HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Որքան արժե ադրբեջանական գազը. գործարք, որ ձեռնտու չէ ոչ մեկին

Երեւանում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը որեւէ դրական տեղաշարժ հայ-թուրքական հարաբերություններում չարձանագրեց:

Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը, ճիշտ է, ի վերջո եկավ Հայաստան, սակայն որեւէ համաձայնագիր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չստորագրվեց: Այն, որ նման մտադրություն կողմերը ներկայումս չունեն, հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ:

«Բանակցությունները շարունակվում են, մենք առաջընթաց ենք արձանագրել եւ գտնում ենք, որ մենք կարող ենք իսկապես շատ մոտ լինել եւ լուծել այդ հարցերը մոտ ապագայում»,- հայտարարեց նա:

Մայնդորֆ-2

ՍԾՏՀ գագաթնաժողովը, փաստորեն, հարաբերական դադար ազդարարեց արեւմտյան ճակատում ընթացող գործընթացներում: Փոխարենը իրադարձությունները մեծ թափով սկսեցին զարգանալ արեւելյան ճակատում: Ղարաբաղյան թեման գերակշռեց ապրիլի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Մոսկվա կատարած պաշտոնական այցի ողջ ընթացքում` ստվերում թողնելով նույնիսկ ռուս-ադրբեջանական հասունացող գազային համագործակցությունը:

Տարածաշրջանային իրադարձություններին որոշ ժամանակ լռությամբ հետեւելուց եւ հայ-թուրքական ճակատում նախաձեռնությունը Վաշինգտոնին զիջելուց հետո Մոսկվան այսօր հաստատում է տարածաշրջանային գործընթացներում իր ակտիվ դերակատարությունը` նոր նախաձեռնություններով հանդես գալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ըստ այդմ` Ռուսաստանը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել հունիս ամսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում: Ավելին, Մոսկվայում նույնիսկ հույս ունեն հասնել կողմերի միջեւ «համաձայնության», ինչպես դա տեղի ունեցավ նախորդ տարվա աշնանը, երբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ավարտին ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը:

Մինչ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպմանը մասնակցելու հայկական կողմի համաձայնությունն էր ստանում Երեւանում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, նմանատիպ պայմանավորվածություն էր ձեռք բերվում Մոսկվայում Ի. Ալիեւի եւ Դ. Մեդվեդեւի միջեւ:

«Ռուսաստանը պատրաստ է իր մանդատի իրագործմանը,- հայտարարեց Դ. Մեդվեդեւը Մոսկվայում Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսին:- Մենք միշտ աշխատել ենք նպաստել այս գործընթացին, եւ եթե նմանատիպ շփումները շարունակվեն, իսկ այլընտրանք գոյություն չունի, ես համոզված եմ, որ այս խնդիրը հնարավոր կլինի լուծել, ընդ որում` երկու ժողովուրդների շահերից ելնելով»:

Իր ավելի ակտիվ միջնորդության հարցում կողմերի համաձայնությունը ստանալու, ինչպես նաեւ կողմերի հանդեպ իր հավասարակշռված մոտեցումը ցուցադրելու նպատակով Մոսկվան երկու կողմերին էլ հետաքրքիր առաջարկներ ունի:

Մասնավորապես Ռուսաստանը Երեւանին եւ Բաքվին առաջարկում է երկուսի համար էլ երկար սպասված գործարքներ. Երեւանին` ֆինանսական աջակցություն, Բաքվին` զենքի վաճառք:

Հայաստանի` նախապես խնդրած 2 մլրդ դոլարի վարկի փոխարեն Մոսկվան պատրաստ է տալ 500 մլն-ը միայն, սակայն ինչպես ռուսական КоммерсантЪ-ին ասել է ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ նաեւ օգտվելու ԵվրԱզԷՍ կազմակերպության շրջանականերում կազմված հակաճգնաժամային ֆոնդից (այն կազմում է 10 մլրդ դոլար)` կազմակերպությանը միանալու պայմանով (ներկայումս Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ունի դիտորդի կարգավիճակ):

Իսկ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը կընդգրկի հակատանկային եւ զենիթ-հրթիռային համակարգերի, տանկերի եւ հրետանային զենքի վաճառք: Միաժամանակ Մոսկվան Բաքվին հորդորում է զերծ մնալ Վրաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից:

Այս ամենի դիմաց Մոսկվան պայմանավորվածություն է ստանում ադրբեջանական գազը գնել միջազգային գներով` այդպիսով խոչընդոտելով հայտնի ՆԱԲՈՒԿՈ ծրագրի իրագործմանը: Վերջինս պետք է ադրբեջանական գազը հասցներ Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը եւ նպաստեր Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ անկախությանը: Գազային գործարքում, սակայն, Ադրբեջանին ամենաշատը հետաքրքրում է այն աջակցությունը, որ գազի դիմաց Մոսկվան կարող է տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Առանձին գործընթացներ

Այսպիսով, պարզ է դառնում, որ զարգացումները հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ թեւակոխում են նոր փուլ, որտեղ առաջինի դեպքում որպես միջնորդ հանդես է գալիս Վաշինգտոնը, երկրորդի դեպքում` Մոսկվան:

Եվ թեեւ այս զարգացումները սկզբունքորեն կարող են նպաստել երկու խնդիրների կարգավորմանը` դրանով լուծելով նաեւ դրանց փոխկապակցվածության հարցը, այնուամենայնիվ, հաշվի առնելով Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ առկա մրցակցությունը, այս միջնորդությունները եւս դառնում են մրցակիցներ:

Սակայն ավելի լավ հասկանալու համար այն հարաբերակցությունը, որ այսուհետ կունենան հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որոշ եզրակացություններ կարելի է անել Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հայտարարություններից, որ նա արել է թուրքական լրատվամիջոցների հետ իր զրույցում:

«Որպես Թուրքիա` մենք ուզում ենք կարգավորում, որտեղ բոլորը հաղթող են: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը հաղթեն: Մենք չենք ասում` եկեք սկզբում լուծենք մի խնդիրը, իսկ մյուսը լուծենք ավելի ուշ: Մենք ցանկանում ենք, որ նմանատիպ գործընթաց սկսվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Մենք ուշադրությամբ հետեւում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններին»,- նշել է Բաբաջանը: Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, իհարկե, հայտնի է բոլորին:

Սակայն Բաբաջանի այս հայտարարությունից երեւում է, որ Անկարայի համար տվյալ պահին առնվազն անցանկալի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել Ղարաբաղյան հիմնահարցի հետ:

Փոխարենը Թուրքիան դեմ չի լինի, եթե միաժամանակ ակտիվանան նաեւ հայ-ադրբեջանական շփումները հակամարտության կարգավորման ուղղությամբ: Իսկ սա նշանակում է, որ կարճաժամկետ հեռանկարում ամենեւին էլ անհրաժեշտ չէ շոշափելի առաջընթաց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ապահովելու համար:

Առաջին անգամ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ երկու խնդիրները խարսխված լինեն իրար միմիայն ձեւականորեն: Սկզբունքորեն Ադրբեջանի նախապայմանները նույնքան գլխացավանք են պատճառում Թուրքիային, որքան Հայաստանին:

Հայ-թուրքական կարգավորման համար Անկարան ունի իր սեփական նախապայմանները, որոնք առանց այն էլ բարդացնում են այդ գործընթացը: Ուստի ներկայումս ցանկացած նախաձեռնություն կամ գործընթաց, որն ուղղված կլինի Ղարաբաղյան հակամարտութայն կարգավորմանը, անկախ դրա արդյունքներից, ձեռնտու կլինի Թուրքիային: Դա հնարավորություն կտա շեղել Ադրբեջանի ուշադրությունը եւ շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

Չպետք է նաեւ մոռանալ, որ Մոսկվայի հետ գնալով գազային գործարքի` Բաքուն հարվածում է ՆԱԲՈՒԿՈ նախագծի իրագործմանը: Իսկ դրա իրագործումը մինչ այժմ ձգձգվել է հիմնականում թուրք-ադրբեջանական հակասության պատճառով, քանի որ Թուրքիան ցանկանում է ադրբեջանական գազը գնել սահմանին եւ իր սահմանած գնով վաճառել Եվրոպային:

Ռիսկային գործարք

Ռուս-ադրբեջանական համաձայնությունը իրականում խիստ ռիսկային գործարք է եւ սկզբունքորեն հակասում է բոլորի շահերին: Թեեւ Բաքուն այս քայլին գնացել է` հույս ունենալով ստանալ Մոսկվայի աջակցությունը Ղարաբաղյան կարգավորման գործում, այնուամենայնիվ, Ադրբեջանում եւս չեն շտապում իրենց համար դրական եզրակացություններ անել:

Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսի կարծիքով` թեեւ Մոսկվան Հայաստանի վրա ազդելու լծակներ ունի, այնուամենայնիվ, դրանք այնքան գործուն չեն, ինչպես պատկերացնում են Ադրբեջանում:

«Հայաստանն ակնհայտորեն Ռուսաստանի Սմոլենսկյան շրջանը չէ, այն ունի իր շահերը: Եվ նրա բանակցությունները Թուրքիայի հետ ցույց տվեցին, որ այն դեպքում, երբ նրա շահերը հակասության մեջ լինեն Մոսկվայի շահերի հետ, նա դեմ չի լինի երես թեքել նրանից (Մոսկվայից-հեղ.): Այնպես որ, այստեղ ամեն ինչ այդքան հեշտ չէ»:

Ռուսաստանի քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Միխեեւը համոզված է, որ ադրբեջանցիները կսկսեն տնտեսական գործարքը կապել Լեռնային Ղարաբաղի քաղաքական խնդրի հետ: «Սակայն այստեղ լուրջ բարդություն կա, քանի որ Ռուսաստանի համար իրականում շատ դժվար է գրչի մի շարժումով կամ Երեւան կամ Լեռնային Ղարաբաղ մի զանգով լուծել Ղարաբաղյան խնդիրը: Մենք կարող ենք միայն հայտարարել մեր ձգտման մասին»,- գրում է Սերգեյ Միխեեւը:

«Վերջերս հայտարարվեց, որ մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց դրանից հետո ի՞նչ, այնքան էլ հասկանալի չէ: ... Ադրբեջանը Ռուսաստանին դրել է երկընտրանքի առջեւ. կամ Ղարաբաղը, կամ գազը: Այդ իսկ պատճառով գազային գործարքը կարող է բարդանալ քաղաքական հարցերի հետ հանգուցվելով»,- եզրափակում է Ռուսաստանի քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Միխեեւը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter