HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կ. Ղազինյան. ««Ճանապարհային քարտեզը» կապ չունի Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի հետ»

Հասարակությունը հայ-թուրքական բանակցությունների մասին պաշտոնական Երեւանից շատ քիչ տեղեկատվություն ստանալով` ստիպված տեղեկատվության պակասը լրացնում է այն հայտարություններով և հրապարակումներով, որոնք արվում են թուրքական մամուլում և թուրքական պաշտոնյաներրի կողմից ամենաբարձր մակարդակով: Լրատվամիջոցներն էլ նույն պատճառով հղում են կատարում թուրքական մամուլին: Դրա վառ օրինակը «Ճանապարհային քարտեզի» շուրջ ստեղծված տեղեկատվական արտահոսքերն էին: «Արյո՞ք դա Հայաստանի կողմից անվճար օգնություն չէ Թուրքիայի քարոզչությունը Հայաստանում անելու համար»,-փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանին հարցրեց Հետքը լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ: ««Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում նախարարն ասել է, որ բանակցությունները գնում են փակ ձևով, և եթե բանակցությունների ժամանակ ասվում է մեկ բան, իսկ տեղական լսարանի համար ասվում է մեկ այլ բան, դա իրենց գործն է, բայց մեզ մոտ և միջազգային հանրությունը ընկալում է այն մոտեցումները, ինչ ձևով որ պաշտոնական բանակցությունները գնում են: Սրանք միայն քննարկումներ են, «Ճանապարհային քարտեզը» պայմանագիր չէ, «Ճանապարհային քարտեզը» ոչ ոք չի ստորագրել, դա հայտարարություն է եղել «Ճանապարհային քարտեզի» մասին, որը գործողությունների ուղեցույց է: Դա, ի վերջո, հասցնելու է նրան, որ երկրների միջև ստեղծվեն բարիդրացիական հարաբերություններ, և մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք պաշտոնական լուրերին, քան թե որևէ լրատվական միջոցի, որը պաշտոնական աղբյուր չի»,- ասաց Կ. Ղազինյանը: Մեր այն դիտարկմանը, թե հայկական պաշտոնական տեղեկատվությունն այնքան քիչ է, որ հասարակությունը ստիպված երբեմն հավատում է թուրքական մամուլին, Կարինե Ղազինյանն արձագանքեց. «Ուրեմն մենք պետք է այնպես անենք, որ իսկապես ավելի ակտիվ գտնվենք, եթե բացթողումներ կան, և այդ պակասը կա, այո, ես համաձայն եմ ձեզ հետ, որ այն անհրաժեշտ է լրացնել»: Փոխարտգործնախարարը խոստովանեց, որ միգուցե պետք էր «ավելի ակտիվ լինել հայ-թուրքական բանակցությունների մասին հասարակայնությանը և սփյուռքին տեղեկացնելու առումով, որպեսզի ճիշտ արձագանք ստացվեր»: Կարինե Ղազինյանը համոզված է, որ դեռ ուշ չէ սխալն ուղղելու համար և բոլոր գաղթօջախներին և համայնքներին տեղեկացնելու հայ-թուրքական բանակցությունների ընթացքի մասին, ներկայացնելու, որ «սրանք իսկապես առանց նախապայմանների են և կապ չունեն Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի հետ»: Վերջերս Լեռնային Ղարաբաղից էլ ամենաբարձր պաշտոնյաների բերանով մտահոգություններ էին հնչել` կապված հայ-թուրքական հարաբերությունների և մասնավորապես «Ճանապարհային քարտեզի» կետերի վերաբերյալ: Կարինե Ղազինյանը կարծիք հայտնեց նաև, որ ղարաբաղյան գործընկերների հետ էլ միգուցե պետք էր ավելի սեղմ համագործակցություն ծավալել և ժամանակին իրազեկել կատարվածի մասին: Կարինե Ղազինյանը հավելեց նաև, որ երբ «հասնենք մի տրամաբանական ավարտի, որին մենք ձգտում ենք բանակցություների ընթացքում, ապա այդ ժամանակ հնարավոր կլինի ավելի բացել փակագծերը և «Ճանապարհային քարտեզի» բոլոր փակ մնացած կետերը հասարակայնությանը ներկայացնել»: Ի դեպ, ըստ Կարինե Ղազինյանի, արտգործանախարար Էդուարդ Նալբանդյանը, ԱՄՆ-ից վերադառնալով Հայաստան, փակ խորհրդակցություններ է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Լրագրողները մտահոգություն հայտնեցին, որ արգործնախարարի հանդիպումների մասին ևս տեղեկանում են արտասահմյան կայքերից: Կարինե Ղազինյանը խոստացավ լրագրողներին իրենց մտահոգությունները տեղ հասցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter