HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Առաջարկում են «Հայկական ընտրություն»

Ազատագրված տարածքների պաշտպանության համար պայքարող «Միացում» նախաձեռնության անդամներ Ալեքս Քանանյանը և Արմեն Աղայանը Այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեցին, որ քաղաքական դաշտը «վերափոխելու» և «նոր որակ» ներմուծելու նպատակով մի քանի տասնյակ մարդկանց հետ սկսել են նոր` «Հայկական Ընտրություն» կուսակցության ձևավորումը: «Այսօր մենք ունենք քաղաքական դաշտի մի պատկեր, որը, թվում է, մեծապես պառակտված է, սակայն եթե դիտարկենք ոչ թե անձնական պառակտվածությունը, այլ գաղափարախոսական հենքը, ապա կտեսնենք, որ հրապարակում առկա թե' իշխանությունը, թե' ընդդիմությունը դավանում են միևնույն աշխարհայեցողությամբ թելադրված հայեցակարգային մոտեցումների` Հայաստանի ազգային անվտագության բոլոր կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ»,- ասաց ձևավորվող կուսակցության համակարգող խորհրդի քաղաքական ներկայացուցիչ Ալեքս Քանանյանը: Նրա կարծիքով` թե' ընդդիմությունը, թե' իշխանությունը «բանակցում» են և բացահայտ խոսում ազատագրված տարածքների հանձնման մասին, խոսում են հայ-թուրքական մերձեցման մասին` իբրեւ կենսական անհրաժեշտության, մինչդեռ անգամ մակերեսային վերլուծությունը ցույց է տվել, թե որքան անմիջական և սարսափելի վտանգներով է հղի այդպիսի անմիտ և չկշռադատված քաղաքականությունը այդ հարցերում... Նրանք բոլորը որոշակիորեն սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը»,- ասաց նա: Ըստ Ալեքս Քանանյանի` իրենք ձգտելու են իրենց շուրջը ժողովել Հայաստանի և Արցախի այն բոլոր քաղաքացիներին, ովքեր պետականակենտրոն գաղափարախոսության կողմնակից են: Արմեն Աղայանն էլ հավելեց, որ իրենք վաղուց նպատակ ունեին նման նախաձեռնությամբ հանդես գալու, սակայն այս կամ այն պատճառով դա չէր ստացվում: Եվ այսօր, երբ հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան խնդրի կարգավորման ժամկետ է նշվում այս տարին, նման գործունեությունն անհետաձգելի դարձավ: Արմեն Աղայանի խոսքերով`«ընտրողների մեծ մասը միշտ զրկված է եղել ինչ-որ մի բանի օգտին քվեարկելու հնարավորությունից և ստիպված է եղել քվեարկելու չարյաց փոքրագույնի օգտին»: Նա հավելեց նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը լինելու է այս ոճով ընդդիմադիր գործունեության վերջին փորձը. «Եթե անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը ձախողվի, դրանից հետո էլ ով պիտի համարձակվի այդ ոճով գործել և ինչ-որ հավակնություն ունենալ: Կամ եթե հաջողության հասնի, դրանից հետո նրա ընդդիմությունը չի կարող նույն ոճով գործել, հետևաբար մենք մեծ կարևորություն ենք տալիս ապագա կուսակցությունների նոր ոճի քաղաքական կառուցվածքներ որդեգրելու անհրաժեշտությանը, վաղը արդեն մենք չենք ունենալու այնպիսի ընդդիմություն, ինչպիսին ունեինք Վազգեն Մանուկյանից մինչև մեր օրերը»: Արմեն Աղայանը կարծում է, որ այսօր մենք ունենք «չգիտես ինչու կուսակցություն կոչվող ՍՊԸ-ներ», որոնք ֆինանսավորվում են մեկ հոգու կողմից, և նա է ընդունում բոլոր որոշումները, իսկ իրենք փորձ են անելու հիմնել «կամավոր անդամների համախմբմամբ կուսակցություն, որոնք իրենք են ֆինանսավորում իրենց մասնակցությամբ տեղի ունեցող քաղաքական գործընթացը, իրենք են տնօրինում իրենց կուսակցության ճակատագիրը` ընտրելով իրենց ղեկավար մարմիններին և մասնակցելով նրա որոշումների ընդունմանը»: Իսկ նման կազմակերպություններ, ըստ նրա, Հայաստանում գրեթե չկան: Արմեն Աղայանն ասաց նաև, որ իրենց կարծիքով իրենք նման կուսակացություն ստեղծելու լուծումներ են գտել և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում իրենց կանոնադրությունը և ծրագրերը կներկայացնեն հանրությանը: Ըստ նրա` չկա որևէ քաղաքական ուժ, որի հետ իրենք կարող են համագործակցել, քանի որ իրենք առաջարկելու են Հայաստանի զարգացման այլ ուղի: Արմեն Աղայանը հստակ չնշեց, թե երբ է տեղի ունենալու նորաստեղծ կուսակցության հիմնադիր ժողովը` դա պայմանավորելով իրենց «թվական աճի տեմպերով»: «Մեր նախնական ժողովի պահին անդամագրված էին 23 հոգի, հետո ավելացան ևս 7 հոգի, մենք հույս ունենք, որ մինչև հիմնադիր համագումարը կունենանք մոտ 500 անդամ, իսկ համակիրների առումով մենք պետք է ունենանք այնպիսի կուսակցություն, որին իրենց համակիր համարեն առնվազն մի քանի հարյուր հազար մարդ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter