HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արծվիկ Մինասյան. «Տվե՛ք շատ ձայն, վստահե՛ք շատ, պահանջե՛ք շատ»

«Մարդիկ ընտրությունները դարձրել են բիզնես, մեծ մասամբ ընտրողներն էլ ընտրությունները դիտում են ոչ թե համապատասխան ընտրությամբ իշխանության հարցի լուծում, այլ փող աշխատելու եղանակ»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Արմեն Ռուստամյանն առաջարկում է. «Եթե ընտրությունները պետք է գնան կաշառքների ճանապարհներով, հսկայական գումարներ դնեն, որը մեծամասամբ տեղի է ունենում մեծամասնական ընտրություններում, ավելի լավ է աճուրդ հայտարարվի, տարածքը գնեն համապատասխան գումարով, բայց մնացած գումարները դրվի ընտրողների սոցիալական հարցերը լուծելու համար»,- ասաց նա: «Այս ճանապարհներից մենք պիտի մի օր հետ կանգնենք: Իհարկե, սա երկկողմանի խնդիր է: Այսինքն` կաշառք վերցնողն էլ, ինձ թվում է, այդքան ողջունելի գործ չի անում»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Բացի այդ, ինչպես ՀԱԿ-ին, այնպես էլ ՀՅԴ-ին լուրեր են հասել, որ փորձ է արվում զինծառայողներին էլ բերել Երևան ու ներգրավել ընտրություններում: Եվ չնայած ասուլիսի մյուս բանախոս, քաղաքապետի դաշնակցական թեկնածու Արծվիկ Մինասյանի համար սա դատապարտելի է, նա հիշեցնում է, որ իրականում ֆորմալ առումով այստեղ օրենքի խախտում չկա. եթե զինծառայողը քվեարկության օրը գտնվում է այն համայնքում, որտեղ հաշվառված է, իրավունք ունի մասնակցել ընտրություններին: Արմեն Ռուստամյանը կարծում է, թե ճիշտ կլիներ, որ ինչպես համապետական ընտրություններում, այնպես էլ Երևանի ավագանու ընտրություններում դրոշմակնիքներ օգտագործվեին. դրա շնորհիվ հնարավոր կլիներ մի քանի անգամ նվազեցնել կեղծիքների թիվը: ՀՅԴ անդամները վստահեցնում են, որ ունեն ընտրությունները վերահսկելու բավականին ներուժ, որպեսզի ընտրախախտումներ տեղի չունենան, ընդ որում` օգտագործելու են նաև մարզերի ռեսուրսը: Բոլոր 439 տեղամասերում ՀՅԴ-ն ունենալու է 3-ական ներկայացուցիչ: «Եթե ամեն մեկն առնվազն իր ձայները վերահսկի, ես չեմ ասում` ուրիշի համար գործ անի, այդ ժամանակ հանձնաժողովը կունենա շահերի առողջ բախում, և շահերի բախումը կբերի նրան, որ ինչ-որ օբյեկտիվ ընտրական գործընթաց կարող է ծավալվել»,- ասաց պրն Ռուստամյանը: Ըստ նրա` իրենք կգնահատեն ընտրությունների վերջնական արդյունքը, և եթե լինեն իրավական առումով կեղծիքները հիմնավորող փաստեր, կդիմեն դատարան: Հարցին, թե` լինելով իշխանության մաս, արդյոք Դաշնակցությունը ընդունում է իր պատասխանատվությունը նախորդ ընտրություններում արձանագրված իրավախախտումների համար, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.«Պատասխանատվություն ունեցել ենք 1/8-րդ չափով, իսկ մեկը ութի դիմաց այնքան էլ հեշտ չէ պայքարել»: Արծվիկ Մինասյան էլ հավելեց. «Ցավոք, հասարակությունը Դաշնակցությանը քիչ ձայն է տալիս, բայց պահանջում են բոլորի փոխարեն պատասխանատվություն, տվե'ք շատ ձայն, վստահե՛ք շատ, պահանջե'ք շատ»: Ըստ Մինասյանի` սա անարդար է, քանի որ Դաշնակցությունը պայքարել է, որ ընտրախախտումներ չլինեն: ՀՅԴ ցուցակը գլխավորող թեկնածուն կարծում է, որ ազգային քաղաքապետարանի ձևավորումը առաջին անհրաժեշտություն է Երևանի և ընդհանրապես Հայաստանի համար, քանի որ Երևանի քաղաքապետարանը պետք է կարողանա հակակշռել ու զսպել կենտրոնական իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը: Ըստ նրա` կառավարությունում քննարկվում են օրենքներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են երևանցու շահերին, և անհրաժեշտ ընդդիմախոսը բացակայում: Դրա համար էլ ՀՅԴ-ն կարևորում է, որ քաղաքապետը լինի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, քանի որ «եթե լինի նույն ուժի ներկայացուցիչ, ապա ոչ մի փոփոխություն այստեղ լինել չի կարող»,- ասաց նա: Վերջում Արմեն Ռուստամյանը հավելեց, որ հունիսի 5-ին նշանակված է ԵԽ մոնիտորինգի նիստ, որտեղ ընդգրկված է Հայաստանի հարցը, և Երևանի ընտրությունների ընթացքը և արդյունքների քննարկումը մեծ դեր են խաղալու` արդյոք Հայաստանի հարցը կտեղափոխվի լիագումար նիստ, թե ոչ, և առհասարակ ինչ վերջնական գնահատականի կարժանանա Հայաստանը Եվրախորհրդի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter