեության համար պետական կառավարման միջին օղակների չինովնիկների շարունակական ձերբակալությունները պետք է տպավորություն ստեղծեին, թե նոր իշխանությունն իրական պայքար է մղում կոռուպցիայի դեմ։ Մինչդեռ «մանրաձկների» մերկացման այ գործընթացն այդպես էլ չհանգեցրեց «շնաձկներ» բռնելուն, ինչը եւս ցույց տվեց, որ հակակոռուպցիոն պայքարը զուտ քարոզչական բնույթ է կրում։ Որ ընդամենը սոցիալական խնդիրների լուծման արտաքին ֆոն ապահովելու խնդիր էր դրված՝ ցույց տվեց նաեւ 2009 թ. պետական բյուջեի կազմումն ու ընդունումը։ Չնայած 2008-ի վերջին եռամսյակում արդեն զգալի էին բյուջեի մուտքերն ապահովելու հետ կապված դժվարությունները, 2009-ի բյուջեն ոչ միայն էականորեն ավելացվեց նախորդ տարվա համեմատ, այլեւ հստակ սոցիալական ուղղվածություն ստացավ՝ ավելացան աշխատավարձերը, կենսաթոշակները եւ այլն։ 2009 թ. հենց առաջին ամսվա ընթացքում արդեն ակնհայտ էր, որ ընդունված բյուջեն հնարավոր չի լինելու կատարել, եւ դեֆիցիտն ավելի մեծ է լինելու, քան պլանավորվել էր։ Եվ չնայած կառավարությունը հայտարարեց, որ սոցիալական բնույթի ծախսերը կատարվելու են անխափան, այն ներկայումս փոխհատուցվում է մնացած բոլոր ծախսերի հետաձգմամբ, չիրականացմամբ, որն իր ուղղակի ազդեցությունը կթողնի արդեն աշնանը` «ճտերը հաշվելու» ժամանակ։ Դրան զուգահեռ, 2008 թ. վերջից նաեւ ֆինանսական շուկայի կարգավորման ոլորտում Կենտրոնական բանկը սխալ մոտեցում որդեգրեց՝ կտրուկ գնաճ թույլ չտալու նպատակով գնալով ֆիքսված փոխարժեքի քաղաքականության։ Արդյունքում երկրի ֆինանսական պահուստները նվազեցին մոտավորապես 400 մլն դոլարի չափով։ Վերադառնալով լողացող փոխարժեքին՝ կառավարությունն, ի վերջո, ստիպված էր թե 25 տոկոսանոց գնաճը, թե դրամի կտրուկ արժեզրկումն ընդունել իբրեւ իրողություն՝ դրանցից բխող բոլոր տնտեսական-սոցիալական հետեւանքներով։ Այլ կերպ ասած՝ բյուջեի սոցիալական ուղղվածությունը ոչինչ չտվեց շահառուներին, հատկապես բնակչության սոցիալապես խոցելի շերտերին։ Միաժամանակ ուժեղացնելով հարկային վարչարարությունը՝ Կառավարությունը հարկման դաշտ բերեց ինքնագործունեությամբ զբաղվողներին, ՀԴՄ-ների կիրառումը վերցրեց ուժեղ հսկողության տակ, այսինքն` էականորեն ծանրացրեց միջին ու մանր տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռը, դրանով իսկ նպաստեց խոշոր ձեռնարկատերերի բիզնեսի ընդլայնմանը, վերջինիս կողմից փոքր ու միջին ձեռնարկությունների կլանմանը։ Դրա փոխարեն, անգամ տնտեսական նման ծանրագույն ճգնաժամի պայմաններում, պետությունն այդպես էլ չգնաց տնտեսական մենաշնորհների վերացման, շուկայի ազատականացման եւ մրցակցության ապահովման ճանապարհով։

Արտաքին ոլորտ

Երկրի արտաքին քաղաքականության ակտիվացումն ակնհայտ է։ Սերժ Սարգսյանը կատարեց իր խոստումը՝ իրականացնել ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն, որը ներկայումս նկատելի է հատկապես երկու ճակատներում` հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական։ ԼՂ կարգավորման պրահյան գործընթացը 2008-ի վերջին հանգեցրեց նախ մոսկովյան, ապա հելսինկյան հռչակագրերի ստորագրմանը, որոնցով արձանագրվեց, որ ԼՂ-ն բանակցային կողմ չէ, որ ազգային ինքնորոշման սկզբունքը կիրառելի է տարածաքային ամբողջականության սկզբունքի ներքո։ Սակայն հայկական նախաձեռնողականության արդյունքում ադրբեջանական կողմը շրջանառության մեջ դրեց ԼՂ հայկական եւ ադրբեջանական համայնքների համատեղ գոյակցության մասին ինչ-որ անհասկանալի թեզ, եւ այն, հայկական կողմի քար լռության պայմաններում, սկսեց համառորեն պաշտպանել ընթացող բանակցություններում։ Պաշտոնական Երեւանը երբեք ավելին չասաց, քան ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր հարգումը՝ առանց նշելու, թե արդյոք ընդունելի՞ է նաեւ Ադրբեջանի կազմում նման ինքնորոշումը։ Դրա փոխարեն անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիան ավելի, քան երբեւէ ներգրավվեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Թուրքիայի հովանու ներքո, Մինսկի խմբի համանախագահները մի քանի անգամ շեշտեցին Թուրքիայի կառուցողական դերն այդ հակամարտության կարգավորման գործընթացում։ Ըստ էության, տեղի ունեցավ իրարից բոլորովին տարբեր երկու գործընթացների՝ հայ-թուրքական մերձեցման եւ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման միաձուլում։ Եվ այդ նոր հիբրիդային գործընթացը սկսեց կրել տարածաշրջանային բովանդակություն։ Դրա հիմքը դրվեց 2008-ի օգոստոսին ռուս-վրացական հնգօրյա պատերազմից անմիջապես հետո, երբ փորձելով տարածաշրջանը կիսել Ռուսաստանի հետ՝ Անկարան վերջինիս օգնությամբ շրջանառության մեջ դրեց Հարավային Կովկասի անվտանգության եւ համագործակցության պլատֆորմ ստեղեծու գաղափարը եւ սկսեց այն կյանքի կոչել` ելնելով սեփական պետական շահերից։ Հայաստանն այս նոր գործընթացների մեջ ներգրավվեց տարերայնորեն` ստիպված լինելով համակերպվել միայն արձագանքողի կարգավիճակի հետ։ Ավելին, հենց Հայաստանի նման նախաձեռնողականությունը հիմքեր ստեղծեց Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ընդունման գործընթացը որոշակիորեն ետին պլան մղելու համար։ Ստամբուլում վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարզորոշ հասկացրեց, որ եթե Հայաստանն ու Թուրքիան սահմանների բացման եւ առկա մնացած հիմնահարցերը լուծելու համար իրական քաղաքական կամք դրսեւորեն, ապա հնարավոր է, որ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն չորակի, այսինքն` չկատարի իր նախընտրական խոստումը։ Այս գործընթացների միակ դրական արդյունքը կարելի է համարել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Դրա համար, ըստ էության, մնում է հաղթահարել միայն ադրբեջանական ուժեղ ճնշումն Անկարայի նկատմամբ, որից վերջինս ոչ մի կերպ չի կարողանում ազատվել։ Սակայն թե ի՞նչ գին է փոխհատուցվելու սահմանների բացման դիմաց Երեւանի կողմից, այսօր ոչ ոք ասել չի կարող։ Ինչեւէ, կարելի է ասել, որ հասարակական անորոշությունը թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական, եւ թե սոցիալ-տնտեսական ոլորտներում չի նվազել անցած նախագահական տարվա ընթացքում։ Առաջիկայում Երեւանի ավագանու գերքաղաքականացված ընտրություններն են, որից պատվով դուրս գալը նոր մարտահրավեր է գործող նախագահի համար։ Այն կամ ավելի խոցելի կդարձնի, կամ կամրապնդի Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ տարին պետք է կուտակված հարցերին պատասխանելու ժամանակաշրջան լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter