HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը

«Այս ընտրությունների ձեռագիրը դարձյալ փաստում է, որ ընտրությունները գնում են Հայաստանին բնորոշ խեղված տարբերակով, որտեղ ընթացքի մեջ են դրվել այն մեզ վաղուց հայտնի բոլոր մեխանիզմները` ընտրակաշառքներ, ցուցակների կազմում, վարչական և նյութական, քրեագողական բոլոր ռեսուրսների օգտագործում, շահերի բախում,  որոնք հեռու են լինելուց գաղափարական կամ քաղաքական»,- նախընտրական շրջանին նման գնահատական տվեց ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում: Լիլիթ Գալստյանը ընտրակաշառք ասելով չի հասկանում քաղաքացիներին 5000, 10000 դրամ բաժանելը: «Ընտրություններից ընտրություն մարդկանց համար շենքերի տակ ինչ-որ կուսակցության անուն գրել և այդտեղ նարդի ու գարեջուր խմելու ինչ-որ ակումբ դարձնելն ինքնին ընտրակաշառք է , քանի որ հոգեբանություն ենք ստեղծում, որ ընտրությունից ընտրություն ինչ-որ մարդկանց համար աշխատանք են ստեղծում: Դպրոցի տնօրեններ գիտենք, որոնց ահաբեկում են, ցուցակներ կազմել են տալիս, շատերին տարածքներ, փոքրիկ ավտոտնակներ, խոստումներ են տալիս , իսկ որոշ մարդիկ անգամ սեփականաշնորհած համայնքներ ունեն»,-իրավիճակն է ներկայացնում Լիլիթ Գալստյանը: Այս գնահատականը տալով  Լիլիթ Գալստյանը եզրակացություն արեց, որ այս անգամ էլ մեզ չի հաջողվի ազատ և արդար ընտրություններ անցկացնել: «Իսկական ժողովրդավարությունում քվեն է որոշում քո քաղաքական վարկանիշը, գրավչությունը և համոզչականությունը, բայց Հայաստանում ԿԸՀ հայտարարած քվեն երբեք չի արտահայտում այս կամ այն քաղաքական ուժի իրական գունապատկերը և նրա ռեսուրսը»,- համոզված է պատգամավորը: Ըստ նրա` հասարակությունը պետք է գիտակցի, որ այս րոպեական խնդիրներ լուծելով` նա վտանգում է իր մայրաքաղաքի բնակիչ լինելու 4 տարին: «Մենք բարձրաձայնել ենք այս խնդիրները, բայց միշտ ունեցել ենք այն համոզումը, որ ունենք ներքին կայունության խնդիրներ և միգուցե մեր բարձրաձայնելը բավարար արդյունավետ չի եղել: Կարծում եմ, որ մենք էլ պետք է ունենանք այն վճռականությունը և սկզբունքայնությունը շատ ավելի հստակ ասելու, իրերն իրենց անունով կոչելու, քանի որ արդյունքը ոչ միայն մեր կուսակցական շահն է, այլև պետական շահը»,- ասաց ՀՅԴ պատգամավորը: Լիլիթ Գալստյանը կարծում է, որ որոշ կուսակցությունների ցուցակներ ընդգրկված թեկնածուները սև PR են այդ կուսակցությունների համար: «Այսօր այս կամ այն ցուցակներում ընդգրկված գործող թաղապետերը ժողովրդի հետ հանդիպում են և անաբուռաբար մարդկանցից փորձում են քվե գողանալ և հավաստիացնել, որ Երևանը կդարձնեն վարդագույն, գեղեցիկ, պայծառ, կանաչ, դրախտային քաղաք, երբ որ իրենք ոչ թե այդ պատասխանատվությունը պետք է մեկ անգամ էլ ստանձնեն, այլ պետք է պատասխան տան նրա համար, թե ինչ են արել Երևանի հետ»,- ասաց նա: Լիլիթ Գալստյանը հայտնեց նաեւ, որ «աղբահանությունից մինչև Երևանի քաղաքաշինական նկարագիրը բազմաշերտ, իրապես քաղաքական պատասխանատվություն և քաղաքական լուծումներ պահանջող խնդիրներ են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter