HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

ԱՊՀ-ի ամենահրապարակային ընտրացուցակները

Մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ի դրությամբ Երևանում հաշվառված ընտրողների թիվը 771 հազար 353-ն է: Սահմանադրական դատարանում ՀԱԿ-ի նախընտրական դաշինքի լիազոր ներկայացուցիչ, իրավաբան Պատվական Հովակիմյանն էլ Հետքին փոխանցել էր, որ իրենց տվյալներով` 771 հազար 353 ընտրողների մեջ կան 16110 ընտրող, որոնք ընգրկված չեն եղել 2008 թ. փետրվարի 19-ի համապետական ընտրությունների ցուցակներում  և միայն նոր են հաշվառվել Երևանում: ՀԱԿ-ը լուրջ կասկածներ ունի, որ այդ քաղաքացիներն ավելացել են հիմնականում կեղծիքի ճանապարհով, քանի որ նրանց մի մասն է ընտրող, այսինքն` 18 տարին լրացած, ևս 556 քաղաքացիներ համապետական ընտրությունների  ժամանակ իրենց քվեարկությունը կատարել են մարզերում : Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աբրահամ Բախչագուլյանից փորձեցինք ճշտել, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում ՀԱԿ-ի հրապարակած թիվը: Աբրահամ Բախչագուլյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիների տեղաշարժը ՀՀ տարածքում չի սահմանափակվում, քաղաքացին ցանկացած պահի կարող է ընտրել իր ապրելու բնակավայրը, կարող է օգտվել իր իրավունքից` այս կամ այն տարածքում ունենալու սեփականություն: «Եթե ցուցակներում քաղաքացիների թիվը կտրուկ ավելացել է, ապա ոստիկանության Անձնագերի և վիզաների վաչության պետը հստակ ներկայացրել է` ինչքան մարդ է ավելացել Երևան քաղաքում, ինչքան մարդ է ավելացել մարզերում: Ես չեմ ասում պակասել է, քանի որ եթե վերցնենք, որ դա ընտրախախտումներին է վերաբերում, այսինքն` տրամաբանությունը նրանում է, որ համապետական ընտրություններից հետ բոլորը սևեռվեցին դեպի Երևան, պետք է որ մարզերից քաղաքացիները հաշվառումից դուրս գային և գային Երևանում հաշվառվեին, որպեսզի Երևանում թիվ ավելանա, իսկ վիճակագրությունը հետևյալն է, որ մարզերում ընտողների թիվը ևս ավելացել է և բնականոն աճն է ցույց տալիս 18 տարին լրացածների և մահացածների միջև»,- ասաց Աբրահամ Բախչագուլյանը: Ըստ Աբրահամ Բախչագուլյանի` լիազոր  մարմինը` ոստիկանությունը,  տարեկան 2 անգամ հրապարակում է ընտրողների ռեգիստրում առկա քաղաքացիների թիվը, իսկ ընտրություններից 40 օր առաջ ռեգիստրային տվյալների հիման վրա կազմվում են ընտրողների նախնական ցուցակները: Հենց այդ պատճառով էլ,  Աբրահամ Բախչագուլյանի խոսքերով, պետք չէ նայել, թե 2008 թ. փետրվարի 19-ի ընտրություներից մինչև օրս ինչքան է ավելացել ընտրողների թիվը, քանի որ այդ ընթացքում 2 անգամ լիազոր մարմինը հրապարակել է ընտրողների թիվը: Աբրահամ Բախչագուլյանը նշեց, որ ՀԱԿ-ն այլ տեսանկյունից է հարցին նայում, իրենք` այլ:  «Իրենք հարցին նայում են 2008 թ. փետրվարից հետո ընկած ժամանակահատվածի առումով,  մեզ մոտ այդ ժամանակահատվածը ավելի կարճ է, և ավելացումներն այդ միջակայքի տարբեր ժամանակահատվածներում տարբեր են եղել:  Պետք է գնահատել իրավիճակը, այլ ոչ թե ընտրախախտումների վերաբերյալ ինչ-որ մտավախություններ ունենալ, քանի որ ցուցակները, որպես այդպիսին, ամենահրապարակայինն են»,- համոզված է ԿԸՀ-ի քարտուղարը: Աբրահամ Բախչագուլյանի կարծիքով` առհասարակ ՀՀ  ընտրողների ցուցակների նման հրապարակային ցուցակներ մեր ԱՊՀ տարածաշրջանում չկան: Իր այս կարծիքը ԿԸՀ քարտուղարը հիմնավորում է նրանով, որ ընտրողների ցուցակը վարում է մեկ լիազոր մարմին, այն տեղադրված է ԿԸՀ ինտերնետային կայքում և յուրաքանչյուրը կարող է տեսնել` կան ցուցակում անհամապատասխանություններ, թե չկան: Ասուլիսում Աբրահամ Բախչագուլյանի  հետ բանավիճող իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հակադարձեց, որ պետք չէ թվերի մեջ խորանալ, քանի որ «պետք է  սովորած լինենք, որ յուրաքանչյուր ընտրության նախաշեմին մեզ մոտ ընտրացուցակների հետ կատարվում են ինչ-որ թվային փոփոխություններ, միշտ ինչ-որ մարդիկ տեղաշարժվում են ՀՀ-ում, ու մենք դա չենք տեսնում,  չնայած ապրում ենք այս երկրում, գալիս են, գնում են, ծնվում են,  մահանում են, ընդունում ՀՀ քաղաքացիություն, այդ ամբողջ տեղաշարժի արդյունքում մեր ընտրացուցակների հետ կատարվում են ինչ-որ անհասկանալի բաներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter