HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Հ. Մեսրոբյան. «Չի կարելի նույն էքսպերիմենտը պարբերաբար կրկնել»

26_02-h_mesrobyanԿառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ով այսօր մասնակցում էր «Հայ-թուրքական ներկա միջպետական գործընթաց» թեմայով քննարկմանը, հայտարարեց, որ հայկական մի շարք զանգվածային լրատվության միջոցներ իրենց վրա են վերցրել Թուրքիայի PR-ը Հայաստանում անելու պարտականությունը: «Տասնյակ տարիներ այն ահռելի գումարները, որ Թուրքիան ծախսում է ամբողջ աշխարհում սեփական PR-ը անելու, իրեն սպիտակեցնելու համար, հիմա մեր ԶԼՄ-ից շատերը վերցրել են իրենց վրա Թուրքիայի մտահոգությունը և շատ հաջող փորձում են իրականացնել այդ գործընթացը: PR-ը շատ թանկ հաճույք է, դրանից ինձ մոտ հարց է ծագում` այդ PR-ը անվճա՞ր են կատարում»,- հարց բարձրացրեց մասնագետը: Սա միակ մտագոհությունը չէ, որ Հարություն Մեսրոբյանն ունի: Նա ներկաներին հիշեցրեց, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը»`ռոմանտիզմի ներարկումը հասարակության մեջ, սկսվեց 2008 թ.-ին: «Ուղիղ հարյուր տարի առաջ` 1908 թ., երբ երիտթուրքերը եկան իշխանության, մեր այն ժամանակվա որոշ գործիչներ նույնպես սկսեցին ռոմանտիզմով տառապել Թուրքիայի նոր իշխանությունների` երիտթուրքերի նկատմամբ`ասելով, որ դա Աբդուլ Համիդի Թուրքիան չէ»,- կարծիք հայտնեց փորձագետը: Հարություն Մեսրոբյանն այլ զուգահեռ էլ տարավ. «Հիմա ասում են` ի՞նչ 21-րդ դար փակ սահմանով, այն ժամանակ էլ ասում էին, որ 20-րդ դարն առաջընթացի դար է, այս դարում չեն լինի ցեղասպանություններ, որոնք եղել են 19-րդ դարի վերջում: Միտքը նույնն է, բառերն են փոխում, հայերի համար ցանկացած նոր դար երազանքների դարն է, չի կարելի նույն էքսպերիմենտը պարբերաբար կրկնել»,- կարծիք հայտնեց նա: Փորձագետը ուշադրություն դարձրեց նաև այն բանի վրա, որ իշխանական գործիչները սիրում են շեշտել, որ չի կարելի խնդիրները զգացմունքային մակարդակով դիտարկել, պետք է առաջնորդվել պրագմատիզմով. «Ինչո՞ւ է գովաբանվում Բարաք Օբամայի արտասանած Մեծ եղեռնը, որը իրավաբանական նորմ չէ, իրավաբանական տերմինն այլ է, այդ ինչո՞ւ շատ մարդիկ, որոնք կոչ են անում մեր ազգային զգացմունքներով շատ չշարժվել, հանկարծ Օբամայի գործողությունը բացատրելով, այսինքն` իրենց անգործությունը բացատրելով, հանկարծ ոչ զգացմունքային Genoside-ը մոռանում, անցնում են զգացմունքային Մեծ եղեռնի գովաբանությանը` ասելով, որ համարյա թե նույն բանն է»: Ըստ Հարություն Մեսրոբյանի` «սրանով Հայաստանը մեսիջ ուղարկեց ամբողջ աշխարհին, որ Ցեղասպանությունն իր համար դառնում է սակարկության առարկա, ոչ միայն Ցեղասպանությունը, այլև դրա հետևանքներն էլ են դառնում սակարկության առարկա, սա նշանակւոմ է դաժան ձևով թաղել Հայկական հարցը ամբողջությամբ»,- հայտարարեց նա` հավելելով, որ սահմանի բացումից սահմանների ճանաչումը շատ կարճ ճանապարհ է: Armenianhouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանն էլ մեկնաբանեց հաճախ հնչող հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարեկամացումն արդարացնող հայտարարությունը, թե` ինչպես Գերմանիան բարեկամացավ հրեաների հետ, այնպես էլ մենք թուրքերի հետ հաշտ ու համերաշխ կապրենք: «Միշտ մոռանում են, որ Գերմանիան հավասարվեց հողին, Գերմանիայի ողջ հզորությունը փոշիացվեց, Գերմանիային ստիպեցին հանձնվել առանց որևէ նախապայմանի, Գերմանիայի տնտեսությունը ավերվեց, և այն վերականգնելու համար անհրաժեշտ վարկերը ստանալու նախապայմաններից մեկը հրեաներին հատուցում տալն էր Հոլոքոստի համար, ու նոր սկսվեց, այսպես կոչված, գերմանա- հրեական բարեկամությունը»,- ասաց նա: Բացի այդ, Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց, որ Գերմանիայում սկսվեց «դենացիսիֆիկացման» գործընթաց հատուկ կրթական ծրագրերով, բառացիորն ջնջվեց ամեն ինչ, ինչ կարող էր հիշեցնել նացիստների մասին, իսկ Թուրքիայում, ըստ նրա, առ այսօր Հայոց ցեղասպանությունն իրականացնող Քեմալը, Էնվերը, Թալեաթը ազգային հերոսներ են համարվում և փառաբանվում են, Թուրքիայում պետպատվերով նկարվում են թե' վավերագրական, թե' գեղարվեստական հակահայկական ֆիլմեր և տարածում, որպեսզի չկտրվի հայատյացության դարավոր շղթան: Ըստ նրա` նույն ոճի քաղաքականությունը վարվում է նաև Ադրբեջանում. «Թուրքերի և ադրբեջանցիների հետ ցանկացած շփումից առաջ մեր նվազագույն ունիվերսալ նախապայմանը պետք է լինի այդ երկու ազգերի դենացիսիֆիկացման պահանջը»,- հայտարարեց Կ. Վրթանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter