HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կ. Բեքարյան. «Լեռնային Ղարաբաղի հարցը ներառված չէ «Ճանապարհային քարտեզում»»

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական բանակցությունները հասել են այնպիսի մի կետի, երբ բանակցություններից դուրս գալը և այդ կերպ հայտնելով սեփական անպատրաստվածությունը սահմանների բացման կամ հարաբերությունների բարելավման հարցում` վնասարար է լինելու հենց դուրս եկող կողմի համար: Սա արձագանք էր Հայաստանում վերջերս հնչող այն հայտարարությունների, թե հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը Հայաստանի շահերից չի բխում, և նախաձեռնողականությունը Թուրքիան լիովին իր ձեռքն է վերցրել: «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը կարծիք հայտնեց, որ մենք խնդիր ունենք այն առումով, որ նախաձեռնողականությունը պատշաճ չի մատուցվել հասարակությանը և միջազգային հանրությանը. «Իրականում տարվում է քաղաքականություն` նախաձեռնողականությանը հասարակական հնչեղություն տալու համար, և Թուրքիայում այդ գործընթացը բավականին ակտիվ է տարվում, Հայաստանում այդ գործընթացը բավականին տուժեց»: Այն կարծիքներին ի պատասխան, թե Թուրքիային հայ-թուրքական բանակցություննների ոչ թե արդյունքն է հետաքրքիր, այլ զուտ գործընթացը, որը նա կկարողանա օգտագործել Արևմուտքի հետ իր շփումներում, Կ. Բեքարյանն ասաց. «Երկու երկրների փոխադարձ վստահության աստիճանը մոտ է զրոյի, և այս պարագայում ունենալ ուտոպիական ցանկություն կամ մոտեցում, որ մենք այնքան ազնիվ և վստահելի ենք, իսկ Թուրքիան այնքան անազնիվ ու անվստահելի, այդպես չէ, երկու կողմերն էլ ունեն փոխադարձ անվստահություն, և երկու կողմերն էլ փորձելու են այս գործընթացից քաղել մաքսիմալ դիվիդենտներ, բացի այդ` ցանկացած գոյություն չունեցող ինչ-որ հարաբերություններ գնում են դեպի կարգավորում, սկզբում լինում է ինչ-որ իմիտացիոն գործընթաց, որը հետո վեր է ածվում իներցիայի»: Կարեն Բեքարյանն առհասարակ անբնական է համարում երկու հարևանների միջեւ հարաբերություններ չլինելը: Ըստ նրա` մենք այսօր ունենք ֆոնային գործընթացներ` կա ստորագրված փաստաթուղթ, բայց հարաբերությունների մինիմալ որակ դեռ չունենք: Նա անհարկի է համարում Հայաստանում շրջանառվող այն խոսակցությունները, թե արդյոք անհրաժեշտ է բացել սահմանը, քանի որ մենք միշտ էլ միջազգային հանրությանը հայտնել ենք, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիան վարում է հարկադրանքի քաղաքականություն`շրջափակման միջոցով հասնելու սեփական նպատակներին: Ըստ կազմակերպության նախագահի`«Ճանապարհային քարտեզը» երբ հրապարակվի, մենք կարձանագրենք, որ Թուրքիայի նախպայմանային քաղաքականությունը չեզոքացվում է, քանի որ, ըստ նրա, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերից բացի` այլ հարցեր և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցը ներառված չէ այնտեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter