HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Գարեգին Ազարյանը տվյալների հավաքագրումը համարում է «կուսակցական շինարարություն եւ ընտրությունների տեխնոլոգիա»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հետքը փորձեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանից ճշտել, թե արդյոք մամուլում բազմիցս հրապարակված այն լուրերը, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն մարդկանց տվյալների հավաքագրում են կատարում, մարդկանց կամքի վրա ազդեցություն ունենալու ձև չէ, որն Ընտրական օրենսգիրքն արգելում է: «Բոլոր թեկնածուները, ում մասին որ շահարկվում է մամուլում, միաձայն հերքում էին, որ իրենք նման ցուցակներ էին պարտադրել, որպեսզի կազմվի»,- պատասխանեց Գարեգին Ազարյանը: Մեր այն դիտարկմանը, թե բնական չէ, որ պետք է հերքեն, Գարեգին Ազարյանն արձագանքեց. «Եթե ես լինեի թեկնածու, ես կասեի, որ խնդրել եմ իմ բոլոր բարեկամներին կազմել մի ցուցակ, որպեսզի ինձ համար պարզ լինի, թե իմ օգտին ովքեր են քվեարկելու, նաև կազմեն ցուցակ, թե ովքեր են կասկածում, որ ինձ պիտի քվեարկեն, որպեսզի ես կարողանամ աշխատել այդ ընտրազանգվածի հետ, որպեսզի ես երբևէ չաշխատեմ այն ընտրազանգվածի հետ, ով արդեն քվեարկելու է իմ օգտին»: Ապա հավելեց. «Սա կուսակցական շինարարություն և ընտրությունների տեխնոլոգիա է, որը ոչ բոլոր դեպքերում են մեր կուսակցությունները հասկանում և կիրառում»: Գարեգին Ազարյանը չբացառեց նաև, որ «100%-ոց ցուցակը» կարող է ոչ թե թեկնածուի, այլ մեկ այլ անձի ինքնագործունեության արդյունքը լինել։ Իսկ դրա համար թեկնածուին պատժելը սխալ է. «Ես միշտ կարող եմ, որպես ոչ օրինապահ քաղաքացի, մայիս 31-ին վերցնել մի պաստառ ու քայլել՝ գովազդելով ինչ-որ մեկին։ Նշանակում է` ես ում պաստառը բարձրացրեցի մայիսի 31-ին, նրա անունը մենք միանգամից հանու՞մ ենք, հա՞»,- հայտարարեց նա: «Արդյո՞ք դա մարդկանց կամքի վրա ազդելու ձև չէ» հարցի վերաձևակերպմանը Գարեգին Ազարյանն արձագանքեց, թե իրենք բազմիցս զգուշացրել են, որ ընտրության պահին քաղաքացին ազատ է իր քվեարկության մեջ, ո՞վ է իմանալու` քաղաքացին ում քվեարկեց. «Մեր ընտրողը գիտի՝ ինչ թուղթ էլ ստորագրի, ինչ անձնագրային համար էլ տա, ում ինչ խոստում տա, երբ որ գնում է խցիկի ետևը, ինքն է ու վերևն Աստված։ Եվ քվեարկում է այնպես, ինչպես ուզում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter