HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

«Ճանապարհային քարտեզի» ուրվականը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի՝ ապրիլի 22-ին տարածած համատեղ հայտարարությունը շոկային ազդեցություն է թողել հայաստանյան ներքաղաքական ու հասարակական շրջանակների վրա։

Ինչու՞ են Հայաստանում շոկի մեջ ընկել

Նման ընկալումը պայմանավորված էր երկու հիմնական պատճառով։ Առաջին՝ այդ հայտարարությունը ստորագրվեց Հայոց Ցեղասպանության տարելիցի նախօրեին, ինչը, փաստացի, կանխորոշեց ԱՄՆ նախագահի կողմից 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը որպես Ցեղասպանություն որակելու՝ տված խոստումը չկատարելը։

Այս առումով, միանշանակ, Թուրքիան հասավ նվազագույն, տակտիկական կարեւոր հաջողության, այն է՝ անորոշ ժամանակով կասեցրեց կամ սառեցրեց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացը, որը նոր թափ էր ստանալու Օբամայի կողմից իրերն իրենց անունով կոչելուց հետո։ Այս հայտարարությունը, մյուս կողմից, քարտ բլանշ էր ՀՀ գործող իշխանությանը՝ արտաքին լեգիտիմության խնդիրն Արեւմուտքում օրակարգից հանելու համար։

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հեռախոսազրույցը Սերժ Սարգսյանի հետ եւ վերջինիս վարած քաղաքականության նկատմամբ «հիացմունքի» հայտնումը, ինչպես նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարության մամլո խոսնակի հայտարարությունը «Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված «Ճանապարհային քարտեզ» մշակելու գործընթացը ողջունելու մասին» ՀՀ իշխանություններին լավ հնարավորություններ են տալիս վերջնականորեն ձերբազատվելու այս բարդույթից։ Երկրորդ՝ եռակողմ հայտարարությունը ստորագրվեց անակնկալ կերպով։ Դրանից Հայաստանում գործնականորեն տեղյակ չէր ոչ ոք։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այդ հայտարարության հրապարակումից ընդամենը երեք օր անց հրավիրած ՀՀ անվտանգության խորհրդի նիստում միայն հայտարարեց, թե՝ «Այդ հայտարարությունը մեր ջանքերի արձանագրումն է՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը»։ Նման գնահատականը թույլ է տալիս եզրակացնելու, որ հայտարարությունը ստորագրելու համար պատասխանատու է ոչ միայն եւ ոչ այնքան արտգործնախարարը, որքան հենց հանրապետության նախագահը, եւ որ դա պետական քաղաքականության արդյունք էր։ Սակայն այն փաստը, որ նման շրջադարձային նշանակություն ունեցող հայտարարությունը ստորագրվում է անակնկալ կերպով, որից տեղյակ չէր ոչ Անվտանգության խորհուրդը, ոչ իշխանական կոալիցիան եւ ոչ էլ խորհրդարանը, ներհասարակական ու քաղաքական մեծ անվստահություն է առաջացնում ոչ միայն հայտարարության եւ դրա հետապնդած նպատակների, այլեւ ընդհանրապես հայ-թուրքական «ճակատում» ՀՀ իշխանությունների գործունեության նկատմամբ։ Այս անվստահությունը, որը ակնհայտորեն խորանալու միտում ունի, շատ ավելի վտանգավոր է, քան բուն հայտարարությունը։ Այս առումով Հայաստանի խոցելիությունը հիանալի կերպով հասկանում եւ փորձում են օգտագործել թե՛ Թուրքիայում եւ թե՛ Ադրբեջանում։

Թուրքական մանիպուլյացիաների հերթական ծուղակները

Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական մակարդակով այդ հայտարարության մեջ նշվող ամենաառանցքային կետի՝ «ճանապարհային քարտեզի» մասին որեւէ մեկնաբանություն չի արվել, դրա հրապարակումից անմիջապես հետո թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես Sabah-ը, հրապարակեցին այդ «քարտեզում» իբր տեղ գտած հինգ սկզբունքները, որոնք, ըստ էության, գործողությունների պլան կամ ծրագիր են կազմում։ Այդ սկզբունքներից եւ ոչ մեկը, առանձին վերցրած, լիովին չի համապատասխանում հայկական կողմի շահերին։ Դրանից անմիջապես հետո, արդեն պաշտոնապես տեղեկացվեց, որ տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Աբդուլլա Գյուլի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը։

Թուրքական Hurriyet-ը գրեց, թե այդ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը, նկատի ունենալով Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները, Ալիեւին ասել է. «Մեր հարաբերություններում անհամաձայնություն չկա։ Այն ամենը, ինչ արվում է, արվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար»։ Երկու նախագահները, ըստ թուրքական մեկ այլ լրատվամիջոցի՝ «Milliyet»-ի, պայմանավորվել են, որ փոխադարձաբար չեն ընդունի որոշումներ, որոնք կհակասեն միմյանց շահերին։

Դա նշանակում է, որ Գյուլը, փաստորեն, Ալիեւին համոզել է նրանում, որ «ճանապարհային քարտեզի» մասին հայտարարությունը ոչ միայն չի հակասում Ադրբեջանի շահերին, այլ դա «արվում է նաեւ Ադրբեջանի համար»։ Տեղեկատվական այս արտահոսքերը, ՀՀ իշխանությունների` անակնկալներ մատուցելու գործելաոճին գումարվելով, դառնում են Հայաստանի դեմ ուղղված իսկական քարոզչական գրոհ, տեղեկատվական ահաբեկչության հիանալի գործիք։ Այն ուղղված է առաջին հերթին ներհասարակական իրավիճակի լարմանը, հասարակություն-իշխանություն վստահության նոր ճգնաժամի առաջացմանը եւ այս ամենի արդյունքում՝ Հայաստանի դիրքերի շարունակական թուլացմանը։

Ով է ում ձեռքով կրակից շագանակներ հանում

Այս համատեքստում առկա են առնվազն մի քանի հարցեր, որոնց պատասխանն իշխանությունը պետք է տա որքան հնարավոր է արագ, համոզիչ ու փաստարկված։

1. Ինչու՞ մինչեւ հայտարարության ստորագրումը ՀՀ Կառավարությունը հասարակական կամ առնվազն քաղաքական ուժերի, ՀՀ ԱԺ-ի մակարդակներով քննարկումներ չծավալեց հիմնահարցի վերաբերյալ, այսինքն` ինչու է նման կարեւորագույն հայտարարություն ստորագրվում նման անակնկալ կերպով։

2. Ինչու՞ նպատակահարմար չէ այդ փաստաթղթի հրապարակումը հիմա։

3. ՀՀ արտգործնախարարությունը հայտարարեց, թե «ճանապարհային քարտեզը» գործողությունների ծրագիր է։ Սակայն չբացվեցին այդ ծրագրի փակագծերը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԽ-ի նիստում օրեր առաջ հայտարարեց, թե մոտ ապագայում հանրությունը հնարավոր է՝ կծանոթանա այդ փաստաթղթի բովանդակությանը եւ կհամոզվի, որ այն համապատասխանում է մեր շահերին։ Սակայն այդպես էլ որեւէ բացատրություն չտրվեց, թե որքանո՞վ էր իրականությանը համապատասխանում Sabah-ի հրապարակած «ճանապարհային քարտեզը»։ Կարելի էր առնվազն գնահատել նման քարոզչական մանիպուլյացիաները, ինչը եւս չարվեց։

4. Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Կարսի պայմանագիրը հայկական կողմից ստորագրելու Թուրքիայի պայմանի առկայությունը «Ճանապարհային քարտեզում» եւ ընդհանրապես՝ ինչպիսի՞ն է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը այդ պայմանագրի եւ դրա ստորագրման վերաբերյալ։

5. Որքանո՞վ են «Ճանապարհային քարտեզում» ներկայացված հայկական կողմի համար այնպիսի կարեւորագույն խնդիրներ, ինչպիսիք են Հայոց Ցեղասպանության փաստի ամրագրումը՝ անկախ որեւէ տեսակի հանձնաժողովների ստեղծումից, տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերին Հայաստանի պարտադիր մասնակցությունը եւ դրա շարունակականության, սահմանների բացման անխափանության ապահովումը։

6. Երաշխավորու՞մ է, արդյոք, ՀՀ իշխանությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը տեղի չի ունենում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համատեքստում հայկական շահերի զոհաբերման գնով, եւ դա չի հանդիսանում իբրեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման նախապայման։

7. Եթե խնդիրը Օբամային «Ցեղասպանություն» եզրն օգտագործելու «գլխացավանքից» ազատելը չէր, ապա ինչու՞ եռակողմ հայտարարությունը հրապարակվեց ապրիլի 24-ի նախորդ օրը։ Արդյո՞ք այսպիսով Թուրքիան եւ ԱՄՆ-ն համատեղ Հայաստանի ձեռքերով իրենց համար կրակից շագանակներ չհանեցին։ Այսինքն` ՀՀ իշխանություններից պահանջվում է որքան հնարավոր է արագ ձեւակերպել եւ հանրությանը ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այն հիմնական սահմանային սկզբունքները, որոնցից այն կողմ Երեւանից երբեք զիջումներ չեն արվելու։ Նման սկզբունքների ներկայացումն անհրաժեշտ է առաջին հերթին այս բարդ ու հակասական ժամանակահատվածում Հայաստանում նոր ներքաղաքական, ներհասարակական լարվածություն թույլ չտալու համար, ինչի նախադրյալներն արդեն կան։

Քաղաքական վերադասավորումնե՞ր

Մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին։ Դա նշանակում է, որ նրանք հանրապետության նախագահից չեն ստացել իրենց մտահոգությունները փոքրիշատե չեզոքացնող բացատրություններ։ Կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալը, մեծ հաշվով, չի խախտում ներիշխանական ուժերի դասավորությունը, որովհետեւ կոալիցիոն մյուս ուժերը շարունակում են պաշտպանել հայ-թուրքական մերձեցման՝ սերժսարգսյանական քաղաքական գիծը։ Իսկ ընդհանրապես, այս հարցում այդ երեք կուսակցություններից եւ ոչ մեկը խնդրի առնչությամբ առանձնապես սկզբունքային դիրքորոշում չի էլ ունեցել, ինչը, ի տարբերություն ՀՅԴ-ի, նրանց ճկունություն ցուցաբերելու, հարմարվելու հիանալի հնարավորություն է տալիս։

Այնպես որ, զուտ քաղաքական առումով իշխանական դաշտում շրջադարձային վերադասավորումներ դժվար թե լինեն։ Սակայն շատ ավելի մեծ է լինելու ՀՅԴ-ի դիրքորոշման հասարակական ընկալման ազդեցությունը։ Այն կարող է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր սրբագրումների տեղիք տալ։ Բացի դրանից, ՀՅԴ-ն ինքնաբերաբար մղվում է ընդդիմադիր հարթություն։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե կոալիցիայից դուրս գալու դեպքում իրենք կառուցողական ընդդիմության դիրքերրը կզբաղեցնեն։

Այս կարգավիճակը լավ նախադրյալներ է ստեղծում հատկապես «Ժառանգություն»-ՀՅԴ նոր, ոչ ֆորմալ հարաբերություններ ստեղծելու համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ թե՛ հայ-թուրքական, թե՛ Ղարաբաղյան հիմնահարցերի վերաբերյալ այս երկու կուսակցություններն ունեն խիստ պահպանողական մոտեցումներ։

Այս երկու ուժերը հնարավորություն են ստանում կոնսոլիդացնելու քաղաքական-հասարակական ազգային-պահպանողական շրջանակների ներուժը, որոնք ներկայումս անկազմակերպ են ու ինքնահոսի մատնված։

Սա այս ուժերին լուրջ քաղաքական գործոն կարող է դարձնել եւ էականորեն փոխել ներքաղաքական իրադրությունը երկրի ներսում։ Եթե նկատի ունենանք ներկայիս արմատական ընդդիմության՝ մարտավարական նոր, առավել պահպանողական գծի որդեգրումը, ապա պարզ է դառնում, որ իշխանությունների նկատմամբ քաղաքական դիմակայությունն առավել ուժեղանում է։ Ինչի՞ կտանեն այս պրոցեսները` մեծապես կախված է նրանից, թե որքանով առաջիկայում հանրության հետ անկեղծ երկխոսություն կսկսի ՀՀ իշխանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter