HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի սկզբունքներն` ընդդեմ Գագիկ Շամշյանի դատավճռի

Աստղիկ Սիմոնյան

«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թ. ապրիլի 17-ի դատավճիռը[1] որոշակիորեն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 10-րդ եւ 6-րդ հոդվածների դրույթների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքներից մի քանիսին:

ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է յուրաքանչյուրի արտահայտվելու ազատությունը «առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից»: Այդուհանդերձ, այս իրավունքը բացարձակ չէ, եւ 10-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է այն հիմքերը, որոնցով այն կարող է սահմանափակվել` պայմանավորված

«այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես եւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

Ինչպես ցույց է տալիս վերոհիշյալ հոդվածի եւ ՄԻԵԴ-ի պրակտիկայի վերլուծությունը, ազատորեն արտահայտվելու իրավունքի որեւէ միջամտություն համարվում է իրավաչափ միայն ու միայն այն դեպքում, երբ այն բավարարում է հիշյալ հոդվածի բոլոր երեք պայմանները միաժամանակ: Պայմաններից առաջինն այն է, որ ցանկացած միջամտություն պետք է «նախատեսված լինի օրենքով»` ապահովելու իրավական որոշակիության սկզբունքը եւ հնարավորություն ընձեռելու անձին ինքնուրույն, իսկ հարկ եղած դեպքում` նաեւ համապատասխան մասնագետի օգնությամբ կանխատեսելու իր գործողությունների համար նախատեսված պատասխանատվության ձեւը եւ չափը: Երկրորդ պայմանը պահանջում է, որ պետական մարմինների ցանկացած միջամտություն համապատասխանի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «օրինական նպատակներից» առնվազն մեկին: Եվ երրորդ ու ամենակարեւոր պայմանն այն է, որ միջամտությունը պետք է «անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում»: Այս պայմանի առկայությունը որոշելու համար ՄԻԵԴ-ը կիրառում է եւս երկու իրավական կատեգորիա. միջամտությունը պետք է բխի «հրատապ հասարակական կարիքից» եւ լինի «համաչափ»: Ավելին` միջամտության անհրաժեշտությունը պետք է ապացուցվի «համոզիչ կերպով», այն է` պետության կողմից այդ անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկները պետք է լինեն «տեղին եւ բավարար»: Ցանկացած միջամտություն, որի նպատակին կարելի էր հասնել «պակաս սահմանափակող միջոցներով», համարվում է անհամաչափ: Հենց այս վերջին պայմանին է, որ հակասում է ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի համար Գագիկ Շամշյանի նկատմամբ կայացված դատավճիռը: Ակնհայտ է, որ դատավոր Գագիկ Ավետիսյանի «հեղինակությունն ու իրավունքները պաշտպանելու», ինչպես նաեւ ի դեմս նրա «արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու» օրինական նպատակով ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի համար Գագիկ Շամշյանին դատապարտելը խախտում է ժողովրդավարական հասարակությունում միջամտության անհրաժեշտության պայմանը մի քանի պատճառով: Ինչպես բազմիցս նշել է ՄԻԵԴ-ը. «Արտահայտվելու ազատությունը հասարակության լրջագույն հիմքերից մեկն է, նրա առաջընթացի եւ յուրաքանչյուր մարդու զարգացման նախապայմանը: գ Այն վերաբերում է ոչ միայն այնպիսի «տեղեկությունների կամ գաղափարների», որոնք դրականորեն են ընդունվում կամ վիրավորական չեն, այլեւ տեղեկությունների կամ գաղափարների, որոնք վիրավորական են, ցնցող կամ անհանգստացնող պետության կամ հասարակության որեւէ հատվածի համար: Այդպիսին է բազմակարծության, հանդուրժողականության եւ լայնախոհության թելադրանքը, առանց որի չի կարող լինել «ժողովրդավարական հասարակություն»»:[2] Այս սկզբունքները վերաբերում են ցանկացած արտահայտության, սակայն դրանք առավել քան խստորեն պետք է պահպանվեն լրատվամիջովների եւ նրանց ներկայացուցիչների նկատմամբ, որոնք կատարում են «հանրային հսկող շան» գործառույթ[3]` տեղեկություններ հաղորդելով հանրությանը «վերջինիս շահերին վերաբերող ցանկացած հարցի շուրջ»[4]: Այդ պարտքը կատարելիս լրագրողներն ազատ են ապավինելու որոշակի չափազանցության եւ նույնիսկ պրովոկացիայի[5]: Լրագրողների` հիշյալ պարտականությանը համապատասխանում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը: ՄԻԵԴ-ն ընդունել է, որ լրատվամիջոցների «հանրային հսկող շան» գործառույթը նաեւ ենթադրում է այնպիսի հարցերի բարձրացում, որոնք առնչվում են արդարադատության իրականացմանը: Լրատվամիջոցներն այն կառույցն են, որոնք հնարավորություն են ընձեռում քաղաքական գործիչներին եւ հանրությանը տեսնելու, թե արդյոք դատավորները պատշաճորե՞ն են իրականացնում իրենց ծանր պարտականությունները[6]: Հասկանալիորեն, դատավորը, որպես պետության դատական իշխանության ներկայացուցիչ, նույնպես պետք է հանդուրժող լինի վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող տեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ: Մյուս կողմից, դատարանը, ըստ ՄԻԵԴ-ի, օժտված է հատուկ գործառույթներով եւ դրանց իրականացման ընթացքում պետք է վայելի բարձր «հասարակական վստահություն»: «Հետեւաբար, կարող է հարկ լինել` պաշտպանելու այդ վստահությունը կործանարար եւ, ըստ էության, անհիմն հարձակումներից` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննադատության արժանացած դատավորը պարտավոր է դրսեւորել զսպվածություն, ինչը թույլ չի տալիս նրան անդրադարձնելու իրեն ուղղված հարձակումները»[7]: Այս հարցում միանգամայն այլ է ամերիկացի դատավորների մոտեցումը, որոնք խիստ ինքնավստահ են եւ մերժում են այն փաստարկը, որ հասարակության վստահությունն իրենց հեղինակության եւ արդարադատության իրականացման նկատմամբ կարող է խաթարվել թշնամական արտահայտությունների միջոցով[8]: Ըստ ՄԻԵԴ-ի` ներպետական իշխանություններն են, որպես կանոն, որոշում` անհրաժե՞շտ է, արդյոք, տվյալ միջամտությունը արտահայտվելու ազատության իրականացման ընթացքին: Այդուհանդերձ, նրանց հայեցողությունը ենթակա է եվրոպական վերահսկողության ինչպես օրենսդրության, այնպես էլ դրա կիրառության հետ կապված որոշման մասով նույնիսկ այն դեպքում, երբ այդ որոշումը կայացրել է անկախ դատարանը[9]: Վերադառնալով «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» պայմանի առաջին բաղադրիչին` միջամտության «հրատապ հասարակական կարիքին», պետք է փաստել, որ ՄԻԵԴ-ն այս հարցին մոտենում է երկու կարեւոր բաղադրիչների լույսի ներքո: Միջամտությունն անօրինական է համարվում, եթե արտահայտված խոսքը պարունակում է փաստացի հայտարարություններ կամ սուբյեկտիվ գնահատական, որը, սակայն, նույնպես չպետք է զուրկ լինի որոշակի փաստական հիմքից: Հասկանալիորեն, Գագիկ Շամշյանը կամ որեւէ այլ մեկը կդժվարանա տալ այնպիսի փաստական հիմք, որը կհիմնավորի դատավոր Գագիկ Ավետիսյանի հասցեին իբր-թե հնչեցված ««հորթ», «տխմար» եւ այլ վիրավորական արտահայտությունների» ճշմարիտ կամ գոնե ճշմարտամոտ լինելը, մանավանդ այն դեպքում, երբ առհասարակ վիճարկելի է այդ արտահայտությունների հնչեցման փաստը: Խնդրո առարկա նիստին ներկա մի շարք անձինք պնդում են, որ նման արտահայտություններ չեն հնչել: Մինչդեռ այս փաստի առնչությամբ է, որ խախտվել է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` լրագրողի արդար դատաքննության իրավունքը, քանի որ դատարանն անհեթեթ պատճառաբանությամբ մերժել է լսել պաշտպանության կողմի վկաներին[10], ինչը հանգեցրել է կողմերի հավասարության սկզբունքի եւ քրեական դատավարության մրցակցության սկզբունքի խախտման: Դատարանի այն հիմնավորումը, որ վկաներին հրավիրելիս պաշտպանական կողմը չի նշել նրանց հասցեները, ինչը դատարանին զրկել է ծանուցագրեր ուղարկելու հնարավորությունից, դարձյալ վկայում է այն մասին, որ դատարանը լուրջ չի մոտեցել իր պարտականություններին, մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասից պարզ է դառնում, որ դատարանը վկային կարող է կանչել նաեւ իր նախաձեռնությամբ: Վերոգրյալի համատեքստում ՄԻԵԴ-ը դժվար թե համարի, որ միջամտության արդարացման համար դատարանի կողմից մատնանշված պատճառները «տեղին են եւ բավարար», եւ որ դատարանի վճիռը հիմնված է «համապատասխան փաստերի ընդունելի գնահատականի վրա»[11]: Մի վերջին խնդիր, որին հարկ է անդրադառնալ այս գործի առնչությամբ, ժողովրդավարական հասարակությունում միջամտության անհրաժեշտության պայմանի երկրորդ բաղադրիչն է` միջամտության համաչափությունը: Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության գործում[12] ՄԻԵԴ-ը միջամտությունն անհամաչափ է համարել զուտ այն պատճառով, որ բրիտանական դատարանը որպես վնասի փոխհատուցում էր ընտրել 1.5 միլիոն ֆունտը: Եթե մեր դատարանները գտնեն, որ Գագիկ Շամշյանից գանձվելիք տուգանքի չափն անհամեմատելի է վերոհիշյալ գործի գումարի չափի հետ, կարելի է առաջարկել նրանց կարդալ Ամիհալաչիոայեն ընդդեմ Մոլդովայի գործը[13], որտեղ ՄԻԵԴ-ը նշել է, որ «չնայած դիմողի նկատմամբ սահմանված 360 լեին (համարժեք է 36 եվրոյի) համեստ գումար է թվում, այն, այդուհանդերձ, խորհրդանշական արժեք ունի եւ արտահայտում է Սահմանադրական դատարանի` դիմողի նկատմամբ խիստ պատիժ կիրառելու ցանկությունը, քանի որ առավելագույնս մոտ է օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափին»: Ընդունենք, որ Գագիկ Շամշյանի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսունապատիկի չափով տուգանքը, որը համարժեք է մոտ 700 եվրոյի, նույնպես խիստ հեռու է համաչափությունից:

Հ.Գ. Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգիրք, 7-րդ հոդված, 4-րդ մաս. «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները` այդ թվում օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար` նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter