HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մարզկենտրոնի մշակույթը իմ մշակույթը չէ

Հայաստանի Ազգային գրադարանը ապրիլի 13-20-ը հանրապետությունում հայտարարել է Ազգային գրադարանային շաբաթ: «Խոնարհվիր գրքին, որպեսզի բարձրանաս նրանով» կարգախոսով մեկնարկած շաբաթը, Ազգային գրադարանի տարածած հայտարարության համաձայն, նպատակ ունի վերաիմաստավորել գրքի, գիտելիքի, գրադարանի դերը, պետական այրերի ուշադրությունը հրավիրել գրադարանային խնդիրներին:

«Շաբաթը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը` կրելով համահայկական բնույթ»,- նախաձեռնողների տարածած հայտարարությունը ընթերցողներին է փոխանցում Կոտայքի մարզպետարանի կայքէջը: Որքանո՞վ են մասնակից դառնում նման միջոցառումներին գյուղական գրադարանները, եւ տեղյա՞կ են նրանք համահայկական համարվող իրողություններին:

Կոտայքի մարզի Արամուս գյուղը մայրաքաղաքին ամենամոտ գյուղերից մեկն է, եւ գյուղի գրադարանի տնօրեն Սաթենիկ Ղազարյանն անտեղյակ էր համահայկական գրադարանային շաբաթից:

Ս. Ղազարյանը բացատրում է, որ երբ գրադարանն Աբովյանի գրադարանների կենտրոնացված համակարգի (ԳԿՀ) մասնաճյուղն էր, այնտեղից ցուցումներ էին ստանում միջոցառումներ կազմակերպելու մասին, ստանում էին նոր տպագրված գրականությունը եւ այլն: Արդեն 15 տարի, այսինքն` երբ 1993 թ. տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորումից հետո գյուղական գրադարաններն անցան համայնքային ենթակայության, այլեւս չհամալրվեցին նոր գրականությամբ, իրենք էլ անտեղյակ են գրադարանային համակարգի անցուդարձին: Անկախացման դժվարին տարիները խզեցին նաեւ գրադարան-ընթերցող կապը, որի հետեւանքով ընթերցողների մոտ մնաց նաեւ բավականին մեծ թվով գրականություն:

Տկն Սաթենիկը հիմա փորձում է համալրել գրադարանը` հավաքում է ընթերցողների մոտ երկու տասնամյակ առաջ մնացած գրականությունը: Վերջերս 190 կտոր օգտագործված գրականություն համայնքապետարանն է տվել: Այստեղ հաճելի հուշ է դարձել Չարենցի հոբելյաններից մեկի առիթով բանաստեղծի դստեր` Արփենիկ Չարենցի հետ կազմակերպված հանդիպումը: Միջոցառման տարեթիվը չհիշեցին, պահպանվել են միայն հաճելի հիշողությունները:

Գյուղական գրադարանները հիմնականում տեղակայված են մշակույթի տան մի հատվածում, իսկ մշակույթի տներն ամենաքայքայված շինություններն են գյուղերում, թեեւ առաջնային վերականգնման ենթակա շինությունների ցանկում չեն: ՏԻՄ ենթակայությանն անցնելուց հետո գրադարանների պահպանությունը, համալրումը եւ աշխատողների վարձատրությունը պետք է լուծի գյուղի համայնքապետարանը: Այդ օրից շատ գյուղերում վերացվեցին գրադարանները, տարածքները ծառայեցվեցին այլ նպատակների: Արամուսի պարագայում գրադարանի տնօրեն Սաթենիկ Ղազարյանին լավատեսության է տրամադրում այն, որ համայնքապետարանը նորացրել է գրադարանի պատուհանները:

Համայնքապետ Հրայր Նիկողոսյանը խոստանում է նույն մշակույթի տան առաջին հարկում կառուցվող մանկապարտեզի բարեկարգումն ավարտելուց հետո, հաջորդ տարի ձեռնամուխ լինել գրադարանի վերանորոգմանը: Գյուղական գրադարանների ողջ գրքային ֆոնդն ամփոփված է մի սենյակում, եւ փոշոտ, խունացած, մաշված գրքերը ձեռքն առնելու ցանկություն չեն առաջացնում:

Պատերին դեռեւս փակցված են երկու տասնամյակի վաղեմություն ունեցող խունացած պաստառներն ու կարգախոսները: Այդ կարգախոսները որքան էլ արդիական լինեն, այնուամենայնիվ, այսօրվա ընթերցողին ոչինչ չեն ասում: Ոչ միայն այն պատճառով, որ դրանց հեղինակներն անծանոթ են, այլեւ գաղափարախոսության բացակայության պատճառով դրանք ժամանակավրեպ են դարձել, ինչպես, օրինակ, Արամուս գյուղի գրադարանի պատին պահպանված մեջբերումը ավստրիացի գրող Ստեգան Ցվայգից` «Գիրքը ամեն մի գիտելիքի սկիզբն ու վերջն է, յուրաքանչյուր գիտության սկզբնաղբյուրը»:

Գրադարանավարին տնից պետք է կանչել

«Շենքում լույս չկա, այս ցրտին ո՞նց նստենք գրադարանում: Ընթերցողները գալուց առաջ զանգում են` գալիս ենք իրենց սպասարկում»,- տեղ հասնելով` ասում է Գեղաշեն գյուղի գրադարանի տնօրեն Լաուրա Գալստյանը: Աշխատանքային ժամին գյուղի մշակույթի տան դռները փակ տեսնելով` հարեւանությամբ ապրողներին խնդրեցի գտնել գրադարանավարին:

Մինչեւ նրա գալը, բավականին ժամանակ ունեի` տնտղելու շենքի շրջակայքը, որի արտաքին տեսքն ու կոտրտված դռների արանքից աստճաններին թափվող ձյան հալոցքից առաջացած սառցաշերտը խոսում էր այն մասին, որ շինությունը չի օգտագործվում:

Պատկերացնում էի նաեւ գրադարանի վիճակը, սակայն տնօրենի բացատրությունը վեր էր բոլոր սպասումներից: Գրադարանը 7-8 տարի առաջ է տեղափոխվել այդ շինությունը, որը եղել է Գեղաշենի մշակույթի տունը: Կիսափլուզված շենքում այսօր տեղակայված են գրադարանը եւ մարզախմբակը:

Գրադարանավարներ Լաուրա Գալստյանի եւ Գոհար Մանուկյանի ասելով` շենքի հոսանքն անջատել են պարտքերի պատճառով եւ, բնականաբար, անլույս, թափվող ծեփի, փոշու, բոլոր տեղերից փչող սառը հոսանքի պայմաններում չես կարող աշխատանքային մթնոլորտ ապահովել եւ ընթերցող գրավել: Ինչպես Արամուսում, այստեղ նույնպես գրադարանային ֆոնդը 1993 թ.-ից չի համալրվել գրքերով:

Չնայած դրան, գրադարանավարները հավաստիացրին, որ իրենք ընթերցող ունեն` դպրոցականները, որոնց ուսուցիչները պարտավորեցնում են հայ դասականների ստեղծագործությունները կարդալ, եւ ուսանողները: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե մասնագիտական ինչ գրականություն կարող են տալ գյուղական գրադարանները ուսանողներին, որոնք 15-17 տարի չեն համալրվել նոր գրականությամբ: Պարզվեց, որ կարողանում են որոշ չափով օգտակար լինել բանասիրություն ու պատմություն ուսանողներին: Գրադարանավարուհիներն իրենց ունեցած 14 հազար կտոր գրականության մեջ ամենաարժեքավորը բառարաններն են համարում, որն արդեն խուսափում են ընթերցողներին տալ, չնայած գրադարանում էլ դրանցից օգտվելու պայմաններ չկան:

Նրանք չհիշեցին, թե իրենց վերջին միջոցառումն ում կամ ինչին էր նվիրված, բայց վստահեցնում էին, որ այն ժամանակ հետաքրքիր էր աշխատելը: Աբովյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգից (մշակույթի տուն կոչվող շինության պատին մինչ օրս այդ ցուցանակը պահպանվում է) ոչ միայն գրականությունն էին ստանում, այլեւ ցուցումներ իրենց աշխատանքի վերաբերյալ:

«Ամեն ամիս աշխատանքային պլան էինք ներկայացնում, որի կատարումը վերահսկվում էր: Նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, գրքի տեսություն, ընթերցանություն էինք կազմակերպում, հեղինակներին էինք ներկայացնում եւ այլն: Աշխատանքները կազմակերպելուն օժանդակում էր ԳԿՀ-ն, որի մեթոդիստի խորհուրդները եւ նկարիչ-ձեւավորողի պատրաստած ստենդներն ու պաստառները ուղեցույց էին դառնում ընթերցողների համար, նրանց կապում գրքի ու գրականության հետ: Ստենդները պատրաստվում էին գրողների հոբելյանների, հայտնի ստեղծագործությունների նշանակալից տարեթվերը նշելու առիթով եւ այլն»,- պատմեց Գեղաշենի գրադարանի տնօրեն Լ. Գալստյանը, ով 32 տարի աշխատում է գրադարանում: ԳԿՀ-ից «անկախանալուց» հետո գրադարանում պահպանվել են պլանավորված միջոցառումների շրջանակում պատրաստված վերջին ստենդները` «Մեր անվանի ֆիդայիները», «Արցախ` իմ ցավ, իմ հոգի» խորագրերով: «Հիմա մի հեռախոս չկա անգամ, որ գիրքն ուշացնողներին զանգահարես զգուշացնես»,- աշխատանքային չեղած պայմաններին եւս մեկն է ավելացնում տնօրենը:

Համեցեք մեր միջոցառմանը

Նոր Գեղիի գրադարանը վերջերս է տեղափոխվել գյուղի նորակառույց մշակույթի տուն եւ, չնայած օրվա կեսն է, սակայն գրադարանի դուռը փակ է: Համայնքապետի տեղակալը, տեղեկանալով գրադարանը տեսնելու մեր ցանկության մասին, շտապեց գրադարանավարուհու հետեւից, եւ մի քանի րոպեից գրադարանի միակ աշխատակցուհին` Ժաննա Մարգարյանը, բացում է դռները:

Գրադարանի 12 հազար կտոր գրականությունը լիովին չի դասավորվել դարակներում, դեռեւս գետնին շարված գրքեր կան: Գրադարանավարուհին ցուցադրում է գյուղի հարստությունը, որն այդ ընդարձակ շինության մեկ սենյակում է տեղավորվել: Ժաննա Մարգարյանն իր կյանքի 29 տարիներն անցկացրել է գրքերի ընկերակցությամբ եւ փայլող աչքերով է պատմում իր կազմակերպած միջոցառումների մասին` գրական ցերեկույթներ, մանկական գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ մանկագիրների հետ, հոբելյաններ եւ այլն:

«Երեխան պետք է ճանաչի այն գրողին, որի ստեղծագործությունը կարդում է, որպեզի նրա մեջ սեր արթնանա գրքի ու գրականության հանդեպ»,- բացատրում է նա` ի պատասխան իմ այն հարցի, թե ինչ նպատակով էին կազմակերպում միջոցառումները: Ի հավաստում իր ասածի` նա թերթում է հուշերի ալբոմը, որտեղ գրողների դիմանկարներով հրավիրատոմսերն են, ցերեկույթների մասին վավերագրեր, լուսանկարներ միջոցառումներից եւ այդ ամենի մասին պատմող տկն Ժաննայի հրապարակումները մարզային «Նաիրի» թերթում:

Գրադարանի տնօրենը պատմեց, որ լավ տարիներին Գրողների միության հետ պայմանագիր էր կնքում եւ գրողների գործուղումների հարցը կարգավորելով` նրանց հրավիրում էր հանդիպումների գյուղի բնակիչների` գրադարանի աբոնենտների հետ: ԳԿՀ-ն ամեն ամիս սեմինարներ էր կազմակերպում գրադարանավարների համար եւ ծանոթացնում, թե տվյալ ամսում որ հոբելյանները եւ որ միջոցառումներն են առաջնային:

Նոր Գեղիի գրադարանավարուհին Կոտայքի մարզ այցելածս գյուղերի գրադարանավարներից միակն էր, որ այդ ամենի մասին չէր խոսում իբրեւ անցյալի հուշի: Առժամանակ ընդհատված աշխուժությունը, նրա ասելով, վերջին երկու տարիներին, համայնքապետի շնորհիվ, կարողացել են վերականգնել: Համայնքապետարանը գումար է հատկացրել գրադարանային ֆոնդը համալրելու նպատակով, եւ ինքը պայմանագիր է կնքել հրատարակչությունների հետ ու ձեռք բերել 300 նոր հրատարակված գիրք:

Նոր լույս տեսած պատկերազարդ հեքիաթներից, մանկական գրականությունից, գրադարանավարուհու ասելով, առավելապես օգտվում են գյուղի մանկական քոլեջի ուսուցիչները` երեխաների համար ընթերցելու, հանդեսներ կազմակերպելու համար: Ժաննա Մարգարյանը նշում է, որ չնայած ներկայումս հեռուստատեսությունը, համակարգիչները, տեսագրությունները կլանում են երեխաներին, այնուամենայնիվ, լավ ուսուցիչների շնոհիվ հաջողվում է գիրքը նույնպես երեխաների ուշադրության կենտրոնում պահել:

Բացի այդ, բնակչությունը գրականության, մշակույթի նշանավոր անձանց հետ հանդիպելու, ցերեկույթներ, հոբելյաններ նշելու մեծ ցանկություն ունի: Տկն Ժաննան հավաստիացնում է, որ նոր Գեղիի համայնքապետը գյուղի հոգեւոր կյանքն աշխուժացնելու համար միջոցներ տրամադրում է, եւ գրքերի դասակարգումն ավարտելուց հետո ինքը կկենդանացնի վաղեմի ավանդույթները` այս անգամ արդեն սեփական ընտրությամբ կազմելով իր մշակութային ծրագիրը:

Հայտնեց, որ հարցումներ է արել բնակչության շրջանում` պարզելու համար, թե ում հետ կուզեին հանդիպել եւ արդեն որոշ ծրագրեր կազմել է: Առաջիկայում կնախաձեռնի միջոցառումներ, հատկապես երբ նորակառույց մշակույթի տան ընդարձակ դահլիճն այդ հնարավորությունը տալիս է: Հանրապետական գրադարանային շաբաթի կարգախոսին Կոտայքի մարզի նշված երեք մեծ գյուղերի գրադարաններում անտեղյակ էին, իրենք կապ չունեն մարզի, առավել եւս հանրապետական մշակույթի հետ:

Մշակույթի նախարարությունում կամ Ազգային գրադարանում ծնված մտահղացումները, լավագույն դեպքում, փոխանցվում են մարզպետարանի աշխատակազմին կամ մարզային գրադարանին: Ինչպես մեզ տեղեկացրեց Կոտայքի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Արա Սիմոնյանը, իրենց պարտականությունների մեջ է մտնում նաեւ գյուղական գրադարանների աշխատանքի մեթոդական համակարգումը, սակայն մեկ աշխատակից ունենալով` կարողանում են աշխատել միայն մարզի քաղաքային գրադարանների հետ:

Համապետական միջոցառումների մասին համայնքային գրադարաններին գրավոր իրազեկելը, իհարկե, մեծ աշխատուժ չի պահանջում: Պարզապես մշակույթի մարզային պատասխանատուների մտքով չի անցնում, որ համայնքային մշակույթը կարելի է մարզային մշակույթի մի մասը դարձնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter