HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Դավիթ Հակոբյան. «Ժողովուրդն այլևս չի ցանկանում լինել հանրապետականների ճորտը»

22_05-d-hakobyan«Ընդդիմությունն ազգի հպարտությունն է, ընդդիմության խնդիրը, անկախ նրանից՝ դա կլինի Հայ ազգային կոնգրեսը, թե Ժողովրդական կուսակցությունը,  կոմունալ վարչարարության արվեստի,  կոմունալ սֆերայի ղեկավարությունը կատարելագործելու խնդիրները չեն, այլ այսօր ազգի առաջ նոր խնդիրներ են դրված, թեպետ ընտրությունները մունիցիպալ են»,- «Փաստարկ» ակումբում այսօր հայտարարեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Ըստ նրա` ընտրարշավը և նրա առջև ծառացած խնդիրները կարելի է բնութագրել այսպես. «Կեղծ ժողովրդավարների և վայ բարեփոխիչների ժամանակներն անցել են, քաղաքական բյուրոկրատների և քաղաքական դեգենեարատների ժամանակներն անցել են, այսօր ազգը պահանջում է սկզբունքորեն նոր գաղափարական սերնդափոխություն»: Ըստ Դավիթ Հակոբյանի` այս ընտրարշավի «ողնաշարը» պետք է լինի ոչ թե կոմունալ խնդիրները, այլ այն, թե «հնարավոր կլինի՞ քաղաքական մարտադաշտից սկզբունքորեն նոր անհատականություններ ուղարկել  քաղաքական թատերաբեմ»: Սակայն, Դավիթ Հակոբյանի խոսքերով, ընտրարշավի մասնակցող բոլոր քաղաքական սուբյեկտները հիմնականում հանդես են գալիս կոմունալ կարգախոսներով և քաղաքապետի պաշտոնի առանցքային գործառույթների մասին պատկերացում չունեն: Ըստ նրա` ընտրությունները կոալիցիայի անդամների համար ոչ թե գաղափարական, այլ ուժային պայքար է: Դ. Հակոբյանն այս ընտրություններում ընդդիմության դիրքերը բարձր է գնահատում, քանի որ «ժողովուրդն այլևս չի ցանկանում լինել հանրապետականների ճորտը»: Հայաստանի գլխավոր մարքսիստը կարծում է, որ եթե ընտրություններն այսօր անցկացվեին, ՀԱԿ-ը կստանար ձայների 65-70 տոկոսը: Ըստ նրա`այս պարագայում հասարակությանն առանձնապես չի հետաքրքրում՝ ընդդիմությունը լա՞վն է, թե վատը, ինչպե՞ս իրեն կդրսևորի, եթե գա իշխանության: Դավիթ Հակոբյանի մեկնաբանությամբ՝ ժամանակն աշխատում է հօգուտ ընդդիմության, քանի որ իշխանությունները սպառել են  իրենց, կառավարության վարչարարական արվեստում տանուլ են տվել ամեն ինչ: «Իսկ այնտեղ` ներքևում, ժողովուրդը հին ձևով ապրել չի ուզում, ընդդիմությունն այսօր նժույգի վրա  է, ժողովուրդը գիտակցում է, որ վարչական համակարգի և հին վարչախմբի բոլոր արատավոր կողմերի միակ կործանիչն ընդդիմությունն է»,- ասաց նա: Ըստ մարքսիստի` պայքարը գնալու է միայն ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև, մյուս բոլոր քաղաքական ուժերը երկրորդական, օժանդակ ուժեր են: «Պարտվողը մեկընդմիշտ քաղաքական արենայից կհեռանա, դրա համար էլ այս պարագայում ընդդիմությունը զիջելու տեղ չունի»,- ասաց նա: Դ. Հակոբյանը հավելեց, որ եթե ընդդիմությունը` ՀԱԿ-ը կամ ԺԿ-ն, ընտրությունների արդյունքում չհայտնվեն առաջին տեղում, դա կլինի «ժողովրդի կամքի վրա թքելու դեպքում»: «Որպեսզի ազգային միասնությունն ապահովվի, իշխանությունը պետք է ստիպված լինի գոնե այս ինստիտուտը խաղաղությամբ զիջելու ժողովրդի կամքին, ոչ թե անձերին»,- ասաց նա: Դավիթ Հակոբյանը նույն ազգային միասնության ապահովմամբ էլ պայմանավորում է իր մնալը ՀԱԿ-ում, չնայած բոլորովին վերջերս հայտարարել էր, թե ՀԱԿ-ի նախընտրական ցուցակները կազմվել են կաշառակերության սկզբունքով և Կոնգրեսի որոշ անդամների անվանել «ոջիլ»: «Հակոբյանը երբեք պաշտոնամոլության գերին չի եղել, նա եղել է և մնում է ազգի տրիբունան, հավասարապես քննադատում է 2 հակամարտող կողմերին,  մենք ՀԱԿ-ում ունենք հիանալի առողջ քննադատական դեմոկրատական միջավայր, որտեղ քննադատությունը և՛ ընկալվում է, և՛ ընդունվում, այնպես որ, որոշ ոջիլներ, որ Հակոբյանին ծաղրածու էին անվանում, դա ինձ վրա բացարձակապես ոչ մի ազդեցություն չի թողնում, ես հագել եմ գաղափարական զրահ ու նրանց մակարդակին չեմ իջնի, բայց ընդդիմության միասնությունն ազգի շահերն են»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter