HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հրանտ Բագրատյան. «Հայաստանի տնտեսական անկումը կլինի առնվազն 6,5-12 %»

h_bagratyan_250509Հայաստանի տնտեսական անկումը կլինի առնվազն 6,5-12 %: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այսպիսի կանխատեսում արեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ճգնաժամը հիմա 3-րդ փուլում է, որը տանում է բյուջետային և բանկային խոր խնդիրների: Համաշխարհային ճգնաժամը բացահայտեց այն սխալ զարգացումը, որ ունեցել է հանրապետությունը վերջին 10 տարիներին. արտադրություն չկա, տնտեսության մեջ ռիսկերը դիվերսիֆիկացված չեն: Չնայած այս երկիրը մեծ պարտքեր չունի, բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ բանը կհասցնեն նույնիսկ 4-րդ փուլի»,- ասաց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ կառավարությունն օգնում է այն ոլորտներին, որոնցից առաջացել է պրոբլեմը, և ոչ թե այն ոլորտներին, «որտեղ պրոբլեմ չկա»: Նախկին վարչապետը քննադատեց գործող իշխանությունների հակաճգնաժամային գործողությունները: Անդրադառնալով լեռնահանքային արդյունաբերությանը 10 մլն դոլար տրամադրելուն` նա ասաց, որ, չգիտի, թե ում է տրվել այդ գումարը: «Եթե դա տվել են Քաջարանին, դուք գիտեք, որ Քաջարանի հետ կապված լուրջ պրոբլեմներ կան, որովհետև Քաջարանը եղել է «ֆոլս օտարում» (մենք լուրջ կասկածներ ունենք, որ դրա հետևում իրականում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը): Իսկ Քաջարանը մեր պղնձի, մոլիբդենի 80 %-ն է: 2004 թ. դեկտեմբերին վաճառվել է, և դա առաջին դեպքն է, որ մեր ազգային հարստությունը վաճառվել է ինչ-որ մեկի, և փող չի վերցվել: Նա աշխատել է և 2 կամ 3 տարում 130 մլն դոլար փող է տվել: Գործարան, որի տնտեսական շրջանառությունը տարեկան 1,5-2 մլրդ դոլար է եղել լավ ժամանակներում: Հիմա Քաջարանն ունի արտադրանքի իրացման դժվարություն: Ինչու՞ եք դրան օգնում: Պարզապես մարդու ենք օգնում (եթե, իրոք, մեզ չբացատրեն` այդուհանդերձ, ով է Քաջարանի տերը, և ինչու՞ է այդպես սեփականաշնորհվել)»,- նշեց Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով տնտեսական երկրորդ ծրագրին, այն է` 20 մլրդ դրամի օգնությանը` տրված 1 մլրդ-ից ավելի շինարարություն ունեցողներին` Հրանտ Բագրատյանն ասաց. «Իսկ գուցե 1 մլրդ-ից ավե՞լը չտայիք, եթե օգնում էիք: Մինչև 1 մլրդ-ը օգնեիք: Չէ՞ որ ասում եք` փոքր ու միջին բիզնեսին ենք օգնում: Դուք դրանով խոշորացնում եք»: «Կամ` եկել է ռուսական փողը: Վարչապետը հայտարարում է. «30 մլն կտանք փոքր բիզնեսին»: Հարց է ծագում` իսկ 470-ից ինչու՞ չեք խոսում, այդտեղ ի՞նչ եք նախապատրաստում: Կամ, ընդհանրապես, գնացել 500 մլն եք ուզել: Դուք ինքներդ ձեզ համար հիմնավորե՞լ եք մինչև ուզելը, 500 մլն-ի բաշխման թերթոնը կա՞: Հայտարարեք: Չէ՞ որ այդ վարկն էլ պիտի անցնի պառլամենտով»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետը նշեց, որ ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կառավարության տրամադրած առաջին գումարը` 700 մլրդ դոլարը, սկսել է հետ գալ, քանի որ բավականին խիստ ձևով է տրվել: Մինչդեռ Ռուսաստանում այդպիսի թվեր չեն ասում, ինչը նշանակում է, որ այդ երկրում թեման արգելված է: Ենթադրվում է, որ եթե ԱՄՆ-ի կառավարության տրամադրած երկրորդ գումարը` 787 մլրդ դոլարը, հաջողությամբ վերադառնա այս ամռանը, ապա դրանից 6-9 ամիս անց Ռուսաստանում տնտեսական աճ կսկսվի: Եթե ռուսական տնտեսության վիճակը բարելավվի, և վերականգնվի այդ երկրից Հայաստան եկող տրանսֆերտների մակարդակը, ապա Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական աճից 6-9 ամիս հետո կսկսի բարելավվել: Սակայն սա արդեն լինում է 2011-2012 թթ.: «Եվ, դժբախտաբար, պետք է ֆիքսենք, որ որևէ բան չի արվում` ներքին ռեսուրսները հակակշռելու արտաքին ռեսուրսներին»: Հրանտ Բագրատյանը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանում փոխարժեքը լողացող չէ: «Ըստ մեր ունեցած տեղեկությունների` այդուհանդերձ, Կենտրոնական բանկը շատ ավելի քիչ մասշտաբով, բայց ինտերվենցիաներ պարբերաբար անում է: Ես վստահ եմ, որ հունիս-հուլիսից դոլարը կդրսևորի արժևորման միտումներ, և մենք սարսափելի անկում կտեսնենք»,- ասաց նա: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ և' Արժույթի միջազգային հիմնադրամը, և' Համաշխարհային բանկը հայտարարում են, որ Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացվում` Հրանտ Բագրատյանն ասաց, որ ԱՄՀ-ն «մեր տեղը չի աշխատում», «գալիս են հապճեպ` առաքելությունների կարգով, 1-2 ամսով»: «Եղել է առիթ, որ նրանց ասվել է. «Դուք էս ի՞նչ ձևի Արժույթի միջազգային հիմնադրամ եք»:Մարտի 1-ից հետո Շտրոսկանը հայտարարություն արեց, որ վերջապես Հայաստանն անցել է լողացող քաղաքականության: Ես ձեզ եմ հարց տալիս. «Մինչև այդ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարե՞լ էր, որ Հայաստանում քաղաքականությունը լողացող չէ»: Չէ՞ որ կա հիմնադիր պայմանագիրը` ԱՄՆ-ի հետ, կան այդ պայմանագրի 5, 8, 14 հոդվածները: Ցավոք սրտի, Հայաստանի պարագայում, մենք երբեմն պրոբլեմներ ենք ունենում ԱՄՀ-ի որոշ ներկայացուցիչների հետ: Այնպես որ, արհամարհեք դա»,- նշեց նախկին վարչապետը: Ըստ նրա` այսօր Հայաստանում կան տասնյակ տնտեսագետներ, ովքեր տնտեսական իրադրությունը կարող են հասկանալ ԱՄՆ-ի ներկայացուցիչներից ոչ վատ: Օրինակ` ԱՄՆ-ն ԱՊՀ երկրներից մեկին հորդորում է փոխարժեքի կուրսը պահել: Անդրադառնալով սոցիալական քաղաքականությանը` Հրանտ Բագրատյանն ասաց, որ իրենք կառավարությանն առաջարկել են հարթ հարկային համակարգով չմտնել ճգնաժամ, այլ կիրառել պրոգրեսիվ եկամտահարկի սկզբունք, սակայն կառավարությունը դա չարեց: «Հիմա 10 հազար դոլար աշխատավարձ ստացողն էլ է 20 % հարկ վճարում, 200 դոլար աշխատավարձ ստացողն էլ: Այդ հարթ հարկի հեղինակն էլ մենք ենք եղել, հարց չկա: Գանք իշխանության, մտնելու է պրոգրեսիվ եկամտահարկ. հարուստը վճարելու է ավելի բարձր տոկոս, քան թե աղքատը: Աղքատը կվճարի ոչ թե 20, այլ 10 %»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter