HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Մովսես Շահվերդյան. «Ունենք ցածր որակի իշխանություններ և հետևաբար` ցածր որակի ընտրություններ»

«Եթե ամեն անգամ ընտրություններն այսպես անցնի, ապա հասարակությունը կկորցնի վստահությունը իշխանությունների նկատմամբ, և հուսահատություն կառաջանա, նա չի գնա ընտրատեղամաս և, ինչպես եղել է, մենք արդեն ճշտել ենք, գիտենք, որ բավականին ցածր է եղել մասնակցությունը»,-  «Հետքին» ասաց Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: Ըստ նրա` նման որակի ընտրություններ անցկացնելը անթույլատրելի էր, քանի որ մենք գցում ենք մեր պետության հեղինակությունը, ու հետևաբար մեզ չի հաջողվի լուծել պետության առաջ ծառացած խնդիրները: Մովսես Շահվերդյանի խոսքերով` իրենք գիտեն, որ այդքան շատ ձայներ չունեն, սակայն շատ ընտրատեսամասերում, որտեղ իրենց կուսակցության անդամները ընտանիքներով քվեարկել են ու իրենք ունեցել են 30-40 ձայն, հրապարակված արդյունքներով այդ ընտրատեղամասերում իրենք ստացել են 0 ձայն. «Դա հետևանք է մեր քաղաքական դաշտի ցածր որակի, որի արդյուքնում մենք ունենք ցածր որակի իշխանություններ և, հետևաբար, ցածր որակի ընտրություններ»,- ասաց նա: Այսինքն, ըստ Մովսես Շահվերդյանի, նման ցածր որակի ընտրություններ անցկացնելու մեղավորը իշխանություններն են, քանի որ «ինչպես դաստիարակում են, ինչպես սովորեցնում են հասարակությանը, այնպիսին էլ նա լինում է, հասարակ ժողովրդով պետք է զբաղվել»,- ասաց նա: «Հնարավոր է, որ Գագիկ Բեգլարյանը շատ լավ քաղաքապետ լինի, մենք անձի դեմ ոչինչ չունենք, խնդիրն այն է, թե ընտրությունները ինչպիսի որակ են ունեցել և ինչ տրամադրություններ են առաջացրել հասարակության մեջ»,- հավելեց Մովսես Շահվերդյանը: Անդրադառնալով Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությանը` համաձայն որի Երևանի ավագանու ընտրությունները համապատասխանում են եվրոպական ստանդարտներին, Մովսես Շահվերդյանն ասաց, որ երբեք չի կարելի եվրոպացիներին ընդունել որպես հեղինակություն և ենթարկվել նրանց գնահատականներին. «Նրանք իրենց շահերն ունեն, մենք` մեր: Հնարավոր է, որ նրանք իրենց մտքի մեջ համոզված են լրիվ հակառակում, բայց ինչ-ինչ պատճառով նման գնահատական են տալիս: Ոչ ոք չի կարող ասել` դա իրական գնահատական է, թե ինչ-որ հետին մտքեր են հետապնդում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter