HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Բեկում Սանկտ-Պետերբուրգում. ինչու է այն անհնար

Հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսակաան ֆորումի լուսանցքներում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Սա երկու երկրների նախագահների միջեւ արդեն հինգերոդ հանդիպումն է վերջին մեկ տարվա ընթացքում եւ երկրորդը` վերջին մեկ ամսում:

Նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 7-ին Պրահայում` ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի լուսանցքներում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող ակտիվությունը պատահական չէ: Այս ուղղությամբ միջազգային ջանքերն ակտիվացան հատկապես վերջին ամիսներին` որպես արձագանք տարածաշրջանում ստեղծված նոր քաղաքական իրողություններին: Այդ ժամանակից էլ շրջանառության մեջ դրվեց մոտ ապագայում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում բեկում արձանագրելու բացառիկ հնարավորության տեսությունը: Այսօր արդեն կանխատեսումներ են արվում, թե, այնուամենայնիվ, ինչ դեր կունենա վերոնշյալ հանդիպումը կարգավորման գործընթացում: Եվ մինչ Մինսկի խմբի համանախագահները հանդիպմանը սպասում են լավատեսական տրամադրվածությամբ եւ մեկ քայլ առաջ արձանագրելու ակնկալիքով, հանգամանքները հակադիր կանխազգացումներ են առաջացնում: Նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումը նախապատրաստելու նպատակով մի քանի օր առաջ տարածաշրջան ժամանած Մինսկի խմբի համանախագահները կրկին հույս հայտնեցին, որ հունիսի 4-ի հանդիպումը գուցե «սպեցիֆիկ եւ անսպասելի» արդյունքներ ունենա: «Նախագահները էական առաջընթաց են արձանագրել Պրահայում, եւ ես նույնն եմ ակնկալում Սանկտ- Պետերբուրգի հանդիպումից: Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին աշխարհը ականատես կլինի բեկման»,- հայտարարեց ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Տարածաշրջանում ձեւավորված նոր իրողությունները գուցե, իրոք, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղաշարժերի հնարավորություններ են տալիս, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին` մայիսի 7-ի պրահյան հանդիպումը կոտրեց այս հարցում լավատեսություն ունենալու հիմքերը: Կրկին, չնայած միջնորդների դրական գնահատականներին, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները սենսացիոն բացահայտում արեց` հայտարարելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները Պրահայում ծանր են ընթացել: «Կողմերի միջեւ անըմբռնողության շատ պահեր կան: Յուրաքանչյուրն իր գիծն է տանում եւ միեւնույն խնդիրներին տարբեր կերպ արձագանքում»,- հայտարարեց Քուշները: Հատկանշական է, որ պրահյան հանդիպումից հետո մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում կողմերի դիրքորոշումները ոչ միայն չեն մոտեցել, այլեւ ավելի են կոշտացել: Սրան, մասնավորապես, նպաստել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի` մայիսի 13-ին Բաքվում արած հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից: Ակնհայտ է, որ իր ռազմավարական դաշնակցի կողմից այս անվերապահ աջակցությունը թույլ չի տալու Ադրբեջանին բանակցություններում լինել «կառուցողական», ավելին, խրախուսելու է վերջինիս` շարունակելու իր անզիջում դիրքորոշումը` հույս ունենալով կրկին պտտեցնել Հայաստանին մեկուսացման միջոցով զիջումներ պարտադրելու խաղաքարտը: Դրա մասին են վկայում սպասվող հանդիպումից մի քանի օր առաջ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները: Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Այդին Միրզազադեն, օրինակ, հայտարարել է, որ իր երկիրը «կշարունակի պաշտպանել տարածքային ամբողջականության վերականգնման իր սկզբունքային դիրքորոշումը»: Այս առումով ընդհանրապես անհասկանելի է ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այն հայտարարությունը, թե նախագահ Իլհամ Ալիեւը կառուցողական էր Պրահայում, եւ «մենք նման արձագանք ենք ակնկալում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից»: Այն, որ թուրքական կողմի կոշտ հայտարարությունները վնասում են Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, հասկանում են բոլորը, ուստի պատահական չէ, որ Էրդողանի հայտնի հայտարարությունից մի քանի օր անց տարածաշրջանային այցով Անկարա ժամանած ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն կոչ էր անում Թուրքիային հայ-թուրքական կարգավորումը չկապել Ղարաբաղյան հակամարտության հետ: Ակնհայտ է, որ Էրդողանի նույն հայտարարությունը նպաստել է նաեւ հայկական կողմի դիրքորոշման կոշտացմանը, հատկապես եթե հաշվի առնենք մի շարք քաղաքական ուժերի եւ սփյուռքի կառույցների կողմից իշխանությունների վրա կատարվող ճնշումները` ընդհանրապես դադարեցնել Թուրքիայի հետ հաշտեցման բանակցությունները: Ավելին, հայկական կողմի դիրքորոշման կոշտացմանն է նպաստում նաեւ Հայաստանի իշխանությունների լեգիտիմության պակասը եւ ներքաղաքական ճգնաժամը. վերջիններս որքան արտաքին ճնշումների հնարավորություն են տալիս, նույնքան սահմանափակում են դրանց ենթարկվելու եւ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու հնարավորությունը` երկրի ներսում ավելի ուժեղ ցնցումներ չառաջացնելու երկյուղից: Այսպիսով, ստեղծված իրավիճակում, երբ կողմերը, ավելի քան երբեւէ, հեռու են փոխադարձ զիջումների գնալու տրամադրվածությունից, հունիսի 4-ի հանդիպումը դժվար թե որեւէ առաջընթաց արձանագրի Ղարաբաղյան կարգավորման գործընթացի պատմության մեջ: Թեեւ մի առումով այն կարող է իրոք բեկումնային լինել` ակնհայտ դարձնելով կողմերի դիրքորոշումների հեռավորությունը կարգավորման հեռանկարից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter