HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Իջեւանի քաղաքապետը կհարցաքննվի

Իջեւանի քաղաքապետարանի հայցի քննությունն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության արդեն շարունակվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` Ռուբեն Ափինյանի նախագահությամբ: Այսօրվա նիստում պատասխանող կողմի փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին:

Հայցվորի շահերի ներկայացուցիչ Գեւորգ Դավթյանն առարկեց այս միջնորդության դեմ` նշելով, որ ինքը ներկայացնում է քաղաքապետի կարծիքն ու դիրքորոշումը եւ դա լիովին բավարար է: «Արդեն երկար ժամանակ է` այս գործով քննություն է իրականացվում եւ նախորդ նիստերի ժամանակ պատասխանող կողմն այսպիսի միջնորդություններ անընդհատ ներկայացրել է, եւ դրանք մերժվել են,- ասաց Գ. Դավթյանը` հավելելով, որ եթե կլինեն հարցեր, որոնց ինքը չի կարող պատասխանել, այդ դեպքում դատարանը կորոշի քաղաքապետին հարցաքննելու հարցը,- Այսինքն` կողմը դեռ չգիտի, թե ինչ պատասխաններ է ստանալու, բայց նախապես միջնորդություններ է ներկայացնում»: «Բայց Դուք կարող եք ընդամենն արտահայտել քաղաքապետի դիրքորոշումը, իսկ նրա փոխարեն ցուցմունք տալ ուղղակի չեք կարող»,- նկատեց դատավոր Ափինյանը եւ «ճիշտ հետեւության հանգելու համար» որոշեց միջնորդությունը բավարարել: Իր հերթին քաղաքապետի շահերի ներկայացուցիչ Գեւորգ Դավթյանը միջնորդեց, որպեսզի գործում որպես պատասխանող հանդես եկող երրորդ անձ ներգրավվի նաեւ «Հետքի» Նոյեմբերյանի թղթակից Ոսկան Սարգսյանը: Վերջինիս հոդվածն էլ, ըստ հայցվորի, արատավորել է քաղաքապետի բարի համբավը: «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ներկայացրեց առարկություն, «քանի որ, ի վերջո, հրապարակված հոդվածի վերջնական պատասխանատուն ես եմ եւ կարիք չեմ տեսնում լրագրողին ճանաչել պատասխանող կողմ»: Դատարանն առարկությունը մերժեց: Ավելին` լրագրող Ոսկան Սարգսյանի հետ որպես պատասխանող գործում ներգրավվեց նաեւ «Ազգ» օրաթերթին, քանի որ Ո. Սարգսյանի հոդվածը հիշյալ թերթի ներդիրում արտատպվել էր: Հիշեցնենք, որ «Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին» հայցով Իջեւանի քաղաքապետարանը պահանջում է «պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը հերքելու Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող լուրերը եւ «Հետաքննող լրագրողներ»-ից բռնագանձել 930.000 դրամ` իբրեւ «զրպարտչական հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու համար փաստաբանական ծառայության մատուցման վճար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter