HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

«Ճանապարհային քարտեզ». պատուհան դեպի Կովկա՞ս

Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» ի հայտ գալը անսպասելի իրադարձություն էր բոլորի համար: Չնայած նրան, որ դրա բովանդակության մասին պաշտոնապես ոչինչ դեռ հայտնի չէ, համաշխարհային լրատվամիջոցները այն հասցրեցին անվանել «պատմական իրադարձություն», Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը շտապեցին ողջունել այն, մինչդեռ Հայաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում այն առաջ բերեց խիստ մտահոգություն եւ կասկածներ:

Հայաստանում նման մտահոգության հիմնական պատճառը փաստաթղթի հրապարակման ժամկետն էր. ինչո՞ւ այն հրապարակվեց ապիլի 24-ի նախօրեին, երբ բոլորն ակնկալում էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «Ցեղասպանություն» բառի արտասանումը` հնչում է հիմնական մեղադրանքը: Այս կասկածներին գումարվում է նաեւ թուրքական մամուլում տեղ գտած ինֆորմացիոն արտահոսքը «ճանապարհային քարտեզի» բովանդակության վերաբերյալ, որտեղ նշվում են նաեւ Հայաստանի համար անընդունելի դրույթներ` Կարսի պայմանագրի ճանաչման եւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին: Թուրքիայում «գործողությունների ծրագիրը» քննադատության ենթարկվեց հիմնականում ընդդիմադիր ազգայնականների կողմից, որոնք, ինչպես հայտնի է, դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հիմնահարցը` եղբայրական Ադրբեջանին ձեռնտու պայմաններով: Նույն պատճառով «քարտեզն» իրարանցում առաջացրեց նաեւ Ադրբեջանում, չնայած այն հավաստիացումներին, որ գործընթացը կընթանա Ղարաբաղյան կարգավորմանը զուգընթաց:

«Հայ-թուրքական սահմանի բացումը չի կարող տեղի ունենալ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի: Սահմանի բացումը կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանում եւ հակասում է Ադրբեջանի շահերին»,- իր երկրի տեսակետը եւս մեկ անգամ հնչեցրեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովը: Մինչ Հայաստանում եւ հարեւան հանրապետություններում անհանգստացած են «ճանապարհային քարտեզի» բովանդակությամբ, խնդրի վերաբերյալ աստիճանաբար իրենց դիրքորոշումն են բացահայտում նաեւ Ռուսաստանում: Ճիշտ է, այնտեղ մտահոգված են ոչ թե նրանով, թե ինչ է իր մեջ ընդգրկում հայտնի փաստաթուղթը, այլ նրանով, թե ինչ դեր կունենա Մոսկվան Հարավային Կովկասում հայ-թուրքական հնարավոր հաշտեցումից եւ սահմանի բացումից հետո: Պաշտոնական Մոսկվան դեռեւս խուսափում է կոնկրետ գնահատականներից: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած պաշտոնական այցելության ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները, որոշ տեղեկությունների համաձայն, ընդհանրապես չեն անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների խնդրին:

Փոխարենը հանդիպման կենտրոնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղը եւ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվելիք 500 մլն դոլարի վարկը: Ինչպես հայտնի է, Մոսկվայում մտադիր են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում կազմակերպել հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում: Այս նախաձեռնությունը Մոսկվան մտադիր է օգտագործել Ղարաբաղյան կարգավորման գործում իր մենաշնորհային միջնորդությունը հաստատելու եւ հայ-թուրքական հաշտեցման գործում Վաշինգտոնի ակտիվությանը հակակշռելու համար: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արձագանքը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ եւս զուսպ էր. «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որ տանում է հարաբերությունների նորմալացման: Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ գործն է»,- հայտարարեց նա: Մինչ պաշտոնական Մոսկվան զերծ է մնում ուղղակի գնահատականներից, հարցի շուրջ իրենց մտահոգությունն են արտահայտում ռուս քաղաքագետներն ու ռուսական մամուլը: «Երեւանն ու Անկարան հաշտվում են Ռուսաստանի հաշվին»,- գրում է ռուսական գգգգգգգգգգգ-ը:

«Եթե հայ-թուրքական սահմանի բացման որոշումը տեսանելի ապագայում կայանա, դա, փաստորեն, կնշանակի Հայաստանի դուրսբերումը մեկուսացումից, որի մեջ նա գտնվում է 1993 թ.-ից: գ Այդ դեպքում Հայաստանն արդեն ծանրակշիռ պատճառներ չի ունենա իր արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվել բացառապես դեպի Ռուսաստանը»,- եզրակացնում է թերթը: ՌԴ խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սեմյոն Բաղդասարովի կարծիքով` հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» կնքահայրերը գտնվում են ոչ Անկարայում, ոչ էլ Երեւանում, այլ Վաշինգտոնում:

«Դա Պետդեպարտամենտի եւ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի գաղափարն է, որը կցանկանար Թուրքիային տեսնել որպես ԱՄՆ քաղաքականության տարածող իսլամական աշխարհում, ինչպես նաեւ դուրս մղել Ռուսաստանին Կովկասից եւ Անդրկովկասից »,- հայտնել է նա ռուսական ռադիոկայաններից մեկին տված իր հարցազրույցում:

«Ռուսաստանի որոշ շրջանակներ շահագրգռված են Թուրքիայի հետ Հայաստանի մերձեցմամբ: Սակայն սա ամբողջովին դավադիր եւ անվտանգության տեսակետից խիստ վնասաբեր գաղափար է, թե իբր Ռուսաստանը Թուրքիայի հետ պետք է համատեղ լուծեն Կովկասում առաջացող խնդիրները:գ Թուրքիան եղել է, կա եւ կլինի Ռուսաստանի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդը Հարավային Կովկասում` ԱՄՆ-ի հետ միասին: գՄարդկայնորեն ճանաչել հայերի ցեղասպանությունը, իսկ հետո դրա պատճառով քաղաքական վեճ ունենալ Թուրքիայի հետ` սա ամերիկացիներին բնորոշ չէ: Թուրքիան չափազանց անհրաժեշտ է նրանց: Այն հյուսիսային դարպաս է դեպի Իրաք, գազային պտուտակ է Կենտրոնական Ասիայի համար, իսկ հիմա դա նաեւ եւս մի դուռ է դեպի Կովկաս: Վաշինգտոնը չի էլ թաքցնում, որ ի սկզբանե ծրագրել էր Թուրքիայի եւ Հայաստանի «ճանապարհային քարտեզը»»,- եզրափակում է Բաղդասարովը:

Ռուսական «Ռեգնում» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Վիգեն Հակոբյանը եւս գտնում է, որ հայ-թուրքական հաշտեցման հետեւանքով Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից: Այս ամենի պատճառը, սակայն, ըստ Վ. Հակոբյանի, Մոսկվայի քաղաքականությունն է Լեռնային Ղարաբաղի հարցում: Ռուսաստանը հակված է կողմերի մեջ պահել ուժերի հավասարակշռությունը, որը հանգեցնում է ոչ թե ստատուս-քվոյի սառեցմանը, այլ դրա դեգրադացմանը:

«Մոսկվան շարունակում է Երեւանի եւ Բաքվի հետ վարել «հավասար հեռավորությամբ երկխոսություն»` երկու հակամարտող երկրների հետ ստորագրելով պայմանագրեր ռազմավարական համագործակցության մասին` հավասարապես ուժեղ ռազմատեխնիկական շեշտադրումներով: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի գործոնը դադարել է որեւէ առավելություն տալ Հայաստանին Ադրբեջանի հանդեպ, իսկ Ադրբեջանի կողմից օգտագործվել է Հայաստանի դեմ»,- գրում է խմբագիրը:

Խմբագիրը գտնում է, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ակտիվ դիրքորոշման բացակայությունը ստիպել է Երեւանին գիտակցել Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերության արժեզրկումը, միաժամանակ Հայաստանը Ռուսաստանից ստացել է հստակ ազդանշաններ, որ ՀԱՊԿ-ը չի կարող օգտագործվել Հայաստանի արտաքին խնդիրների լուծման համար:

«Ակնհայտ է, որ Հայաստանը կգնա Թուրքիայի հետ մերձեցման միայն ամենալուրջ ռազմաքաղաքական երաշխիքների դեպքում, ինչպիսին կարող է լինել, օրինակ, անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,- եզրակացնում է Վ. Հակոբյանը:

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը անխուսափելիորեն կնպաստի տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի թուլացմանը, հասկանում են բոլորը: Միացյալ Նահանգների եւ Եվրամիության շահագրգռվածության մեջ այս գործոնը գտնվում է ոչ վերջին հորիզոնականում: Հատկանշական է նաեւ այն, որ հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ միասին շտապեցին ողջունել նաեւ իրենց հակառուսական եւ արեւմտամետ քաղաքականությամբ աչքի ընկնող Թբիլիսին եւ Կիեւը:

Հայ-թուրքական սահմանի բացմամբ կբացվի նաեւ սահմանը երկու մրցակից ռազմաքաղաքական դաշինքների` ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, ինչը կհանգեցնի դրանցից ավելի ուժեղի ազդեցության ընդլայնմանը ողջ տարածաշրջանում: Այս առումով հայ-թուրքական սահմանը, իրոք, կարող է Արեւմուտքի համար ռազմավարական պատուհան դառնալ դեպի Կովկաս: Ակնհայտ է, սակայն, որ Երեւանը չի հրաժարվի Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունից, փոխարենը գուցե հնարավորություն ունենա գործընկերային հարաբերությունները վերջինիս հետ տեղափոխել ավելի հավասար դիրքերի վրա:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Երեւանն ու Մոսկվան ներկա պահին խիստ անհավասար դաշնակիցներ են, եւ այս հանգամանքը թույլ չի տալիս այդ գործընկերությունն իրականացնել արդյունավետ եւ երկուսի համար էլ շահավետ կերպով: Այս հանգամանքը գուցե Ռուսաստանին ստիպի նոր քայլերի դիմել` Հարավային Կովկասում իր վերջին հենակետը չկորցնելու համար: Մոսկվան, թերեւս, ստիպված լինի Երեւանին առաջարկել ավելին, քան 500 մլն դոլարի վարկը եւ «հավասարակշռված» միջնորդությունը Ղարաբաղյան կարգավորման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter