HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ստեփան Սաֆարյան. «Անթույլատրելի է առանց լուրջ դիվանագիտական շտկումներ կատարելու և առանց վրիպումների մասին մտորելու առաջ շարժվել»

29_04-s-safaryan«Հայաստանը մխճվել է  մի գործընթացի մեջ, որից ետնահանջը գրեթե անհնարին է, իսկ առաջ շարժվելը կարող է լրջագույնս հարվածել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ պատգամավորի` միջնորդ 3 պետությունները ներկայացնող համանախագահների մոտեցումներն ու շահերը նույնական են ԼՂ խնդրի լուծման մասով և նրանցից ոչ մեկին էլ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղի ապագան. «Մադրիդյան կոչված տխրահռչակ առաջարկների վրա առաջ շարժվելը բերելու է Լեռնային Ղարաբաղի կորստին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են ազատագրված տարածքները փուլ առ փուլ վերադարձնելու մասին, Ղարաբաղի ինքնակառավարման մասին և նրա կառուցվածքի վերջնական ապագան անորոշ հետաձգելու մասին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Ստեփան Սաֆարյանը համոզված է, որ «Հայաստանի իշխանությունները և միջազգային հանրությունը իրենք էլ պետք է հասկանան, որ նման որոշումները ընդունելու դեպքում անգամ որևէ մեկն ի զորու  չէ այդ որոշումները վաճառել հայ հասարակությանը ցանկացած գնով»: Ըստ պատգամավորի` Հայաստանի իշխանությունների քայլերը հնարավորություն են տալիս, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ուղեկցվի Հայաստանի վրա աննախադեպ ճնշումներով: Ստեփան Սաֆարյանի մեկնաբանությամբ` բանակցությունների ընթացքում որևէ աջակցություն  հնարավոր չէ ակնկալել անգամ մեր ռազմավարական գործընկերոջից` Ռուսաստանից, քանի որ նա էլ ունի շատ սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ` նպատակ ունենալով գնելու Ադրբեջանի գազի ամբողջ խմբաքանակը, որպեսզի արևմուտքի համար անցանկալի դառնա որևէ նոր խողովակաշարի անցկացումը: «Այսպիսի տխուր խաղերի մեջ ենք հայտնվել. եթե հայ-թուրքական հարաբերությունների հարցով առայժմ կարողացանք Թուրքիային աջակցել, որ կանխվի ցեղասպանության ճանաչման գործընթացը, ապա այստեղ մտել ենք մի խաղի մեջ, որտեղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը մրցապայքարի մեջ են, թե ով առաջինը կբավավարի Ադրբեջանի նախապայմանները, և ով կստանա իր համար ցանկալի որոշումը»,-ասաց Ս.Սաֆարյանը: Ստեփան Սաֆարյանը եզրակացրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ խնդրի կարգավորման` տեղի ունեցող գործընթացները «նվազագույն աղերսներ ունեն այդ խնդիրների իրական պատճառների և առավելագույն աղերսներ ունեն գեոտնտեսական և գեոքաղաքական շահերի և հարաբերությունների հետ: Հետևաբար, այս կտրվածքով ուղղակի անթույլատրելի է առանց լուրջ դիվանագիտական շտկումներ կատարելու և առանց վրիպումների մասին մտորելու առաջ շարժվել»,- ասաց նա: Ստեփան Սաֆարյանը համոզված է, որ իրավիճակից դուրս գալու համար Լեռնային Ղարաբաղին պետք է դարձնել բանակցությունների մասնակից: Սակայն Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ իշխանությունների կողմից չկա այդ անելու շահագրգռվածություն. «Չկան պահանջներ և քաղաքական որոշումներ, որոնք միջազգային հանրությանը կպարտադրեն ներգրավել Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter