HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ուսանողները փորձում են հաղթահարել ճգնաժամը

Այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում մրցանակներ հանձնվեցին այն 11 ուսանողներին, ովքեր ՀՀ կառավարության եւ ԿԲ-ի հետ համագործակցությամբ «Մեդիամաքս» գործակալության առաջարկած մրցույթին արձագանքելով` «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» խորագրով ռեֆերատներ էին ներկայացրել ու արժանացել ժյուրիի հավանությանը: Մրցույթին ներկայացվել է 36 աշխատանք: Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին Կառավարության ղեկավար Տիգրան Սարսգյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ իրենց նպատակը երիտասարդության շրջանում հետազոտական աշխատանքները խրախուսելն է. «Դա մեզ համար էական և հիմնարար սկզբունք է այն առումով, որ 21-րդ դարը լինելու է մտագործունեության դաշտ, եւ այն ազգերն են ունենալու հարաբերական մրցակցային առավելություն, որոնք ներսում բացահայտել են ինտելեկտուալ ներուժ, վերլուծական կարողություններ և ձգտում դեպի գիտելիք»: Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ այս «ձեռնարկը» վարակիչ կլինի նաև մասնավոր ընկերությունների համար` կազմակերպելու նման միջոցառումներ եւ ստանալու պետության աջակցությունը: ՀՊՏՀ-ի ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Վաչիկ Գևորգյանը, ով առաջին տեղը զբաղեցրեց ու ստացավ դրամական պարգև` 150 հազ. դրամ, առաջարկում է հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում ԿԲ-ի կողմից 5-6 տոսոկով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ավելի ակտիվ իրականացնել ենթակառուցվածքային միջոցառումներ, որոնք կխթանեն մասնավոր սպառումը, ինչը շղթայական ձևով աճ կարձանագրի նաև տնտեսության մյուս ճյուղերում: Նրա կարծիքով` առաջին անհրաժեշտության ապրանքների համար պետք է սահմանել ավելի ցածր դրույքաչափեր` ի տարբերություն մյուս ապրանքատեսակների, որը հնարավորություն կտա կատարելագործել գնագոյացման մեխանիզմները և թուլացնել սոցիալական լարվածությունը, մասնավոր սեկտորին օգնություն ցուցաբերելիս առաջնորդվել ոչ թե աշխատողների քանակով, այլ դրա գործունեության արդյունավետությամբ և արտահանման պոտենցիալով: Արցախի պետական համալսարանի Տնտեսա-իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Լազարյանն էլ, ով ստացավ 100 հազ. դրամ մրցանակ, ասաց, որ կառավարությունը ուժեղ հակաճգնաժամային քաղաքականություն պետք է վարի` ուղղված փոքր բիզնեսի զարգացմանը, գործազրկության դեմ պայքարին և սոցիալապես անապահով խավերի պաշտպանությանը: 3-րդ տեղը զբաղեցրած ՀՊՏՀ-ի Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Միքայել Չարչյանն էլ ստացավ 78 հազ. դրամ: Մյուս ուսանողները տարբեր պարգևներ ստացան մասնավոր սեկտորի ընկերություների կողմից: «Ինձ բոլոր առաջարկությունները թվում են շատ հետաքրքրական, բոլորն էլ իրավունք ունեն իրենց հիպոթեզներն առաջ քաշել, անկախ նրանից` մենք ընդունում ենք, թե չենք ընդունում իրենց առաջարկները, բայց բոլորն էլ լուրջ աշխատություններ էին»,-ասաց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter