HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վաչե Գաբրիելյան. «Շուտով 2 մլրդ-ից ավելի ֆինանսավորում հնարավոր կլինի ուղղորդել տնտեսության խթանման գործընթացներին»

25_05-v_gabrielyanՏնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ՀՀ կառավարության առաջնահերթությունները վերաբերում են ենթակառուցվածքներին և փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսավորմանը: Հենց այս ճյուղերն են, որ առաջացնում են ավելի մեծ զբաղվածություն և տնտեսական ակտիվություն: Այս մասին այսօր Policy Forum Armenia-ի կազմակերպած «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: «Դրանից բացի` խիստ էական է նաև սոցիալական ծախսերի խստիվ պաշտպանումը: Եվ մինչև այսօր մենք կրկին սոցիալական ծախսերի, այսինքն` բնակչության եկամուտների ձևավորման ուղղությամբ որևէ խնդիր չենք ունեցել, ինչը, իր հերթին, հակված է խթանել տնտեսական աճը` սպառումը կայուն պահելու միջոցով»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ կառավարությունը վարկավորման մի շարք ծրագրերի միջոցով փորձում է դրամային իրացվելիություն հաղորդել շուկային: Դա, առաջին հերթին, փոքր և միջին ձեռնարկությունների խթանումն է, ինչի շրջանակներում կառավարությունը մի քանի հազար վարկ արդեն տրամադրել և շարունակում է տրամադրել: «Մենք շարունակում ենք արդյունավետ կերպով համագործակցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ: Ընդհանուր փաթեթները մոտակա տարիների համար (եթե ԱՄՀ-ը, ՀԲ-ը, Ասիական զարգացման բանկը համատեղեն) կլինեն թերևս 1,5 մլրդ-ից մի քիչ ավելի: Եթե ռուսական վարկերն էլ ավելացնեք, ապա 2 մլրդ-ից ավել ֆինանսավորում շուտով հնարավոր կլինի Հայաստանում ուղղորդել տնտեսության խթանման գործընթացներին»,- ասաց ԿԲ փոխնախագահը` հավելելով, որ սա չի նշանակում, որ այդ միջոցները հեշտությամբ կգնան տնտեսություն: Նրա խոսքերով, բանկերն արդեն ավելի մեծ ջանքով են վարկավորում տնտեսությունը: «Վարկային միջոցների հոսքը տնտեսություն դեռևս շատ մեծ չէ, սակայն այն ամբողջովին չի դադարել, և մենք հուսով ենք, որ գնալով կմեծանա»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ ըստ գնահատականների մեծ մասի` տնտեսության կայունացում կարելի է ակնկալել 2009 թ. վերջին և 2010 թ. սկզբին: Միաժամանակ, սակայն, սա չի նշանակում, թե դրանից անմիջապես հետո կայուն վերելք կլինի: «Կենտրոնական բանկն իր կանխատեսումները ժամանակ առ ժամանակ թարմացնում է: Եթե մենք առաջին եռամսյակի մեր ծրագրով սպասում էինք տարեկան միջին հաշվով 3 % անկում, ապա երկրորդ եռամսյակի ծրագրով մեր տված վերջին գնահատականը 5,8-6 %-ի չափով անկում է: Երբ ապրիլի տվյալներով գրանցվեց 9,7 % անկում, մենք, բնականաբար, ավելի կտրուկ միջոցառումներ ձեռնարկեցինք, որոնցով ուրբաթ օրը տոկոսադրույքը կրճատեցինք 1 տոկոսային կետով»,- ասասց ԿԲ փոխնախագահը: Նա նշեց, որ կառավարությունը կարող է ներկայիս մակարդակը պահել հետագա 1-2 տարիներին, թեև կան էական խնդիրներ վճարային հաշվեկշռի տեսակետից: Սակայն, ըստ Վաչե Գաբրիելյանի, տնտեսության 7-8 %-ից ավելի անկում տարվա կտրվածքով չպետք է սպասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter