HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ո՞վ ունի քաղաքապետ ընտրելու իրավունք

Մայիսի 8-ին Սահմանադրական դատարանում կլսվի Հայ ազգային կոնգրեսի հայցով Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործը: Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը հնարավորություն է տալիս Երևանում հաշվառում չունեցող 18 տարին լրացած քաղաքացիներին մասնակցել մայիսի 31-ին կայանալիք քաղաքապետի և ավագանու ընտրություններին. «Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա»,- նշված է օրենսգրքում: Սահմանադրական դատարանում ՀԱԿ-ի նախընտրական դաշինքի լիազոր ներկայացուցիչ, իրավաբան Պատվական Հովակիմյանի խոսքերով` օրենքի 10-րդ հոդվածի այդ դրույթը հակասում է Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածին, որում ասվում է, որ ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաև համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք: «Հայաստանում կա հաշվառման 3 ձև` հաշվառում, փաստացի բնակությամբ հաշվառում և  և ժամանակավոր,  բայց հաշվառում չունեցող քաղաքացիներին ԿԸՀ և ոստիկանության լիազոր մարմինն իրավունք են տալիս ընտրվելու, իսկ մենք գտնում ենք, որ եթե մարդը չունի հաշվառում ու մասնակցում է ընտրություններին,  խախտում է Երևանի հաշվառում ունեցող կամ փաստացի բնակվող քաղաքացիների իրավունքը, եթե ինքը չի ուզում հաշվառում ունենա , ուրեմն թող ընտրություններին չմասնակցի: Ես հաշվառված եմ մի համայնքում, ես գույքահարկ եմ վճարում, կոմունալ ծախսերի համար վճարումներ եմ  անում, բայց եթե ես հաշվառում չունեմ, գալիս եմ Երևան`զուտ փող աշխատելու, չեմ ուզում մի տեղ վարձով ապրել, որ ցույց չտամ իմ վարձակալության պայմանագիրը և ինչ-որ գումար բյուջե վճարեմ, չեմ ուզում պարտականություններ կատարել, ուրեմն ինչպե՞ս կարող եմ ասել ինձ իրավունք տվեք մասնակցելու ընտրությունների»,- մեկնաբանում է Պատվական Հովակիմյանը: ՀԱԿ-ը նաև դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով`խնդրելով պարզաբանել Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը, որում ասվում է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ կազմվող ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Իրավաբանական եւ ծրագրամեթոդական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը պարզաբանելով օրենքի դրույթը նշեց. «ՀՀ քաղաքացիների համար սահմանված է մի ցենզ, երբ որ իմ 18 տարի լրանում է, ես ձեռք եմ բերում ակտիվ ընտրական իրավունք և ընդգրկվում եմ ըստ իմ հաշվառման վայրի ընտրողների ցուցակում, եթե որևէ հասցեում չունեմ հաշվառում, ապա ընտրական օրենսգիրքը տվել է դրա պատասխանը, որ ես կարող եմ սահմանված ժամկետում քվեարկության օրվանից 21 կամ 15 օր առաջ դիմել համպատասխանաբար համայնքի ղեկավարին և լիազոր մարմնին, ներկայացնել տեղեկանք և խնդրել, որ ըստ բնակության վայրի ընդգրկեն այն տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ այդ հասցեն սպասարկվում է: Օտարկրացին եթե եկել է Հայաստան և արդեն մեկ տարի է հաշվառվել որևէ հասցեում, ապա նա մասնակցում է ընտրություններին, օտարեկրացին եթե հաշվառում չունի, չի մասնակցում ընտրությանը»: Իրավաբան Հրայր Թովմասյանը ևս կարծում է, որ եթե որոշ անձինք չունեն հաշվառման հասցե, դա չի նշանակում, թե նրանք պետք է զրկվեն ընտրական իրավունքից: «Հաշվառված չլինելը հիմք  չէ, որ նրանք զրկվեն ընտրական  իրավունքից, որ եթե մարդու անձնագրում կնիք կա, որ ինքը մշտապես այս վայրում է բնակվում, բայց չունի հաշվառում, քանի որ հաշվառումը համապատասխան սեփականություն է ենթադրում,ես կարծում եմ, որ եթե վերջիններս իրենց կենսական շահերով`աղբահանություն, համայնքի զարգացում,  կապված են Երևանի հետ, պետք է քվերակելու իրավունք ունենան»,- ասաց իրավաբանը: Պատվական Հովակիմյանը հակադարձում է, որ նախ իրավաբանության մեջ «կենսական շահ» հասկացություն չկա: «Եթե գյուղացին գալիս է Երևան իր ապրաննքերը վաճառելու, նշանակում է, նա էլ իր կենսական շահերով կապված է Երևանի հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ նրան Երեւանում պետք է ընտրության իրավունք տալ»,- կարծում է նա: ՀԱԿ-ի համար դատարան դիմելու հարցը առաջացել է անմիջապես այն բանից հետո, երբ ստացել են ԿԸՀ սահմանած ժամանակացույցը, որտեղ 10-րդ կետով սահմանվում է, թե որ ժամկետում հաշվառում չունեցող քաղաքացիները կարող են ընդգրկվել ընտրական ցուցակներում: Մարտին ՀԱԿ-ը դիմել է Վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 31-ին կայանալիք` Երևանի ավագանու ընտրությունների ԿԸՀ սահմանած ժամանակացույցի 10-րդ կետը: Սակայն Վարչական դատարանը մերժել է ՀԱԿ-ի հայցը. «Հայաստանի հանրապետության վարչական դատարանը գտնում է, որ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածը հանդիսանում է ընդհանուր բնույթի իրավանորմ և այդ նորմով սահմանված կանոնները կիրառելի են բոլոր հանրապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, այսնիքն նշված իրավանորմերի պահանջների հաշվառմամբ պետք է կազմվեն ընտրողների ցուցակները ՏԻՄ ընտրություններում»,- նման որոշում է հրապարակել դատարանը: «Վարչական դատարանն այնպես մեկնաբանեց մեր հայցը, որ դուրս եկավ` Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին»,- մեկնաբանեց Պատվական Հովակիմյանը: ՀԱԿ լիազոր ներկայացուցչի խոսքով`իրենց մտահոգությունն են, որ օրենքի այս կետը պարարտ հող կլինի օրինախախտումների համար. «Իշխանությունն այսօրվա վիճակով հասկանալով , որ մարտի մեկի դեպքերը և քաղբանտարկյալների առկայությունը իրավիճակը փոխել են Հայաստանում և տեղի է ունեցել լուրջ բեկում. եթե  որ 2003, 2004, 2008թ. անգամ բացահայտ կարելի էր գտնել դեպքեր, որ մարդ ասեր ով փող տա, նրան կընտրեմ, այսօր չես կարող նման մարդ, դրա համար էլ այսօր արդեն սկսել են ապօրինություններ` ցույց տալու, որ էլի լինելու են նույն ընտրությունները, որ տարբեր համայքներից, տարբեր բնակավայրերից հաշվառում չունեցող անձանց բերելու են ներգրավեն ընտրական ցուցակներում, որոնց միջոցով կկարողանան ինչ-որ տոկոսներ ավելացնել, կեղծիքները օրինական ճանապարհով են իրենք ուզում տանել, յուրաքանչյուր համայքնի հաշվարկով կարող են մոտ 10 հազար մարդ ավել բերել քվեարկելու, դրա համար էլ մենք սահմանդրական դատարան ենք դիմել»,- ասաց նա: Այս տեսակետի հետ Հրայր Թովմասյանը համաձայն չէ. «Ես հասկանում եմ աղմուկը, որ այդ հոդվածը կարող է չարաշահումների տեղիք տալ, բայց ինչպես կարող են մարդուն մի տեղ հաշվառումից հանել ու բերել մշտական բնակության կնիք դնել, նույն հաջողությամբ անձին կարող են այլ տեղից հաշավռումից հանել ու բերել մեկ այլ համայնքի բնակարանում սեփականատիրոջ համաձայնությամբ հաշվառել տվյալ համայնքում»,-կարծում է նա: Հրայր Թովմասյանն այն համոզմունքն ունի, որ ՀԱԿ-ի հայցը մերժվելու է և հաշվառում չունեցող քաղաքացիները ընդգրկվելու են ընտրացուցակներում, քանին որ «նրանց համար որևէ ցենզ չպետք է սահմանվի»: Ապրիլի 28-ին սահմանադրական դատարանը  մինչև դատաքննության ավարտը և Սահմանդրական դատարանի կողմից գործով որոշման ընդունումը կասեցրել է հոդվածի այդ կետի գործողությունը`«որպես դիմումի ապահովման միջոց»: ԿԸՀ-ի տվյալներով ապրիլի 21-ի դրությամբ, Երևանում հաշվառված է 771 հազար 353, որոնք կազմում են երկրում ընտրողների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսից ավելին: «2008 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը Երեւան քաղաքում ընտրողների քանակը ավելացել է 4274-ով: 2009 թվականի հունվարի 1-ի եւ նախնական ցուցակի (ապրիլի 1-ի) դրությամբ, ընտրողների քանակը ավելացել է 7570-ով, որից 2511-ը փախստականներն են եւ կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները ավելացել են 5059-ով», - երեկ  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ  այս տարվա մի քանի ամիսների ընթացքում գրեթե 2 անգամ ավելի շատ ընտրող է հաշվառվել Երևանում, քան անցյալ տարվա երկրորդ կիսամյակում: Բացի այդ ըստ ՀԱԿ-ի տվյալների Երևանում հաշվառված 771 հազար 353 ընտրող ընտրողների մեջ կան 16110 ընտրող, որոնք չեն մասնակցել 2008թ փետրվարի 19-ի համապետական ընտրություններին և նրանց մոտ հարց է ծագում, թե ինչպես են այդքան շատ ընտրողների հաշվառվել այդքան կարճ ժամանակում: ՀԱԿ-ը կասկածներ ունի, որ դա արվել է կեղծիքի ճանապարհով: Պատվական Հովակիմյանը համոզված է «բոլոր ընտրակեղծիքները չես կարող կանխել, եթե հաշվառում չունեցողները չմասնակցեն ընտրություններին, քանի որ սպասվում են ընտրակեղծիքներ ընտրություներից առաջ, ընտրությունների ընթացքում և հաշվարկման ընթացքում, բայց հսկայական քանակությամբ ընտրակեղծիքների դիմացը կառնենք»,- համոզված է նա: Պ. Հովակիմյանը հույս ունի, որ Սահմանադրական դատարանը կբավավարարի իրենց հայցը: Ի դեպ ՀԱԿ-ը միակը չէ, որ այդ խնդրով հայց է ներկայացրել վարչական դատարան: Երևանի և ավագանու ընտրությունների մասնակցող մեկ այլ քաղաքական ուժ ` Ժողովրդարական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ևս հայց էր ներկայացրել վարչական դատարան` պահանջելով թույլ չտալ հաշվառում չունեցող քաղաքացիներին մասնակցել ընտրություններին: Այսօր դատավոր Արծրուն Միրզոյանի մերժեց Տիգրան Կարապետյանի հայցը: «Համոզված եմ, որ հարյուր հազարավոր չհաշվառված մարդիկ կան. որոնց իրավունքները ԿԸՀ-ն պաշտպանում է, բայց երևանցիներիս իրավունքները, որ մենք չենք ցանկանում, որ որևէ մեկը կողքից գա ու մեր բախտը որոշի, հաշիվ չեն: Դեմ եմ, որ մարդիկ հաշվառվեն ընտրության նախաշեմին եւ ընտրեն լինի ՀՀ քաղաքացի, թե արտասահմանցի, եթե տեղաբնակ չի ինչու ընտրի, դա կեղծիք է, որը հնարավորություն է տալիս կեղծելու ընտրությունները»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Տիգրան Կարապետյանը ևս պատրստվում է դիմել Սահմանադրական դատարան: Սակայն ԿԸՀ Իրավաբանական եւ ծրագրամեթոդական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում անհամաձայնություն հայտնեց, որ օրենքի այդ այդ կետը ընտրակեղծիքների հնարավորություն է տալիս. «Դա վառ երևակայության արդյունք է, դա ենթադրության և աննորմալության կանխավարկածն է, եթե հաշվառումից մարդը դուրս է գալիս ու նորից հաշվառվում է, դա նրա սահմանադրական իրավունքն է»,- ասաց Նունե Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter