HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կ.Ղազինյան. «Ոչ մենք ենք պատրաստ Եվրամիության անդամ դառնալ, ոչ Եվրամիությունն է պատրաստ մեզ ընդունել»

Մայիսի 7-ին Պրահայում հրավիրվող գագաթաժողովում Եվրոպական միության և Արևելյան Եվրոպայի վեց պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի նախագահները կամ կառավարությունների ղեկավարները կընդունեն հռչակագիր, որով կտրվի «Արևելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխարտգործնախարար Կարինե  Ղազինյանը տեղեկացրեց, որ չնայած գագաթնաժողովը վաղն է, բայց մինչ այսօր էլ դեռ շարունակվում են աշխատանքները հռչակագրի տեքստի վրա: Ըստ նրա` եվրոպացի պաշտոնյանները հայտարարել են. որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում կգնա շատ սերտ համագործակցություն բոլոր 6 երկրների հետ` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրում արձանագրված առաջընթացը: Կարինե Ղազինյանը նշեց, որ ծրագիրը հնարավորություն  է տալիս Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցություն հաստատել, որն իրականացվելու է կողմերի համատեղ որոշումներով: Այդ որոշումների հիմքում  դրվելու է ժողովրդավարությունը, լավ կառավարումը և կայունությունը, տնտեսական ինտեգրումը և կոնվերգենցիան, էներգետիկ անվտագությունը, մարդկային շփումները: «Ընտրված 6 երկրներից գրեթե բոլորը միմյանց հետ կոնֆլիկտներ ունեն, այդ պարագայում ինչպես են նրանք համագործակցելու»  հարցին Կարինե Ղազինյանը պատասխանեց. «ԵՄ համոզմամբ` յուրաքանչյուր հակամարտության դեպքում, եթե առաջարկում ես համագործացության եզրեր, ապա հնարավոր է գտնել այնպիսի կետեր, որոնց շուրջ կարելի է համաձայնության գալ: Դրա համար էլ, հենց այս երկրներին է առաջարկվել գործընկերությունը: Ոչ թե կոնֆլիկտները շրջանցելով, այլ տնտեսական համագործակցության միջոցով կարելի է լուծել այդ խնդիրները»: Փոխարտգործնախարարը կարևորեց, որ համագործակցությունը Եվրամիության երկրների հետ վերաբերելու է և պետական կառույցներին և հասարակական ինստիտուտներին: «Սա պետք է նպաստի ժամանակակից եվրոպական արժեքներին դավանող ներկայացուցչական և անկախ քաղաքացիական հասարակության կայացման գործին»,- ասաց Կ.Ղազինյանը: Եվրամիության հետ 6 երկրների առանձին երկկողմանի հարաբերությունները ենթադրում են ասոցացման համաձայնագրերի կնքում, բայց դրանք կկնքվեն այն երկրների հետ, որոնք զգալի առաջընթաց կցուցաբերեն ժողովրդավարական զարգացումների առումով: «Եթե ունես ասոցացման համաձայնագիր, ուրեմն մեկ քայլ է մնում դեպի անդամություն, բայց մենք ուղղակի ռեալիստ ենք, մենք գիտենք, որ ոչ մենք ենք պատրաստ ուղղակի Եվրամիության անդամ դառնալ, ոչ  Եվրամիությունն է պատրաստ մեզ ընդունել»,- ասաց փոխարտգործնախարարը: Զգալի առաջընթացի դեպքում քայլեր են ձեռնարկվելու 6 երկրների քաղաքացիների համար Եվրոպա մուտքի արտոնագրումը ամբողջությամբ ազատականացնել: Արևելյան գործընկերության իրականացման համար միչև 2013թ. Եվրամիության կողմից տրամադրվելու է 600 մլն եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter