HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Գազային մրցակցության նոր փուլ Եվրասիայում

Նախորդ շաբաթները ցույց տվեցին, որ եվրասիական տարածաշրջանում ընթացող գազային մրցակցությունը նոր թափ է հավաքում: Եվրոպայում ավելորդ չհամարեցին Մոսկվային եւս մեկ անգամ հիշեցնել, որ վերջինս իրենց համար հուսալի գործընկեր չէ էներգետիկ մատակարարումների հարցում:

Եվրամիությունը ոչ միայն իր արեւելյան հարեւանների` հետխորհրդային 6 հանրապետությունների հետ կնքեց գործընկերության պայմանագիր` նպատակ ունենալով մի շարք ոլորտներից բացի նրանց հետ համագործակցել նաեւ էներգետիկ բնագավառում, այլեւ մայիսի 8-ին Պրահայի էներգետիկ գագաթնաժողովում Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Իրաքի եւ Եգիպտոսի հետ պայմանավորվեց համաձայնության հասնել «Նաբուկո» ծրագրի շուրջ «որքան հնարավոր է շուտ եւ ստորագրել այն մինչեւ հաջորդ ամիս»: «Նաբուկոն», ինչպես հայտնի է, դեպի Եվրոպա գազի մատակարարման ծրագիր է, որը պետք է շրջանցի Ռուսատանը եւ նվազեցնի Եվրոպայի կախվածությունը Մոսկվայից: Ծրագրի իրագործումը, սակայն, բարդանում է նրա խիստ մեծ ծախսերի, ինչպես նաեւ անհրաժեշտ գազի մատակարարների բացակայության պատճառով: Դեռեւս միակ ռեալ մատակարարը շարունակում է մնալ Ադրբեջանը, սակայն միայն նրա ռեսուրսները բավարար չեն ծրագրի իրականացման համար: Եվրոպայում հույս ունեն ծրագրում ներառել կենտրոնասիական գազարտահանող պետություններին: Որպես այլընտրանքային տարբերակ է մնում Իրանը: Կախված նրանից, թե որ ճանապարհը կընտրվի` «Նաբուկոն» կամ Վրաստանի, կամ էլ Իրանի տարածքով կմտնի Թուրքիա` այնտեղից հասնելով մինչեւ Ավստրիա: Եվ մինչ Եվրոպայում քննարկում են ընդհանրապես «Նաբուկո»-ի նպատակահարմարության հարցը, Մոսկվան բարեհաջող կերպով իրականացնում է «Նաբուկո»-ի մրցակից «Հարավային հոսանք» ծրագիրը: Այն ստորագրվել է 2007 թ. ռուսական Գազպրոմի եւ իտալական Ենիի միջեւ եւ Ռուսաստանի սեւծովյան ափից պետք է հասնի Բուլղարիա, իսկ այնտեղից մի քանի հնարավոր ուղիներով` Իտալիա եւ Ավստրիա: Նախորդ շաբաթ Սոչիում Վլադիմիր Պուտինի եւ Սիլվիո Բեռլուսկոնիի ներկայությամբ ստորագրվեցին պայմանագրեր տարանցիկ երկրների` Բուլղարիայի, Հունաստանի եւ Սերբիայի հետ: Դրանից հետո վերլուծաբաններն արձանագրեցին «Հարավային հոսանք»-ի ակնհայտ առավելությունը «Նաբուկո»-ի նկատմամբ: Ռուսաստանը մտադիր է Հարավային հոսանքով մղել ինչպես իր սեփական, այնպես էլ կենտրոնասիական իր գործընկերների գազը, այնպես որ մրցակցությունը «Նաբուկո»-ի եւ «Հարավային հոսանք»-ի միջեւ դեռ կշարունակվի: Տարածաշրջանում գազային մրցակցության նոր փուլի ֆոնին հատկանշական էր նաեւ հայ-իրանական գազամուղով գազի մատակարարման մեկնարկը: Դեռ 2004 թ.-ին ստորագրված «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձեւաչափով նախորդ շաբաթ Հայաստանը սկսեց գազ ստանալ Իրանից` 1 կուբամետր գազի դիմաց ժամում 3 կվտ էլեկտրաէներգիա գնով: Իրանական գազը, նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստան պետք է հասներ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն այն ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարարությունից հայտնեցին, որ ռուսական մատակարարումները Վրաստանի տարածքով դեռեւս բավականացնում են, եւ իրանական գազից Հայաստանը կօգտվի անհրաժեշտության դեպքում միայն: Սակայն լրացուցիչ գազի անհրաժեշտության առաջացումը գարնան վերջին-ամռան սկզբին, երբ սպառումը հասկանալի պատճառներով կրճատվում է, ընդհանրապես տրամաբանական չէ: Ըւստի, սրա պատճառը կարող է լինել կամ Վրաստանի ներքաղաքական ճգնաժամում եւ լարված ռուս-վրացական հարաբերություններում ակնկալվող փոփոխությունները, կամ Հայաստանի տարանցիկ պոտենցիալի մասին եւս մեկ անգամ հայտարարելու մտադրությունը: Պատահական չէ, որ վերջին շաբաթներին կրկին շրջանառության մեջ դրվեց «Նաբուկո» ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Ժամանակին այդ հնարավորությունը բացառեց եւ շարունակում է բացառել Ադրբեջանը` որպես պայման դնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը իրեն ձեռնտու պայմաններով: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման եւ «Նաբուկո»-ում Իրանին ընդգրկելու եւ Ադրբեջանին բացառելու պարագայում այդ հնարավորությունը կարող է իրական թվալ: Ու թեեւ նույնիսկ այդ դեպքում ավելի հեշտ կլինի իրանական կապույտ վառելիքը Եվրոպա հասցնել ուղղակիորեն Իրան-Թուրքիա ուղիով, Եվրոպայում գուցե չհրաժարվեն մի կրակոցով երկու նապաստակ սպանելու հնարավորությունից: Եվրոպան, որն ինչպես երբեք շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, դեմ չի լինի այն ամրապնդել գազային համաձայնագրով: Համաձայնեք, որ Հայաստանի տարածքով Թուրքիա մտնող գազամուղը ծանրակշիռ հիմնավորում է բացված հայ-թուրքական սահմանը այլեւս չփակելու համար: Բացի դրանից, գազամուղը զարկ կտա Հայաստանի տնտեսության զարգացմանը` նրան ավելի կանխատեսելի գործընկեր դարձնելով Եվրոպայի համար: Այս քարտեզին գուցե չընդդիմանա նաեւ Ռուսաստանը` «Նաբուկո» ծրագրին ՀայՌուսգազարդի միջոցով մասնակցելու հեռանկարն ունենալով: Արաբական «Ալ Ահրամ» թերթը, սակայն, անդրադառնալով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ուժերի մրցակցությանը՝ Հայաստանի հնարավոր մասնակցությունը «Նաբուկո» ծրագրին դիտարկում է որպես դեպի Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման ռուսական մենաշնորհի ավարտ: Ըստ թերթի` «Նաբուկո»-ի անցումը Հայաստանի տարածքով «կուժեղացնի վերջինիս ռազմավարական նշանակությունը եւ կտա նրա տնտեսության զարգացման այդքան անհրաժեշտ իմպուլսը»: «գ Մոսկվան ուշադիր հետեւում է հայ-թուրքական բանակցություններին: Դրանց բարեհաջող ավարտը հավասարազոր կլինի «Նաբուկո» ծրագրի հաջողությանը, ինչը վերջ կտա դեպի Եվրոպա էներգակիրների ցամաքային մատակարարման Ռուսաստանի մենաշնորհին»,- եզրակացնում է թերթը: Ընդհանուր առմամբ, եվրասիական տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում ընթացող գազային մրցակցությունը, այսպիսով, մտել է նոր փուլ: Այս մրցակցությունը այժմ պետք է համապատասխանի նոր իրողություններին, որ առաջացել են մեր տարածաշրջանում ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո: Մի կողմից՝ նոր իրողությունները ավելի են սրում էներգառեսուրսների համար ընթացող պայքարը, մյուս կողմից` դրանք կոտրում են տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական կարծրատիպերը: Եվ որպեսզի Հայաստանը որեւէ կերպ կարողանա օգտվել ընձեռված հնարավորություններից, նրան անհրաժեշտ է վարել առավելագույնս բաց եւ ինքնուրույն արտաքին քաղաքականություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter