HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ո՞րն է Թուրքիայի երրորդ նախապայմանը

«Թուրքիայի քաղաքական գործիչները, լրագրողները միշտ խոսում են երեք նախապայմանի մասին, որոնցից միայն երկուսի մասին են Հայաստանում խոսում, որոնք խաբուսիկ նախապայմաններ են»,- այսօր Հայելի ակումբում ասաց թուրքագետ Րաֆֆի Քուրթոշյանը: Նա նշեց, որ բացի Ղարաբաղի եւ Ցեղասպանության հարցերից, Թուրքիայի նախապայմանն է Հայաստանի կողմից 1921 թ. Կարսի պայմանագրի ստորագրումը. «Թուրքիայի մեծ շահը, որի մասին Հայաստանում չի խոսվում, ստորագրելն է Կարսի պայմանագիրը: Թուրքիան կարող է ասել` ես ոնց բացեմ սահմանը, եթե դու, չստորագրելով Կարսի պայմանագիրը, չես ճանաչում ինձ: Եթե ընդունենք, նշանակում է Արեւելյան Հայաստանի Կարսն ու Սուրմալուն կորցրինք արդեն, նույն ձեւով էլ Արեւմտյան Հայաստանը»: Րաֆֆի Քուրթուշյանը հիշեցրեց, որ Թուրքիան նույնը արեց Կիպրոսի հարցում. «Մենք չպետք է նստենք ու ասենք` նախապայմաններ չենք ուզում, դու պետք է իրենց նախապայմաններին այնպիսի հակակշիռ դնես, որ ինքը ասի` ես չեմ ուզում նախապայման»: Բանախոսն առաջարկում է որպես նախապայման Հայաստանը առաջ քաշի օրակարգից Ղարաբաղի հարցը հանելը, նաեւ. «Եթե իրենք Ցեղասպանության հարցն են դնում, մենք պետք է Էջմիածնի կալվածքների հարցը, Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող կալվածքների հարցը դնենք, ո՞ւր են դրանք: Իրենք ուզում են արխիվներ բացեն, մենք պիտի խնդրենք նաեւ բացել իրենց կադաստրի արխիվները, ո՞ւր են հայերի սեփականությունները»: Թուրքագետը խորհուրդ տվեց, եթե Կարսի պայմանագիր են նախապայման դնում, մենք էլ «առաջ քաշենք մեր ստորագրած Սեւրի, Լոզանի պայմանագրերը, իրենք պատմաբանների հանձնաժողով են ուզում, մենք էլ էս հանձնաժողովն ենք ուզում, դնենք, քննարկենք եւ մի ընդհանուր հայտարարի գանք»: Ըստ բանախոսի` Թուրքիան ուզում է, որ մենք ոչ ասելով «մատի փաթաթան դառնանք». «Եթե Կարսի պայմանագիրը ստորագրես, մյուս երկու նախապայմանները Թուրքիան մեզ պարտադրելու է իր ուզած ձեւով: Վերջ»: Րաֆֆի Քուրթոշյանի համար անհասկանալի է, թե ինչ է շահելու Հայաստանը սահմանը բացելով. «Նավահանգի՞ստ ենք շահում Սեւ ծովի վրա: Ունենք Վրաստանից նույն ցամաքային ճանապարհը` Սեւ ծովից մինչեւ Հայաստան, Միջերկրական ծովի վրա՞ եք ուզում նավահանգիստ` նույնը Պարսից ծովի նավահանգիստները կան, հողային ճանապարհը նույնն է, իսկ Թուրքիայում վառելիքը երեք անգամ թանկ է, այսինքն` մենք տնտեսապես էլ շահող չենք»: Բանախոսը համոզված է, որ սահմանը բացելով` Հայաստանը Թուրքիային տալիս է 3 մլն բնակչությանը մատակարարելու հնարավորություն. «Մենք միայն մի բան կշահենք` էժան թուրքական ապրանք, ուրիշ ոչ մի բան, դրսից եկած, օրինակ` Ուկրաինայից եկածն էլ այստեղ չի գալու, որովհետեւ թուրքն այստեղ է եւ ավելի էժան: Հանձնված վերջացած ենք»: Ճիշտ մարտավարությունը, ըստ բանախոսի, թույլ կտա հաղթողի դիրքով դուրս գալ իրավիճակից. «Այսօր Հայաստանում մտածում են ոչ թե ազգային շահերի մասին, մտածում են տնտեսական շահերի մասին, իբր մենք վաճառական ազգ ենք, իսկ Թուրքիայում մտածում են ազգային շահերի մասին: Մենք պետք է նույն ձեւով պայքարենք, քանի որ ազգային շահերը պաշտպանողն է հաղթողը»: Բանախոսը կանխատեսեց, որ եթե այսօր ստորագրենք Կարսի պայմանագիրը, վաղը սահմանը բաց կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter