HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Թուրքիան տապալում է Կովկասի կայունության հնարավորությունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու թեեւ վերացրեց լարվածությունը թուրք-ադրբեջանական հարաբերություններում, սակայն նոր լարվածություն առաջացրեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացում եւ ընդհանուր առմամբ կովկասյան տարածաշրջանում:

Էրդողանը Բաքվում սենսացիոն հայտարարություն արեց, թե հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ չի լուծվել ԼՂ հիմնախնդիրը, եւ հայկական զորքերը դուրս չեն բերվել «Ադրբեջանի օկուպացված» տարածքներից:

Եթե մինչ այժմ հայ-թուրքական կարգավորման համար որպես ոչ պաշտոնական նախապայման շրջանառվում էր Ղարաբաղի շրջակա տարածքներից զորքերի դուրսբերումը կամ ղարաբաղյան հիմնախնդրի զուգահեռ կարգավորումը, այժմ, փաստորեն, Անկարան խոսում է Ղարաբաղից զորքերի դուրսբերման մասին: Էրդողանի այս հանրային դիվանագիտական քայլը հաճելիորեն շոյեց Ադրբեջանի իշխանություններին եւ հասարակությանը եւ փարատեց ադրբեջանական կողմի բոլոր կասկածները:

«Այլեւս որեւէ պատճառ չկա կասկածելու: Վարչապետի խոսքերը լավագույն պատասխանն են դրա համար»,- հայտարարեց Ի.Ալիեւը:

Պաշտոնական Անկարայի այս քայլը, սակայն, լուրջ հարված էր հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Վերլուծաբաններն արդեն իսկ նշում են, որ այս հայտարարությամբ Անկարան անհնար դարձրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակականությունը մոտ ապագայում` փաստորեն վերադառնալով նախկին ստատուս-քվոյին: Անսպասելի այս հայտարարությունը իրականում կարող է ավելի մեծ հետեւանքներ եւս ունենալ:

Փորձենք դիտարկել դրանք. Տապալելով հայ-թուրքական հաշտեցման գործընթացը` Անկարան ձախողում է նաեւ իր տարածաշրջանային քաղաքականությունը: Թուրքիան փաստացիորեն վերադառնում է օգոստոսյան պատերազմից առաջ տարածաշրջանում առկա ստատուս-քվոյին եւ չեղյալ հայտարարում դրան հաջորդած իր իսկ նախաձեռնությունները, որոնք ուղղված էին տարածաշրջանում Թուրքիայի դերի ամրապնդմանը:

Թուրքիան ձախողում է տարածաշրջանային գերտերության եւ տարածաշրջանային խնդիրներում միջնորդ լինելու իր հավակնությունները: Ավելին, կոշտացնելով իր դիրքորոշումը` Թուրքիան կորցնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում որեւէ դեր խաղալու հնարավորությունը:

Թեեւ պաշտոնական Երեւանը բազմիցս է հայտարերել, որ Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացին իր համար անընդունելի է, այնուամենայնիվ, ավելի չափավոր դիրքորոշման դեպքում Անկարային գուցե հաջողվեր որոշակիորեն ազդել գործընթացի վրա, ինչն անհնարին է դառնում նրա կողմնակալ դիրքորոշման հաստատումից հետո: Բացի դրանից` իր այս քայլով Թուրքիան վնասում է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը` այն հետաձգելով անորոշ ժամանակով:

Թեեւ Թուրքիայի վարչապետը պնդում է, որ հայ-թուրքական սահմանը փակվել է Ղարաբաղյան հակամարտության պատճառով, հետեւաբար առանց երկրորդի լուծման առաջինի բացումը անհնար է, ակնհայտ է, որ «պատճառն» ու «հետեւանքը» այժմ այլ հարաբերակցության մեջ են, եւ հայ-թուրքական սահմանի բացումը անխուսափելիորեն արագացնելու է նաեւ ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Անկարան Բաքվի կողմից իր կովկասյան քաղաքականության վրա ազդելու նախադեպ է ստեղծում:

Տեղի տալով ադրբեջանական կողմի ճնշումներին` Թուրքիան թույլ է տալիս մտածել, որ Բաքվի` շանտաժի քաղաքականությունը լիովին գործուն է եւ այսուհետ էլ կարող է կիրառվել` Անկարայի տարածաշրջանային քաղաքականությունը Բաքվի ցանկություններին համապատասխանեցնելու համար: Սա մեկ անգամ եւս բացառում է Թուրքիային որպես տարածաշրջանային ինքնուրույն գերտերություն դիտարկելը:

Կոշտ դիրքորոշման անցնելով` Անկարան իր իսկ կամքով սահմանափակում է դիվանագիտական մանեւրումների հնարավորությունը: Այն գրեթե չի թողնում հետդարձի ճանապարհ: Հիմա արդեն ցանկացած հետ քայլ Բաքվում արված հայտարարություններից ավելի բարդ վիճակի մեջ է դնելու Անկարային` նրան դարձնելով անվստահելի գործընկեր թեգ Երեւանի, թեգ Բաքվի համար:

Էրդողանի այս քայլը, ի դեպ, ոչ միանշանակ է ընդունվել նաեւ Թուրքիայում: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սուաթ Քինիքլիօղլուն Դողան դեռեւս վարչապետի հայտարարությունից առաջ լրատվական գործակալությանը հայտնել էր, որ թեեւ իշխող կուսակցությունը վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրել իր արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես հարեւանների հետ հարաբերություններում, այնուամենայնիվ, այն ձախողվել է Կիպրոսի եւ Հայաստանի հարցերում:

«Մենք այն կետում չենք, որում կցանկանայինք լինել Հայաստանի եւ Կիպրոսի խնդիրներում»,- նշել է նա:

Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Իլթեր Թյուրքմենի խոսքերով ինքը տեղյակ էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները որեւէ կերպ կապված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, սակայն չէր պատկերացնում, որ դա կարող էր լինել հենց Լեռնային Ղարաբաղից զորքերի դուրսբերումը:

«Թվում է, թե տեսանելի ապագայում մենք չենք կարողանա նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ մենք կկորցնենք այն շարժիչ ուժը, որ առաջացել էր նախագահի` Հայաստան կատարած այցով»,- հայտնել է նա:

Արտաքին քաղաքաան հարցերով վերլուծաբան Չենգիզ Քանդարի կարծիքով Էրդողանն իր հայտարարությամբ Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը քաշեց ճահճի մեջ:

«Թուրքիան ահավոր դիվանագիտություն վարեց եւ իր կովկասյան դիվանագիտությունը պատանդ դարձրեց Ալիեւին»,- գրում է նա Radikal թերթում:

Այս ամենի ամենամեծ հետեւանքը, սակայն, այն է, որ Անկարան ի չիք է դարձնում ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի կայունության, խաղաղության եւ համագործակցության հնարավորությունը: Նա ցույց է տալիս, որ այս ամբողջ ժամանակահատվածում անկեղծ չի եղել իր գործողություններում եւ խաբել է բոլոր նրանց, ովքեր քաջալերում եւ աջակցում էին Կովկասի կայունության հաստատմանը:

Եվ եթե Անկարայի մտադրություններն այս անգամ անկեղծ են, ապա նրան Կովկասի կայունության եւ խաղաղության հնարավորությունը տապալելու մեջ մեղադրելու ժամանակն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter