HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արտգործնախարարի հրաժարականը ելքերից մեկն է

14_04-a_ayvazyan«2009թ ապրիլի 23-ին մենք  զարթնել ենք այլ Հայաստանում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական և գաղափարական ամուր ճիրաններում: Այս պայմաններում կարծում եմ, որ այն անմիջական քայլերը, որոնք կարող են որոշակիորեն լիցքաթափել հայ ժողովրդի  ընդերքում առաջացած արդար վրդովմունքը, ՀՀ արտգործնախարարի հրաժարականն է, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» դենոնսացիան, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցումը, մինչև վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական հարաբերությունների դադարեցումը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը և Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը»,-հայտարարեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը այսօր հրավիրված հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացին վերաբերող քննարկման ժամանակ: Արմեն Այվազյանի խոսքերով` Հայաստանի բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչներ, հաշվի չառնելով հայ ժողովրդի կենսական շահերը, ընդունել են Թուրքիայի կողմից վաղուց առաջադրվող նախապայմանները. «ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների ներհայկական լսարանի համար հնչեցվող ճառերն ու հավաստիացումներն ակնհայտորեն հակասում են միջազգային ասպարեզում նույն պաշտոնյաների իրական քայլերին և հայտարարություններին»,-համոզված է նա: Նրա կարծիքով` իշխանությունը համաձայնել է ստեղծել հայ և թուրք պատմաբաններից բաղկացած համատեղ հանձնաժողով Հայոց ցեղասպանության իրողությունը վիճաբանության առարկա դարձնելու համար, որով միջազգային ասպարեզում կասկածի տակ է դրվելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Առհասարակ պետք է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթական երթը տորպեդահարվեց անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն թույլ տվեց իրեն ներքաշել մեռելածին  «ֆուտբոլային դիվանագիտության» մեջ, որի ընթացքում որևէ պետություն Հայոց ցեղասպանության ճանաչման ակտ չի ստորագրել»,- մեկնաբանեց Արմեն Այվազյանը: Արմեն Այվազյանին առկա տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացություն անել, որ Հայասատանի իշխանությունները պատրաստվում են ճանաչել Թուրքիայի ներկա սահմանները` հրաժարվելով տարածքային և քաղաքական փոխհատուցումներից: «Խոսքը վերաբերում է Կարսի պայմանագրի վերահաստատմանը, անկախ նրանից` հիշատակվելու է այդ պայմանգիրը բուն տեքստում, թե ոչ»,- ասաց նա: Արմեն Այվազյանը համոզված է, որ իշխանությունները տեղի են տվել նաև Թուրքիայի գաղտնի նախապայմանին` հրապարակայնորեն հայտարելով իրենց համաձայնությունը` թույլ տալու թուրքական ընկերություններին դառնալ Հայկական ատոմակայանի բաժնետեր: «Դրա հետևանքով Հայաստանի ազգային անվտանգության համակարգը դադարում է իր գոյությունը, խաթարվում է հայ ժողովրդի հոգեբանական անվտանգությունը, քողարկվում է Թուրքիայի թշնամի լինելը, դյուրացվում են թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկական գործողությունները»,- շարունակեց Արմեն Այվազյանը: Իսկ ինչ վերաբերում է «իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «Ճանապարհային քարտեզին», ապա դրա հրապարակումը,  ըստ Արմեն Այվազյանի, եղել է Թուրքիայի պահանջով` «նվաստացնելու հայության արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստելու հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծած հրաժարման նպատակով»: Արմեն Այվազյանը նշեց, որ պատրաստել են իրենց պահանջները ներառող մի հայտարարություն, որը կտեղադրվի կենտրոնի կայքում և հայ-թուրքական հարաբերություններում առկա մտահոգությունները կիսողները կարող են միանալ հայտարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter