HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Իմ ողջ հիշողությունը ականջներումս է»,- ասում է Արամայիս պապը

«Ես ծնվել եմ այս գյուղում, հայրս էլ է այս գյուղում ծնվել, մայրս էլ, ուրիշ տեղ ծնված մարդ չունենք, մեր ողջ ազգը այս գյուղում է ծնվել»,- ասում է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում ապրող 76-ամյա Արամայիս Բադալյանը:

Արամայիս պապը պատմում է, որ մայրը 10 զավակ է ունեցել: Այսօր միայն չորսն են կենդանի. Արցախյան պատերազմից հետո 6 քույր-եղբայրները մահացել են:

Բադալյանների բազմանդամ ընտանիքը ծայրահեղ աղքատ է եղել. ամիսներով հացի երես չէին տեսնում: Սննդի պակասից երեխաների մոտ ի հայտ եկան առողջական խնդիրներ: Արամայիսի մոտ նկատվեց տեսողության կորուստ:

«Մինչև 17-18 տարեկանն ինձ թվում էր, թե բոլորն ինձ նման են տեսնում: Մի օր մայրս ուղարկեց անտառ` հորթը բերելու, մթնեց, չկարողացա հետ դառնալ»,- ասում է Արամայիս պապը` հավելելով, որ մանուկ ժամանակ «Կոմունիստ» թերթի խոշոր տառերն աղոտ տեսնում էր: Աղքատի երեխա էր` պատռված շորերով, դրա համար էլ միշտ վերջում էին նստեցնում: Չնայած Արամայիսը չէր տեսնում, բայց ուսուցիչներն ինչ ասում էին, իսկույն ընկալում և անգիր էր անում:

Երբ գիրք խնդրեց, ուսուցիչը հեգնանքով ասաց` միգուցե նաև ակնոցնե՞ր պատվիրենք: Արամայիսը վիրավորվեց ու թողեց դպրոցը` ավարտելով միայն 3-րդ դասարանը: «1955 թ. այլևս դպրոց չեմ հաճախել ու քանի որ մենք աղքատ էինք ապրում, ես գնացի Մռովի սար, որտեղ բարեկամներս խոզ էին պահում, որ հաճար ու ընկույզ հավաքեմ, ուտեմ, հաց չկար»,- ասում է նա:

1961 թ. փետրվարի 14-ին Արամայիսն ամուսնացավ: Կնոջ` Անահիտի հետ չորս երեխա է մեծացրել ու դաստիարակել: Հարցրի` հե՞շտ են աղջկա ծնողները համաձայնել, նա անթաքույց զարմանքով ասաց, թե ինչու պիտի մերժեին: Եվ շտապեց օրինակ բերել հարևան Հաթերք գյուղում իր ծանոթներից մեկին, ով նույնպես կույր է, բայց բարեհաջող ամուսնացել է: Արցախյան պատերազմից հետո մահացավ Արամայիս պապի կինը, երեխաներն էլ շուտով ամուսնացան ու տեղափոխվեցին շրջկենտրոն` Մարտակերտ: Այսօր նա գյուղում ապրում է կրտսեր աղջկա հետ:

Արամայիս պապն ասում է, որ ձայնով է կողմնորոշվում տեղանքում, առավոտ լինի, թե գիշեր` ինքը հանգիստ կգնա անտառ ու հետ կգա: «Բայց ոտքով պիտի գնամ, ոչ թե մեքենայով, չնայած մեքենայով էլ կարող եմ, միայն թե թափքում լինեմ: Ես չեմ տեսնում, ես խելքով եմ անում: Էշը կտանեմ կկապեմ անտառի մեջտեղում, ցախ կհավաքեմ, կբեռնեմ ու էշի պարանից բռնած կգամ տուն: Դեռ էշ նստած չկամ, որ բաց թողեցի, էլ չեմ կարողանա բռնել»,-ասում է Արամայիս պապը:

Գյուղում ամեն մի մարդու, կենդանու և առարկա նա ձայնով է տարբերում ու շտապում է ավելացնել, որ այդ տարիքի է հասել, բայց մինչ օրս ականջակալներով գլխարկ չի դրել: «Եթե ականջներս փակեմ, չեմ կարողանա անգամ մի քայլ անել: Ինձ թվում է` ես ականջներով եմ տեսնում, դրա համար ականջներս չեմ փակում, իմ ողջ հիշողությունը ականջներումս է: Միակ բանը, որ կարող է շեղել ինձ ու շփոթեցնել` նյարդային վիճակն է: Նման դեպքում ես  չեմ կարողանում կողմնորոշվել», -ասում է Արամայիս պապը:

Եթե եղանակը լավ է լինում, նա գնում է անտառ` ցախի, իսկ եթե ոչ, ապա դուրս է գալիս հարևանների հետ զրուցում, օրն անցկացնում: Նա վստահեցնում է, որ գյուղի ապրուստը լավ է, ով աշխատում է, նա էլ ուտում է:

«Մի րոպե չեմ կարող պարապ մնալ, հողն է պահում ու եռանդ տալիս: Երբ բանջարանոցում մի մարգ ես անում, ոգևորվում ես, ուզում ես երկրորդն ու երրորդն էլ անել: Կույր տեղովս մարգեր եմ անում, միայն տեսնես` ուղիղ-ուղիղ: Դժվարն առաջին մարգն է, այն էլ շոշափելով ուղիղ անում եմ, իսկ մնացածներն արդեն հեշտ է»,- ասում է Արամայիս պապն ու ձեռքով սեղանի վրա նույն շարժումներն անում, ասես բանջարանոցում մարգ է անում:

Դժվարանում է միայն ցանածը հողով ծածկելիս, իսկ ահա մոլախոտը շոշափելով իսկույն տարբերում է ու պոկում: Գիշեր, թե ցերեկ, մեծ հաշվով, Արամայիս պապի համար տարբերություն չկա: Գիշերն ընդամենը երկու ժամ է քնում: Շատ հաճախ բանջարանոցը գիշերներն է ջրում: Նա խոստովանում է, որ գիշերն աշխատելն ավելի լավ է, շուրջբոլորը քար լռություն է, և չկա ցերեկվա ականջ ծակող աղմուկը: Առավոտ չորսին նա արդեն արթուն է: Ասում է` աշխատելուց չի հոգնում, միայն ժամանակին սնվի:

Արամայիս պապն այս ամենը բացատրում է շատ պարզ բառերով. եթե տրակտորում վառելիք է լինում, աշխատում է, իր վառելիքն էլ սնունդն է: Այսքան տարի ամուսնացած էր, բայց երբեք չի սպասել, որ կինն իրեն հաց տա: Ինքն ամեն ինչի տեղը լավ գիտեր ու գլխի ճարն ինքն էր տեսնում: Արցախյան պատերազմի տարիներին Արամայիս պապը ֆիդայիների հետ գյուղում է մնացել: Նա խոստովանում է, որ երեք անգամ բռնել են ու Ստեփանակերտ ուղարկել, ինչպես հավի ճտին են բռնում դնում թառին: Այդպես էլ իրեն քանի անգամ ուղարկեցին, նորից հետ` գյուղ եկավ:

Տղաների հետ սնվում էր ու հետ գնում տուն` քնելու: Իսկ մահճակալին, որի վրա քնում էր, անգամ վերմակ չկար, ընդամենը երկու զինվորական տաբատ էր, ինչով էլ ջարդված պատուհաններով սենյակում Արամայիս պապը ծածկվում էր: Շատերն էին զարմանում ու հարցնում` արդյոք չի՞ վախենում, իսկ նա մի պատասխան ուներ միայն` բա մարդ իր հայրենի գյուղում կվախենա՞:

Մաղավուզը պարբերաբար ռմբակոծվում էր, իսկ Արմեն պապը նման դեպքերում մեջքով շրջվում էր դեպի կրակոցները` մտածելով, որ փաստաթղթեր չունի, միայն թե դեմքը չվնասվի, որ տուժելու դեպքում դեմքից ճանաչեն:

«Առողջական ոչ մի բողոք չունեմ, թերևս միակ խնդիրը թափված ատամներս են: Խոսելիս լեզուս նման է քամուց ծածանվող սպիտակեղենի: Միայն թե հիմա չեմ կարող գնալ շրջկենտրոն, քանի որ պետք է տաքսիով գնամ, գյուղը հանրային տրանսպորտ չունի: Բացի դրանից, ինչ-որ մեկը պիտի ինձ ուղեկցի»,- ասում է Արամայիս պապը` հավելելով, որ ներկա դրությամբ ոչ մի բանի կարիք չունի, միայն թե մի կտոր հաց լինի` ուտի, մեկ էլ մահճակալ` քնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter