HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Արեւելյան գործընկերություն. եվրոպական այլընտրանք

Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ Եվրամիության Արեւելյան գործընկերություն ծրագրի գագաթաժողովը, որն էլ ազդարարեց երկար սպասված ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Եվրամիության 27 եւ Արեւելյան գործընկերության 6 պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս) ներկայացուցիչները ստորագրեցին պայմանագիր, որը նախատեսում է «արագացնել քաղաքական մերձեցումը եւ խորացնել տնտեսական ինտեգրումը» Եվրամիության եւ այս պետությունների միջեւ:

Նախաձեռնությունն ընդգրկում է համագործակցություն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բարեփոխումների, շուկայական տնտեսության, ինչպես նաեւ Եվրոպայի հետ ազատ առեւտրի, տարածաշրջանային եւ էներգետիկ համագործակցության ոլորտներում: Որպես ավելի երկարաժամկետ նպատակ է դիտվում նաեւ Եվրամիության հետ վիզային ռեժիմի թեթեւացումը:

Այս ամենի իրականացման համար ԵՄ-ն մտադիր է 600 մլն եվրոյի օգնություն հատկացնել: Միաժամանակ ԵՄ-ն հոգ է տարել, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական ներդրումային բանկն ավելացնեն Բրյուսելի 6 նոր գործընկերներին տրամադրվելիք իրենց փոխառությունների ծավալները: Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, սակայն, վեր հանեց բոլոր այն հակասությունները եւ խոչընդոտները, որոնք ապագայում պետք է հաղթահարել` շոշափելի հաջողություններ արձանագրելու համար:

Դրանցից ամենաթեթեւը, թերեւս, Ռուսաստանի բացասական դիրքորոշումն է ծրագրի նկատմամբ: Մոսկվան չի թաքցնում, որ Արեւելյան գործընկերությունն ընկալում է որպես ոտնձգություն իր ավանդական ազդեցության գոտու նկատմամբ եւ այս հարցում ՆԱՏՕ-ի ձախողած փորձի շարունակություն: Եվ չնայած ԵՄ ներկայացուցիչների հավաստիացումներին, որ ծրագիը ոչ մի դեպքում ուղղված չէ Ռուսաստանի դեմ` Մոսկվան շարունակում է ծրագրին նայել մեծ կասկածներով եւ, հավանաբար, արհեստական բարդություններ փորձի ստեղծել դրա համար: Եվրոպայում չեն թաքցնում, որ նախաձեռնությունն ուղղակի արձագանք է նախորդ տարվա ռուս-վրացական պատերազմին եւ պարբերական հաճախականություն ձեռք բերող ռուս-ուկրաինական գազային ճգնաժամերին:

Ինչպես գագաթաժողովում նշեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով, ի դեպ, միակ ներկան էր արեւմտաեւվրոպական պետությունների ղեկավարներից, «Եվրամիությունը գիտի, ընդ որում` ոչ միայն Վրաստանի ճգնաժամի եւ այս տարեսկզբի գազային ճգնաժամի պատճառով, որ անվտանգությունն ու բարեկեցությունը Եվրոպայում կախված են նաեւ Արեւելյան գործընկեր երկրների կայունությունից»:

Մոսկվայի դժգոհությունը, սակայն, արդեն իսկ տվեց առաջին պտուղները. գագաթաժողովին Գործընկերության 6 երկրներից երկուսը` Բելառուսը եւ Մոլդովան, ներկայացված էին ոչ թե նախագահների, այլ ավելի ցածր ռանգի պաշտոնյաների մակարդակով` ակնհայտորեն Մոսկվային չբարկացնելու մտադրությամբ:

Չի բացառվում, որ ապագայում էլ Մոսկվան, ինչպես նման դեպքերում միշտ պատահում է, «հորդորի» նախկին խորհրդային իր գործընկերներին ձեռնպահ մնալ Բրյուսելի հետ չափազանց սերտ համագործակցությունից: Սակայն Արեւելյան գործընկերության ծրագրի հարցում հակասություններ կան նաեւ Եվրամիության ներսում: Չնայած նախաձեռնությունը պատկանում է Բրյուսելին` ԵՄ անդամ պետություններից շատերն ամենեւին շահագրգռված չեն դրանով:

Սրա վկայությունն էր այն, որ ԵՄ մի շարք պետությունների բարձրագույն ղեկավարները չներկայացան գագաթաժողովին: ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրիայի, Պորտուգալիայի եւ մի շարք այլ երկրների ղեկավարներ իրենց փոխարեն ուղարկեցին ավելի ցածր ռանգի ներկայացուցիչների` դրանով իսկ ցուցադրելով իրենց վերաբերմունքը նախաձեռնությանը:

Ավելին, մի շարք պետությունների ջանքերով, ստորագրվելիք հռչակագրում 6 պետություններին վերաբերվող «եվրոպական երկրներ» արտահայտությունը գագաթաժողովի նախօրեին փոխարինվեց «գործընկեր պետություններ» արտահայտությամբ` սրանով իսկ չեզոքացնելով ԵՄ-ին անդամակցելու հնարավորության մասին մեկնաբանությունները:

Միաժամանակ, վիզային ռեժիմի ազատականացմանը վերաբերող բաժնում դրա համար մտցվեց «երկարաժամկետ նպատակ» արտահայտությունը: ԵՄ ներսում առկա այս խիստ դիմադրությունը լիովին տրամաբանական է: Եվրոպայում ամենաշատը երկյուղում են նախկին խորհրդային հանրապետություններից զանգվածային ներգաղթի հեռանկարից:

Ավելին, ներքին ներգաղթը ԵՄ ավելի քիչ զարգացած երկրներից դեպի Արեւմտաեվրոպական երկրներ, հսկայական ծավալներ ունի եւ արդեն իսկ լուրջ գլխացավանք է պատճառում:

Սրան ավելանում է նաեւ տնտեսական ճգնաժամը, որը լուրջ մարտահրավերներ է նետել միավորված Եվրոպային: Այդ իսկ պատճառով ԵՄ ներսում կան դաշինքի հետագա ընդլայնման մոլի հակառակորդներ, եւ նրանց դիմադրությունը եւս, թերեւս, ապագայում կխոչընդոտի Արեւելյան գործընկերության ծրագրի լիարժեք իրականացմանը:

Ամեն ինչից բացի, համաշխարհային լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հետխորհրդային 6 պետություններն էլ ժողովրդավարական եւ տնտեսական ազատությունների լուրջ խնդիրներ ունեն:

Եվ նույնիսկ այս հարցում ավելի դրական իմիջ ունեցող Վրաստանին եւ Ուկրաինային Եվրոպայում արդեն մոտենում են վերապահումով: Եվրամիությունն անշուշտ շատ ջանք պիտի թափի այս երկրներին ժողովրդավարության չափանիշներին մոտեցնելու համար: Սակայն ամենավտանգավորն այն է, որ Եվրոպան կարող է ակամա գործել իր սկզբունքներին հակառակ:

Ինչպես նշում է RFE/RL-ի բրյուսելյան թղթակից Ահթո Լոբյակասը` «Նշաններ կան, որ Միությունը, թեեւ դժկամորեն, արդեն իսկ ադապտացվում է այն նոր միջավայրին, որում հայտնվել է:

Մասնավորապես, այն մի խաղաքարտ է վերցրել Ռուսաստանի խաղաթղթերից` ճնշելով իր ժողովրդավարական սկզբունքները եւ մերձեցում փնտրելով Բելառուսի հետ, աչք փակելով մոլդովական կոմունիստական ռեժիմի վերջին դաժան անկարգությունների վրա եւ իր կողքին պահելով Հայաստանին եւ Ադրբեջանին` չնայած նրանց ավելի քան կցկտուր ժողովրդավարական արձանագրումներին»:

Ամենակարեւորը, սակայն, այն է, որ Արեւելյան գործընկերության հետ մեծ հույսեր են կապում հատկապես հետխորհրդային պետությունների շարքային քաղաքացիները:

Այս երկրներից շատերում առկա ներքաղաքական ճգնաժամն էլ վկայում է այն մասին, որ հետխորհրդային երկրների քաղաքացիներն ուզում են ավելին, քան տնտեսական բարեկեցությունն է, եւ այս հարցում մեծ հույսեր են կապում հենց Եվրոպայի հետ: Նրանց հրապուրում է ոչ միայն ազատ առեւտրի եւ ազատ տեղաշարժի հեռանկարը, այլեւ իրական ժողովրդավարական առաջընթացը:

Հիասթափված տարածաշրջանում ազդեցության համար պայքարող ուժերից` այս երկրներում ավելի քան երբեւէ իրենց ապագան տեսնում են եվրոպական ընտանիքի կազմում: Իր հեղինակությունը երկակի ստանդարտներով համեմատաբար քիչ խաթարած Եվրամիությունը դիտվում է որպես միակ իրական այլընտրանք առաջարկվող զարգացման ուղիներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter