HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վկան հրաժարվեց երեկվա ցուցմունքներից

11_05-h-hakobyanԿենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հակոբ Հակոբյանի քրեական գործի քննությունը: Երեկ հարցաքննված վկա Համլետ Հովհաննիսյան, ով հրաժարվել էր իր բոլոր ցուցմունքներից, այսօր դատարանին գրավոր դիմում է ներկայացրել եւ խնդրել, որպեսզի իրեն նորից հարցաքննեն: Հիշեցնենք, որ 27-ամյա վկան նախօրեին դատարանում հայտարարեց, թե ինքն առհասարակ կապ չունի այս գործի հետ և մարտի 1-ին գտնվել է տանը: Նախաքննության ժամանակ վերջինս ոչ միայն ինքնախոսովանական (իրեն մեղադրող), այլ նաև մեղադրական ցուցմունք էր տվել Հ. Հակոբյանի և մարտի 1-ի զոհերից` Արմեն Ֆարմանյանի դեմ: Դիմումում երեկ դատարանում արած հայտարարությունից հրաժարվելը վկան հիմնավորել է նրանով, որ նիստերի դահլիճում Հակոբ Հակոբյանի հարազտներին տեսնելով` իրեն ճնշված է զգացել եւ ընկել է սթրեսային վիճակի մեջ, ինչի պատճառով էլ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել: «Բնական է, որ վկան նման դիմում պետք է ներկայացներ, որովհետև երեկ ցուցմունքը տալուց հետո նա դատարանի դահլիճից ուղղակի անհետացել է: Լրագրողները սպասել են, որպեսզի նրանից հարցազրույց վերցնեն, սակայն Համլետ Հովհաննիսյանին դատարանի հետևի մուտքից դուրս են հանել»,- ասաց Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը: Ըստ պաշտպանի` երեկ այս ամենը վերլուծելով, ինքը շատ հստակ պատկերացրել է, թե ինչ է կատարվելու այսօր և դեռ գիշերը դատավոր Գագիկ Ավետիսյանին ինքաբացարկ ներկայացնելու միջնորդություն է գրել, որն այսօր հրապարակեց դատարանի դահլիճում: Պաշտպանի հիմնավորմամբ, երեկ վկայի հարցաքննության ժամանակ դատարանը կանխպակալ մոտեցում է ցուցաբերել, և երբ վկան իր ցուցմունքն ավարտել է, նշելով, որ իր բոլոր ցուցմունքները սուտ են եւ հրաժարվում է դրանցից, դատավորը վկային ասել է, որ նա կարող է ցուցմունքները փոխելու համար ենթարկվել քրեական պատասխանատվության: «Սրա ուղղակի արդյունքն այսօր դատարանում վկայի ներկայացրած գրավոր դիմումն է»,- նշեց Մելանյա Առուստամյանը: Մյուս կողմից` պաշտպանը նկատեց, որ երբ գործով անցնող այլ վկաները շատ տարօրինակ ձևով հայտարարում էին, որ պնդում են իրենց նախաքննական ցուցմունքները, երբ անընդհատ հակասական ցուցմունքներ էին տալիս, դատարանը նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին որևէ հիշեցում չէր անում: Մեղադրող Սարգիս Հովսեփյանը առարկեց պաշտպանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության դեմ, քանի որ «միանգամայն միամտություն է Համլետ Հովհաննիսյանի դիմումը կապել դատարանի վերաբերմունքի հետ այն պարագայում, երբ դատարանը որևէ վերաբերմունք չի դրսևորել»: Հովսեփ Սարգսյանը դատարանին խնդրեց հարգել վկայի ներկայացրած դիմումը և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դիմումը դատարան է բերվել ոչ թե մեղադրական կողմի, այլ անձամբ վկայի կողմից: «Արդարացի քննության շահերչից ելնելով` Համլետ Հովհաննիսյանը դատարանում պետք է նորից հարցաքննվի: Համենայնդեպս, մեղադրանքի կողմը երեկ նկատեց, որ վկան իրոք սթրեսային վիճակում էր. հարցաքննության ժամանակ խնդրեց, որպեսզի լվացվելու հնարավորություն ստանա և հրաժարվում էր պատասխանել որոշ հարցերի: Ուստի, վկայի ցուցմունքներին ճիշտ գնահատական տալու համար` անհրաժեշտ է նրան վերստին հարցաքննել»: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը լուծում տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter