HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արմեն Ռուստամյան. «Ուզում են տպավորություն ստեղծել, որ հարցերը լուծվելու են ուժով ու զոռբայությամբ»

27_04-a-rustamyanՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀԿ-ԲՀԿ բախումներին` ասելով, որ նրանք «անձնական հարցեր են լուծում»: «Բնականաբար, անձնական հարցեր միշտ էլ լինում են, փոքր երկիր է, ինչ ասես` կարող է լինել, բայց ընտրություններն առիթ են, որ ինչ կա` դուրս գա, և դա կարող է հավելյալ թեժություն հաղորդել ռազբորկաներին, բայց ռազբորկաների բուն պատճառը, բնականաբար, ընտրական գործընթացներն են: Ես կարծում եմ, որ քանի որ բոլորն առանձին են գնում ընտրությունների, ամեն մի քաղաքական ուժ փորձում է առավելագույնը ձեռք բերել: Այդ ձգտումը նորմալ եմ համարում, բայց ինչպես պետք է դրան հասնել, այստեղ է, որ մեզ մոտ ամեն ինչ խաթարված է»,- ասաց նա: Ըստ Արմեն Ռուստամյանի` այս կամ այն ուժը ուզում է տպավորություն թողնել, որ հարցերը լուծվում են «ոչ թե ձեր քվեարկությամբ, ժողովուրդ, այլ մեր ուժով, զոռբայության շնորհիվ, և դուք, եթե ուզում եք պաշտպանված լինել, ավելի լավ է` եղեք այս կամ այն զոռբայի հետ, քանի որ ընտրությունները ավարտվելու են, դուք այսինչ թաղում եք ապրելու, ձեզ չնեղացնենք»: Պատգամավորը կարծում է, որ այսկերպ փորձում են վախեցնել ու զզվեցնել մարդկանց, քանի որ մարդիկ ամեն ինչ տեսնում են ու մտածում են, որ «սա է մեր երկրի վիճակը, էլ ի՞նչ ընտրություն»: «Դժբախտաբար, շատ մեծ տոկոս են կազմում այդ մարդիկ, այսօր մեր հիմնական գնահատականն այն է, որ անտարբերների տոկոսը շատ բարձր է մեր երկրում, անտարբերներ, որոնք հասկանում են իրավիճակը և մտավորական մաս են, ուղղակի չեն ուզում էժանանալ, իրենք համարում են, որ ընտրություններին մասնակցելը իսկապես զզվելի գործ է»,- համոզված է Ա. Ռուստամյանը: Նա, ի վերջո, եզրակացրեց, որ բախումների արդյունքում ընտրությունից ընտրություն մարդկանց վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ նվազում է: Արմեն Ռուստամյանը համարում է, որ եթե հասկանան, թե նորմալ բանավեճն ինչ է, նման ռազբորկաներ տեղի չեն ունենա, սակայն հայաստանյան ընտրությունների հիվանդությունն է այն, որ ընտրություններին վերաբերող բանավեճեր տեղի չեն ունենում, և ավագանու այս ընտրություններն էլ այդ առումով էլ բացառաություն չէին: Մամլո ասուլիսի մեկ այլ բանախոս` քաղաքապետի ՀՅԴ-ի թեկնածու Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ ինքը բանավեճերի է հրավիրել ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ թեկնածուներին, սակայն արձագանք չի եղել, և այժմ նորից բանավեճի հրավերք է անում այդ թեկնածուներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter