HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Տեղեկատվական պատերազմը հայ-թուրքական հարաբերություններում

Մոտ մեկ տարի առաջ մեկնարկած տեղաշարժերը հայ-թուրքական հարաբերություններում իրենց վրա սեւեռեցին հայկական եւ թուրքական մամուլի ուշադրությունը: Այսօր այս զարգացումները երկու հանրապետություններում էլ լուսաբանվում են այնքան ակտիվորեն, որ կարող ենք արդեն փորձել գնահատել այն ազդեցությունը, որ հայկական եւ թուրքական մամուլն ունեն երկու պետությունների քաղաքական հարաբերությունների վրա:

Արդի տեղեկատվական դարում մամուլն ընդհանրապես կարեւոր դեր է խաղում հասարակական կարծիքի, հաճախ նաեւ քաղաքական զարգացումների ուղղության ձեւավորման մեջ: Մամուլը որպես սեփական եւ հատկապես օտար հանրությունների վրա ազդելու լծակ օգտագործելն արդի դիվանագիտության ամենաակտուալ միջոցներից է: Այդ իսկ պատճառով պետություններն իրենց արտաքին քաղաքականության իրականացման գործում մեծ կարեւորություն են տալիս մամուլի հնարավորությունների օգտագործմանը` նպատակ ունենալով ստեղծել սեփական պետության դրական իմիջը, ձեւավորել ցանկալի հանրային կարծիք այս կամ այն հարցի վերաբերյալ եւ այլն: Իսկական «տեղեկատվական պատերազմի» տարածաշրջանը ականատես եղավ դեռ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմի շրջանում: Ռուսական եւ համաշխարհային լրատվամիջոցներն այս պատերազմում ավելի մեծ դեր խաղացին, քան տանկերն ու ավանդական դիվանագիտությունը: Համաշխարհային հանրության համակրանքը կողմերից մեկի հանդեպ կախված էր այն հարցի պատասխանից, թե ով է սկսել պատերազմը: Իսկ այստեղ արդեն առավել կարեւոր դեր էր խաղում արդյունավետ տեղեկատվական քարոզարշավը: Տեղեկատվական մրցակցության առումով հայ-թուրքական հարաբերությունները եւս բացառություն չեն կազմում: Սակայն այս մրցակցությունն ընթանում է խիստ անհավասար պայմաններում: Թուրքական ավանդական դիվանագիտությունը, որն ամբողջ աշխարհում ամենահմուտներից մեկն է, նույն հմտությամբ օգտագործում է մամուլի ընձեռած հնարավորությունները: Այս խնդիրը հատկապես ակտուալ է իշխող իսլամիստական կառավարության համար, որն ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու, հարեւանների հետ «զրո խնդիրներով» հարաբերություններ ունենալու եւ Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել: Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների ամենաթեժ շրջանում, օրինակ, թուրքական ռադիոալիքները հեռարձակում էին թուրքական լուրեր անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով: Թուրքական հեռուստառադիոալիքների հեռարձակումը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, քրդալեզու հեռուստաալիքի եւ հայալեզու ռադիոյի հիմնումը հետապնդում են մեկ գերակա նպատակ` ձեւավորել թուրքական պետության դրական իմիջը եւ տարածել թուրքական տեսակետները այլազգիների շրջանում: Հայկական պաշտոնական մամուլը, որը մինչեւ վերջերս շեշտը դնում էր երկրի ներսում տարվող հակաթուրքական քարոզչության վրա, հաշտեցման գործընթացի մեկնարկից հետո հանկարծ դադարեցրեց այն: Սակայն ուշացած այս քայլն ամենեւին չնպաստեց հանրության կողմից հայ-թուրքական գործընթացների հանդեպ վստահության ձեւավորմանը, ընդհակառակը` նոր կասկածների տեղիք տվեց: Հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանումն ընդհանրապես աչքի է ընկնում տեղեկատվական արտահոսքի մեծ ծավալով: Տեղեկատվական արտահոսքերը բնական են ցանկացած քաղաքական եւ դիվանագիտական գործընթացում` հատկապես, երբ այն գաղտնի է պահվում եւ լայն հանրության հետաքրքրության առարկա հանդիսանում: Տվյալ դեպքում, սակայն, մենք ականատես ենք լինում մի օրինաչափության, երբ հայ-թուրքական զարգացումներին վերաբերող բոլոր արտահոսքերը հայտնվում են բացառապես թուրքական մամուլում: Իր հրապարակումներում թուրքական մամուլը հիմնականում հղում է կատարում անանուն դիվանագետների` բացահայտելով գաղտնի գործընթացի մանրամասները, եւ որպես կանոն` այդ տեղեկատվությունը հետագայում 70 տոկոսով հաստատվում է: Մյուս միտումը, որ նկատվում է հայ-թուրքական տեղեկատվական պատերազմում, հաշտեցման գործընթացի մանրամասների հրապարակայնացումն է առաջինը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Որպես կանոն` հաշտեցման գործընթացի հաջորդ քայլերի մասին հանրությունը տեղեկանում է Թուրքիայի նախագահի, վարչապետի կամ արտգործնախարարի հայտարարություններից: Ընդ որում` այդ հայտարարությունները տեղի են ունենում շաբաթը մի քանի անգամ: Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ սկսված երկխոսության մեջ Հայաստանն ու Թուրքիան հավասար հարթության վրա չեն, եւ նախաձեռնությունը պատկանում է թուրքական կողմին: Գործընթացի մասին առաջին տեղեկատվության հրապարակումը, ինչպես նաեւ գաղտնի մանրամասների հասանելիությունը, ակնհայտ առավելություն են տալիս թուրքական մամուլին:

Զրկված լինելով ուղղակի տեղեկատվություն ստանալու որեւէ հնարավորությունից` հայկական մամուլը ստիպված է լինում արտատպել նոր բացահայտումները թուրքական աղբյուրներից: Պաշտոնական Երեւանը ոչ միայն չի կիսում գործընթացի մանրամասները սեփական մամուլի եւ հանրության հետ, այլեւ չի կարողանում օպերատիվ եւ սպառիչ մեկնաբանություններ տալ հարեւան երկրների մամուլում հայտնված արտահոսքերին եւ պաշտոնական հայտարարություններին: Թուրքական Սաբահ թերթում (որը, ի դեպ, պատկանում է վարչապետ Էրդողանի ազգականներից մեկին) հրապարակված «Ճանապարհային քարտեզի» մանրամասներին, օրինակ, Երեւանն արձագանքեց մի քանի օր հետո միայն:

Ընդ որում, «ապատեղեկատվությունը» հերքվեց ոչ միանգամից, այլ աստիճանաբար, փոքր չափաբաժիններով, տարբեր պաշտոնյաների կողմից, ինչն արդյունքում ընկալվեց որպես ոչ այնքան հերքում, որքան արդարացման փորձ: Եվ մինչ հայկական մամուլին մեղադրում են թուրքական ապատեղեկատվությունը տարածելու մեջ, ինֆորմացիոն արտահոսքերն անում են իրենց գործը:

Դրանք նախ շոշափում են հասարակության ներսում առկա տրամադրությունները եւ բացահայտում տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումները, երկրորդ` նպաստում իշխանությունների հանդեպ հանրության անվստահության խորացմանը` թուլացնելով առաջինների դիրքերը ավանդական դիվանագիտական գործընթացներում: Այս ամենի ֆոնին հայկական «գաղտնապահությունն» ընդհանրապես չի տեղավորվում տեղեկատվական մրցակցության տրամաբանության համատեքստում:

Հայկական կողմն ակնհայտ պարտություն է կրում` չկարողանալով ապահովել արժանահավատ տեղեկատվության հոսքը մամուլի սեփական խողովակներով: Արդյունքում թուրքական կողմից մատակարարվող տեղեկատվությունը հանրային կարծիք է ձեւավորում ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Առաջիկա շաբաթներին սպասվող նոր եւ ակտիվ զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում, որի մասին, ի դեպ, կրկին տեղեկացել ենք Թուրքիայի վարչապետի հայտարարությունից, նոր մարտահրավերներ են նետելու Հայաստանին տեղեկատվական պատերազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter